23 Դեկտեմբեր, Բշ
Տարեվերջ է։ Ուզում ենք սկսել նոր տարին։ Առջևում ընդամենը հաշված օրեր են մնացել, և ուզում ենք փակել այս տարին. եթե տարվա ընթացքում մեր վարքը լավ չէր, գոնե տարին ավարտենք բարի վերջավորությամբ։
Ուրեմն ինչպե՞ս վերջացնենք այս տարին և սկսենք մյուսը: Մեզանից յուրաքանչյուրը հանդարտ նիստի կարիք ունի իր անձի հետ: Ինչքան մարդիկ շատ են զբաղվում տարեմուտի խնջույքների ծրագրումով և պատրաստությամբ, այնքան նրանք շատ են լինում զբաղվածության, ամբոխի, հանդիպումների և հետաքրքրությունների մեջ: Այդ բոլորը բնավ հնարավորություն չի տալիս նրանց, որ նստեն իրենց անձի հետ: Գուցե լսում են իրենց անձի հետ նիստի անհրաժեշտության մասին, սակայն ժամանակ չունեն դրա համար: Բայց երանի՜ դուք ժամանակ գտնեք՝ հոգևոր առանձնության մեջ միայնակ լինելու համար ձեր անձի հետ:
Կստուգեք, կքննեք ձեր անձը և դրա բոլոր իրավիճակները: Դա կլինի հաշվետվության նիստ և գուցե հանդիմանության կամ պատժի նիստ: Դա կլինի ապագայի ծրագրման նիստ՝ մտածելով աղոթական մթնոլորտում, թե ինչպիսին պետք է լինեք հաջորդ տարվա մեջ, և հարցը ներկայացնեք Աստծուն, որպեսզի Նրանից ստանաք օգնություն և ուղեցույց: Նիստ, որտեղ մարդը քննարկում է իր բոլոր հարաբերությունները, լինի դա իր անձի, ուրիշների կամ թե Աստծու հետ ամենայն անկեղծությամբ և հստակությամբ:
Նա փորձում է դուրս գալ այդ ամենից նոր տարվա նոր ծրագրով: Գործի ծրագիր կամ գործնական ծրագիր և կյանքի շավիղ, ինչպես եղավ անառակ որդու հետ. ահա նա նստեց իր անձի հետ, քննեց իր վիճակը և դուրս ելավ վճռական որոշումով, թե ինչ պետք է անի: Այս ասում եմ, որովհետև շատ մարդիկ ապրում են հորձանուտում, չգիտեն, թե դրա միջով ինչպես գնան կամ ուր գնան: Երեկը նրանց հանձնում է այսօվան, և այսօրը հանձնում է վաղվան: Նրանք երեկվա, ասօրվա և վաղվա լաբիրինթոսում են և չգիտեն պատասխանը նրանց, ովքեր հարցնում են իրենց՝ մինչև ե՞րբ...
Մարդիկ, ովքեր ապրում են գիտակցության բացակայության, այսինքն՝ կոմայի մեջ իրենց հոգևորից և հավերժությունից: Նրանց երթուղին հստակ չէ իրենց դիմաց: Գուցե հետաքրքրվում են շատ և ճշգրիտ մանրամասնություններով, սակայն հաճախ շեղվում են իրենց առջև դրված նպատակից: Այդ թելերը՝ «զբաղվածության թելերը», որ նրանց քաշում են դեպի իրենց իրականությունը, ամուր են, կարծես շղթաներ լինեն, և նրանք չեն կարողանում ազատվել դրանցից: Ուստի նրանք կարիք ունեն իրենց անձի հետ հանդարտ նիստի, որպեսզի ամենայն անկեղծությամբ և հստակությամբ քննեն ամեն ինչ ու հասնեն ճիշտ լուծումի: Ես զարմանում եմ, որ կան մարդիկ, ովքեր արձակուրդ են վերցնում զանազան պատճառներով, ինչպես, օրինակ, այցելության, հանդիպման, ճամփորդության, հանգստյան կամ ինքնազվարճության համար, մինչդեռ երբևէ չեմ լսել, որ որևէ մեկը արձակուրդ է վերցրել, որպեսզի նստի իր անձի հետ, քննի և հաշվարկի, թե ամբողջ տարվա ընթացքում ինչ է արել, որ հաճելի էր Աստծուն, և ինչ, որ բարկացրել է Նրան:
Տարվա սկիզբը շատ կարևոր առիթ է ինքնահաշվետվության համար։ Շատ հոգևոր մարդիկ հաշվետվության են նստում իրենց անձի հետ որոշ դեպքերում, օրինակ, խոստովանությունից և հաղորդությունից առաջ կամ ամեն օրվա վերջում, կամ եթե խղճի կողմից քննության կարիք ունի որոշ արարքներից հետո: Բայց մարդու նիստը տարեվերջին ընդհանուր հաշվետվություն կամ ընդհանուր հաշիվ է, որը վերաբերում է ամբողջ տարվա կյանքին:
Թերևս նա քննում է իր կյանքի հաճախակի և գերիշխող մեղքերը: Մեղքերը մշտական տարր են մարդու խոստովանություններում և շարունակական տկարություն իր կյանքում: Նա ուսումնասիրում է՝ որոնք են դրանց պատճառներն ու մղումները, ինչպես կարելի է ազատվել այդ պատճառներից, ինչպես ապրել առանց գայթակղության: Աստծու դերակատարումը նրա ազատագրման հարցում ամենամեծն է, բայց նրա կողմից էլ՝ որպես մարդու, անկասկած, կա աշխատանք, որ պետք է անի, որպեսզի Աստծու հետ հաղորդակցության մեջ լինի:
Թերևս մարդը քննի իր անձին բնորոշ հատկությունները։ Գիտակցի՝ այդ հատկություններից որը պետք է փոխվի կամ փոխարինվի մեկ այլով: Արդյո՞ք որոշ մեղքեր վերածվել են սովորությունների, բնավորության կամ մնայուն հատկությունների։ Օրինակ՝ այն մարդը, որին այդ հատկությունները չափազանց զգայուն են դարձրել իր արժանապատվության նկատմամբ, արագ զայրանում է նույնիսկ փոքր պատճառից, երբ զգում է, որ դա դիպչում է իր արժանապատվությանը: Դա մարդու համար դարձել է կա՛մ բնավորություն, կա՛մ ֆիքսված հատկություն, և նա կարիք ունի փոխելու այդ բնավորությունը, ազատվելու այդ զգայունությունից և դառնալու մեծահոգի, բարյացակամ ու հանդուրժող: Այստեղ նա քննում է ամբողջ հատկությունը և չի համարում, որ դա սոսկ իր բարկության դեպքերից ծնված պատահականություն է:
Երանի, քո նիստը անձիդ հետ լինի քեզ համար հոգևոր հայելի: Թող այդ նիստը քեզ տա քո անձի պատկերը, բնական պատկերը՝ առանց ինքնապաշտպանության, առանց ինքնարդարացման, առանց ինքնագովեստի, առանց ինքնաշփացման։ Դու կարող ես ազդվել, եթե որևէ մեկը բացահայտի քո իրականությունը, որի իմացությունը մարդկանց մոտ կարող է քեզ վիրավորել: Սակայն այդպես չես զգա, եթե ինքդ քեզ բացահայտես, իմանաս ու նորոգես անձդ, հայտնաբերես և բժշկես անձիդ հիվանդությունները: Ուստի քո նիստը անձիդ հետ նման է ռենտգենյան ճառագայթի, որ տալիս է ներսի իրական պատկերը և բացահայտում, թե ինչ կա մարմնի մեջ:
Թող անձիդ հետ նիստը լինի ազնիվ խղճի նիստ: Թող այդ նիստը լինի արդար դատավորի նիստ, որը դատում է արդարությամբ, անկեղծ, վճռական ու հաստատակամ։ Ո՛վ մարդ, անկեղծությամբ հաշվետո՛ւ եղիր մտքի ու սրտի մեղքերի, ցանկությունների ու զգացմունքների մեղքերի, լեզվի ու մարմնի մեղքերի, քո անձի և ուրիշների նկատմամբ քո մեղքերի համար: Հաշվետո՛ւ եղիր քո՝ Աստծու հետ ունեցած հարաբերության համար, ինչպես նաև հոգևոր միջոցների մեջ քո թերությունների համար: Հոգևոր ասպարեզում դու աճում ես հոգեպես, կամ կյանքդ կանգնած է: Ձեր կյանքում առանց բացահայտման ոչինչ մի՛ թողեք, որպեսզի թերությունները իմանաք և դրանց հանդեպ որոշակի դիրքորոշում ունենաք:
