24 Դեկտեմբեր, Գշ
Ազատ է այն մարդը, ով ազատ է ինքն իրենից…
Ազատության խնդիրը մարդկանց հուզել է հասարակության պատմության դեռ վաղ ժամանակներից: Մարդիկ միշտ փորձել են հասկանալ, թե ինչ է ազատությունը: Ամենաընդհանուր բնորոշմամբ կարելի է ասել, որ մարդն ազատ է, երբ ինքն է կառավարում իրեն: Դարեր շարունակ ազատությունն ընկալվում է որպես պայքար ազատ լինելու համար, որպես ազատություն՝ այս կամ այն իշխանությունից, մարդուց: Իհարկե, արտաքին շղթաները փշրելով՝ մարդը միանգամից ազատ չի դառնում. ազատ լինելը ունակություն է, որը յուրաքանչյուր անհատ պետք է իր մեջ զարգացնի:
Յուրաքանչյուր մարդ, իր կյանքի ողջ ընթացքում, ձգտում է հասնել ազատության և շատ դեպքերում չգնահատելով իրեն տրված ազատությունը՝ ուզում է դարձնել այն անսահման:
Ի՞նչ է ազատությունը մարդու համար. հնարավորություն անել «անհնարը»: Շատ հաճախ չհասկանալով և միևնույն ժամանակ չարժևորելով ազատության գինը, մենք պարզապես կորցնում ենք այն: Ազատության ձգտման ցանկություններն ու նպատակները տարբեր են: Շատ հաճախ ազատություն ձեռք բերելով, կամ էլ այն ի սկզբանե ունենալով, մենք փորձում ենք «սահմանափակել» ուրիշի ազատությունը: Աստված պատվի է արժանացրել մեզ՝ շնորհելով կամքի ազատություն, այսինքն՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու ազատություն։ Աստված մեզ տվել է ազատ կամք՝ անելու այն, ինչ ցանկանում ենք: Ընդհանուր առմամաբ մենք ենք որոշում մեր ներկան, ապագան: Ազատ կամք տալով, Աստված մեզ միևնույն ժամանակ հորդորում է կյանքն ընտրել՝ լսելով Աստծու ձայնը, որ ասում է. «Այսօր երկինքն ու երկիրը վկա եմ կանչում ձեզ վրա, որ կյանքը և մահը, օրհնությունը և անեծքը ձեր առաջ դրի. ուրեմն կյանքը ընտրիր, որ ապրես՝ դու և քո սերունդը. Որ քո Տեր Աստծուն սիրես՝ նրա ձայնին լսել…» (Բ Օրինաց 30:19-20):
Աստված մարդկանց ստեղծել է իր պատկերով. «Եվ Աստված ասեց. Մեր պատկերով և մեր նմանությամբ մարդ ստեղծենք…» (Ծնն. 1:26): Մենք նաև նման ենք Աստծուն՝ սեր և արդարություն դրսևորելու ունակությամբ, ինչպես նաև կամքի ազատությամբ:
Այն, թե ինչպես ենք մենք ծառայեցնում մեր ազատությունը և թե որքանով ենք մենք արժևորում այն, ինքներս պետք է խորհենք: Ոչինչ կյանքում մարդուն հենց այնպես չի տրվում, նույնիսկ դժվարություններն ու փորձությունները, որոնք շատ հաճախ մեր տրտունջի պատճառն են դառնում: Սակայն դրանք ևս իրենց անելիքն ունեն մեր կյանքում: Շատ հաճախ մենք ցանկանում ենք, որ Աստված փոխի այս կամ այն իրավիճակը, բայց Աստված ուզում է մեզ փոխել այդ իրավիճակում:
Կամքի ազատությունը թանկ նվեր է Աստծու կողմից, ինչը հնարավորություն է տալիս մեզ մեր հոժար կամքով և «ամբողջ սրտով» սիրել նրան (Մատթ. 22:37):
Ազատությունը ձեռք է բերվում «պայքարի» միջոցով…
Աննա Մուրադյան