22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Եթե հոգին փչանա ու արժանի չլինի Քրիստոսի սիրուն, Քրիստոս կդադարեցնի հարաբերությունները նրա հետ, քանի որ չի ցանկանում, որ «հաստամորթ» հոգիներ լինեն Իր կողքին․․․
Հոգին պետք է կրկին ուշքի գա, որպեսզի արժանի լինի Քրիստոսին, ապաշխարի «մինչև յոթանասուն անգամ յոթ» (Մատթ․ 18։22)։ Ճշմարիտ ապաշխարությունը լուսավորում է [մարդուն]։ Մի՛ ասա․ «Տարիներս զուր անցան, ես անարժան եմ և այլն»։ Այլ կարող ես ասել․ «Հիշում եմ այն փուչ օրերը, երբ հեռու էի Աստծուց․․․»
Իմ կյանքում էլ երբեմն եղել են պարապ օրեր։ Տասներկու տարեկան էի, երբ մեկնեցի Սուրբ լեռ։ Ինչ է, դրանք տարիներ չե՞ն։ Ես, իհարկե, փոքր երեխա էի, բայց տասներկու տարի ապրել եմ Աստծուց հեռու։ Այդքա՜ն երկար տարիներ։
Մեզ սիրելու համար Քրիստոս պետք է ինչ-որ առանձնահատուկ բան գտնի մեր մեջ
Քրիստոս նստել է մեր հոգու դարպասների մոտ և թակում է, որպեսզի բացենք Նրա առջև, բայց Ինքն առանց մեր թույլտվության ներս չի մտնում։ Նա չի կամենում բռնանալ մեր ազատության վրա, որը հենց Ինքն է տվել մեզ։ Դրա մասին խոսվում է Հայտնության գրքում․ «Ահավասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ․ եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բացի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, նա էլ՝ ինձ հետ» (Հայտն․ 3։20)։
Քրիստոս վեհանձն է։ Նա մեր հոգու դռների առաջ կանգնել ու հեզությամբ բախում է։ Եթե բացենք, Նա կմտնի ներս ու ամեն ինչ կտա մեզ, Ինքն Իրեն կտա։ Բայց այդ ամենը կտա խորհրդավոր, լուռ ու ծածուկ կերպով։ Իսկ ինչպե՞ս բացել։ Հարկավոր է սիրտը դարձնել ավելի արթուն, զգայուն։
Մենք չենք կարող ճանաչել Քրիստոսին, եթե Նա չճանաչի մեզ։ Ավելի ստույգ բացատրել չեմ կարող․․․ Դա գաղտնիք է, խորհուրդ։ Լսեք, թե ինչ է ասում Պողոս առաքյալը․ «Իսկ այժմ, երբ ճանաչեցիք Աստծուն, մանավանդ Աստծու կողմից էլ ճանաչվեցիք․․․․» (Գաղ․ 4։9)։
Եվ սիրել էլ չենք կարող Նրան, եթե Նա Ինքը չսիրի մեզ։ Իսկ Քրիստոս չի սիրի մեզ, եթե արժանի չենք Նրա սիրուն։ Իսկ ինչպե՞ս արժանանանք։
Նա պետք է ինչ-որ արտասովոր, առանձնահատուկ բան գտնի մեր մեջ․․․ Դու ցանկանում ես, փնտրում, ջանում, խնդրում, բայց ոչինչ չես ստանում․․․ Իսկ ինչո՞ւ։ Որովհետև չգիտես, թե Նա՛ ինչ է փնտրում։ Պատրաստվում ես ձեռք բերել այն, ինչ ցանկանում է Քրիստոս, որպեսզի Աստծու շնորհը ներթափանցի հոգուդ մեջ, բայց չգիտես, թե դա ինչ է։ Իսկ շնորհը չի կարող ներս մտնել, եթե չունես այն, ինչ իսկական մարդը պետք է ունենա։
Այդ ի՞նչ առանձնահատուկ բան է, որ Աստված փնտրում է մեր մեջ։ Խոնարհությունն է։ Բայց այն խոնարհությունը չէ, որ մենք ենք պատկերացնում, այլ բոլորովին ուրիշ է, այնպիսին է, որ անհնար է մտքով հասկանալ, նկարագրել ու բացատրել։
Ավելին, եթե խոնարհություն չկա, ապա չենք կարող սիրել Քրիստոսին։ Այսպիսով՝ բանալին Աստծուն խոնարհությամբ ու անշահախնդրորեն ծառայելու մեջ է։
Իսկ ի՞նչ է անշահախնդրությունը։ «Թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում աջը» (Մտթ․ 6։3)։
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը