Գրքեր

Եկեղեցին կոչված է հագեցնելու մարդու հոգևոր ծարավը

Հոգևորի հանդեպ ծարավը մարդու էության մեջ է, քանի որ մարդն ստեղծվել է Աստծու պատկերով ու նմանությամբ: Արարչի կողմից մարդու հոգում դրվել է Արարչին և սեփական գոյության իմաստը գտնելու ձգտումը: Մարդը շփոթության մեջ է ընկնում ու մոլորվում, երբ իր համար պարզ չէ կյանքի իրական իմաստը: Այդ շփոթմունքի մեջ են հայտնվում կյանքի շեմին գտնվող շատ երիտասարդներ, որոնք միջնակարգ և բարձրագույն կրթությամբ որոշ գիտելիքներ ու մասնագիտություն են ձեռք բերում, բայց կրթությունն իրենց մոտ չի ձևավորում քրիստոնեական աշխարհայացք և չի մոտեցնում կյանքի իրական իմաստին:   

Ցավալիորեն, հոգևոր արժեհամակարգից հեռացած կրթական համակարգն ընդհանուր գիտելիքներ և մասնագիտական հմտություններ փոխանցելուց զատ չի կարող աշակերտին և ուսանողին փոխանցել, թե որն է կյանքի բուն իմաստը: Երիտասարդն իրեն շրջապատող իրականությունից էլ չի կարող հաղորդ դառնալ կյանքի բուն իմաստին, քանի որ ապրում է սպառողական հասարակության մեջ, որը շատ հեռու է հոգևոր արժեհամակարգից: Աշխարհը տարբեր միջոցներով սպառողական վերաբերմունքի է մղում մարդուն՝ հրավիրելով կյանքի մի հանգրվանից մյուսին անցնելու: Մարդը, հաջորդաբար ապրելով այդ փուլերը, հասնում է իր նպատակներին, բայց ոչ այն երջանկությանը, որ ունենում է նա, ով հաղորդ է հոգևոր իրականությանը: Կան մարդիկ, որ հասել են մեծ բարձունքի, ապահովված են ամեն ինչով, ամեն ինչ ունեն երջանիկ լինելու համար, բայց տառապում են կյանքի իմաստի պակասից: Ներքուստ ձգտում ունենալով և չգտնելով կյանքի բուն իմաստը՝ մարդն սկսում է փոխարինողներ փնտրել՝ մոլորվելով և ընկնելով կախվածության տարբեր ձևերի մեջ, որոնք տարեցտարի ավելանում են աշխարհում:   

Մարդը փորձում է ինչ-որ կերպ լցնել իր ներքին դատարկությունը և հոգևոր դաշտում հայտնվում է փակուղու՝ աղանդների մեջ: Աղանդներն, օգտագործելով մարդու հոգևորի հանդեպ ծարավը, նրան տալիս են կյանքի ոչ իրական, այլ խաբուսիկ իմաստը: Նրանք, ստելով մարդկանց, ստիպում են ապրել պատրանքի մեջ՝ փոխանակ օգնելու գտնել կյանքի իրական բովանդակությունն ու իմաստը: Աղանդները մեկուսացնում են մարդուն հասարակությունից՝ պատճառ դառնալով նրա հոգեկանի ու ընտանեկան կյանքի քայքայմանը: Այնինչ երկհազարմյա Քրիստոսահիմն եկեղեցին կոչված է հագեցնելու մարդու հոգևոր ծարավը՝ հնարավորություն տալով մարդուն հանդիպելու Աստծուն, գտնելու իր գոյության իմաստը և փոխակերպելու իր կյանքը:

Եկեղեցին համախմբում է մարդկանց, քանի որ առանց միմյանց մոտենալու հնարավոր չէ դեպի Աստված ընթանալ: Եկեղեցին նպաստում է նաև ամուր ընտանիք կազմելուն և դառնում է ընտանեկան կյանքի հիմքը: Ի տարբերություն աղանդների՝ եկեղեցին չի զրկում մարդուն ազատությունից, այլ ընդհակառակը՝ օգնում է ձեռք բերել ներքին ազատություն՝ ինքնուրույն որոշումներ և ընտրություն կայացնելու հարցում: Եկեղեցին օգնում է մարդուն տարբերել բարին չարից, հոգևոր ու բարոյական արժեքների հիման վրա կառուցել կյանքը՝ միաժամանակ պատասխանատու լինելով ամեն մի որոշման համար: Այդ պատճառով Տիրոջ կողմից հիմնված և առաքյալների կողմից ողջ աշխարհով մեկ տարածում գտած եկեղեցին ուժեղ մարդկանց համար է, նրանց համար, ովքեր պատրաստ են պատասխանատվություն ստանձնել իրենց կյանքի, իրենց որոշումների, նաև գալիք սերունդների համար: Եկեղեցին իր առաքելությունը կյանքի է կոչում առանց որևէ պարտադրանքի: «Ահավասիկ Ես դռան առաջ եմ և բախում եմ: Եթե մեկն Իմ ձայնը լսի և բաց անի դուռը, Ես ներս կմտնեմ և կընթրեմ նրա հետ, նա էլ՝ Ինձ հետ»,- ասում է Քրիստոս (Հայտն. 3:20): Եկեղեցին թակում է մարդկանց սրտերը, բայց չի ներխուժում նրանց անձնական կյանք, նրանց բնակարաններ իր քարոզչությամբ: Եկեղեցին օգնում է հասկանալ, որ իրական ազատությունը մեղքից ազատվելն է, օգնում է ազատվել ամեն տեսակի կախվածություններից:

Եկեղեցին դարերի ընթացքում հոգևոր փորձառություն է կուտակել, այն ներառում է Սուրբ Գիրքը, հայրաբանությունը, սրբազան Ավանդությունը, ծեսերը: Այս հոգևոր փորձառությունն է դարեր շարունակ փոխանցում իր անդամներին: Իսկ հոգևոր փորձառության և Ավանդույթի կենտրոնում առ Աստված հավատն է, ինչը օգնում է գիտակցել, որ բացի երկրային և նյութական իրականությունից կա նաև հոգևոր իրականություն, ինչն օգնում է մարդուն դիմել Աստծուն և Նրա օգնությամբ պայքարել մեղքերի, տկարությունների, վատ սովորությունների դեմ՝ վերափոխելով կյանքը: Աստծու հետ հանդիպումը քրիստոնեական հավատքի էությունն ու առանցքն է: Այն տեղի է ունենում եկեղեցում, խորհուրդների միջոցով, Սուրբ Պատարագին մասնակցությամբ: Եկեղեցին իր խորհրդակատարությամբ, նվիրապետական կառույցով արմատապես տարբերվում է մյուս կրոններից: Մյուս կրոնների համեմատությամբ քրիստոնեությունն ընդհանրություն ունի բարոյական սկզբունքների առումով, բայց մյուս կրոններում բացակայում է Հաղորդության խորհուրդը, որի միջոցով քրիստոնյան միավորվում է Քրիստոսի հետ: Ս. Պատարագի ընթացքում Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվողը միավորվում է Աստծուն ոչ միայն հոգեպես, այլև մարմնապես, այսինքն՝ մարդու ողջ էությունը՝ հոգին ու մարմինը, մասնակցում է փրկագործությանը, ինչպես եկեղեցու հայրերն են ասում, աստվածացման գործընթացին: Փրկագործությունը քրիստոնյայի համար Աստծու հետ միավորումն է, դա այն ուղին է, որով մարդն աստիճանաբար դառնում է աստվածանման: Այդ ճանապարհով գնալն օգնում է մարդուն ազատվել մեղքերից և աստվածահաճո ապրել: Առանց Աստծու օգնության անհնար է ճշմարիտ քրիստոնյա լինել, այսինքն՝ մարդ միայն իր ջանքերով չի կարող փրկվել, անհրաժեշտ է, որ Աստված Ինքը գործի մարդու մեջ և հոգեպես փոխակերպի նրան:

 

Կարինե Սուգիկյան

 

17.08.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․