Գրքեր

Ի՞նչ է քրիստոնեական հավատքը

Հարց 1 Ի՞նչ է քրիստոնեական հավատքը:

Խոստովանել, ճանաչել և հավատալ Ամենասուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն որպես երեք Անձնավորություն, մեկ Էություն, մեկ Բնություն, մեկ Աստված և մեկ Աստվածություն, որ երևացող և աներևույթ արարածների Արարիչն է: Հարկ է նաև հավատալ Քրիստոսի մարդեղությանը՝ ըստ Հավատամքի տասներկու կետերի: Ինչպես սուրբ Ներսես Շնորհալին է նշում իր «Ընդհանրական նամակում»՝ հավատքը մեկ անուն, սակայն կրկնակի զորություն ունի, որոնցից առաջինը դավանական հավատքն է, այսինքն՝ Սուրբ Երրորդության խոստովանությունը, որը յուրաքանչյուր ոք ստացել է ավազանի մկրտության ժամանակ:

Հարց 2 Որտե՞ղ կարող ենք գտնել քրիստոնեական հավատքի ճշմարտությունը:

Աստվածաշունչ Սուրբ Գրքում՝ Հին և Նոր Կտակարաններում: Քրիստոս ասում է. «Քննեցե՛ք Գրքերը..․. այդ Գրքերն իսկ վկայում են Իմ մասին» (Հովհ. 5։39):

Հարց 3 Սուրբ Գիրքն ինչո՞ւ է «Աստվածաշունչ» կոչվում:

Քանի որ այն Սուրբ Հոգու ներշնչումով է գրվել և ոչ թե մարդկային իմաստությամբ: «Մարգարեությունը ոչ թե ըստ մարդկանց կամքի տրվեց երբևէ, այլ Սուրբ Հոգուց մղված է, որ խոսեցին Աստծու սուրբ մարդիկ» (Բ Պետր. 1։21):

Հարց 4 Աստվածաշունչ գիրքն ովքե՞ր են գրել:

Հին Կտակարանը գրել են մարգարեները. «Աստված բազմապիսի ձևերով և այլազան օրինակներով նախապես խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով»: Իսկ Նոր Կտակարանը գրել են առաքյալները. «Ձեր մաքուր մտքերն եմ արթնացնում հիշեցման համար. հիշեցե՛ք սուրբ մարգարեների կողմից նախապես ասված պատգամները, ինչպես նաև ձեր առաքյալների կողմից ասված Տիրոջ և Փրկչի պատվիրանները» (Բ Պետ. 3։1):

Հարց 5 Աստվածաշունչը քանի՞ գրքից է բաղկացած:

Հին Կտակարանը կազմված է քառասունութ գրքից, որոնք են՝

  1. Ծննդոց,
  2. Ելք,
  3. Ղևտական,
  4. Թվեր,
  5. Օրենքի Երկրորդումը,
  6. Հեսու,
  7. Դատավորներ,
  8. Հռութ,
  9. Ա Գիրք Թագավորների,
  10. Բ Գիրք Թագավորների,
  11. Գ Գիրք Թագավորների,
  12. Դ Գիրք Թագավորների,
  13.  Ա Մնացորդաց,
  14.  Բ Մնացորդաց,
  15. Եսթեր,
  16. Եզրասի Բ Գիրքը,
  17. Նեեմիա,
  18. Սաղմոսներ,
  19. Առակներ,
  20. Ժողովող,
  21. Երգ երգոց,
  22. Հոբ,
  23. Եսայի,
  24. Օսեե,
  25. Ամովս,
  26. Միքիա,
  27. Հովել,
  28. Աբդիու,
  29. Հովնան,
  30. Նավում,
  31. Ամբակում,
  32. Սոփոնիա,
  33. Անգեոս,
  34. Զաքարիա,
  35. Մաղաքիա,
  36. Երեմիա,
  37. Ողբ Երեմիա Մարգարեի,
  38. Դանիել,
  39. Եզեկիել,
  40. Եզրասի Ա Գիրքը,
  41. Հուդիթ,
  42. Տովբիթ,
  43. Ա Մակաբայեցիներ,
  44. Բ Մակաբայեցիներ,
  45. Գ Մակաբայեցիներ,
  46. Իմաստություն Սողոմոնի,
  47. Սիրաք,
  48. Բարուք:

Իսկ Նոր Կտակարանը բաղկացած է քսանյոթ գրքից: Դրանք են՝

  1. Ավետարան ըստ Մատթեոսի,
  2. Ավետարան ըստ Մարկոսի,
  3. Ավետարան ըստ Ղուկասի,
  4. Ավետարան ըստ Հովհաննեսի,
  5. Գործք առաքելոց,
  6. Պողոս առաքյալի նամակը Հռոմեացիներին,
  7. Պողոս առաքյալի առաջին նամակը Կորնթացիներին (Ա Կորնթացիներ),
  8. Պողոս առաքյալի երկրորդ նամակը Կորնթացիներին (Բ Կորնթացիներ),
  9. Պողոս առաքյալի նամակը գաղատացիներին,
  10. Պողոս առաքյալի նամակը եփեսացիներին,
  11. Պողոս առաքյալի նամակը փիլիպեցիներին,
  12. Պողոս առաքյալի նամակը կողոսացիներին,
  13. Պողոս առաքյալի առաջին նամակը թեսաղոնիկեցիներին (Ա Թեսաղոնիկեցիս),
  14. Պողոս առաքյալի երկրորդ նամակը թեսաղոնիկեցիներին (Բ Թեսաղոնիկեցիս),
  15. Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին (Ա Տիմոթեոս),
  16. Պողոս առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին (Բ Տիմոթեոս),
  17. Պողոս առաքյալի նամակը Տիտոսին,
  18. Պողոս առաքյալի նամակը Փիլիմոնին,
  19. Նամակ եբրայեցիներին,
  20. Հակոբոս Առաքյալի ընդհանրական նամակը,
  21. Պետրոս Առաքյալի առաջին ընդհանրական նամակը (Ա Պետրոս),
  22. Պետրոս Առաքյալի երկրորդ ընդհանրական նամակը (Բ Պետրոս),
  23. Հովհաննես Առաքյալի առաջին ընդհանրական նամակը (Ա Հովհաննես),
  24. Հովհաննես Առաքյալի երկրորդ ընդհանրական նամակը (Բ Հովհաննես),
  25. Հովհաննես Առաքյալի երրորդ ընդհանրական նամակը (Գ Հովհաննես),
  26. Հուդայի ընդհանրական նամակը,
  27. Հայտնություն Հովհաննեսի:

Հարց 6 Ո՞վ է քրիստոնեական հավատքի հիմնադիրը:

Քրիստոնեական հավատքի հիմնադիրը մեր Տեր Քրիստոս եղավ՝ Իր գործունեությամբ և ուսուցումներով. «Հիսուս շրջում էր Գալիլիայի բոլոր կողմերը, ուսուցանում էր նրանց ժողովարաններում և քարոզում էր Արքայության Ավետարանը (Մատթ. 4։23): «Առաջին պատմությունը գրի առա..․. այն բոլոր բաների մասին, ինչ Հիսուս սկսեց անել և ուսուցանել (Գործք 1։1):

Հարց 7 Ովքե՞ր եղան Քրիստոսի վարդապետությունը քարոզողները:

Առաքյալները, որոնք Քրիստոսի պատգամի համաձայն գնացին ու ողջ աշխարհով մեկ քարոզեցին բոլոր ազգերին՝ մկրտելով նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով. «Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28։19):

Հարց 8 Մեր հավատքն ինչո՞ւ է «քրիստոնեական» անվանվում:

Քանի որ Քրիստոս նախ Ինքը քարոզեց փրկության ավետիսը և Ինքն Իր մասի՛ն քարոզեց, ու ըստ այդմ էլ աշխարհի փրկությունը Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով էր: Ուստի և Քրիստոս Իր հետևորդներին ասաց. «Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթ. 28։20), և նրանց «առաքյալներ» կոչեց. «Կանչեց Իր աշակերտներին, որոնց և առաքյալներ անվանեց» (Ղուկ. 6։13):

Հարց 9 Հավատացյալներին «քրիստոնյա» անվանումը որտե՞ղ է տրվել:

Անտիոք քաղաքում, որտեղ առաքյալներն իրենց քարոզությանն աշակերտողներին «քրիստոնյա» կոչեցին. «Ու նրանք երկուսով մի ամբողջ տարի հավաքվում էին եկեղեցու մեջ և ուսուցանում էին շատ շատերին: Եվ առաջին անգամ Անտիոքում էր, որ աշակերտածներին «քրիստոնյաներ» անվանեցին (Գործք 11։26):

Հարց 10 Ի՞նչ ենք հասկանում «քրիստոնյա» ասելով:

Քրիստոնյան Քրիստոսին և Նրա Ավետարանի ճշմարտությանը հետևող այն հավատացյալն է, որը մկրտվում և հավատում է Քրիստոսին («Ով Նրան հավատում է, չպիտի դատապարտվի»)՝ այդ հավատքին միացնելով նաև բարի գործերը («հավատքն առանց գործերի մեռած է»):

Հարց 11 Որտե՞ղ է հստակորեն սահմանվում քրիստոնեական ողջ հավատքը:

Նիկիայի հանգանակում, որտեղ ամրագրված են հավատքի տասներկու հիմնադրույթները, որ դավանում է մեր Հայաստանյան Եկեղեցին:

Հարց 12 Հավատքի հիմնադրույթներն ինչո՞ւ են տասներկուսը:

Քանի որ, ըստ ավանդության, Քրիստոսի տասներկու առաքյալներից ամեն մեկը մի հիմնադրույթն է սահմանել որպես հավատքի հիմնասյուն, և այդ հիմնադրույթներից որոշներն Իր տնօրինության ժամանակ Քրիստոս քարոզեց, որոշներն էլ անձամբ գործադրեց: Այդ հիմնադրույթներն առաքյալների կողմից սահմանվել են ըստ հետևյալ կարգի.

  1. Պետրոս - «հավատում ենք մեկ Աստծուն՝ երկնքի և երկրի Արարչին»:
  2. Անդրեաս - «և մեկ Տեր Հիսուս Քրիստոսին՝ Աստծու Միածին Որդուն՝ մեր Տիրոջը»:
  3. Հակոբոս - «Որը հղացավ Սուրբ Հոգուց»:
  4. Բարդուղիմեոս - «ծնվեց կույս Մարիամից»:
  5. Թովմաս - «չարչարվեց Պոնտացի Պիղատոսի կողմից»:
  6. Թադեոս - «խաչվեց, մեռավ և թաղվեց»:
  7. Սիմոն - «իջավ դժոխք»:
  8. Հովհաննես - «երրորդ օրը հարություն առավ մեռածների միջից»:
  9. Հակոբոս Ալփյան - «համբարձվեց երկինք»:
  10. Փիլիպպոս - «ելավ երկինք և նստեց ամենակալ Հոր աջ կողմում»:
  11. Մատթեոս - «որտեղից էլ որ գալու է՝ դատելու ողջերին և մեռածներին»:
  12. Մատաթիա - «հավատում ենք Սուրբ Հոգուն, Ընդհանրական, Սուրբ Եկեղեցուն, սրբերի հաղորդությանը և մեղքերի թողությանը, մարմինների հարությանը և հավիտենական կյանքին»:

Հարց 13 Հավատքի հիմնադրույթներն ինչո՞ւ են «հանգանակ» կոչվում: Ի՞նչ է նշանակում «հանգանակ»:

Առաքյալների կողմից սահմանված հավատքի ամեն մի հիմնադրույթը մեկ տեղում ժողովելու պատճառով է կոչվում «հանգանակ»: Այդ հիմնադրույթները որպես դաշինք և խորհրդանշան իրար միացնելու, այդ սահմանումների միաբանության համար է, որ «հանգանակ» անունն է օգտագործվում:

Հարց 14 Որո՞նք են «հանգանակ»-ի մեջ առկա հավատքի տասներկու հիմնադրույթները:

  1. Աստծու գոյությունը:
  2. Աստծու հատկությունները:
  3. Ամենասուրբ Երրորդություն:
  4. Աստծու արարչագործությունը:
  5. Աստծու նախախնամությունը:
  6. Քրիստոսի մարդեղությունը:
  7. Սուրբ Հոգու Աստվածությունը:
  8. Աստծու շնորհները:
  9. Աստծու օրենքները:
  10. Աստծու Եկեղեցին և եկեղեցական խորհուրդները:
  11. Մեռածների հարությունը:
  12. Հավիտենական կամ վերջին դատաստանը:

 

Աբել արք. Մխիթարյան, «Քրիստոնեական հավատքի դասագիրք», հատոր առաջին, Սուրբ Էջմիածին, 1874թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

12.12.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․