Գրքեր

Հոգու ճգնաժա՞մ, թե՞ խաղաղություն

Մենք ձգտում ենք ներդաշնակ և խաղաղ ապրել, սակայն արտաքին և ներքին հանգամանքների պատճառով չենք կարողանում խուսափել ընթացքի վայրիվերումներից: Եթե ուշադրություն դարձնենք, կարող ենք նկատել, որ այդ ամենում որոշիչ դերակատարում ունեն ներքին պատճառները, որոնք առկա են մարդու հոգու խորքում: Հոգևոր կյանքը բացահայտում է այն բոլոր պատճառները, որոնք խճճված կերպով պարփակված են անձի ներաշխարհում: Երբ չես կարողանում հասկանալ պատճառները, նշանակում է` դեգերում ես արտաքին հանգամանքների հոլովույթներում, որտեղ չես կարողանում ընկալել, թե ինչ է կատարվում քեզ հետ, հատկապես փորձությունների ժամանակ կամ ճգնաժամային իրավիճակներում: Նման իրադրություններում քրիստոնյա անձը տարակուսում է, որովհետև իր հավատքի սպասելիքը, որը պիտի բերեր կայուն խաղաղություն, հանդարտություն, ներդաշնակություն, չի իրականանում, և մարդը շարունակում է տարբեր կողմերից փչող քամիներից ալեկոծվող շառաչուն ծովի նմանվել: Սա ցուցիչ է, որ անհատը հոգևոր կյանքի  ուղիղ ճանապարհով չի ընթանում, թեև կարող է թվալ, թե իսկապես իր հավատքը խարսխված է ճշգրիտ նպատակադրման հիմքերի վրա: Սակայն այս դեպքում խնդիրը հենց այն է, որ մեր հավատքի նպատակադրումը չի համապատասխանում Աստծո կամեցած նպատակադրմանը: Եվ անհրաժեշտ է անկեղծ ինքնաանդրադարձ կատարել, թե որն է մեր հավատի նպատակադրումը և հոգևոր կյանքով ընթանալու փորձը: Սա շատ էական հարց է քրիստոնյայի համար, որովհետև սրտում անթեղված նպատակադրման իրական պատասխանի դեպքում ես հասկանում կյանքումդ կատարվող իրադարձությունների հետևանքները: Ինքնաանդրադարձը կարևոր նշանակություն ունի քրիստոնյայի կյանքում: Ապաշխարությունն առանց այս իրողության բովանդակություն և արդյունավետություն չունի: Մարդիկ անդրադառնում են իրենց կատարած արարքներին, մտքերին, փոխհարաբերություններին, սակայն մի կարևոր հանգամանք հաշվի չեն առնում, այսինքն` այս ամենին անդրադառնում են բանականության, մտածողության, մտքի, խոսակցության ոլորտում` չթափանցելով սրտի ոլորտ: Խոսքը ոչ թե զգացմունքայնության կամ հուզականության մասին է, այլ հոգևոր բովանդակության: Այստեղ է, որ ասվում է` ավելի շատ սրտով պետք է ապաշխարել, քան արցունքներով: Այլ խոսքով` մարդը մտքի ոլորտից պիտի դառնա դեպի սրտի ոլորտը, որպեսզի կարողանա պատճառները հասկանալ, թե ինչու է խաթարվում իր և Աստծո միջև փոխհարաբերությունը և թե ինչու է հոգևոր ճգնաժամեր ապրում: Հիշենք, որ Ավետարանում Հիսուս խոսում է սրտի կարևորության մասին (Մատթ. 15.18): Հետևաբար, ինքնաանդրադարձը մտքի, բանականության ոլորտից պիտի իջնի սիրտը, որպեսզի մարդը տեսնի պատճառները և Աստծո միջոցով լուծումներ տա այդ խնդիրներին: Մենք հավատքի կյանքում չենք կարողանա երկար դիմակայել, եթե չհասկանանք այդ  հարցերը, որոնք անթեղված են մեր սրտում: Տարբեր կողմերից հարվածներ են տեղում և պիտի տեղան այս աշխարհում: Եվ եթե չունենանք հավատքի ամուր հիմքը՝ կսասանվենք ու ցնցումներից կտապալվենք, կմնանք թերահավատության շրջապտույտում: Ուստի, պատկերավոր օրինակով` մեր հավատքի գիտակցվածությունը նման է ամրոցի: Իսկության մեջ այդ ամրոցը մեր սիրտն է` հավատքի կենտրոնը: Փորձությունների հարվածներին դիմակայող այդ ամրոցի բերդապարիսպների ներսում պետք է ուշադրություն դարձնենք, թե  ինչպիսի գանձեր ենք պահում: Դրանք իսկապես կարող են լինել հոգևոր գանձեր կամ էլ` մեղավոր կրքեր, որոնք նույնպես կարող են մեզ գանձեր թվալ: Սրտում հանգրվանում է այն պատասխանը, թե ինչու ենք Աստծուն հավատում, որը ձևավորում է հավատացյալ մարդու կյանքի նպատակը: Բնականաբար մարդիկ Աստծուն տարբեր դիտավորություններից ելնելով են հավատում: Եվ իրենց սրտի դիտավորության լուսաբանումն է տալիս բոլոր հարցերի պատասխանները, թե ինչպիսի հոգեվիճակում է անձը հայտնվում տարբեր իրավիճակներում: Ահա քո սրտում պահպանվող նպատակի լուսաբանումն է, որ սկսում է բացել պատճառների դռները և ցույց տալ, թե ինչու չես կարողանում շարունակական հոգևոր ուրախություն, խնդություն, խաղաղություն ապրել: Ամբողջ հարցը նրանում է, որ մարդիկ իրենց սրտի ամրոցում այնպիսի նպատակ են կառուցում, որտեղ հավատքի նպատակը լինում է ոչ թե Աստծու հետ լինելը, Աստծու հետ միությունը, այլ պարզապես դրախտում լինելը, խաղաղություն ու բարեկեցություն ունենալը, հիվանդությունից բժշկվելը, պարզապես մխիթարվելը: Խնդիրը հենց այդ է, որ շատ մարդիկ հավատում են ոչ թե Աստծուն, այլ Աստծու խաղաղությանը, Աստծու տված բարեկեցությանը, մխիթարությանը, զորությանը և այլն: Հոգու ալեկոծումներն այդտեղ են սկսում, որովհետև կյանքում ամեն սպասելիք չէ, որ  կատարվում է, ամեն երազանք չէ, որ իրագործվում է, ամեն խնդրանք չէ, որ իրականություն է դառնում: Եվ մարդու և Աստծու միջև սկսում է հոգևոր ճգնաժամը, քանի որ մարդը չի ստանում այն բաղձալին, ինչ ուզում է: Եվ նրա կյանքի մի օրը լինում է ուրախ, մյուս օրը տխուր, մի օր հավատքով ու ոգևորությամբ, մյուս օրը` վհատությամբ և հիասթափությամբ լեցուն: Այս տարուբերումները շարունակվում են այնքան, մինչև անձնավորությունը անկեղծ չի պատասխանում այն հարցին, թե ինչո՞ւ է ինքն Աստծուն հավատում: Եթե իր սրտում հավատում է Աստծու խաղաղությանը, մխիթարությանը, կատարելությանը, զորությանը և նման այլ հանգամանքներին, ապա նրա հավատքը չի կարող կայուն և ամուր լինել, որովհետև երբ ինքը հայտնվում է մի իրողության մեջ, ուր այդ երևույթները բացակայում են, արդեն կասկած է առաջանում մարդու սրտում` եթե Աստծուն հավատում եմ, ինչո՞ւ այս կամ այն նպատակը չի իրագործվում, կամ ինչո՞ւ են ձախողումները հետապնդում, ինչո՞ւ իսկապես հաղորդակից չեմ լինում հոգևոր խաղաղությանը, մխիթարությանը, կատարելությանը, զորությանը և նման այլ իրողություններին: Պատճառն այն է, որ մարդը ոչ թե Աստծու հետ է կամենում լինել, այլ վերոհիշյալ որևէ երևույթի մեջ: Երբ քո նպատակը Աստծու հետ լինելն է, Աստծուն մոտենալն է և այդ գիտակցությունն ապրում ես լիապես, հավատով ու վստահությամբ և անկախ ամեն ինչից, անկախ նրանից, թե որտեղ ես, անկախ հաջողություններից ու ձախողումներից, հարստությունից, աղքատությունից, ապա մշտապես ապրում ես հոգու խաղաղությունն ու խնդությունը, որովհետև քո ամենօրյա և գլխավոր նպատակն Աստծո հետ լինելն է, Աստծո հետ հաղորդակցության մեջ մնալն է ու Աստծուն մոտենալն է` լցված աստվածային սիրով ու հոգևոր խոնարհության քայելով: Սա այն բանալին է, որ անձնավորությունը պիտի ընկալի ու տեսնի և այդ բանալիով բացի իր հավատքի դուռը՝ քայլ առ քայլ Երկնավոր Հորը մոտենալու համար: Այսպիսի հավատքի գիտակցությունը մարդուն մշտապես օժտում է հոգևոր խնդության և խաղաղության պտուղներով, սակայն դրանց կայունությունն ապահովում են խոնարհությունը և աստվածային սիրո զորությունը: Եվ այս հոգևոր վիճակում է, որ անձնավորության հավատքը ծաղկունք է ապրում և լցվում շնորհներով: Եվ որպես հոգևոր կյանքի ցուցիչ` ինքնաանդրադարձ կատարելով կարող ենք տեսնել, թե ինչպես է անցնում մեր առօրյա ընթացքը: Եթե մեր առօրյա կյանքն անցնում է դժգոհություններով, տրտմությամբ, դատելով, բամբասանքով, տխրությամբ, լարված հոգեվիճակով և նմանատիպ կենցաղավարությամբ, նշանակում է` ճիշտ հոգևոր կյանքով չենք ընթանում, քանի որ հոգևոր մարդը տխուր և մռայլ չի լինում, այլ ուրախ, սրտի խնդությամբ, հույսով, խոնարհությամբ, սիրով, զորությամբ և այլ առաքինություններով լեցուն:

 

Պատրաստեց Հովհաննես Մանուկյանը

 

23.01.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․