Գրքեր

Հնազանդության և ազատության մասին

Գիտենք, որ քրիստոնեական կրոնը քարոզում է հնազանդություն իշխողների նկատմամբ, որովհետև ըստ Աստվածաշնչի` յուրաքանչյուր իշխանություն տրվում է Աստծո կողմից (Հռ. 13.1): Սակայն շատ սրբերի արարքների մեջ տեսնում ենք անհնզանդություն և նույնիսկ ըմբոստություն հեթանոս իշխողների հրամանների ու կարգադրության դեմ: Ինչպե՞ս կարող ենք հասկանալ քրիստոնեական հնազանդության կոչը և այս սրբերի արարքները: Մեզ հաճախ թվում է, թե հնազանդությունը ազատության սահմանափակումն է: Եվ մեր ժամանակների պատկերացումներն էլ ազատության մասին հասել են անհեթեթության իրենց բարձրակետին: Այսօրվա մարդկանց մեծամասնության մտածելակերպով ազատություն նշանակում է ամեն ինչ անելու կարելիություն: Բայց մի պահ կանգ առնենք և մտածենք` մի՞թե ազատություն նշանակում է սանձարձակություն: Երևի կզարմանաք, սակայն իրական ազատությունը կայանում է հնազանդության և սահմանափակության մեջ, և իրողությունն էլ մեզ դա է հուշում: Օրինակ` եթե մեզանից մեկը չհնազանդվի պետության օրենքներին, ապա վաղ թե ուշ կկորցնի իր ազատությունը բանտարկությամբ: Եթե որևէ մեկը մարմնով առողջ է, սակայն հոգեկան հիվանդություն ունի, ապա այդպիսի մարդուն մենք երբեք առողջ չենք համարում: Ճիշտ այդպես էլ առանց մեղքի իշխանությունից հոգևոր ազատության` մարդկանց ազատ լինելը համարժեք է դառնում անբարոյականության:

Բայց որևէ մեկը կարող է բողոքել, թե շատ սահմանափակումներ կան Աստվածաշնչում: Հետևաբար, ինչպե՞ս կարելի է ազատ լինել սահմանափակումներով: Երբ մենք ծնող ենք դառնում, հասկանում ենք, թե ինչ է նշանակում ծնողական հոգատարություն և նվիրվածություն: Պատկերացրեք, որ ձեր երեխայի հետ հանգստանում եք բնության գրկում: Ձեր երեխան խաղում է, վազվզում մի գեղեցիկ պարտեզում, որից քիչ հեռու մի ահավոր անդունդ կա: Չէ՞ որ դուք խիստ կպատվիրեք ձեր երեխային չմոտենալ անդունդին: Հետևաբար, սահմանափակումը նշանակում է ազատության ապահովություն և հոգածություն` կործանումից փրկելու համար: Մինչդեռ այսօր շատ մարդիկ նետվում են այդ անդունդը, գերի են դառնում մեղքի օրենքին և հետևում են անբարոյական թվացյալ ազատությանը:

Ճշմարիտ ազատությունը, որը մեծ չափով բխում է հնազանդությունից, լինում է աշխարհիկ և հոգևոր: Աշխարհիկ և հոգևոր հնազանդությունները միշտ իրար միացած պետք է լինեն և բաժանվեն միայն այն դեպքում, երբ աշխարհիկ հնազանդությունը կարող է սպառնալ հավատքի և հոգու կորստյանը: Այս ամենն իմանալուց հետո մեզ համար հասկանալի է դառնում որոշ սրբերի ըմբոստությունն ու պայքարը:

Հայրեր և որդիներ

Ի՞նչ կարող են սովորել մեր երեխաները այն սրբերի կյանքի պատմությունից, ովքեր անհնազանդ են եղել իրենց հեթանոս ծնողներին: «Հայրը պիտի բաժանվի որդու դեմ և որդին` հոր, մայրը` աղջկա դեմ, և աղջիկը` մոր»՚ (Մատթ. 10.35, Ղուկ. 12.53, հմմտ. Միք. 7.6),- ասում է Աստվածաշունչը: Հայրերի և որդիների միջև տարաձայնություններ եղել են բոլոր ժամանակներում, սակայն դրանց բնույթը բոլորովին էլ գովելի չէ: Անհամաձայնությունները միշտ եղել են ծնողների կարծիքների, կամքի և երեխաների նախասիրությունների միջև, մի երևույթ, որ հիմա էլ շարունակվում է մեզանում: Բայց սրբակենցաղ անձանց պարագային իրենց ծնողների կամ պետության հետ հակառակությունները եկել են հիմնականում քրիստոնեկան լույս հավատքի հանդեպ նախանձախնդրությունից: Եվ երանի թե այժմ էլ ծնողների և որդիների միջև լիներ տարաձայնության այն տեսակը, որից սրբեր են ելնում:

