Յուրաքանչյուր ոք մտածում է գեղեցիկ և երանելի կյանքի մասին: Երբ մարդը երանության մեջ է, նա այլևս ոչ մի բանի կարիք չունի: Այլ է երջանկությունը, այլ՝ երանությունը: Ի տարբերություն երանության՝ երջանկությունը կախում ունի կյանքի արտաքին պայմաններից ու պարագաներից: Իսկ երանությունը ներքին ուրախության աղբյուր է, որի վճիտ ու մշտաբուխ ակունքը Աստված է: Այլ խոսքով, երանությունը բնական հետևանքն է այն կենդանի հարաբերության, որ մարդկային հոգին կապում է աստվածային հոգու հետ: Աղքատը, հիվանդը, տառապյալ անձը հնարավոր է զուրկ լինեն երջանկության զգացողությունից, բայց հարուստ լինեն երանության զգացողությամբ: Ավետարանը տալիս է և՛ առաջինը, և՛ երկրորդը, Աստծով է մարդ և՛ երջանիկ, և՛ երանելի:
Երանության խորագույն իմաստի արտահայտությունը գտնում ենք «Լեռան քարոզ»-ում՝ «Ինը երանիներ»-ի միջոցով: «Երանիներ»-ը կենցաղ են, սեր, նվիրում, զոհաբերում, կյանքն ապրելու կերպ: Քրիստոս «Ինը երանիներ»-ի միջոցով մարդկանց քարոզեց փրկության ճանապարհը: «Երանիներ»-ը մեկը մյուսի հետ կապված են ներդաշնակորեն և շղթայական, պետք է նախ մեկը կատարես, հետո՝ մյուսը, հնարավոր չէ մեկը մյուսով փոխարինել: «Երանիներ»-ը, բարոյական պատվերներ և հավիտենական պատգամներ լինելով, կատարյալ կյանքի պատկերն են: Ավելին, նրանք տալիս են նոր թագավորության բնակիչների նկարագիրը:
«Երանիներ»-ը ճիշտ է պարզ են, բայց՝ վսեմ, ինչպես մարդկային սիրտը: «Երանիներ»-ը հեռու չեն մեզանից, նրանք վեր են բարձրաբերձ սարերից և ամպերից, բայց մոտիկ մարդկային սրտերին: Իսկ թե ո՞ւմն է Երկնքի արքայությունը, մեր Տերը պատասխանում է.
- Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է Երկնքի արքայությունը:
- Երանի սգավորներին, որովհետև նրանք Աստծուց մխիթարություն պիտի գտնեն:
- Երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն:
- Երանի նրանց, որոնք արդարության քաղցն ու ծարավն ունեն, որովհետև նրանք պիտի հագենան:
- Երանի ողորմածներին, որովհետև նրանք Աստծուց ողորմություն պիտի գտնեն:
- Երանի նրանց, որոնք սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն:
- Երանի նրանց, որոնք խաղաղության հաստատման համար են աշխատում, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն:
- Երանի նրանց, որոնք հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է Երկնքի արքայությունը:
- Երանի ձեզ, երբ մարդիկ ձեզ նախատեն ու հալածեն, կամ ատելով ձեր մասին ամեն տեսակ զրպարտություն անեն Իմ հետևորդը լինելու համար: Ցնծացեք և ուրախացեք, որովհետև մեծ է ձեր վարձատրությունը երկնքում: Հիշեցեք, որ նույն ձևով հալածանքի ենթարկվեցին նաև ձեզնից առաջ ապրած մարգարեները (Մատթեոս 5:3-12):
«Տասնաբանյա պատվիրաններ»-ը տրվեց Սինա լեռան վրա որոտումների միջից, իսկ երանիների լեռից լսվեց Հիսուսի քաղցր ձայնը, որ մարդկությանը տվեց սիրո կրոնը:
Գայանե Սուգիկյան