26 Դեկտեմբեր, Եշ
Որովհետև մանկուց գիտես Սուրբ Գրքերը, որոնք կարո՛ղ են իմաստուն դարձնել քեզ փրկության համար այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսի մեջ է (Բ Տիմ. Գ 15)։
Ուզո՞ւմ ես, որ զավակդ բարեբարո լինի. սկզբից ևեթ դաստիարակի՛ր նրան համաձայն առաքյալի հորդորի` «Տիրոջ խրատով և ուսումով» (Եփես. Զ 4): Մի՛ կարծիր, թե նրա համար ավելորդ բան է Սուրբ Գիրք լսելը. քանզի նա նախ և առաջ այնտեղից է լսելու. «Պատվի՛ր քո հորն ու մորը»: Հետևաբար սա հենց քեզ օգտակար կլինի: Մի՛ ասա. «Այդ վանականների գործն է. մի՞թե ես իմ որդուն վանական պիտի դարձնեմ»: Նրան վանական դարձնելու կարիք չկա, սակայն ինչո՞ւ ես վախենում այն բանից, ինչը նրա համար այնքան օգտակար է: Որպես քրիստոնյա՛ դաստիարակիր նրան:
Աշխարհականներին հատկապես անհրաժեշտ է իմանալ Սուրբ Գրքի վարդապետությունը և առավելապես` երեխաներին, քանզի այդ տարիքին է հատուկ ծայրահեղ անխոհեմությունը: Ամոթ չէ՞ արդյոք երեխաներին ուղարկել արվեստներ ու գիտություն սովորելու և չհոգալ «Տիրոջ խրատով և ուսումով» նրանց կրթելու մասին: Այդ իսկ պատճառով մենք առաջինն ենք ճաշակում նմանօրինակ դաստիարակության պտուղները, քանզի երեխաներին դաստիարակում ենք հանդուգն, անժուժկալ, անհնազանդ ու ստոր: Չանե՛նք այդ բանը, այլ անսանք երանելի Պողոսի հորդորին, օրինակ ծառայենք` մանուկ հասակից նրանց ստիպելով ընթերցել Ս. Գիրքը:
Ոչ ոք թող չասի ինձ, թե մենք երեխաներին Աստծու խոսքով զբաղեցնելու կարիքը չունենք: Ոչ միայն պետք է զբաղեցնել, այլև` միմիայն այդ մասին հոգալ: Սակայն ձեր տկարությունների պատճառով է, որ չեմ պնդում այդ. բնավ ետ չեմ պահում նրանց այլ զբաղմունքներից, ինչպես նաև ձեզ` հասարակական գործերից: Ըստ իս` միանգամայն արդարացի է յոթ օրերից մեկը բոլորիս Տիրոջը նվիրել: Քանզի որքա՜ն անհարիր է ծառաներից պահանջել, որ զօր ու գիշեր ծառայեն մեզ, իսկ մեզ կարճ ժամանակ իսկ Տիրոջը չտրամադրել: Ընդ որում, մեր ծառայությունը Նրան ոչինչ չի տալիս, քանզի Աստված ոչ մի բանի կարիք չունի, այլ հենց մեր օգտի համար է: Ձեր երեխաներին հանդեսների տանելիս գիտությունն ու որևէ այլ բան խոչընդոտ չեք համարում: Իսկ հոգևոր օգուտ ստանալուց խորշում եք` այն սին անվանելով: Էլ ինչպե՞ս չզայրացնեք Աստծուն, երբ ամեն ինչ սովորեցնում եք երեխաներին` այդ բաների համար ժամանակ գտնելով, իսկ նրանց` Աստծուն նվիրելու գործը նկատում եք վաղաժամ ու դժվարին: Ո՛չ, այդպես չէ, եղբայրնե՛ր: Հենց այս տարիքն է, որ առավելապես նմանօրինակ հորդորների կարիքն ունի:
Հասակը մատաղ է. փութով յուրացնում է այն, ինչ ասում են իրեն, և ինչպես կնիքն է դրոշմվում մեղրամոմի վրա, այնպես էլ երեխաների հոգում` այն, ինչ լսում են: Ընդ որում, նրանց կյանքը հենց այդ ժամանակից արդեն սկսում է հակվել կա՛մ արատին, կա՛մ առաքինությանը: Ուստի, եթե սկզբից ևեթ, այսպես ասած, սեմից հեռացնենք նրանց արատից և առաջնորդենք ուղիղ ճանապարհ, ապա հետագայում դա արդեն նրանց սովորությունը և ասես էությունը կդառնա: Այլևս այնքան էլ քմահաճորեն չեն շեղվի դեպի վատը, քանզի սովորությունը կմղի բարի գործերի: Այդժամ նրանք ծերերից առավել հարգարժան կլինեն և քաղաքացիական գործերի համար` պիտանի` պատանեկան հասակից դրսևորելով մեծահասակների հատկություններ: Քանզի անհնար է, ինչպես առաջ էլ ասել եմ, որ Ս. Գրքի խոսքերը ունկնդրելուց բավականություն ստացողներն ու նրա վարդապետությունն ըմբռնողները հեռանան այստեղից առանց որևիցե իրական, մեծ բարիք ստանալու` դրանց հաղորդակցվողը լինի այր, կին թե պատանի:
Եթե մենք, մեր խոսքերին վարժեցնելով, ընտելացնում ենք գազաններին, ապա մի՞թե այս հոգևոր վարդապետությամբ ավելիով չենք կարողանա ուղղել մարդկանց, մանավանդ որ մեծ տարբերություն կա այստեղի ու այնտեղի, բժշկությունների ու բժշկվողների միջև: Մեր միջի վայրենությունն էլ այնպիսին չէ, ինչպես գազաններինը. նրանցը ըստ բնության է, իսկ մերը` ըստ քմահաճության: Խոսքերի զորությունն էլ տարբեր է. այնտեղ այն բխում է մարդու մտքից, իսկ այստեղ` Հոգու զորությունից ու շնորհից: Այսպիսով, ով անձնատուր է լինում հուսահատությանը, թող խորհի գազաններին վարժեցնելու մասին և այլևս չի հուսահատվի:
Թող հանապազ այցելի այս հիվանդանոցը, թող հանապազ լսի Հոգու օրենքները և, վերադառնալով տուն, մտապահի լսածը: Այսպիսով նա բարի հույսի ու խաղաղության մեջ կհաստատվի` սեփական փորձով զգալով հաջողությունը: Իսկ սատանան հենց որ տեսնի, որ մարդու հոգում Աստծու օրենքն է գրված, իսկ սիրտը վերածվել է այդ օրենքի քարե տախտակների, այլևս չի մոտենա նրան: Քանզի, ուր երկնային գրերը դրոշմված են ոչ թե պղնձե սյան վրա, այլ Սուրբ Հոգով` աստվածասեր սրտերում և ճաճանչում են Նրա շնորհներով, այնտեղ նա նույնիսկ հայացք նետել չի կարող և հեռու կփախչի: Սատանայի և նրա ներշնչած խորհուրդների համար ավելի սարսափելի բան չկա, քան աստվածային ճշմարտություններով կլանված միտքը և միշտ այդ աղբյուրին կառչած հոգին: Աշխարհում ոչինչ ի զորու չէ այսպիսի հոգուն սասանել, թեկուզ տհաճություն պատահի, ոչ էլ կհպարտացնի ու կպանծացնի նրան հաջողությունը, այլ փոթորիկների ու խռովքի մեջ էլ խաղաղություն կվայելի: Եվ իսկապես էլ, մեր խռովահուզության պատճառը դրսում չէ, այլ` մեր հոգու տկարություններում: Եթե մեր հոգու տառապանքը պայմանավորվեր հանգամանքներով, ապա բոլոր մարդիկ էլ պարտադիր կճաշակեին այդ բանը: Քանզի բոլորս էլ նավարկում ենք միևնույն ծովով, հընթացս որի անհնար է խույս տալ ալիքներից ու փոթորիկներից: Եվ եթե կան այնպիսիք, ովքեր չեն ենթարկվում ալեկոծության ու փոթորիկների, ապա ակներև է, որ փոթորիկն առաջացնում է ոչ թե այս կամ այն հանգամանքը, այլ մեր հոգու վիճակը: Հետևաբար, եթե մենք մեր հոգին տրամադրենք այնպես, որ դյուրությամբ տանի ամեն ինչ, ապա մեզ համար ո՛չ փոթորիկ կլինի, ո՛չ էլ խորտակում, այլ միշտ բարենպաստ անդորր կլինի (ս. Հովհաննես Ոսկեբերան):
