22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Տեր Հիսուս Քրիստոս Ավետարանում մեկ այլ տեղ պատվիրում է. «Սովորեցե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ» (Մատթ. 11:29): Հայրերը գեղեցիկ կերպով հեզությունը խոնարհության զավակն են համարում: Հեզ մարդը հիշաչար չէ, ներողամիտ է, չի բարկանում, կոպտում, վատ խոսքեր չի ասում, զուսպ է, համեստ, համբերատար ու զիջող: Մաղաքիա արք. Օրմանյանը նշում է, որ հեզ են ամբարտավանությունից հեռու, հաշտարար ընթացք ունեցողները: «Թույլ մի՛ տուր, որ չարը հաղթի քեզ, այլ բարիո՛վ հաղթիր չարին» (Հռոմ. 12:21),- ասում է առաքյալը: Հեզություն է նաև չարին չարով չպատասխանելը, վրեժխնդիր չլինելը: «Ինչ չափով հնարավոր է ձեզ համար, բոլոր մարդկանց հետ խաղաղություն պահեցե՛ք. ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ թո՛ւյլ տվեք, որ Աստծու բարկությունը կատարի այն. որովհետև գրված է. Իմն է վրեժխնդրությունը, և ես կհատուցեմ, - ասում է Տերը» (Հռոմ. 12:18-19):
Հեզության գլխավոր հատկությունը չբարկանալն է, ուստի հեզությունը հակադիր է անտեղի բարկությանը, անտեղի, քանի որ, ինչպես հայրերն են ասում. «Թող ոչ ոք ամեն ինչում բարկությունը` չար, իսկ հեզությունը բարի չհամարի, որովհետև երկուսն էլ պատշաճ ժամանակին բարի են»: Սա նշանակում է, որ վատ երևույթների, չար արարքների վրա պետք է բարկանալ, սակայն ոչ` մարդկանց, այն էլ` առանց լուրջ ու արդար պատճառի: Միաժամանակ, «Տերը երանի է տալիս ոչ թե նրան, ով ամենևին չի բարկանում, քանի որ սա չի կարող կատարել նա, ով իր բնության մեջ սրտմտական մաս ունի, այլ նրան, ով առաքինությամբ սանձահարում է հոգևոր ախտերը` հակառակով հակառակը բժշկելով և ըստ այդմ նաև` հեզությամբ` անտեղի բարկությունը» (սուրբ Ներսես Շնորհալի):
Հեզությունը հաճախ սխալմամբ նույնացնում են թուլության կամ նվաստության հետ: Բայց դա ամենևին էլ այդպես չէ. «Հեզությունը ծնվում է ներքին մեծ ուժից, և ցանկացած ոք, ով կասկածում է դրանում, թող փորձի սեփական «ես»-ը փոքր-ինչ մի կողմ հրել իր հոգսերի և շահերի կենտրոնից: Իսկ իր կյանքում գլխավոր տեղում դնել Աստծուն կամ մեկ ուրիշ մարդու: Եվ այդ ժամանակ պարզ կդառնա, թե այդ անելը որքան դժվար է, և ներքին ինչ մեծ ուժ է հարկավոր դրա համար»,- գրում է Կիրիլ Պատրիարքը: Հեզությունն ուրիշին հասկանալու, ներելու` մարդկային մեծ կարողությունն է: Հեզությունը նաև համբերություն և մեծահոգություն է: Հեզ մարդն առաջինը ինքն է դատում իրեն, իրենից է պահանջում, իրենից է հայցում, իսկ ուրիշին ներում է և փորձում հասկանալ: «Մենք միմյանց նկատմամբ հանդուրժող կդառնանք, հանգիստ, խաղաղ հասարակարգ կառուցել կկարողանանք միայն այն դեպքում, եթե ձեռք բերենք ճշմարիտ հեզություն, բարություն, հասկանալու և ներելու կարողություն»:
Միայն ծայրահեղ դեպքում, եթե ընկերոջը կամ ինքներս մեզ պաշտպանելու այլ հնար չկա, կարող ենք ուժի դիմել: Այդպես է նաև հայրենիքի պաշտպանությունը. ինչպե՞ս վարվել, երբ թշնամին զենքը ձեռքին գրավելով հայրենիքը՝ ոչնչացնում է մեր պատմությունը, սրբությունները, սպառնում է մեզ ու մեր հարազատներին... Արդյո՞ք այս դեպքում էլ է Տերը հորդորում հեզ լինել ու խոնարհ կատարելապես: Ո՛չ: Քրիստոս Ինքն է ասում. «Ովքեր սուր են վերցնում, սրով կընկնեն» (Մատթ. 26:52):
Իսկ ո՞րն է հեզերի վարձատրությունը. ի՞նչ է «երկիրը ժառանգելը»: «Այս ասելով՝ ոչ միայն ներկայում հաստատապես հատուցելու մասին է խոսում, այլ նաև ապագա պարգևի» (սբ. Հովհան Ոսկեբերան):
«Դադարի՛ր բարկանալուց, հանդարտվի՛ր սրտմտությունից և մի՛ նախանձիր չարամիտներին: Չարագործները շուտով կվերանան, իսկ Տիրոջն սպասողները կժառանգեն երկիրը: Եվս մի փոքր ժամանակ, և այլևս ամբարիշտ չի մնա, կփնտրես նրա տեղն ու չես գտնի: Իսկ ովքեր հեզ են, նրանք կժառանգեն երկիրը և կզվարճանան մեծ խաղաղության մեջ»,- ասում է սաղմոսերգուն (Սաղմ. 36:8-11):
Հայրերը նշում են, որ Տիրոջ խոստացած երկիրը գտնվում է երկնքից շատ ավելի բարձր և մեղքերով մեռածներին չի ընդունում: «Բայց որ Տերը «երկիր» բառով է այն կոչում, մի՛ զարմացիր, որովհետև մեր լսելիքի նվաստության պատճառով է մեր հասկացողության մակարդակին իջնում Խոսքը, Ով այն պատճառով իջավ մեզ մոտ, որ մենք չէինք կարող բարձրանալ Նրա մոտ: Նույն պատճառով էլ այս աստվածային խորհուրդն է մեզ ավանդում մեզ ավելի ծանոթ խոսքով ու բառով»,- բացատրում է սբ. Ներսես Շնորհալին: Հեզության առաքինությունը երանության և երկնային երկրի ժառանգությանն է արժանացնում:
Ի վերջո, երբ քրիստոնյայի հույսն ու ապավենը Տերն է, ինչ ձախորդություններ, փորձություններ էլ որ պատահեն, որքան էլ մարդիկ չարիքներ նյութեն նրա դեմ, միևնույն է, նա անվախ, հանգիստ սրտով, հեզությամբ ու համբերությամբ կարող է հաղթահարել ամեն բան: Իսկ խոստացված պարգևների և «երկրի» մասին հիշենք նաև առաքյալի խոսքերը, թե. «Այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատվելու գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեզ» (Հռոմ. 8:18):
Մարիամ Ավետիսյան