«Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն: Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել» (Մտթ. 5:11-12):
Զարմանալի բան ենք տեսնում այստեղ. Ավետարանում Քրիստոս փոխում է մեր մտածելակերպը, երբ տրամաբանությունը հուշում է, որ եթե քեզ մեղադրում են, զրպարտում ու հալածում, ապա դու դժբախտ ես: Երբ քեզ այդքան սարսափելի բաներ են ասել, դու դժբախտ ես: Իսկ Քրիստոս գալիս ու ասում է, որ դժբախտ չես, այլ ընդհակառակը՝ երանելի ես ու երջանիկ: Նա ամեն ինչ գլխիվայր է շրջում և ցույց տալիս, որ կարող ես նորովի նայել ամեն ինչի: Նա ինչպե՞ս է դա անում: Նա ոչ թե որևէ երկրային բան է որպես հիմք ընդունում, այլ եթե ուշադրություն եք դարձրել, մշտապես խոսում է Աստծու արքայության, Աստծու, Նրան տեսնելու, երկնային վարձքի մասին, այսինքն՝ ասում է քեզ. «Տե՛ս, այս կյանքը նշանակում է աշխատանք»:
Ինչպես ողջ ամիսն աշխատում ես, որպեսզի վերջում քեզ աշխատավարձ տան, այնպես էլ այստեղ է: Դու աշխատում ես, պետք է աշխատես, խելամիտ լինես, լավ «խաղաս դերդ», որպեսզի աջ ու ձախ չընկնես: Դու մարզադաշտում վազող մարզիկի նման ես. եթե նա սկսի հանդիսատեսին ողջունել ու նայել, թե արդյո՞ք այնտեղ է իր մայրը… Ես երբեմն դպրոցական հանդեսների եմ ներկա գտնվում, և անուշիկ բալիկները, բեմ դուրս գալով, դահլիճին են նայում՝ իսկ մայրիկն այնտե՞ղ է, և ուսուցչուհին սպասում է, թե նրանք երբ են սկսելու նվագել, իսկ նրանք, կանգնած, աչքերով հայրիկին ու մայրիկին են փնտրում, մինչև համոզվեն, որ վերջիններս նայում են իրենց: Այդպես էլ վազորդներն են մարզադաշտում. եթե սկսեն հանդիսատեսին նայել, ապա, բնականաբար, կսխալվեն:
Եթե որևէ սպորտաձևում մրցում ես, իսկ միտքդ մեկ այլ տեղ է, ապա անհաջողության կմատնվես: Այդպես էլ հոգևոր պայքարում է՝ այս կյանքում պետք է ճգնել և երկրային պարգևների չսպասել մարդկանցից: Եթե հասնես նպատակակետին, որը Քրիստոսն է, այդժամ խաղաղություն կունենաս, և Աստծու արքայությունը քեզ համար ոչ թե մահանալուց հետո կգա, այլ դեռևս այս կյանքում: Արդեն այստեղ է սկսվում Աստծու արքայությունը, բայց դրան հասնելու համար պետք է ճիշտ չափանիշներ ունենալ և իմանալ, որ չես ճգնում նյութական հաճույքների և աշխարհիկ հաջողությունների համար:
Աշխարհիկ հաջողությունը նման բաների վրա չի կառուցվում: Աշխարհիկ ընկալումներով հաջողակ մարդը դժվարանում է բարեգութ լինել, հալածվել ու համբերել, որ յուրաքանչյուր ոք նրան ասի այն, ինչ ուզում է: Քրիստոս ասում է՝ իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ կասեն, որովհետև եթե մեզ որևէ վատ բան ասեն և դա ճշմարիտ լինի, ապա Աստծուց վարձք չենք ստանա:
Իմացե՛ք, որ այն պահից սկսած, երբ ասեք. «Ես ուզում եմ Աստծու հետ լինել», ձեզ հետ տարօրինակ բան կկատարվի՝ դուք հակառակության պատճառ կդառնաք (Ղուկ. 2:34): Ուր, որ գնաք, հակառակության պատճառ կդառնաք, ինչպես որ Քրիստոս էր: Ոմանք կսիրեն ձեզ և կհարգեն, սակայն ուրիշները, և հավանաբար նրանք մեծամասնությունը կլինեն, կսկսեն դատել ձեզ, ծաղրել, ատել, որովհետև դուք ցանկացել եք գնալ այն ճանապարհով, որով նրանք չեն գնում:
Ամենուրեք այդպես է: Եվ մենք տեսնում ենք դա՝ մարդիկ նայում են մեզ՝ հոգևորականներիս, և երբեմն, երբ քո գործերով ես գնում, անցնում ես որևէ մեկի կողքով, իսկ նա քեզ հայհոյում է: Եվ հարց ես տալիս քեզ. «Ախր ի՞նչ եմ արել այդ մարդուն»:
Մի անգամ Սուրբ լեռան մի քանի հայրերով Աթենքում սպասում էինք ավտոբուսի կանգառում: Քիչ հեռվում կանգնած մի կին ողջ ընթացքում մեզ էր նայում: Մեզ հետ մի պարզամիտ վանական կար Ավստրալիայից, որն ասաց.
- Հավանաբար եկեղեցասեր կին է,- որովհետև աչքերը սևեռած նայում էր:
Մենք նրան ասացինք.
- Ուշադրություն մի՛ դարձրու նրան, թո՛ղ:
Եվ ահա, երբ նա անցավ մեր մոտով, շրջվեց ու թքեց մեր կողմը: Ի՞նչ կարող ես անել…
Մենք իսկապես շատ անգամ ենք հայտնվել նման իրավիճակում, իհարկե, ոչ միշտ են թքել մեզ վրա, սակայն հաճախ ենք հայհոյանք լսում մեր հասցեին: Եվ հարցնում ես ինքդ քեզ՝ ինչի՞ համար: Ախր ընդհանրապես չեն ճանաչում մեզ, անձնական ոչ մի խնդիր չունեն մեզ հետ, քանի որ անծանոթ ենք: Այդ դեպքում ինչո՞ւ են մեզ հայհոյում, թքում ու նման բաներ անում: Որովհետև մենք նրանց համար ինչ-որ բան ենք ներկայացնում, այսինքն՝ մեր ներկայությունը նրանց Աստծու մասին է հիշեցնում, և դա նրանց ստիպում է նման կերպ արձագանքել:
Սակայն ձեզ հետ ևս վաղը կարող է նման բան պատահել՝ աշխատավայրում, ամենուր բոլորը իրավունք կունենան սխալվելու՝ ձեզնից բացի: Իսկ եթե դուք որևէ սխալ կամ մեղք գործեք, մարդիկ կասեն.
- Ահա՜, եկեղեցական մարդ ես ու մեղք ես գործում: Ահա՛ թե ինչպիսին եք Եկեղեցում: Դա՞ են քեզ այնտեղ սովորեցնում:
Բայց, զավա՛կս, ախր դու ինքդ ես օրական հարյուր նման սխալ գործում, իսկ ես շաբաթը մեկ անգամ սխալվեցի: Այսինքն՝ դա ի՞նչ է նշանակում: Այո՛, դու հակառակության պատճառ ես դառնում: Տանը, ընտանիքում, ամենուր: Այդպես է: Իմ պատճառով, ասում է Քրիստոս: Ինչպես Քրիստոս էր հակառակության պատճառ, այնպես էլ իրեն Նրան կապած յուրաքանչյուր մարդ, անկախ այն բանից ուզում է, թե ոչ, նույն ճանապարհով է անցնելու:
Մենք կարող ենք զիջել, լռել և անել այն, ինչ ուրիշն է ուզում, եթե դա Աստծու հետ մեր կապին չի վնասում, որովհետև այդ դեպքում մենք չենք կարող զիջել: Եթե ինչ-որ մեկը գա և քեզ ասի. «Իմ գրասենյակի հատակը լվա՛», դու կմտածես. «Ես հավաքարար չեմ, որ գրասենյակիդ հատակը լվամ: Բայց լավ, կանեմ»: Կամ. «Գնա՛ ինձ համար այս-այս բաները գնիր»: Լավ: Սակայն եթե ինչ-որ մեկն ասի. «Զրպարտություն գրիր պաշտոնակցիդ մասին, իբր այս-այս բաներն է արել», իսկ նա նման բան չի արել, ապա այս պարագայում արդեն չես զիջի: Կասես. «Ո՛չ, ես չեմ կարող նման բան անել»:
Իհարկե, եթե ուժերդ բավարար լինեն… դա քո ուժերից է կախված: Մի օրինակ բերեմ: Երբ Հունաստանում օրինականացրին աբորտները, շատ բուժքույրեր հրաժարվեցին դրանց մասնակցելուց և հեռացվեցին աշխատանքից: Նրանք ասացին.
- Ես չեմ կարող վիրահատարան մտնել և մասնակցել աբորտին, բժշկին օգնել՝ աբորտ անելու: Թող ինքն անի:
Նրանց հեռացրին աշխատանքից:
Իհարկե, դա կախված է նրանից, թե մարդն ինչ ուժ ունի: Նա պետք է համապատասխան հավատ ունենա առա այն, որ եթե մենք հանուն Աստծու սիրո և Նրա խոսքին հետևելու համար որևէ անարդարություն կրենք մարդկանցից, ապա Աստված կարդարացնի և չի թողնի մեզ: Շատերն են անարդարություն կրել այդ պատճառով: Բազմաթիվ մարդիկ կան, որոնց առաջարկել են հարստանալ, բայց մեղավոր եղանակով, և նրանք հրաժարվել են.
- Ես չեմ ուզում հարստանալ նման գնով:
Կամ ավելի պարզ օրինակ: Ինչ-որ մեկը գալիս է ու քեզ ասում.
- Գիտես, բանկն ինձ պաշտոնի բարձրացում է առաջարկել, սակայն պիտի ստիպված լինեմ օրական տասը ժամ աշխատել:
Եվ դու նրան ասում ես.
- Տե՛ս, ընտանիքդ չքանդես նման աշխատանքով: Մի՛ համաձայնիր: Ասա. «Չեմ ուզում: Ուզում եմ ազատ ժամանակ ունենալ, որպեսզի որպես հայր և ամուսին հոգ տանեմ ընտանիքիս մասին»:
Իհարկե, պետք է համապատասխան ուժ ունենալ, որովհետև եթե մարդը ուժ չունի, կանի այն, ինչ կարող է: Մեզ նաև խելամտություն է անհրաժեշտ: Հիշում եմ, մի մարդ մրգերի արկղեր էր դատարկում և հայհոյում էր: Մի տատիկ մոտեցավ, հանկարծակի թխկացրեց նրան ու ասաց.
- Մի՛ հայհոյիր:
Հենց դա ասեց, նա ավելի շատ զայրացավ… Այնպես որ մեզ խելամտություն է պետք, որպեսզի կռահենք, թե մարդն ինչպես կարձագանքի: Իհարկե, եթե մեր կողքին Աստծուն են հայհոյում կամ որևէ մարդու, լավ կլինի, որ խոսենք աստվածանարգի հետ, որովհետև նա նախևառաջ ինքն իրեն է արատավորում: Կարծում եմ, անհրաժեշտ է, որ մի երկու լավ խոսք ասես նրան: Որովհետև շատերն են օգնություն ստացել, երբ նրանց ասել են. «Այն, ինչ անում ես, լավ չէ»: Սակայն պետք է նաև խոհեմություն ունենալ, որպեսզի մեր խոսքերը կարողանան օգնել նրան, այլ ոչ թե վնասել:
Եթե մենք այդ մարդկանց հետ ամեն օր ենք շփվում, ապա լավ կլինի նախ աղոթել նրանց համար և քիչ խոսել: Կամ եթե փորձել ենք խոսել նրանց հետ, բայց տեսնում ենք, որ ոչինչ չի ստացվում, ապա լռենք և աղոթենք Աստծուն, որպեսզի Նա լուսավորի նրանց:
Տանը ամուսինը կարող է հայհոյել, սարսափելի բառեր ասել: Երբ կինը սկսում է փնթփնթալ այդ պատճառով, ավելի վատ է լինում: Ավելի լավ է նա լռի և ամեն անգամ, երբ ամուսինը բորբոքվի, ցավով ու սիրով աղոթի Աստծուն, որպեսզի օգնի նրան, և Նա կօգնի, մեզնից լավ գիտի, թե ինչպես: Իսկ եթե մենք ցանկացել ենք պաշտպանել Աստծուն, Եկեղեցին և հավատը, ապա զգույշ լինենք, որպեսզի խնդիրներ չառաջացնենք: Դրա համար մեծ խոհեմություն պիտի ունենանք…
Լիմասոլի միտրոպոլիտ Աթանասիոս
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը