Գրքեր

Ինտելեկտուալ խաղ եկեղեցու համայնքի ավագ և երիտասարդ անդամների միջև

Փետրվարի 10-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում կայացավ ինտելեկտուալ խաղ՝ համայնքի տիկնանց և «Զորավոր» երիտասարդաց միությունների անդամների միջև: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ ներկաները «Տերունական աղոթք»-ով սկսեցին միջոցառումը: Այնուհետև բացման խոսքով հանդես եկավ «Զորավոր» երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանը, ով շնորհակալություն հայտնեց ինտելեկտուալ խաղի կազմակերպիչներին՝ տիկնանց և երիտասարդաց միության անդամներին և նշեց խաղի նպատակի՝ նորկտակարանյան գիտելիքների վերհիշման կարևորության մասին:

Համայնքի ավագ անդամներից կազմված թիմը կրում էր «Կանթեղ» անվանումը, իսկ երիտասարդների թիմը՝ «Զորավոր»: Հարյուր հարցերից կազմված ինտելեկտուալ խաղն ընդգրկում էր Քրիստոսի ծնունդից մինչև համբարձում և առաքելական գործունեության ժամանակաշրջանը: Որոշ հարցերի պատասխաններ մասնակիցները պետք է գտնեին առաջարկված ճիշտ և սխալ տարբերակներից: Ընտանեկան ջերմ մթնոլորտում կայացավ ընտանեկան խաղը և մի քանի միավորների առավելությամբ հաղթանակեց «Զորավոր» թիմը:

«Կանթեղ» թիմի մասնակից Տաթևի համար խրախուսելի էր մրցույթը, քանի որ այն՝ երիտասարդների հոգևոր գիտելիքների իմացությամբ ուրախություն ապրելու առիթ ընձեռեց՝ այն կարևոր գիտակցությունն ամրագրելով, որ իրենցից յուրաքանչյուրը իսկապես կարող ուժ է եկեղեցում՝ սիրված բոլորի կողմից: «Զորավոր»-ի թիմից Հրաչյան տպավորված էր  խաղից: Նա նշեց, որ շատ անգամներ է մասնակցել ինտելեկտուալ խաղերի, բայց այս խաղը յուրօրինակ էր նրանով, որ մասնակցում էին համայնքի երիտասարդ ու ավագ անդամները և այն մրցույթ չէր, այլ գիտելիքների փոխանակում, ստուգում և բացահայտում:

«Ողջունելի է նման հոգևոր ինտելեկտուալ խաղի անցկացումը եկեղեցում՝ համայնքի ավագ և երիտասարդ անդամների մասնակցությամբ: Մրցույթը մասնակիցների համար հնարավորություն էր՝ ստուգելու իրենց նորկտակարանյան գիտելիքների իմացության չափանիշը, իսկ հանդիսատեսին՝ թարմացնելու աստվածաշնչյան իր գիտելիքները: Ուրախալի է տեսնել, թե որքանով են մեր երիտասարդներն իրենց գիտելիքներով մոտեցել սուրբգրային ճշմարտություններին»,- ասաց եկեղեցու ծխական խորհրդի անդամ Սուսաննա Աբրահամյանը:

Հետաքրքրականը ինտելեկտուալ խաղից հետո հանդիսատեսի այն կարծիքն էր, որ իրենցից յուրաքանչյուրն էլ կարծես խաղի անմիջական մասնակիցը լիներ: Նրանցից Կարինեին ինտելեկտուալ խաղը տեղափոխել էր սրբազան երկիր՝ Երուսաղեմ, ուր նա փորձում էր հարցերի պատասխանները գտնել՝ վերհիշելով իր այցելած սրբավայրերը: Թիմերի անուններն էլ կարծես մի կարևոր հիշեցում լիներ ներկաների՝ համայնքի անդամների և հյուրերի համար, որ զորավոր է համայնքն իր կրտսեր, երիտասարդ և ավագ անդամների միությամբ և որ համայնքը՝ որպես կանթեղից լուսարձակող լույս, լուսավորում է իր շուրջը՝ հավատքի և սիրո ծառայության շնորհիվ:

Հնարավոր չէ աստվածճանաչողության ճանապարհն անցնել՝ առանց Սուրբ Գրքի իմացության: Այդ ճանապարհին է քրիստոնյան «միանում Տիրոջը և Նրա հետ մեկ հոգի դառնում» (Ա Կորնթ. 6:17): Ականավոր հումանիստներից Էրազմ Ռոտերդամցին (1467-1536) Սուրբ Գրքի և մասնավորապես Նոր Կտակարանի նշանակության մասին գրել է. «Աստվածաշունչը պիտանի է անխտիր բոլորին. այն մատչելի է փոքրերին և հասու՝ նրանց հասկացողությանը, սնում է նրանց մայրական կաթով, ջերմացնում ու սատարում նրանց ուժերը և ամեն ինչ անում մինչև Քրիստոսի հասակին հասնելը: Բայց եթե մատչելի է փոքրերին, մյուս կողմից էլ՝ մեծերի զարմանքի առարկան է. փոքրերի համար փոքր է, մեծերի համար՝ անչափ մեծ: Գիրքը չի մերժում ոչ մի տարիք, ոչ մի սեռ, ոչ մի հասարակական դիրք և խավ: Արեգակն այնքան ընդհանուր և բաց չէ բոլորի համար, որքան Քրիստոսի վարդապետությունը: Այն ամենևին ոչ մեկին չի վանում իրենից՝ բացառությամբ նրանց, ովքեր իրենք են հեռանում և հրաժարվում այս երջանկությունից»:

 

Կարինե Սուգիկյան

10.02.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․