23 Դեկտեմբեր, Բշ
Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում Ավագ Ուրբաթ Քրիստոսի խաչելության, թաղման և խավարման կարգ է կատարվում: Այս օրը հիշատակվում է Տիրոջ ձերբակալությունը, չարչարանքները, խաչելությունը և մահը (Մատթեոս 27:32-44, Մարկոս 15:21-32, Ղուկաս 23:26-43, Հովհաննես 18:17:27):
Ավագ Ուրբաթ խորհրդանշում է արարչության վեցերորդ օրը, երբ Աստված հողից արարեց Ադամին, Իր պատկերով ու նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց Եվային և նրանց դրեց դրախտում: Ուրբաթ օրը Ադամն ու Եվան կերան արգելված պտուղը, մերկացան փառքից, և Տերն անեծքով պատժելով մարդուն՝ արտաքսեց դրախտից:
Վեցերորդ ժամանակաշրջանում Աստված Սբ. Կույսի անարատ արգանդում դարձավ կատարյալ մարդ՝ հոգով, մտքով ու մարմնով, որպեսզի կատարվի տնօրինական գործերը:
Անդրադառնալով օրվա բուն հիշատակություններին
Վերջին ընթրիքից հետո Գեթսեմանիի պարտեզում հռոմեացի զինվորները ձերբակալում են Հիսուսին: Ձերբակալումից հետո Նրան ծաղրում են, չարչարում՝ դատապարտելով խաչի մահվան: Հիսուսի խաչելությամբ ու մահվամբ իրականացան հինկտակարանյան բոլոր մարգարեությունները Մեսիայի գալստյան և փրկագործական վերաբերյալ: Հիսուսի մահվան պահին արևն ու լուսինը խավարում են, Երուսաղեմի տաճարի վարագույրը պատռվում է, երկիրը շարժվում է, ժայռերը ճեղքվում են, և բացվում են գերեզմանները` ազդարարելով հին աշխարհի ու դժոխքի մոտալուտ կործանումը: Մեռած Հիսուսին խաչից իջեցնում և պատանքի մեջ փաթաթելով` դնում են վիմափոր գերեզմանի մեջ ու գերեզմանի մուտքը փակում վեմ քարով:
Բուն Ավագ ուրբաթ օրը նշվում է Հիսուսի` խաչից իջեցման և թաղման հիշատակը: Քրիստոսի խաչելության օրը տխրության օր է բոլոր քրիստոնյաների համար, թեպետ ուրախություն է հոգիների համար, քանի որ Քրիստոսի չարչարանքներով մեր հոգիներն ազատվեցին դժոխքից, սակայն մարմնապես սուգ է և տրտմություն: Այս օրը Սբ. Պատարագ չի մատուցվում, որովհետև Քրիստոսն Ինքը պատարագվեց խաչի վրա:
Ավագ Ուրբաթ առավոտյան ժամերգության ընթացքում կարդացվում են Հիսուսի` Պիղատոսի մոտ տարվելու, Գողգոթայի վրա խաչվելու, մահվան, արևի խավարման ավետարանական հատվածները: Կեսօրին խաչելության կարգ է կատարվում, կարդացվում են ընթերցումներ նվիրված Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերին: Բոլոր ավետարանիչները գրեթե նույն կերպ են նկարագրում Հիսուսի խաչելությունը:
Խաչափայտին գամված Քրիստոսով հաստատվում է կյանքի հաղթանակը: Քրիստոս մեռավ անարգական մահով՝ իբրև մահապարտ, այն է՝ բևեռվելով խաչափայտին. «Նրան խաչ հանեցին… և Նրա հետ խաչեցին երկու ավազակի՝ մեկին Նրա աջ, մյուսին՝ ձախ կողմում: Եվ կատարվեց այն գրածը, որ ասում էր, թե Նա անօրենների շարքը դասվեց» (Մարկոս 15:24, 27-28): Խաչի խորհրդի մեջ է խտացված Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի և գործունեության գերագույն նպատակը:
«Քրիստոս Իր մարմնով մեր մեղքերը բարձրացրեց խաչափայտի վրա» (Ա Պետրոս 2:24): Քրիստոս Իր մահով ջնջեց մեր հակառակության կամ թշնամության ձեռագիրը, հաշտեցրեց Հայր Աստծո հետ, ազատեց անեծքից և հավիտենական դատապարտությունից: Քրիստոս Իր կամքով հանձն առավ կամ ճաշակեց մահը. «Ես Իմ կյանքն եմ տալիս, որպեսզի վերստին այն առնեմ: Այն Ինձնից ոչ ոք չի վերցնի, այլ Ես Ինքս եմ այն տալիս, իշխանություն ունեմ այն տալու և իշխանություն ունեմ վերստին այն առնելու» (Հովհաննես 10:17-18):
Երեկոյան կատարվում է թաղման կարգ: Բոլոր եկեղեցիներում պատրաստվում է Քրիստոսի սեղանատիպ գերեզմանը, որի կենտրոնում դրվում է մեծ խաչ՝ պատված սպիտակ թաշկինակով, ինչը խորհրդանշում է Քրիստոսի պատանքը: Թաղման կարգի արարողությունն սկսվում է եկեղեցու ատյանից, երբ եկեղեցականները նախատոնակի ժամերգության շարականների երգեցողությամբ՝ Հիսուսի գերեզմանը հանդիսավոր թափորով պտտեցնում են եկեղեցու շուրջը կամ ներսում: Այնուհետև, վերադառնալով ատյան, եկեղեցական թափորին մասնակից հոգևորականները խոնարհվում են Քրիստոսի գերեզմանի առջև և երգում «Խաչի Քո Քրիստոս» շարականը:
Քրիստոսի մարմինը թաղումից հետո ապականության չենթարկվեց, որովհետև թեև մարդկային մարմին ուներ, բայց աստվածությունից անբաժան լինելով՝ միշտ անապական էր և է: Գերեզման իջավ մեռած մարմնով և կենդանի աստվածությամբ, մարմինը աստվածությունից չբաժանվեց:
Ավագ ուրբաթի ժամերգությունների ընթացքում քայլ առ քայլ վերապրում ենք Քրիստոսի հետ Նրա կյանքի վերջին բոլոր պահերը՝ Իր ձերբակալության և հարցաքննության մասին աշակերտներին տված վերջին կանխասացությունները, Պետրոսի ուրանալը, երկու ավազակների հետ խաչվելը, մոր հանդեպ ցուցաբերած հոգատարությունը և նորափոր գերեզմանում թաղվելը: Այս օրվա հոգևոր արարողությունները հիշեցնում են մեզ մեղքի խավարի մասին: Ավագ Ուրբաթ օրը, ինչպես արդեն նշվեց, Տերը Հուդայի մատնությամբ ձերբակալվեց, ծեծի և ծաղրի ենթարկվեց և ապա, Իր վրա վերցնելով Ադամի անեծքն ու դատապարտությունը, խաչի վրա մեռնելով, բացեց Իր կողը, և կողից բխած ջրով լվաց մարդու մեղքերը, իսկ բխած արյամբ մեզ գնեց չարի ծառայությունից (Մատթեոս 26:47-27:56): Եվ ինչպես Ադամի կողից ստեղծվեց նրա կինը՝ Եվան, այդպես էլ Տիրոջ կողից եղավ Նրա հարսը՝ Եկեղեցին:
«Քրիստոս Իր մարդեղությամբ և մահվամբ ձեզ հաշտեցրեց Աստծո հետ, որպեսզի դուք Նրան ներկայանաք մաքուր, անբիծ և անարատ: Ուստի հարատևեցե՛ք ձեր հավատի մեջ՝ այն հաստատելով ամուր հիմքերի վրա, անխախտ պահելով այն հույսը, որ ունեցաք Ավետարանի քարոզչությունը լսելով» (Կողոսացիներ 1:22-23):
Կազմեց Կարինե Սուգիկյանը