21 Դեկտեմբեր, Շբ
Խոնարհ անձնավորությունը հիշաչար չէ: Նա որևէ մեկին չարություն չի ցանկանում, նույնիսկ նրանց, ովքեր իրեն վատություն, չարություն են պատճառել: Խոնարհ մարդը բարեհամբույր է, խելամիտ ու հեռատես բոլոր քայլերում: Եթե մարդն իսկապես խոնարհ է, նա ձգտում է փոխվել և ավելի մոտենալ Աստծուն: Խոնարհը գոհ է ամեն ինչում, և երջանիկ է այն ամենով, ինչ Աստված իրեն ուղարկում է: Նա ցավում է բոլոր նրանց համար, ովքեր չեն տեսնում իրենց իրական մեղավոր հոգեվիճակը և չեն ձգտում փոխվել: Եվ Տիրոջ խաղաղությունը և ներդաշնակությունն է տիրում այնտեղ, որտեղ անկեղծ հավատքն ու վստահությունն է առ Աստված:
Խոնարհ մարդը սիրով և արդարությամբ է վերաբերվում մյուսներին և խիստ է իր նկատմամբ: Յուրաքանչյուր բարի գործ կատարում է հանուն Աստծո և Նրա սիրո, այլ ոչ թե հանուն փառքի: Խոնարհ մարդը գիտի, որ ինքնամեծարումը մեղք է, հպարտություն: Իսկ ով ավելին գիտի, կամ ում ավելին է տրված, նա Աստծո առջև ավելի մեծ պատասխանատվություն է կրում: Սրբակյաց հայր Թադեոս վրդ. Վիտովնիցկին ասում է` պետք է օգնել մարդուն ճանաչել իր հավատքը: Մենք պետք է օգնենք յուրաքանչյուրին, ով ճշմարտությունն է փնտրում, ով Աստծուն է փնտրում և այդ փնտրտուքների մեջ է: Ամենից մտերիմը դառնում է մեզ համար այն մարդը, ով մեզանում օգնություն է փնտրում: Մեր հավատքը պետք է ամուր պահենք: Աստված թույլ է տալիս, որ փորձություն մեջ հայտնվենք այն դեպքում, երբ այն մեր ուժերի սահմաններում է, և նրա համար, որպեսզի շտկվենք: Պետք է խուսափել ամեն անհանգստությունից, թշնամությունից, որովհետև Քրիստոս երբեք թշնամաբար չէր վերաբերվում մյուսներին: Մենք պետք է նմանվենք Նրան և՛ մեր գործերով, և՛ վարքագծով, որպեսզի Նա մեզ ճանաչի, երբ Իր առջև կանգնենք: Խոնարհ մարդը դառնում է օրինակ մյուսների համար: Կյանքի օրինակը ճշմարտության լավագույն ապացույցն է: Անհրաժեշտ է սրտով լինել հեզ և խոնարհ, այդժամ անձն իր հոգում խաղաղություն կունենա: Բոլոր անհաջողությունները մեզ պատահում են, որովհետև չենք ցանկանում խոնարհություն սովորել: Խոնարհությունը մեծագույն գանձերից է, որը մարդը կարող է ունենալ: Մյուս լավագույն գանձերից են խաղաղությունն ու խնդությունը: Այս երկրի վրա կարող ենք շատ արժեքներ ձեռք բերել, սակայն, եթե չունենք մեր հոգում սեր, խաղաղություն և խնդություն, ապա որևէ բան մեզ օգուտ չի բերի: Իսկ սերը, խաղաղությունը և խնդությունը գալիս են Աստծուց: Երբ առաքյալները վախով, տագնապով փակել էին դռները հրեաների առջև, Աստված հայտնվեց նրանց և ասաց՝ խաղաղություն ձեզ (Հովհ.14.27): Աստված իր խաղաղությունն է մեզ պարգևել: Եթե փոխվենք մեր մտքերում և ուղղվենք դեպի բացարձակ բարին, այսինքն՝ դեպի առ Աստված, կզգանք, թե ինչ է հարատև երջանկությունը: Երկնավոր Հայրը կամենում է, որպեսզի մենք նմանվենք Իրեն: Խոնարհությունը