Հնում բարեպաշտ քրիստոնեական ընտանիքներում երեխաներն* իրենց մտավոր կրթությունը սկսում էին Ս. Գրքի ուսումնասիրությունից: Այսպիսով, նրանց մտավոր կրթությունն ընթանում էր բարոյականի հետ միասին, ինչն իմաստնացնում էր նրանց մանկական ըմբռնումները, խրատում նրանց մատաղ սրտերը, և, բնականաբար, սերը Գրքի նկատմամբ խոր արմատներ պիտի արձակեր նրանց հոգում:
Նմանօրինակ դաստիարակություն էին որդեգրել նեոկեսարյան այն սուրբ ընտանիքում, որից սերում էր տիեզերական մեծ վարդապետ ս. Բարսեղը: Մայրը Բարսեղի քույր Մակրինային դաստիարակելիս սերտել էր տալիս այն գրքերը, որոնք հասկանալի էին աղջկան (հատկապես` Սողոմոնի Իմաստությունը): Իսկ այդ գրքերից` հատկապես այն, ինչն առաջնորդում էր առաքինի կյանքի: Մակրինան սաղմոսները գիտեր այնպես, որ դրանք իր բոլոր գործերում, որպես բարի ընկեր, ուղեկցում էին նրան: Մայրն արգելում էր դստերը կարդալ հեթանոսական ողբերգություններում ու կատակերգություններում հանդիպող կրքերի նկարագրությունները: Հետագայում Մակրինան նույն ոգով դաստիարակեց իր եղբայր Պետրոսին: Այդպես դաստիարակվեց նաև Բարսեղ Մեծը. «Աստծու ողորմությամբ ու մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհով,- ասում է նա,- դաստիարակվել եմ քրիստոնյա ծնողների կողմից` վաղ մանկությունից նրանցից սովորելով Սուրբ Գիրքը, որը և առաջնորդում էր ինձ դեպի ճշմարտության ճանաչողությունը»:
Հրեաների հին սովորությունն էր (որ պահվում են ցայսօր) իրենց երեխաներին նախքան արհեստներ սովորեցնելը դաստիարակել աստվածային Գրքերի ուսուցմամբ: Սա կարևոր խրատ է բոլոր ծնողներին, որ անձամբ կամ այլոց միջոցով հոգան նախկին բարվոք դաստիարակությամբ որդիներին Սուրբ Գրքին վարժեցնելու մասին, որը նրանց կյանքի բարեպաշտության հիմքն է (Գաբրիել վարդապետ Ավետիքյան):
* Որոգինեսի հայրը ամեն օր Ս. Գիրքը կարդալ և պատմել էր տալիս իր որդուն, որն առանձնակի սեր էր ցուցաբերում այդ պարապմունքների նկատմամբ և իր աստվածաբանական հարցերով զարմացնում հորը: Նրա հայրը վկայում էր, որ հաճախ էր գիշերը գաղտնի համբուրում իր որդու կուրծքը` իբրև «Սուրբ Հոգու տաճար»: Մանկուց Ս. Գիրքը սերտում էին ս. Գրիգոր Աստվածաբանը, ս. Հովհան Ոսկեբերանը, ս. Մակրինան և այլք:
Հերոնիմոս Երանելին այսպիսի խորհուրդ է տալիս այրի Լիդիային նրա դստեր դաստիարակության առնչությամբ. «Թող ամեն օր քեզ հետ միասին մի քանի թերթ ընթերցի Ավետարանից և առաքելական թղթերից: Այսպիսով թող ամեն առավոտ քեզ ասես մի ծաղկեփունջ մատուցի` սրբազան Գրքերից քաղված: Թող այդ լինի նրա ամենագլխավոր հոգսը, ամենասովորական գործը...»:
Գրիգոր Դարբինյան
«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից