Գրքեր

Հակոբոս 3.9-11

9. Նովաւ օրհնեմք զՏէրն և զՀայր. և նովաւ անիծանեմք զմարդիկ, որ ըստ նմանութեան Աստուծոյ արարան:

Նրանով օրհնում ենք Տիրոջը և Հորը և նրանով անիծում ենք մարդկանց, որ ստեղծվեցին Աստծու նմանությամբ:

Ցանկանում է ցույց տալ լեզվի ներգործության իրարամերժ կողմերը՝ թե բարի և թե չար, և հայտնում է, թե ինչի համար ստեղծեց Արարիչը և դրեց մարմնի մեջ, և խոսքի միջոցով կապեց մտքի հետ, սակայն նա ինչպիսի անդունդի մեջ իջավ՝ հակառակ գործելով Արարչին: Նրանով, ասում է, օրհնում ենք Տիրոջը և Հորը: Ահա լեզվի իրական գործը՝ օրհնել Աստծուն և աղոթքի վարժեցնել նրան, որպես Տեր և Հայր, վերակացու և խնամակալ փառավորել նրան, և որպես Տեր և դատավոր գովաբանել և փառաբանել նրան, հնազանդվել նրան և օրհնությամբ հաճելի լինել նրան, որպեսզի մեր առջև չդնի այն, ինչ ուրացող Իսրայելի համար ասաց. «Եթե ես Հայր եմ, ո՞ւր է իմ փառքը, իսկ եթե Տեր եմ, ո՞ւր է իմ պատիվը» (Մաղաք. 1:6), և երկյուղը:

Նմանապես նաև այստեղ երկու անունն էլ հերթով դնում է՝           շնորհը և երկյուղը. նրանով, ասում է, օրհնում ենք Տիրոջը և Հորը: Եվ ապա սրանց հակառակն է բերում. և նրանով, ասում է, անիծում ենք մարդկանց, որ ստեղծվեցին Աստծու նմանությամբ: Այսպես է ասում՝ ցույց տալու համար լեզվի ահարկու մոլեգնությունը: Որ լեզվով, ասում է, օրհնում ենք Տիրոջն ու Հորը, նույնով անիծում ենք մարդկանց՝ Աստծո պատկերին: Առավել ակնածելի խոսքով է սկսում՝ ասելով, թե ի՞նչ օգուտ քեզ օրհնությունից, ո՛վ մարդ, երբ անեծքով անարգում ես Աստծու պատկերը, քանզի ով անարգում է թագավորի պատկերը, նույնն է, թե անարգում է թագավորին և մահապատժի է արժանի, և ով անիծում է Աստծու պատկերին՝ մարդուն, նույնն է, որ անիծում է սկզբնատիպին, քանզի Արարիչը ստեղծեց Աստծու պատկերին՝ ասելով. «Մարդ ստեղծենք մեր կերպանաքով և նմանությամբ» (Ծննդ. 1:26), իսկ դու անիծում ես նրան և անարգում, ապա ինչպիսի՞ ներման կարժանանաս:

Քո Տերն ու Արարիչը իր պատկերով պատվեց նրան և օրհնության արժանի դարձրեց. «Աստված օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք»» (Ծննդ. 1:28), իսկ դու անիծում ես, ապա որ մի գեհենը չի ընդունի քեզ: Ապա նորից զարմանալով՝ նույն բանն է կրկնում.

10. Ի նմի՛ն բերանոյ ելանեն օրհնութի՛ւնք և անէծք:

Նույն բերանից դուրս են գալիս օրհնություններ ու անեծքներ:

Եվ սա ինչո՞ւ է բաժանում առաջինից: Որպեսզի ցույց տա, որ միևնույն տեղից և օրհնություն են դուս գալիս և անեծք, քանզի, եթե փառավորում է մարդուն՝ Աստծու պատկերին, նրա հետ նաև փառավորում է սկզբնատիպին, և եթե անարգում է մարդուն, անարգում է նաև Աստծուն, ինչպես որ մեր Տերն է ասում. «Ով որ ձեզ է մերժում, ինձ է մերժում» (Ղուկ. 10:16): Ապա դրան ավելացնելով՝ ասում է.

Ո՛չ է պարտ, եղբա՛րք իմ, այսմ այսպէս լինել:

Եղբայրնե՛ր իմ, պետք չէ, որ այդ այդպես լինի:

Ինչպե՞ս. երբեմն օրհնել Հորն ու Տիրոջը, և երբեմն էլ անիծել մարդկանց, քանզի սա չափազանց հեռու է ճշմարտությունից և հակառակ է Աստծուն: Արդ, ասելով, որ դա հաճելի չէ Աստծուն, ապա նարից օրինակ է բերում՝ խոսքը հավաստի դարձնելու և լռեցնելու համար նրանց, ովքեր առանց խտրականության այսպես են վարվում, և կարծում են, թե պետք չէ մեղադրել այն բերանին, որն օրհնաբանում է և միևնույն ժամանակ անիծում: Այդ պատճառով էլ ասաց.

11. Մի թէ՝ աղբի՛ւր անտստին ի միոյ ականէ բղխիցէ՞ քաղցր և դառն:

Միթե մի աղբյուր նույն ակից քաղցր և դառն ջուր կբխեցնի՞:

Աղբյուր է ասում, քանի որ մարդու կարիքի համար են ստեղծվել Արարչի կողմից, և չեն փոխում իրենց բնությունը՝ երբեմն քաղցր բխեցնելով, երբեմն էլ՝ դառը, այլ կան և մնում են մշտապես նույն վիճակում:

Իսկ մարդու բերանը, հատուկ Աստծու փառքի համար ստեղծվեց՝ մաս չունենալով չարից, իսկ այն, որ արդեն չար է, ինչպե՞ս կարող է փոփոխել իր վիճակը՝ երբեմն քաղցր բխել, երբեմն էլ՝ դառը: Ապա պետք է, ասում է, աղբյուրից օրինակ վերցնի, որ մի ակունքից չի կարող քաղցր ու դառը ջուր բխեցնել:

Ապա նաև անփոփոխելի բնության մասին մեկ այլ օրինակ է ցույց տալիս բույսերի միջոցով, որով ավելի է մորմոքվում անդուռ և փոփախական բերանը:

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

24.07.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․