21 Դեկտեմբեր, Շբ
Մի մտավորական շվարած և տխուր քայլում է ճանապարհով: Մի ազնվական հեծյալ մոտենում է և հարցնում.
- Ի՞նչ է պատահել:
Մտավորականը պատասխանում է.
- Դրամապանակս կորցրեցի, որի մեջ 40 ոսկեդրամ կար: Գնում եմ մասնակցելու կոմսի դղյակում կազմակերպվող մեծ տոնին, սակայն մասնակցության համար անհրաժեշտ է 40 ոսկեդրամ՝ իբրև մուտքավճար, որպեսզի դղյակի դարպասներից ներս անցնեմ և այդ տոնին մասնակից լինեմ:
Հեծյալը հարցնում է.
- Վստահո՞ւմ ես Աստծուն: Եթե վստահում ես, ինչո՞ւ ես տխրում:
Մտավորականը պատասխանում է.
- Այո՛, անշուշտ, վստահում եմ:
Հեծյալն ասում է.
- Այդժամ, հետևի՛ր ինձ, ինքս էլ եմ գնում մասնակցելու այդ տոնին, ունեմ ավելին, քան 40 ոսկեդրամն է և քեզ կօգնեմ ներս մտնել:
Երկուսով մոտենում են դղյակին, մտավորականն ասում է.
- Բայց մենք մոտենում ենք այն դարպասին, որտեղ պետք է վճարել ոչ թե 40, այլ 400 ոսկեդրամ, ավելի լա՞վ չէ մոտենանք մյուս դարպասին, որտեղ քիչ մուտքավճար է:
Հեծյալը պատասխանում է.
- Նորից եմ ասում, եթե Աստծուն վստահում ես, հետևի՛ր ինձ:
Երբ մոտենում են դարպասին, զինվորները զգաստանում են, խոնարհվում, և երկուսով անարգել մտնում են ներս: Մտավորականը զարմանում է.
- Դուք ո՞վ եք...
Անծանոթ հեծյալը պատասխանում է.
- Մի՞թե չճանաչեցիր, այս երկրի թագավորն եմ: Սիրում եմ հաճախ միայնակ զբոսնել: Բայց ամենից կարևորն այն է, որ Աստծո հրեշտակն ինձ երևաց և ասաց, որ դուրս գամ և իմ ճանապարհին հանդիպած մարդուն նույնպես ինձ հետ վերցնեմ, ուղեկցեմ դղյակ, որպեսզի դու նույնպես մասնակցես այս տոնակատարությանը:
Եթե վստահում եք Աստծուն, հավատացե՛ք, օգնությունը չի ուշանա, այն կարող է գալ հոգևոր օրհնության, հոգևոր մխիթարության, խնդության, զորության կամ այլ անհրաժեշտ կերպով, միայն իսկապես հավատացեք և վստահեք Աստծուն, Նա ձեզ միայնակ չի թողնի դժվարության մեջ:
Հովհաննես Մանուկյան