Գրքեր

ԱՍՏՎԱԾՃԱՆԱՉՈՂՈՒԹՅՈՒՆ

Ասում են` եգիպտացի երկու մարդ են լինում, մեկը դառնում է ճգնավոր, մյուսը`

վարդապետ: Ճգնավորը պարզապես հավատում է Հիսուսին իբրև Փրկիչ ու Տեր` չիմանալով

դրանից ավելին: Սակայն նրա հավատքն այնքան մեծ է լինում ու վստահությունն այնքան

ամուր, որ Աստված նրան շնորհ է տալիս: Երբ ճգնավորն աղոթում է և ձեռք է տալիս որևէ իրի, այդ իրը սկսում է բողբոջել, ծաղկել:

Վարդապետը ստանում է բազմակողմանի աստվածաբանական կրթություն և շատ է

զարմանում, երբ լսում է, որ մի սովորական ճգնավոր, որը նույնիսկ պատկերացում չունի

Սուրբ Երրորդության վարդապետության վերաբերյալ, Աստծուց շնորհ է ստացել, իսկ ինքը` ոչ...

Որոշում է գնալ ճգնավորի մոտ և պարզել, թե այդ ինչպես է, որ այդ մարդն ունի այդպիսի շնորհ:

Հագնում է իր վարդապետական գեղեցիկ զգեստները, վերցնում իր գավազանն ու գալիս

ճգնավորի մոտ: Ճգնավորը տեսնում է վարդապետին, ժպտում, մոտենում, խոնարհվում և

համբուրում հոգևորականի աջ ձեռքը:

Վարդապետն ասում է.

- Դու, որ ինքդ գիտես, որ վարդապետն այսքան կարևոր պաշտոն է քրիստոնյա աշխարհում`

իշխանություն ստացած առաքյալներից, ապա, սիրելի՛ ճգնավոր, ինչպե՞ս է, որ դու չունես

նույնիսկ սովորական դպիրի ձեռնադրություն, սակայն ունես Աստծուց այդքան մեծ շնորհ, որ

ինչին ձեռք ես տալիս ու կամենում, այն ծաղկում է...

Ճգնավորը նորից ժպտում է ու պատասխանում.

- Ես ոչինչ չեմ խնդրել Քրիստոսից, այլ հավատում եմ նրան և հավատում, որ Քրիստոս

բնակվում է իմ մեջ, և ես՝ Քրիստոսի մեջ:

Վարդապետը մտածում է և ասում.

- Իսկ դու գիտե՞ս, որ Քրիստոս կատարյալ Աստված և կատարյալ մարդ է, և Քրիստոսի

մարդեղությունը ինչպես է սահմանվում, ու Աստված Սուրբ Երրորդություն է:

Ճգնավորն առանց շփոթվելու պատասխանում է.

-Ո՛չ, չգիտեմ, ես պարզապես լսեցի իմ հոգում, թե Քրիստոս ինչպես է ինձ կանչում և թողեցի

ամեն ինչ ու հետևեցի նրան...

Վարդապետի դեմքը խոժոռվում է, պատասխանում է.

- Արդ, եթե դու նույնիսկ այդքան քիչ գիտես Աստծո մասին ու պատկերացում չունես

վարդապետությունից, ինչո՞ւ է Աստված քեզ այդպիսի շնորհ տվել: Ահա իմ վարդապետական

գավազանը, տե՛ս, շոշափի՛ր, այն արտահայտում է աստվածային իմաստությունը և

իշխանությունը, ինչպես Մովսեսի գավազանը, որով առաջնորդվում էր մի ամբողջ ժողովուրդ:

Ճգնավորն աջ ձեռքով բռնում է գավազանը, որը սկսում է ծաղկել և նրա վրա բողբոջներ են

դուրս գալիս...

Վարդապետը քար է կտրում, գլուխը խոնարհում, ու հասկանում, թե ինքը ինչքան հպարտ է,

լռելյայն վերցնում իր ծաղկած գավազանը, համբուրում ճգնավորի աջ ձեռքը և հեռանում:

Հեռվում կանգնած էր ճգնավորը` պարզ ու միամիտ ժպիտը դեմքին, շփոթված, որ վարդապետը համբուրեց իր ձեռքը և հեռացավ, և մեծ սիրով ու լույսով լցված գոհություն էր

հայտնում Աստծուն և ասում.- Տե՛ր Հիսուս Փրկիչ, ինձ ավելի պետք չէ իմանալ ու գտնել, այլ միայն Քեզ հետևելն ու հավատալը, դրանից ավելի մեծ բան չկա ինձ համար:

Հովհաննես սրկ. Մանուկյան

23.10.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․