26 Մարտ, Գշ, Մեծ Պահքի ԻԳ օր

Գրքեր

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ Արք. Կճոյանին

ԳԵՐԱՇՆՈՐՀ

Տ. ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԻ

ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ

            

Սիրելի Սրբազան,

 Ամանորի, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոների առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերում ենք Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքները Ձեզ, Տիրախնամ թեմիդ եկեղեցականաց դասին, համայնքային վարչությանց պատվարժան անդամներին և հավատավոր Մեր զավակներին:

Աստվածակառույց Սուրբ Էջմիածնից՝ Հայոց Բեթղեհեմից, հնչող զանգերի ղողանջներն ազդարարում են Տիրոջ մարդեղության խորախորհուրդ ավետիսով արշալույսվող նոր տարվա մեկնարկը, և ձայնակից զվարթուն հրեշտակներին սաղմոսերգությամբ ու հոգևոր երգերով փառաբանում ենք աշխարհ եկած Փրկչին. «Փառք հրաշափառ Ծննդեան Քո, Տէր, զօրհնեալ եւ զփառաւորեալ զԾնունդն  Քո Սուրբ օրհնեմք եւ փառաւորեմք» (Ժամագիրք):

Փրկչական 2019 տարեմուտի սեմին Մեր խորհրդաածությունների առանցքը համազգային-հոգևոր մեր կյանքի անդաստանն է իր ձեռքբերումներով, ներկայիս դժվարություններով ու շեն ու բարօր կյանքի լուսաավոր տեսիլքով: Անցնող 2018 թվականին հայրենական մեր կյանքում տեղի ունեցած բեկումնային զարգացումները նոր մարտահրավերների հետ նաև նոր հնարավորություններ են բացել մեր ժողովրդի համար: Ներկա իրավիճակների առջև առավել ընդգծվում է մեր Սուրբ Եկեղեցու ազգահավաք ու համախմբող դերակատարությունը, նրա սրբազան առաքելությունը նպատակաուղղված հայի ինքնության պահպահությանը, հայոց քրիստոնեական ընտանիքի հիմերի ամրապնդմանը և ազգային-ավանդական արժեքների զորացմանը:

Հայրապետական Մեր հորդորն է, սիրելի Սրբազան, առավել ջանադրությամբ ու նվիրումով լծվել մեր Սուրբ Եկեղեցու առաքելության արդյունավորմանը, քաջալերել համայնքներում սպասավորող հոգևոր հայրերին, եկեղեցու վարչական մարմիններին նոր ու արդյունավետ ուղիներ գտնելու ի խնդիր հայրենի մեր երկրի և աշխարհասփյուռ մեր համայնքների շենացման, մեր ժողովրդի առավել լուսավոր ու պայծառ ապագայի կերտման և ազգային իղձերի ու նպատակների իրականացման: Աշխարհի չորս ծագերում ապրող ամեն հայ ընտանիքից, ամեն մի հայորդուց է սկսվում ազգային մեր միասնականությունը, բազմապատկվում մեր ուժն ու զորությունը: Արդ, կոչված ենք ջանադիր աշխատանքով բարեպաշտ մեր զավակների սրտերում միշտ վառ պահել սերն առ հայրենին և առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, խրախուսել նրանց մասնակցությունը ազգային-եկեղեցական կյանքից ներս՝ առավել ջանասիրությամբ կարևոր ներդրում բերելու հանուն Հայաստան և Արցախ մեր հայրենիքի զորացման ու առաջընթացի:

Իջման Սուրբ Սեղանի առջև աղոթում ենք աշխարհի խաղաղության համար, որպեսզի մարդացյալ Տիրոջ ողորմությամբ մարդիկ ապրեն ապահով ու անվտանգ կյանքով, զերծ ամեն տեսակի բռնություններից ու չարիքից:

Թող նորածին Աստվածորդին զորավիգ լինի Ձեզ, Տիրախնամ Թեմիդ ուխտապահ եկեղեցականաց դասին, համայնքային վարչությանց բարեջան անդամներին պարգևելով քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ ի փառս Աստծո, ի պայծառություն Տիրախնամ Ձեր թեմի և Քրիստոսահիմն մեր Սուրբ Եկեղեցուն:

 

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՏՆԵՑԱՒ

ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԱԻՍ

 

Սիրո ողջունիվ և օրհնությամբ

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

05.01.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․