Ասում են, որ հույն հայտնի փիլիսոփա Դիոգենեսը, մի անգամ տեսնելով մի շատ չարաճճի երեխայի, անցավ նրա կողքով և հասնելով դաստիրարակին` գավազանով հարվածեց նրան, քանզի երեխայի չարության առաջին պատճառը նրան սխալ դաստիարակողն է: Հետաքրքիր է, թե քանիսի ծնողներին այսպես կհարվածեր Դիոգենեսը, եթե այսօր անցներ մեր փողոցներով: Դուք բոլորդ էլ տեսել եք, թե ինչ է կատարվում ամեն տարի բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության քննությունների ժամանակ: Հատկապես իրարանցում է սկսվում ծնողների մոտ. նրանք վազվզում են այս ու այն կողմ և անհանգստանում են իրենց երեխաներից հազար անգամ ավելի: Գրեթե բոլորը մտածում են իրենց երեխաներին կրթությամբ, մասնագիտությամբ կամ հագուստներով զարդարելու մասին, սակայն շատ-շատեր առաջին հերթին չեն մտածում իրենց երեխաների հոգիները զարդարելու մասին: Մարդիկ փորձում են իրենց երեխաներին մտցնել որևէ հաստատությունից ներս, սակայն ոչ ոք չի անհանգստանում այն բանի համար, որ իր երեխան կտրված է Եկեղեցուց, և դրանով իսկ նրա մոտ բացակայում են ճշմարիտ առաքինություններն ու բարոյականությունը: Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. «Ոչ թե երեխայի ծնունդն է մարդուն հայր դարձնում, այլ ճիշտ կրթությունը, և ոչ թե որովայնում կրելն է մայր դարձնում, այլ բարի դաստիարակությունը»: Եվ մեծ թվով մարդիկ իրենց փոքրիկ երեխաներին երես տալով` շատ հազվադեպ են հանդիմանում, և երեխաները մեծանալով պատուհաս են դառնում ծնողների և հասարակության համար: Այսպես և ֆրանսիացի մտածող Ժան Ժակ Ռուսոն այն տեսակետն ուներ, որ երեխան հրեշտակի պես է ծնվում, և հասարակական կյանքն է, որ հետո փչացնում է նրան: Սակայն ահա թե ինչ է ասում Աստվածաշունչը. «Եթե գավազանով քո երեխային ծեծես, չի մեռնի, դու նրան կհարվածես գավազանով, բայց նրա հոգին կփրկես մահվանից» (Առակ. 23.13): Երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսն ասում էր. «Երեխաները հրեշտակներ չեն, երեխաներն էլ մարդիկ են և իրենց փոքր հասակից նույնիսկ ապագա թերությունների կորիզն ունեն»: Իսկ Սուրբ Բարսեղ Կեսարացին նշում է, որ երեխաները փափուկ մոմի նման են, ինչ դրոշմ որ դնես նրանց վրա մանկության ժամանակ, այն էլ հետագայում մնալու է անջնջելի կերպով: Այս իսկ պատճառով Սուրբ Հովհան Ոսկեբերանն իր քարոզներից մեկում կոչ է անում. «Խնդրում եմ ձեզ, ծնողներ, առաջին հերթին ձեր փոքր երեխաների մասին մտահոգվեք»: Անդաստիարակ և չար երեխաների կամ ապագա հանցագործների առկայության պատճառը, ասում է Սուրբ Հայրը, ուրիշ բան չէ, այլ միմիայն ծնողների անմիտ կապվածությունը կենցաղին և իրենց գործերին: Այդպիսի ծնողների մասին Ոսկեբերանն ասում է, որ նրանք երեխաներին սպանողներից ավելի վատն են. մանկասպանները հոգին են բաժանում մարմնից, իսկ սրանք երկուսը միասին գցում են դժոխքի կրակը: Աստվածային իմաստությամբ լցված Սուրբը նշում է, որ ամենից առաջ երեք բաների համար պետք է զգուշանալ երեխայի դաստիարակության գործում: Դրանք են` լեզուն, ձեռքերը և մարմինը: Ծնողների մեծ մասը մտածում է, որ այսպիսի դաստիարակության դեպքում իրենց երեխան կմեծանա խեղճ և անճար: «Ինչ է, իմ երեխան չկարողանա՞ պատասխան հարված տալ, երբ իրեն հարվածեն, կամ երբ նեղացնեն, ում ինչ որ պետք է ասի»: Ահա այսպիսի հեթանոսական կամ հինկտակարանյան սկզբունքներ ունեն շատ մարդիկ: Սակայն իրար կողքի դնենք երկու տեսակի դաստիարակությունները և տեսնենք դրանց արդյունքը: Ագրեսիվ երեխան կարող է իրեն պաշտպանել, հայհոյել, սակայն դրա պատճառով նա կյանքում կունենա շատ թշնամիներ, և հայհոյանքի պտուղը կլինի սրտի և մտքի անմաքրությունը: Սուրբ Հովհան Ոսկեբերանի խոսքերն են. «Մի ասա, թե երկար ժամանակ է պետք արդեն հայհոյանք կամ անպատշաճ խոսքեր սովորած երեխային ուղղելու համար, երկու ամիսն էլ բավական է»: Անհոգ ծնողները կպատժվեն ոչ միայն իրենց մեղքերի համար, այլև իրենց երեխաների վրա ունեցած վատ ազդեցության կամ իրենց պարտականության թերացման համար: Առաջին հերթին երեխայի հոգին պետք է զորացնել ու պարարտացնել և ոչ թե մարմինը: Իսկ ինչպիսի՞ն էին քրիստոնեական ոգով դաստիարակված սրբերը: Իրենց հոգևոր իմաստության և ուժի շնորհիվ անգամ գազանները նրանց չէին վնասում և առյուծները ծառայում էին նրանց: «Եթե հայրերը քրիստոնեաբար դաստիարակեին իրենց երեխաներին, ապա պետք չէին լինի ո՛չ դատարաններ և ո՛չ էլ պատիժներ ու զրկանքներ»,- ասում է Հովհան Ոսկեբերանը: Ահա այսպիսի ոգով դաստիարակված երեխաները ծնողների կամ պետության հանդեպ որոշ սրբերի անհնազանդությունից չար վարվելակերպ երբեք չեն սովորի և     միայն մեկ կարևոր բան կիմանան` Աստված ավելի վեր է քան պետությունը և ավելի բարձր է, քան ծնողը:

 

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

28.08.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․