Գրքեր

Երկնագույն աչքերով հրեշտակը

Պատուհանից այն կողմ սառը քամի էր սուրում, ամպրոպաբեր ամպերը կախվել էին հիվանդանոցի վրա, որտեղ մի փոքրիկ տղա էր պառկած: Նա ծանր հիվանդ էր, համարյա ոչինչ չէր հիշում ու չէր նկատում: Նրան սովորական քաղաքային հիվանդանոց տարան և բոլոր հարազատները պնդում էին, որ այնտեղ բժիշկներ չկան, որ ոչ ոք չի պայքարի նրա կյանքի համար, իսկ մայրն ուղղակի հավատում էր ու աղոթում:

Մի անգամ երեխան գեղեցիկ երկնագույն աչքեր տեսավ: Նրանք այնքան հասկացող հայացքով էին նայում, որ մնացած ամեն ինչ հետին պլան մղվեց: Ինչ-որ տեղ հեռվում մայրիկն աղոթում էր՝ Աստծուց օգնություն աղերսելով, հեռախոսն անդադար զանգում էր, մարդիկ էին բղավում… Իսկ տղան խաղում էր լույսի վառ շողի հետ, որն իր հետ էր մնում հրեշտակի գնալուց հետո: Հենց այդպես էր տղան անվանում ճերմակ գլխակապով և այնքան բարի երկնագույն աչքերով տղամարդուն:

Հրեշտակը, որին այդպես սպասում էր փոքրիկը, վերակենդանացման բաժանմունքի մի սովորական բժիշկ էր, որն ամեն ժամ խոնարհվում էր նրա մահճակալի վրա, ստուգում գիտակցությունն ու ինքնազգացողությունը: Նա հանգստացնում ու ոգևորում էր հարազատներին, ասելով, որ տղայի առողջությունն անպայման կլավանա, ուղղակի պետք է մի փոքր սպասել: Եվ դա ուժ էր հաղորդում հարազատներին ու բարեկամներին: Նրանք նայում էին բժշկին՝ հուսալով ու հավատալով, որ իսկապես հրաշք տեղի կունենա:

Հրեշտակը հնարավոր և անհնարին ամեն բան անում էր փոքրիկ կյանքերը փրկելու համար: Նա նույնիսկ իր գումարով դեղորայք էր գնում, հասկանալով, որ շատ մայրիկներ նման հնարավորություն չունեն: Իսկ գիշերները՝ բժշկի սենյակում նստած, հեռախոսով բացատրում էր կնոջը, որ այսօր տուն չի գնա, քանի որ իր փոքրիկ հիվանդի վիճակը կայուն չէ և ինքն իրավունք չունի լքելու նրան: Այդ հոգնած տղամարդու ներսում ինչ-որ բան ձգվում էր դեպի այդ փոքրիկ տղան, և նրա սիրտը ձգված լարի պես անբաժան էր երեխայից:

Մայրիկն սկսեց փոփոխություններ նկատել իր փոքրիկ որդու մոտ. նա սկսել էր ժպտալ երազում և դեմքին էլ լույսի շողեր էին խաղում: Իսկ տղան գիտեր, որ ամեն ինչ լավ կլինի և իրեն ամենևին էլ բժիշկը չի բուժում, այլ բարու այն շողերը, որ նա ամեն անգամ թողնում է իր հիվանդի մոտ:

Եվ ահա մի օր ամպրոպաբեր ամպերն իրենց տեղը զիջեցին մաքուր կապույտ երկնքին: Անձրևը դադարեց, և պայծառ արևը շողաց երկնքում: Այդ պահին հրաշք տեղի ունեցավ՝ ծանր հիվանդ երեխան սկսեց առողջանալ: Երջանիկ մայրը կրկին աղոթեց Աստծուն, բայց այս անգամ արդեն երախտագիտության աղոթքով: Իսկ հոգնած աչքերով բժիշկը համեստորեն ժպտաց, նա իրեն ամենակարող չէր զգում, ուղղակի իր աշխատանքն էր կատարել: Եվ միայն տղան գիտեր, որ նրա միջոցով հանդիպել էր Աստծուն, ով երկնագույն հոգնած աչքեր ուներ:

 

Բոլորս էլ կարող ենք ինչ-որ մեկի համար փրկության միջոց լինել, անհրաժեշտ է միայն հետևել բարության ձայնին, որը յուրաքանչյուրիս ներսում էլ ապրում է:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

19.03.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․