19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Հոգևոր օրենքներն ու Աստծու սերը

- Հա՛յր, հոգևոր օրենքները մի՞շտ են անմիջապես գործում:

- Նայած՝ երբ: Հաճախ մնում է միայն զարմանալ: Ինչ-որ մեկը հենց մի փոքր հպարտանում է, միանգամից անհաջողության է մատնվում, այսինքն՝ հոգևոր օրենքը կայծակնային արագությամբ է գործում: Օրինակ՝ միանձնուհին ապակիներն է լվանում և հպարտությամբ մտածում է, որ ինքն ավելի լավ է լվանում, քան մյուս քույրը: Հենց նույն պահին նրա ուշադրությունը շեղվում է (մի անհաջող շարժում) և ապակին փշրվում է: Իսկ ուրիշ դեպքերում հոգևոր օրենքները միանգամից չեն գործում:

- Իսկ երբ հոգևոր օրենքները միանգամից են գործում, դա ի՞նչ է նշանակում:

- Դա լավ նշան է: Նման դեպքերում մարդ պետք է հասկանա, որ Աստծու սերն է իրեն պարուրում, որովհետև (իր յուրաքանչյուր սխալի համար) նա առանձին է վճարում, այլ ոչ թե՝ (արդյունքում) բոլորը միասին: Սակայն, եթե հոգևոր օրենքները չեն գործում ինչ-որ մեկի պարագայում, ապա դա վտանգավոր է: Դա ցույց է տալիս, որ մարդն իր Հորից՝ Աստծուց հեռացած զավակ է, որ Նրա տանը չի բնակվում: Մարդիկ կան, որ իրենց անընդհատ հպարտ են պահում և նրանց ոչինչ չի պատահում: Դա նշանակում է, որ նրանց հպարտությունն այնքան մեծ է, որ դադարել է մարդկային լինելուց: Այն իր բարձրագույն՝ դիվական հպարտության, մինչև իսկ (սատանայական) մեծարման աստիճանին է հասել: Այդպիսի մարդը նույնպես անկում է ապրում, սակայն արդեն գագաթի մյուս կողմից: Ուղիղ դժոխք է ընկնում: Նա սատանայական անկմամբ է ընկնում, սակայն նրանք, ովքեր գագաթի մյուս կողմում են գտնվում՝ այդ անկումը չեն տեսնում: Այսինքն՝ այդ մարդիկ, ում մասին խոսում ենք, այս կյանքում հոգևոր օրենքների ազդեցության տակ չեն ընկնում, բայց առաքյալի հետևալ խոսքը գործում է նրանց նկատմամբ. «Իսկ չար և խաբեբա մարդիկ չարից այն կողմ էլ պիտի գնան. իրենք մոլորված՝ պիտի մոլորեցնեն ուրիշներին» (Բ Տիմ. 3:13):

- Հա՛յր, իսկ մարդու ձեռքի գործը կարո՞ղ է փչանալ այն պատճառով, որ այն ստեղծողը հիանա իր ստեղծածով:

- Այո՛, որովհետև հոգևոր օրենքները գործողության մեջ են մտնում: Աստված Իր շնորհը վերցնում է մարդուց, և նա փչացնում է այդ իրը, արվեստի գործը կամ նման մի բան: Դա տեղի է ունենում, որպեսզի նա, ով հպարտության մեջ է ընկել սեփական ձեռքերի ստեղծագործության պատճառով, սթափվի:

- Այսինքն, եթե մեկն ուրիշի պատրաստած որևէ իր է փչացնում, նշանակում է, որ հոգևոր օրենքները գործի՞ են դրվել:

- Այո՛, իհա՛րկե:

- Իսկ մի՞թե հնարավոր չէ, որ մարդն ուղղակի անուշադրության կամ անշնորհքության պատճառով ինչ-որ բան փչացնի:

- Այդպիսի դեպքերը հազվադեպ են: Այդ պատճառով էլ, որքան հնարավոր է, խոնարհ ապրեք: Մտածեք, որ սեփական ոչինչ չունենք: Այն ամենն, ինչ ունենք՝ մեզ Աստծուց է տրված: Ամենն, ինչ կա՝ Աստծունն է: Միայն մեղքերն են մերը: Եթե խոնարհություն չունենանք, ապա հոգևոր օրենքներն անընդհատ կգործեն մեր նկատմամբ, այնքան մինչև որ մեր եսասիրությունը կոտրվի: Եվ թո՛ղ այդպես լինի, թո՛ղ Աստված ամեն ինչ այդպես դասավորի և խոնարհություն պարգևի այնքան ժամանակ, մինչև մահն այցելի մեզ:

- Հա՛յր, իսկ հնարավո՞ր է՝ մարդ չհասկանա, որ հոգևոր օրենքներն են գործում իր նկատմամբ:

- Եթե մարդն ինքն իրեն չի հետևում, ապա ոչինչ չի հասկանում և ոչնչից օգնություն չի ստանում: Ոչ մի բան օգուտ չի բերում նրան:

- Այսինքն՝ հոգևոր օրենքները դադարում են գործելուց միայն այն դեպքում, երբ մարդ խոնա՞րհ է դառնում:

- Այո, հիմնականում դրանք խոնարհության հետևանքով են դադարում գործելուց, կամ այն դեպքում, երբ մարդուց պահանջելու ոչինչ չկա: Մի օրինակ բերեմ քեզ: Մի կին անընդհատ ծեծում էր իր ամուսնուն, և նա ոչ ոքի ոչինչ չէր ասում, որովհետև ուսուցիչ էր և վախենում էր անվանարկվելուց: Սակայն նրա պարագայում հոգևոր օրենքներն էին սկսել գործել: Մանուկ հասակում նա կորցրել էր հորը, և նրա այրի մայրն, իր փոքր թոշակով, փորձել էր ուսման տալ նրան, որպեսզի ուսուցիչ դառնա: Իսկ նա երախտագիտության փոխարեն ծեծում էր մորը: Ինչե՜ր կրեց այդ խեղճ մայրը: Եվ ահա, երբ նա հասակ առավ ու ամուսնացավ, Աստված թույլ տվեց, որ կինը նրան ծեծի: Աստված դա թույլ տվեց, որպեսզի նա քավի իր մեղքը: Բայց գիտե՞ք, թե հետո ինչ տեղի ունեցավ: Այդ մարդը մահացավ, ու նրա որդին սկսեց նրա այրուն, այսինքն՝ իր մորը ծեծել: Այսպիսով այդ կինն էլ վճարեց իր մեղքի համար: Այնուհետև նրանց որդին ևս ամուսնացավ: Եվ այդ աղջիկն, ում հետ նա ամուսնացավ, խելապակաս էր: Նա ոչ միայն ծեծում էր այդ տղային, այլև միաժամանակ երգում․ «Քրիստոս հարյավ ի մեռելոց, մահով մահին հաղթեց»: Տեսնո՞ւմ եք, թե Աստված ինչպես ամեն ինչ դասավորեց, որպեսզի այդ մարդը ևս վճարի իր մեղքերի համար: Սակայն այստեղ հոգևոր օրենքները դադարեցին գործելուց, որովհետև բան չկար նրա խեղճ (խելագար) կնոջից պահանջելու:

- Հա՛յր, իսկ եթե մարդն անկում է ապրում ու վշտանում է դրա համար, ապա այդ կերպ մարո՞ւմ է արդյոք իր հոգևոր պարտքերը:

- Նա գիտակցո՞ւմ է իր պարտքը (Աստծուն), թե՞ եսասիրաբար է վշտանում: Եթե նա գիտակցում է իր պարտքը, ապա էլ չի վճարի իր անկման համար: Սակայն, եթե իր պարտքը չի գիտակցում, ապա Աստված թույլ կտա վճարել: Օրինակ՝ քրիստոնյան պետք է ուրիշներին ողորմություն տա: Եթե կարծրասիրտ մարդը ողորմություն չի տալիս, այլ անդադար կուտակում է փողը, ապա գողերը հարձակվում են նրա վրա, ծեծում, կողոպտում, և նա այդ կերպ վճարում է իր սխալի դիմաց: Եթե մենք (հոգևոր) պարտքեր ունենք և այս կյանքում դրանք չենք մարում, ապա դա շատ վատ նշան է: Դա նշանակում է, որ Աստված թողել է մեզ: Իսկ եթե մարդ ոչ մի պատիժ չի կրում, այլ միայն օրհնություններ է ստանում, ապա հնարավոր է, որ նա մի բարիք է գործել, և Քրիստոս կրկնակի ու եռակի է վճարում նրան այս կյանքում: Սակայն իր սխալների համար այդ մարդը չի վճարում: Եվ դա ևս վատ է: Ենթադրենք ես տասը տոկոսով ինչ-որ բարիք եմ գործել, իսկ Քրիստոս ինձ քսան տոկոս է տալիս դրա դիմաց, և ես ո՛չ վիշտ ունեմ, ո՛չ էլ՝ դառնություն: Բայց այդ դեպքում ես չեմ վճարում իմ մեղքերի համար:

Ինչպես սուրբ Եփրեմ Ասորին է ասում՝ այս կյանքի դժբախտությունները մեղմացնում են դժոխքի տանջանքները: Այսինքն՝ նման դեպքում, երբ հոգևոր օրենքները գործում են մարդու նկատմամբ, ապա դժոխային տառապանքների մի մասն անհետանում է:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

 

 

03.09.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․