Նստի՛ր քո անձի հետ, որպեսզի գնահատես այն և վերաձևավորես նորից: Հո՛գ տար հոգուդ մասին, վերանայի՛ր քո ամբողջ կյանքը: Մի՛ ասա, թե այսպիսին է բնավորությունս, կամ այնպիսին՝ բնույթս։ Ո՛չ, ինչ որ քո մեջ փոփոխության կարիք ունի, պետք է փոխվի: Քո բնավորությունը հաստատուն բան չէ. Ինչպես որ այն ձեռք բերեցիր, այնպես էլ կարելի է դրա հակառակը ստանալ: Իսկ քո բնույթը Աստծու պատկերն ու նմանությունն է, և քո մեջ բոլոր սխալները պատահական բաներ են: Վերադարձի՛ր քո աստվածային պատկերին. դա է քո ճշմարիտ բնույթը: Քննի՛ր քո անձը և նորից վերակազմավորի՛ր այն այդ ճակատագրական նիստում: Փնտրի՛ր՝ ինչպես ձեռք բերել նոր հատկություններ, որ անհրաժեշտ են քեզ, ինչպես դրանք ձեռք բերել վարժություններով, որոնց համար բռնանում ես քո կամքի վրա և Աստծու հետ գոտեմարտում, որպեսզի քեզ օգնի:
Թող նոր տարին լինի նոր տարի ամեն ինչում: Զգո՛ւյշ եղիր ինքդ քեզ հետ նիստում, որում Աստծու հետ ես, որպեսզի երբ դուրս գաս դրանից, տեսնես, որ քո մեջ ուղղվել են բոլոր սխալներն ու հակասությունները, որ պետք է փոխվեին։ Դրանից դուրս գաս կյանքի նոր ուղի նոր բնավորությամբ, և դա զգան նրանք, ովքեր քեզ հետ շփվում են։
Փորձի՛ր ուղղել քո ողջ էներգիան ճիշտ ուղղությամբ: Օրինակ՝ քո մեջ կա բարկության էներգիա․ կարող ես այն ուղղել քո անձի դեմ, այսինքն՝ նրա սխալների, և կարող ես ուղղել մարդկանց դեմ: Զգո՛ւյշ եղիր, որ դրա ուղղվածությունը ճիշտ լինի, հեռու՝ սուբյեկտիվությունից, զուտ Աստծու համար և հոգևոր ձևով, որի մեջ չկան սխալներ: Քո մեջ կա նաև սիրո էներգիա. փորձի՛ր այն տանել ճիշտ ուղղությամբ, նախ՝ քեզ համար, ապա՝ բարիքի և մարդկանց՝ Աստծու սիրո և բարության սիրո շրջանակում: Եվ զգո՛ւյշ եղիր քո անձի հետ նիստում, որպեսզի այս էներգիան չշեղվի: Մի՛ թող, որ մի սերը մի ուրիշ սիրո հաշվին լինի։ Բոլոր շնորհները, որ Աստված պարգևել է քեզ, նույնպես թող լինեն ճիշտ ուղղվածությամբ՝ առ Աստված և բարություն։ Օրինակ՝ խելացիությունը Աստծու պարգևն է, մի՛ վերցրու այն՝ ուրիշների վնասելու, պարծենալու, հպարտանալու, վատ ցանկությունները իրականացնելու կամ պարզապես վեճերում ու քննարկումներում հաղթելու համար:
Թող նոր տարին հաղթական տարի լինի քո կյանքում։ Քո անձի հետ նիստում մտովի շրջի՛ր այն ոլորտներում, որոնց մեջ հոգեպես պարտվում ես և ասա ինքդ քեզ. «Պետք է ապրեմ հաղթանակի կյանքով, չեմ պարտվելու այսինչի և այնինչի մեջ, այլ Տերը ինձ առաջնորդում է Իր հաղթարշավում, և Նա տալիս է ինձ այն խոստումները, որ խոստացել է հաղթողներին» (Հայտ․ 2):
Թող դա լինի հոգևոր աճի, առաջընթացի և բարձունքների տարի։ Հետևաբար քո նիստում որոշի՛ր հեռու մնալ գայթակղություններից: Ամեն մարդ իր կյանքում ունի այն, ինչը գայթակղեցնում է իրեն: Քննի՛ր՝ որոնք են քո գայթակղությունները, և հեռացի՛ր դրանցից: «Եթե քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանի՛ր այն և դե՛ն գցիր քեզնից, որովհետև քեզ համար ավելի լավ է, որ անդամներիցդ մեկը կորչի, քան ամբողջ մարմինդ ընկնի գեհեն։ Եթե քո աջ ձեռքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն և դե՛ն գցիր քեզնից, որովհետև քեզ համար ավելի լավ է, որ անդամներիցդ մեկը կորչի, քան ամբողջ մարմինդ ընկնի գեհեն» (Մատթ․ 5։ 29-30). Տերը մինչև այս խստությամբ ուզում է, որ մենք հեռու մնանք գայթակղություններից: Այս հարցում վճռակա՛ն եղիր. ինչպես որ հեռանում ես գայթակղություներից, այնպես էլ զգո՛ւյշ եղիր, որ ուրիշի համար գայթակղություն չլինես, և հիշի՛ր Տիրոջ խոսքը. «Հիշի՛ր՝ որտեղի՛ց ընկար, և ապաշխարի՛ր․...» (Հայտ 2:5): Եվ դրանում երբեք փոխզիջումների մի՛ գնա, մի՛ ներիր և մի՛ փայփայիր անձդ: Իսկ եթե քո անկումից վեր ելնելու համար կարիք կա, որ հանդիմանես ու պատժես անձդ, որպեսզի չվերադառնա իր սխալներին, ապա խստապահա՛նջ եղիր քո ինքնահանդիմանության մեջ և վերցրո՛ւ դրանից Աստծու ամբողջական իրավունքը, որովհետև դու պետք է ավելի շատ սիրես Աստծուն, քան ինքդ քեզ, որովհետև ասաց. «Ով ջանա փրկել իր կյանքը առանց ինձ, կկորցնի այն, իսկ ով ինձ համար կորցնի իր կյանքը, նրան կփրկեմ» (Մատթ. 10:39), «Եթե մեկն ինձ մոտ գա և չնախընտրի ինձ իր հորից ու մորից, կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քույրերից, նույնիսկ իր անձից, չի կարող իմ աշակերտը լինել» (Ղուկ 14:26), և այսպիսով դու պահպանում ես անձդ հավերժական կյանքի համար:
Անձդ քննի՛ր և հանդիմանի՛ր, բայց զգո՛ւշ եղիր հուսահատությունից: Իմաստո՛ւն եղիր անձիդ ինքնահաշվետվության մեջ: Եվ երբ գտնես, որ անձիդ ինքնահաշվետվության ժամանակ մահացու մելամաղձությունը պիտի իշխի քեզ և առաջնորդի դեպի հուսահատություն, հիշի՛ր Աստծու ողորմություններն ու խոստումները և մեղավորներին սրբերի վերածելը: Այնուհետև քո սիրտը կլցվի հոգևոր ուրախությամբ. ինչպես ասել է առաքյալը. «Հույսո՛վ ուրախացեք...» (Հռոմ․ 12։12)։ Իսկ քո անձի հետ նիստում մի՛ կենտրոնացիր միայն ապաշխարության վրա, այլ հիշի՛ր նաև, որ մեզանից պահանջվում է սրբություն և կատարելություն, ինչպես որ գիրքն է մեզ ասել. «․...Դուք էլ ձեր ամբողջ կյանքով սո՛ւրբ եղեք. քանի որ գրված է. «Դուք սուրբ պիտի լինեք, որովհետև ես էլ սուրբ եմ» (Ա Պետրոս 1.15-16, Մատթ. 5:48): Ապաշխարությունը միայն առաջին քայլն է դեպի Աստված և դրանից հետո կան շատ այլ քայլեր՝ հասնելու համար կատարյալ կյանքի։ Մենք չպետք է կենտրոնանանք միայն ապաշխարության վրա, այլապես մեր ամբողջ պայքարը բացասականներից ազատվելու մեջ կլինի՝ առանց գործնականորեն անցնելու դրականներին:
Մեղքից հրաժարվելը մեկնարկային կետ է և սկսնակների գործ: Ուստի կանգ չենք առնում այս կետում, այլ դրանից անցնում ենք դեպի սրբություն։ Բայց եթե մենք դեռ չենք հասել սկսնակների գործին, ուրեմն Տիրոջ մարմնի անդամներ չենք, ինչպես Նա էր ուզում, որ լինենք: Եթե մենք դեռ ընկնում և բարձրանում ենք, և բարձրանալուց հետո նորից ենք ընկնում, մենք դեռ չենք հասել ապաշխարության: Ո՛չ, եղբայրնե՛րս, քայլերը այդպես չպետք է գնան։
Մենք չպետք է մեր կյանքը անցկացնենք ապաշխարության փուլում: Մեզ համար լավ չէ, որ մեր ողջ կյանքն անցնի մեղքի դեմ պատերազմելու և պայքարելով՝ ապաշխարության հասնելու համար: Մենք այդ ճանապարհին պետք է շտապենք՝ հասնելու Աստծուն, վայելելու հրեշտակների և սրբերի ընկերակցությունը, աճելու սրբության աստիճաններում և կատարելության ճանապարհին: Թող այս տարին օրհնված լինի ձեզ համար. Տերը ամբողջ տարվա ընթացքում թող ձեզ շնորհ տա՝ Իրեն հասնելու համար:
Շենուդա Գ Պատրիարք
Արաբերենից թարգմանեց Գևորգ սրկ․ Նալբանդյանը