աստվածային հատկություն է: Խոնարհությունը որտեղ էլ լինի, թե՛ ընտանիքում, թե՛ ընկերական միջավայրում, որտեղ էլ լինի, նրանից բխում է աստվածային սեր, խաղաղություն, ուրախություն, խնդություն: Այստեղ՝ երկրի վրա, մեզ պատահում են բազմաթիվ անհաջողություններ և դժբախտություններ, որովհետև մենք դեռևս չենք խոնարհվել: Երբ մարդու հոգին խոնարհվի և ընդունի Աստծու կամքը, այդժամ մեր տառապանքները, տանջանքները կդադարեն, որովհետև այդ պահին իրապես կճանաչենք ինքներս մեզ, կյանքի իմաստը ու Աստծուն մոտենալու անհրաժեշտությունը: Կսկսենք մտածել, գործել այլ հասկացություններով: Կդադարենք մտածել այս աշխարհի օրենքներով, որոնք նյութական են: Կմտածենք այլ կերպ, քանի որ մեր շուրջը լուսավոր է, փայլատակում է, բարի է, նույնիսկ գորշ ու մռայլ եղանակի մեջ կարող ենք տեսնել բնության գեղեցկությունն ու գույների երանգները, որոնք մարդու հոգին լցնում են խանդաղատանքով ու խնդությամբ: Մենք կտեսնենք, որ Աստծու սերն ամենուր է և այդ աստվածային սերն անսահման է: Մենք և ամբողջ ստեղծագործությունն Աստծու ստեղծածն ենք: Ինչ արարվել է, պատկանում է Նրան: Նա այդ ամենն արարել է, որպեսզի մասնակից լինենք Նրա աստվածային սիրուն, աստվածային խաղաղությանը և խնդությանը: Անկյալ ոգիները, որոնք այս երկրի վրա ամենուր թափառում են, մեղավոր մտքերի սարդոստայններ են հյուսել: Երբ սբ. Անտոն Մեծը տեսավ չար ոգիների ցանցերը, որոնք դրանք թողնում են և դարանակալում, հոգոց հանեց և բացականչեց, թե ո՞վ կարող է փրկվել այս ցանցերից: Իբրև պատասխան լսեց՝ թե միայն խոնարհներն ու հեզերը: Դրանք նրանց նույնիսկ չեն դիպչի: Երբ մարդու հոգին խոնարհվի, հնազանդվի Աստծո կամքին, այդժամ չար ոգիները իշխանություն չեն ունենա նրա վրա, քանի որ խոնարհ մարդը Սուրբ Հոգու հովանու ներքո կգտնվի: Խոնարհություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ սիրտը չի հանդարտվել և սկսել անկրքորեն ընդունել արտաքին տպավորություններն ու ազդեցությունները: Այդ վիճակին հեշտ չէ հասնել և այն չի նշանակում անտարբերություն և սառնասրտություն ուրիշների ցավի նկատմամբ, այլ մարդը դառնում է հանդարտ ու ներդաշնակ, զսպված իր անձնական ցանկությունների նկատմամբ, որոնք կարող են իրեն փորձության մատնել: Խոնարհ մարդը խռովկան չէ, նա չի խռովվում, նեղանում, այլ սիրով ու լույսով է մոտենում: Հոգսերը մեր ամենօրյա դժբախտություններ են, որոնք փակում են խաղաղության ճանապարհը: Դրանք հոգսաշատ մարդուն խանգարում են տեսնել Աստծո լույսն ու երկնային, անպատմելի ուրախությունը: Մեր հոգսերը տալ Աստծուն, նշանակում է ինքդ քեզ հանձնել Աստծու կամքին: Ազատվելով հոգսերից և տագնապներից, մենք ազատում ենք մեր սրտի ճանապարհը, որտեղ հանգրվանում է Աստծո Հոգին: Սբ. Անտոն Մեծը նշում է, թե իսկապես խելացի մարդը մի հոգս ունի միայն` ամբողջ հոգով հնազանդվել և գոհություն պատճառել ամենքի Աստծուն: Դրան և միայն դրան է վարժեցնում նա իր հոգին, թե ինչպես հաճո լինի Աստծուն` Նրանից շնորհակալ լինելով Նրա բարերար տնօրինության համար, կյանքում պատահող ամեն մի դիպվածի մեջ: Որովհետև պատշաճ չէ բժշկին շնորհակալ չլինել մարմնի բժշկության համար, թեև մեզ դառը և տհաճ դեղեր է տալիս, առավել ևս` Աստծուն պիտի շնորհակալ լինենք: Այդպիսի գիտակցության և առ Աստված այսպիսի հավատքի մեջ է հոգու հանգիստն ու փրկությունը: Մենք գլուխ ենք կոտրում, որ ամեն ինչ լինի այնպես, ինչպես ինքներս ենք ուզում, սակայն հանուն քո բարօրության պետք է խոնարհություն ունենալ: Եթե անձը խոնարհություն ունենա, ապա դա հոգեկան և մարմնական փրկություն է, որովհետև նրա նյարդային համակարգը ազատվում է լարվածությունից, և ամեն ինչ դրական ընթացք է ստանում, հեռանում են անհաջողությունները: Այս դեպքում արտաքին հանգամանքները չեն որոշում, թե մարդու ներաշխարհն ինչպիսին պիտի լինի, այլ անձի ներսում Աստծո թագավորությունն է տիրում, ինչ իրավիճակում էլ նա հայտնվում է: Երբ մարդը ձգտում է շատ ավելին ստանալ, քան անհրաժեշտ է, ինքն իրեն տանջում է, հայտնվում անորոշության մեջ և չի կարողանում հասնել հոգու խաղաղության, մյուս կողմից էլ չի հասկանում, որ ոչինչ չի կարող անել առանց Աստծո կամքի թույլտվության: Հոգևոր խոնարհություն և սեր ունեցող անձի վերաբերմունքը մարդկանց, կենդանիների, բույսերի հանդեպ լուսավոր և խնդությամբ, բարությամբ է լեցուն: Կարող ենք նկատել, որ նույնիսկ բույսերը մեզանից սպասում են բարի մոտեցում: Բայց այդ մակարդակին հասնելու համար անհրաժեշտ է աշխատել, ջանք գործադրել, չպետք է ծուլանալ, և ծուլությամբ ինքդ քեզ տանջել: Պետք է ուշադիր լինել խղճի հանդեպ, որպեսզի այն մաքուր լինի, որպեսզի չվիրավորես որևէ մեկին և չվնասես ոչինչ քո շրջապատում և ինքդ քեզ: Խոնարհ անձն ինքնատիրապետում ունի: Սբ. Իսահակ Ասորին ընդգծում է, որ խոնարհի մեջ երբեք շտապողականություն չի լինում, նա չի ընկնում իրարանցման, խռովքի մեջ, չի մտածում տաք-տաք և թերահավատորեն: Ինչպես ոչ ոք չի կարող վախեցնել լեռանը, այդպես էլ աներկյուղ է նրա միտքը: Հայր Թադեոս վրդ. Վիտովնիցկին նշում է, որ խոնարհ և հեզ մարդուն դժոխք էլ իջեցնես, այդտեղ էլ նրա համար լավ կլինի: Աստծո առջև խոնարհ մարդու հոգու վրա դժոխքն իշխանություն չունի: Երբ մենք խոնարհություն ենք ձեռք բերում, այն փոխանցում ենք նաև մեր շրջապատին: Մաքուր սիրտն Աստծուն տեսնում է, իսկ անմաքուրը միշտ ամաչում է: Մեր սրտերը հաղորդակից դարձնենք Աստծուն և աղոթենք, որ Նա մեզ սովորեցնի լինել բարի և խոնարհ, ինչպես հրեշտակները և սրբերը, քանի որ Հովհաննես Սանդուղքն ասում է` եթե զղջումը ոտքի է կանգնեցնում ընկածին, արտասուքը բախում է Երկնքի դարպասները, ապա խոնարհությունը դրանք բացում է:
Պատրաստեց Հովհաննես սրկ. Մանուկյանը