Մարդկային տառապանքը վերջ չունի: Համընդհանուր քայքայում է տիրում՝ ընտանիքներ, մեծահասակներ, երեխաներ... Ամեն օր սիրտս արյունով է լցվում: Տների մեծամասնությունը լի է դառնություններով, հուզումներով, անհանգստությամբ: Միայն, ըստ Աստծո կամքի ապրող մարդկանց տներում է լավ: Մյուսներում՝ մի տեղ ամուսնալուծություն է, մեկ ուրիշում՝ սնանկացում, կամ հիվանդություններ, կամ դժբախտ պատահարներ, մեկը հոգեմետ դեղեր է օգտագործում, մյուսը՝ թմրամիջոցներ... Թշվառներ. մեկի մոտ մի քիչ ավել, մյուսի մոտ մի քիչ պակաս, բայց յուրաքանչյուրն էլ ցավ ունի: Մանավանդ հիմա՝ աշխատանք չկա, պարտքեր, տառապանք, բանկերը մարդկանցից վերջին ունեցածն էլ ձգում-տանում են, տներից դուրս են հանում մարդկանց՝ տառապանքի մի ողջ կույտ: Եվ դա մեկ կամ երկու օր չէ, որ տևում է: Եթե այդպիսի ընտանիքներում մեկ-երկու ամրակազմ երեխա էլ կա, ապա այդպիսի իրավիճակից նրանք էլ են հիվանդանում: Եթե նման ընտանիքներում ապրող մարդիկ գոնե մեկ օր կարողանային վանականների անհոգությունն ու առանձնությունը ձեռք բերել, ապա դա նրանց համար լավագույն Զատիկը կլիներ:
Ինչպիսի՜ դժբախտություն է տիրում աշխարհում: Եթե ինքդ քեզ համար անհանգստանալու ու ցավելու փոխարեն՝ մյուսների համար անես, ապա ամբողջ աշխարհը ռենտգենյան ժապավենի պես կերևա՝ հոգևոր ճառագայթներով «լուսարկված»: Աղոթելիս հաճախ տեսնում եմ, թե ինչպես են դժբախտ փոքրիկները տխուր-տրտում անցնում աչքերիս առջևով և Աստծուց օգնություն են խնդրում: Նրանց ընտանիքներում խնդիրներ, դժվարություններ կան և այդ պատճառով էլ մայրերը նրանց աղոթքի են կանգնեցնում՝ Աստծուց օգնություն խնդրելու: Նրանք «միևնույն հաճախության ալիքի վրա են տրամադրվում» և այդպես մենք հաղորդակցվում ենք:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի