Գրքեր

Ճանճը

Մի անգամ արևելյան տիրակալներից մեկը սկսեց մտածել, թե ինչպես ճանճերին վերացնի: Այդ միջատներն արդեն այնքան էին հոգնեցրել նրան, որ չէր կարողանում կենտրոնանալ երկրի հարցերի վրա: Ուստի, նա իր մոտ կանչեց բոլոր ծառաներին և կարգադրեց որևէ միջոց գտնել դրանցից վերջնականապես ազատվելու համար:

Ծառաները լրջորեն մտահոգվեցին, քանի որ գիտեին իրենց տիրակալի խիստ բնավորության և պատիժների մասին, սակայն որքան էլ մտածեցին, չկարողացան որևէ միջոց գտնել: Այդժամ մի խորամանկ ծառա մոտեցավ արքային ու ասաց. «Իմաստունների իմաստուն, քո խնդրի լուծումը կա: Դու պիտի մի այնպիսի տեղ գտնես, որտեղ մարդ չկա, քանի որ որտեղ մարդ կա, այնտեղ միշտ էլ ճանճեր կան»:

Արքան հրամայեց անմիջապես թամբել ձիերը և մի քանի ծառաների հետ ուղևորվեց մի այնպիսի վայր փնտրելու, որտեղ ամենևին մարդ չկա: Մի քանի օր նրանք սլացան անապատով՝ նույնիսկ գիշերները ձիերին հանգիստ չտալով, և վերջապես, երբ դրանք արդեն ուժասպառ էին եղել, կանգ առան:  Եվ հենց այդ պահին մի անպատկառ ճանճ եկավ ու նստեց տիրակալի ձիու վրա:

- Ինչպե՞ս,- բացականչեց խեղճ տիրակալը,- ախր դու խոստացար, որ այնտեղ, որտեղ մարդիկ չկան, այս զզվելի միջատներն էլ չեն լինի: Արդեն քանի օր է ճանապարհին ենք և ոչ ոքի չենք հանդիպել, այդ դեպքում որտեղի՞ց հայտնվեց սա:

Ծառան խոնարհվելով պատասխանեց.

- Մի՛ զայրացիր, մե՛ծն տիրակալ, չէ՞ որ մենք էլ Ձեզ հետ մարդ ենք:

 

Որքան հաճախ են իրերը, իրադարձություններն ու այլ մարդիկ մեզ հունից հանում: Սակայն այդ խնդիրների մեծամասնությունը ծագում է մեր անկատար մարդկային բնության հետևանքով, այդ պատճառով էլ պետք է ձգտել հոգևոր խաղաղության հասնել, և այդ ժամանակ ապրելը փոքր-ինչ դյուրին կդառնա:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

13.04.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․