23 Հունվար, Գշ, Առաջավորաց պահքի Բ օր

Գրքեր

Ինչպիսին մտքերդ են, այդպիսին կյանքդ է

Սրբակյաց սերբ Հայր Թադեոս վարդապետ Վիտովնիցկին նշում է, որ քրիստոնյայի կյանքում մեծ դեր ու նշանակություն ունեն մտքերը, և մենք պետք է ուշադրություն դարձնենք, թե ինչպես ենք մտածում: Ի՞նչ օգուտ, եթե մեզ քրիստոնյա ենք համարում, աղոթում, եկեղեցի գնում, Սուրբ Գիրք կարդում և այլն, սակայն չար, մեղավոր մտքերին տեղիք ենք տալիս և դրանց անտարբեր վերաբերմունք ցուցաբերում, թե ինչպես են կուտակվում մեր սրտում և նույնիսկ դրանք իբրև հոգևոր գանձեր ընդունում մեր հոգում:

Նա կարծում է, թե մեր կյանքում ամեն ինչ կախված է մեր մտքերից: Ամեն ինչ սկսվում է մտքերից՝  և´ չարը, և´ բարին: Մարդիկ իրենց մտքերին քիչ ուշադրություն են դարձնում և այդ պատճառով տառապում են: Երբ մտքով անդրադառնում ենք որևէ խնդրի, հարցի, մտնում ենք այդ շրջանակների մեջ և չենք գտնում ո´չ հանգիստ, ո´չ խաղաղություն, որովհետև լուծում ենք փնտրում: Մենք պետք է պահպանենք բարի մտքերը և ցանկությունները, բայց այդպես չենք անում, դրա համար տառապում ենք: Մեր ներսում չարն ենք պահում, անհրաժեշտ է ազատվել դրանիցԻնչպիսին մեր կյանքն է, այդպիսին մենք ենք: Երբ չար մտքերը մեզ հաղթում են, այդժամ մենք էլ չար ենք դառնում: Յուրաքանչյուր միտք, որը խաթարում է մեր ներքին խաղաղությունը, դժոխային կյանք է ստեղծում մեր հոգում: Իսկ դուք ասում եք, թե դժոխքն ինչքա՞ն հեռու է մեզանից… Գիտե՞ք ինչու ենք այդքան տխրում ու մտածմունքների մեջ ընկնում, որովհետև ինքնակենտրոն քրիստոնյաներ ենք, քանի որ շարունակ մտածելով քո պահանջմունքների մասին, դու ինքդ քեզ խանգարում ես: Մտածում ենք անարդարության, չարի մասին, որը մեր շուրջն է, որոնք խանգարում, խոչընդոտում են մեզ: Բայց եթե չարը չլինի մեր մեջ, մեր ներսում, ապա այդ ամենն այդպես մեզ չէր խանգարի և անհանգստացնի: Անհրաժեշտ է համբերել և ներել: Սրտին մոտ չընդունել վիրավորանքը: Մենք նույնիսկ չենք պատկերացնում և ինքներս մեզ հաշիվ չենք տալիս, թե անկյալ, չար ոգիները որքան են մեզ անհանգստության, վհատության, հուսահատության ենթարկում: Մեզ թվում է, որ այդ մեր մտքերն են, իսկ իրականում շատ անգամ չար ոգիներն են ներշնչում այդպիսի մտքերը: Կարևոր է տարբերել մեր մտքերն իրենց մտքերից: Այդուհանդերձ մեծ իմաստություն է անհրաժեշտ տարբերելու համար:

Ե´վ բարին, և´ չարը սկսվում են մտքերից: Անհրաժեշտ է ուշադիր հետևել, որ ինչ անում ենք և գործում, հաճելի լինի Տիրոջը: Ինչպիսին մեր մտքերն են, այդպիսին և մեր կյանքն է: Մենք նույնիսկ չենք պատկերացնում, թե ինչ ուժ ունեն մեր մտքերը: Մենք կարող ենք լինել և´ մեծ չարիքի աղբյուր, և´ մեծ բարիքի աղբյուր: Սակայն մեղադրում ենք ուրիշներին, ցանկանում ենք մեր շրջապատում բոլորին վերափոխել, բայց երբեք չենք սկսում մեզանից: Պետք է սիրով ու խոնարհությամբ համբերել, որպեսզի հոգին ազատագրվի մեղավոր մտքերի ճնշումից: Ցրված միտք ունեցողի սիրտը սառն է դառնում, իսկ նրա հոգին թափառում է այս ու այն կողմ, կարծես անտուն թափառական է: Եվ երբ դուրս է գալիս իր սրտի տան դռներից, նրան մտքերն են հարվածում: Իսկ երբ ուշադրությունը սրտի ներսում է, այդժամ հոգին իր տեղն է ընկնում, հաշտվում է Աստծո հետ, և Աստված կյանքի կենտրոնն է դառնում, և մենք դառնում ենք ջերմ ու կենդանարար: Ուշադրության պահպանությունը սրտում, և մտքի սթափությունն ավելին են, քան ճգնավորական սխրանքը, պահքը և հոգևոր այլ ջանքերը, որովհետև անուշադիր և անսթափ վիճակում մնացյալ ամեն ինչ զուր կլինի: Միակ փրկությունը, միակ ճանապարհը, ելքը մեր ներքին փոփոխությունն է, սրտի փոփոխությունն է: Առաջին հերթին պետք է խաղաղություն հաստատվի մեր հոգում, այդժամ մեր շրջապատում էլ խաղաղություն կլինի: Սրտում խաղաղության պահպանումն ամենագլխավորն է: Ոչ մի պարագայում թույլ մի տվեք տագնապներին ձեր սիրտ թափանցել: Մտածումների քաոսը անկյալ ոգիների վիճակն է: Մենք ցրված մտքով ենք աղոթում, մենք թերահավատ ենք, չենք տրվում Աստծու կամքին: Մեզ թվում է, թե մենք շատ բաների մասին պետք է մտածենք, իսկ Աստված այլ շատ գործեր ունի: Աստված նայում է մեր սրտի խորքը, թե ինչ պատճառով է այդ սիրտը տխրում, ինչ է ուզում: Եթե սրտում ինչ-որ անմաքուր բան կա և այնպիսի բան, որը սրտին գայթակղեցնում է այս աշխարհով, այդժամ մեր թափառումները կլինեն երկարատև և կունենանք շատ տառապանք և ցավ մեր սրտում: Դա նրանից է, որ մենք երկփեղկված ենք. ուզում ենք լինել Քրիստոսի հետ, իսկ սրտում դեռևս կախված ենք աշխարհից: Այդ իսկ պատճառով այդքան տառապում ենք: Իսկության մեջ մեր ցանկությունները կործանարար են: Մեր զգացմունքներն անհագ են: Բոլորն ինչ-որ բան են փնտրում, կարծես թե նրանք այստեղ երկրի վրա հավիտենական են: Բայց ապարդյուն... մեզ համար միշտ ինչ-որ բան այնպես չէ: Բայց դրան զուգահեռ կյանքն անցում է, և պատմությունը հասնում իր ավարտին: Մենք չափից դուրս անհանգստանում ենք մեզ համար, բայց չէ՞ որ մարդը, ով ամբողջովին տրվում է Աստծո կամքին, կարող է լինել ուրախ, խաղաղ, երջանիկ: Որքանով մենք ազատագրված ենք հոգսաշատ մտածումներից, այնքանով մեզ տրվում է հոգևոր զգացում, որ Աստված մեզ հետ է: Քրիստոնեական կյանքի կատարելությունը խոնարհության մեջ է: Որքան մարդու հոգին խոնարհ է, այդքան նրա առջև բացվում են երկնային խորհուրդները: Այն հոգին, որը չի խոնարհվում, չի կարող շնորհ, պարգև ընդունել: Ամեն ինչ Տիրոջն է: Եթե չենք ձգտում խոնարհություն ունենալ, Տերը շարունակաբար մեզ այնպիսի ճանապարհներով կտանի, որոնցում կյանքը մեզ խոնարհության դասեր կտա: Քանի դեռ խոնարհություն չենք սովորել, հարկ կլինի շատ ցավ ու տառապանք տանել: Մենք սովոր չենք հնազանդության: Չենք կարողանում ընդունել Աստծու կամքը, բայց ամեն ինչ ուզում ենք մեր ուզածով լինի, կամ Տերն այդպես կարգավորի: Անհնազանդության պատճառով մենք դրախտից վտարվել ենք: Հնազանդությունը գալիս է այն ժամանակ, երբ սկսում ենք հասկանալ, թե ինչ ենք արել մեր անհնազանդությամբ և ինչպես ենք ավերել մեր ներաշխարհն ու առողջությունը: Եվ այդ անհնազանդության պատճառով տառապում ենք ու տանջվում: Ուստի, ինչպիսին մտքերդ են, այդպիսին կյանքդ է: Հոգին սնվում է մտքերով, ինչպես մարմինը` սննդով: Մտքերը մեզ ներշնչվում են բոլոր կողմերից: Կարծես ապրում ենք մտածումների ռադիոալիքների մեջ: Մենք չենք կարողանում կապ հաստատել Ճշմարիտ կյանքի աղբյուրի հետ, որպեսզի զգանք կյանքի խնդությունը, բայց դրա փոխարեն ընկնում ենք խաբեբա չար ոգիների մտքերի սարդոստայնը, որոնք շրջափակում են մեզ դրանցով: Հիվանդության մեծագույն պատճառներից մեկը մտքի անկման մեջ է: Յուրաքանչյուր մեղք նախևառաջ մտածում է, մտածումի ուժ է:  Հոգևոր կյանքը կյանք է, որ բխում է սրտից ու մտքից, դրա համար մենք պետք է ուշադիր լինենք, թե ինչ է ծնվում մեր հոգում կամ կուտակվում մեր հոգում: Անհրաժեշտ է ուշադիր լինել, որպեսզի մեր սիրտը չթափանցի այնպիսի մի բան, որը կարող է ավերել մեր ներքին աշխարհը:

Արդ, մշտապես բարի ու դրական մտքերով լեցուն եղեք, որպեսզի երկնային գարունը հարատև ծաղկի ձեր սրտերում և հաղորդակից դարձնի Երկնային Արքայության անպատմելի խաղաղությանն ու խնդությանը:

 

Պատրաստեց Հովհաննես սրկ. Մանուկյանը

29.04.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․