22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
«Դո՛ւք եք երկրի աղը, սակայն եթե աղը անհամանա, ինչո՞վ այն կաղվի. այնուհետև ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի: Դո՛ւք եք աշխարհի լույսը. մի քաղաք, որ լեռան վրա է կանգնած, չի կարող թաքնվել: Եվ ճրագ վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ՝ աշտանակի վրա, և նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են: Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. 5։13-16):
Մարդկային կյանքն, Ադամից սկսած մինչև Քրիստոս, բոլորովին հնության ու ապականության մեջ էր: Մարդու հոգին վարակված էր անհավատությամբ, մարմինը՝ հյուծիչ ախտով: Բոլոր անդամները՝ ոտքից մինչև գլուխ, սարսափելի վերքերով էին պատված ու այդպես անխնամ թողնված էին աշխարհի աղբակույտի վրա: Մարդն այդժամ ո՛չ տեր ուներ, ո՛չ օգնական, ո՛չ բժիշկ, ո՛չ այցելու:
Ահա թե ինչու Դավիթը ողջ մարդկության շուրթերով աղաղակում է իր ցավերի պատճառով. «Վերքերն իմ նեխեցին ու փտեցին անզգամությանս հետևանքով» (Սաղմ. 37։6):
Քրիստոս՝ իբրև իմաստուն բժիշկ, եկավ այս կյանքը վերանորոգելու և ահա Իր աշակերտներին որպես աղ ցանում է ողջ աշխարհի ապականված մարդկության վրա: Հիսուս Իր աշակերտներին պատվիրում է ընդունել իրենց դերն առաքելական կոչման մեջ և մշտապես գործով ուսուցանել ու ոչ թե սոսկ խոսքով, այլև պատգամում է չանհամանալ՝ հեղգության, տգիտության կամ անբարո ընթացքի մեջ հայտնվելով:
«Եթե դուք անհամ լինեք,- ասում է Հիսուս,- այլևս պիտանի չեք լինի Եկեղեցուն, այլ անարգվելով՝ ոտքի կոխան կդառնաք, իսկ ձեր աղի ազդեցությունն էլ իսպառ կվերանա»:
Այնուհետև Հիսուս ասում է Իր աշակերտներին. «Դո՛ւք եք աշխարհի լույսը»: Հիսուս Իր սեփական անունն է դրոշմում Իր աշակերտների վրա, քանի որ Նա Ինքն իսկ էր աշխարհի Լույսը: «Ես որպես Լույս եկա աշխարհ»: Այս լուսաբեր Արեգակը, Հրեաստանի հորիզոնից ծագելով, իբրև լույսի ճառագայթներ առաքյալներին սփռում է հանուր աշխարհի վրա:
«Գնացե՛ք,- ասում է Հիսուս,- փարատեցե՛ք հեթանոսության խավարը: Դուք, որ աշխարհի լույսն եք, երբևէ չպիտի թաքնվեք: Բարձր լեռան գագաթին կառուցված քաղաքը չի թաքնվում: Ես ձեզ որպես ճրագ վառելով՝ դնում եմ Ավետարանի քարոզության ամենաբարձր աշտանակի վրա. դուք պիտի լուսավորեք ողջ աշխարհի այս տունը:
Զգո՛ւյշ եղեք, որ կեղծավոր դպիրների ու փարիսեցիների նման ձեր ճրագի լույսը չթաքցնեք կուրության գրվանի տակ: Առանց նախ ինքներդ ձեզ լուսավորելու, չեք կարող ուրիշներին լուսավորել: Ձեր առաջնորդության առաքելությունն ավելին է, քան Մովսեսինն էր: Նա կոչված էր առաջնորդելու միայն հրեական ազգին, իսկ դուք՝ բոլոր հեթանոսներին:
Մովսեսի բանակի առջևից լուսեղեն ամպ էր ընթանում, իսկ ձեր լույսը ձեր անձերից պիտի ճառագի: Ո՞րն է այդ լույսը. ուղղընթաց վարք, անարատ կյանք, սեր՝ ատելության փոխարեն, համբերություն՝ ընդդեմ հալածանքների, ներողամտություն՝ հանցավորների դեմ, հեզություն՝ ընդդեմ բարկության, խոնարհություն՝ ընդդեմ ամբարտավանության, զրկանք՝ անիրավության դեմ, խաղաղություն՝ հակառակության դեմ, և ի վերջո, կատարյալ լույս՝ ընդդեմ խավարի, «պարանոց»՝ սրի առջև, մարմին՝ կտտանքների առջև, կյանք՝ ընդդեմ մահվան: Ահավասիկ ա՛յս է ձեր առաքելությամբ ընթանալու լուսավոր վարքը, որն աշխարհը պիտի տեսնի ու փառավորի ձեր Հորը, որ երկնքում է»:
Այստեղ պետք է ողբալ, ո՜վ պաշտոնակից եղբայրներ: Քրիստոս մեզ «լույս» է անվանում, մինչդեռ մենք մեր տգիտությամբ խավար դարձանք: Իբրև լույս և ճրագ՝ Տերը մեզ ընտրեց մյուսներին լուսավորելու համար, մինչդեռ մենք մեր աղոտ լույսով անգամ մեր իսկ անձերը չենք կարողանում լուսավորել:
Քրիստոս մեզ «աղ» է կոչում, սակայն մենք մեր բնածին ու հետագայում ձեռք բերած անհամության պատճառով անպիտան համարվեցինք: Մենք իրավունք չունենք բողոքելու, որ ժողովուրդը հանդգնությամբ ոտնակոխ է անում ու անպատվում է մեզ հրապարակներում, այլ հարկ է, որ զգոնությամբ մտաբերենք և վստահորեն վճռենք այս դատաստանը, ըստ որի՝ մեր անպատվությունը մեր տգիտության երեսից է:
Խրիմյան Հայրիկ, «Երկնքի արքայության մարգարիտը», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1894թ.
Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը