Գրքեր

Խորհրդածություն Մատթեոսի Ավետարանի 6-րդ գլխի վերաբերյալ

«Զգո՛ւյշ եղեք, որ ձեր ողորմությունը մարդկանց առջև չանեք, որպես թե այն լիներ ի ցույց նրանց, այլապես վարձ չեք ընդունի ձեր Հորից, որ երկնքում է: Այլ երբ ողորմություն անես, փող մի՛ հնչեցրու քո առջև, ինչպես անում են կեղծավորները ժողովարաններում և հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանցից:

 Ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես:

Եվ երբ աղոթես, չլինե՛ս կեղծավորների նման, որոնք սիրում են ժողովարաններում և հրապարակների անկյուններում աղոթքի կանգնել, որպեսզի մարդկանց երևան. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը: Այլ դու երբ աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր քո դռները և ծածո՛ւկ աղոթիր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես:

Աղոթք անելիս շատախոս մի՛ լինեք ինչպես հեթանոսները, որովհետև նրանք կարծում են, թե իրենց շատ խոսքերի պատճառով լսելի կլինեն: Արդ, նրանց չնմանվե՛ք, որովհետև ձեր Հայրը գիտե, թե ինչ է ձեզ պետք, նախքան որ դուք Նրանից մի բան ուզեք:

Եվ արդ, դուք այսպե՛ս աղոթեցեք. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, սո՛ւրբ թող լինի Քո անունը, Քո թագավորությո՛ւնը թող գա, Քո կա՛մքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է։ Մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ այսօր, և ների՛ր մեզ մեր հանցանքները, ինչպես որ մենք ենք ներում նրանց, որ հանցանք են գործում մեր դեմ, և մի՛ տար մեզ փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից, որովհետև Քո՛նն է թագավորությունը և զորությունը և փառքը հավիտյանս. ամեն:

Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների: Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր հանցանքները:

Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը և լվա՛ քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ:

Գանձեր մի՛ դիզեք ձեզ համար երկրի վրա, ուր ցեցն և ժանգը ոչնչացնում են, և ուր գողերը պատերն են ծակում ու գողանում, այլ գանձեր դիզեցե՛ք ձեզ համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց և ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, և ո՛չ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում, քանի որ, ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն:

Մարմնի ճրագը աչքն է. եթե քո աչքը պարզ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի: Իսկ եթե քո աչքը պղտոր է, քո ամբողջ մարմինը խավար կլինի: Եվ արդ, եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա խավարը՝ որչա՜փ ևս ավելի: Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի. չեք կարող ծառայել Աստծուն և մամոնային:

Դրա համար ասում եմ ձեզ. ձեր կյանքի համար հոգ մի՛ արեք, թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛նչ պիտի խմեք, և ոչ էլ ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք, չէ՞ որ կյանքը ավելին է, քան կերակուրը, և մարմինը՝ քան զգեստը: Նայեցե՛ք երկնքի թռչուններին. ո՛չ վարում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ շտեմարանների մեջ հավաքում, և ձեր երկնավոր Հայրը կերակրում է նրանց. չէ՞ որ դուք ավելին եք, քան նրանք:

Եվ արդ, ձեզնից ո՞վ կարող է հոգս անելով՝ իր հասակի վրա մեկ կանգուն ավելացնել: Եվ հագուստի համար ինչո՞ւ եք հոգս անում. նայեցե՛ք վայրի շուշանին, ինչպե՜ս է աճում. ո՛չ ջանք է թափում և ո՛չ հյուսում: Ասում եմ ձեզ, որ Սողոմոնն իսկ, իր ամբողջ փառքի մեջ, չհագնվեց նրանցից մեկի նման: Իսկ եթե դաշտի միջի խոտին, որ այսօր կա և վաղը հնոց կնետվի, այդպե՛ս է հագցնում Աստված, որքա՜ն ևս առավել՝ ձե՛զ, թերահավատնե՛ր:

Այսուհետև հոգ մի՛ արեք ու մի՛ ասեք՝ ի՛նչ պիտի ուտենք կամ ի՛նչ պիտի խմենք կամ ի՛նչ պիտի հագնենք, որովհետև հեթանոսներն են այդ բոլորը որոնում․․․․ քանի որ ձեր երկնավոր Հայրը գիտե, թե այդ բոլորը ձեզ պետք է: Նախ խնդրեցե՛ք Աստծու արքայությունը և Նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա: Այսուհետև հոգ մի՛ արեք վաղվա մասին, որովհետև վաղվա օրը իր մասին կհոգա. օրվա հոգսը բավ է օրվա համար»:

 «Զգույշ եղեք ձեր ողորմության հարցում․․․․»։ Հիսուս Մովսեսի օրենքի թերի մնացած դասերն Իր ավետարանի վսեմագույն պատվիրաններով է լրացնում։ Այս վեցերորդ գլխում Քրիստոս զգուշության նոր դասեր է սկսում ավանդել մեզ, որոնց միջոցով Նա դաստիարակում է Իր նորընծա աշակերտներին և միաժամանակ բոլոր հավատացյալներին, որպեսզի վերջիններս չնմանվեն դպիրներին ու փարիսեցիներին, որոնց բոլոր գործերն արտաքին կեղծավորությամբ էին թաթախված․ ողորմությունը, պահքը և աղոթքը նրանց համար միայն խաբեության միջոց էին։

Այդ դպիրներն ու փարիսեցիները, Երուսաղեմի հրապարակում բազմամբոխ ժողովրդի առջև փող հնչեցնելով, իրենց շուրջն էին հրավիրում աղքատներին և ի տես ամենքի ողորմության ընծաներ էին բաժանում նրանց։

Ո՞րն էր նրանց մտքի գաղտնի նպատակը․ նրանց ցանկությունն այլ բան չէր, եթե ոչ միայն մարդկանց տեսանելի ձևով ողորմություն անելը և գովասանքի արժանանալու միջոցով իրենց անձերի փառավորումը։ Այդ մոլորամիտ կեղծավորները երկնավոր Հորից վարձատրություն չէին ակնկալում, նրանք բավական էին համարում միայն մարդկա՛նց գովասանքին ու փառքին արժանանալը։

«Դուք,- ասում է Հիսուս,- հեռո՛ւ մնացեք փարիսեցիների կեղծավոր կերպարանքին նմանվելուց, և այնչափ զգուշությամբ ու ծածկաբա՛ր ձեր ողորմությունը տվեք կարիքավորին, որ մինչև իսկ ձեր աջ ձեռքի ողորմություն տալու ժամանակ ձեր ձախ ձեռքը չիմանա այդ մասին»։

Վստա՛հ եղեք, կասկած մի՛ ունեցեք, որ Աստված հավատարիմ է, և երբ տեսնում է, որ դուք ձեր նվերը ծածկաբար եք տալիս, հայտնապես, ի տես ամենքի է վճարում ձեր վարձատրությունը, ուստի հարկ չկա, որ դուք «մարդիկ կանգնեցնեք» որպես ձեր առաքինության վկաներ։

«Եվ երբ աղոթքի կանգնեք․․․․»։ Հիսուս պատշաճաբար աղոթելու ուսուցումը ևս ամենայն զգուշությամբ ավանդում է մեզ, որպեսզի մենք կեղծավորների նման հրապարակների անկյուններում շշնջալից ձայնով չաղոթենք՝ մարդկանց առաջ որպես ջերմեռանդ աստվածապաշտներ երևալով։ Այդպես վարվելով՝ կեղծավորները դարձյալ նույն փառքն ու գովասանքն էին ցանկանում «որսալ» մարդկանցից, ցանկանում էին հավաստիացնել, որ իրենք հասարակ մարդկանցից տարբեր, ավելի արդար, ավելի կրոնապաշտ ու պատվիրանապահ, երկյուղած մարդիկ էին։

Նրանք, այո՛, այդպիսին էին արտաքնապես, սակայն նրանց սիրտն ու երիկամները բոլորովին զուրկ էին սուրբ հավատքի զգացումից։ Խաբեության դասերը վարժ սերտած լինելով՝ նրանք քաջ տիրապետում էին արտաքնապես բարեպաշտ ձևանալու հմտությանը։

Հիսուս Վարդապետն Իր նորավարժ աշակերտներին դուրս է բերում փարիսեցիների կեղծավորության դպրոցից և մտցնում է Ավետարանի պարզության դպրոցը, որի դասն այս է․ «Չաղոթե՛լ փողոցի անկյուններում՝ մարդկանց լսելի ձևով, այլ մտնե՛լ սեփական սենյակը կամ, որ էլ առավել լավ է, սրտի խորքե՛րը ներթափանցել ու այդպե՛ս աղոթել երկնավոր Հորը»։ Չէ՞ որ սրտի անձայն մրմունջն ու հառաչանքն ավելի շուտ են հասնում երկինք՝ Հոր ունկերին, քան թե՝ շրթունքների բարձր աղաղակները։

Դանիելը Բաբելոնում աղոթում էր՝ դեմքը դեպի Երուսաղեմի տաճարի կողմ դարձրած, և տաճարի Տերը լսում էր նրան։ Երեք մանուկների օրհնաբանության ձայնը հնոցի շառաչող բոցի միջից մինչև երկինք էր հասնում, Հովնանի ձայնը ծովի խոր անդնդից՝ կետ ձկան փորից, ալիքները պատռելով, ելնում էր դեպի վեր։ Սրտի ձայնն արագընթաց է և մշտապես հաճելի է Աստծու համար․․․

«Շատախոս մի՛ եղեք․․․․»։ Հիսուս ոչ միայն հրաժարեցնում է փարիսեցիական աղոթքի ձևից, այլև մի նոր դաս էլ է ավանդում՝ պատվիրելով, որ աղոթելիս շատախոս չլինենք, ինչպիսին հեթանոսներն էին։ Ո՜վ Ավետարանին հետևորդ-աշակերտ, այս պատվիրանը հենց ուղիղ իմաստով էլ հասկացի՛ր, բնավ մի՛ կարծիր, որ Տերը մերժում է երկարատև աղոթքը կամ անձանձրույթ խնդրվածքը․ ո՛չ, երբե՛ք, այլապես Հիսուս Ինքն Իր վարդապետության դեմ պիտի գործած լիներ, քանի որ Նա ևս, շատ անգամ առանձնանալով Ձիթենյաց լեռան վրա, ողջ գիշեր աղոթում էր և նույնը պատվիրում էր անել նաև Իր աշակերտներին՝ ամեն ժամ աղոթել ու չձանձրանալ։

Հետևաբար հեթանոսների շատախոսությունը երկարաժամ աղոթքի ձևով չէ, որ արտահայտվում էր, այլ նրանով, որ հեթանոսները բազմապիսի անպատշաճ խնդրանքներ էին ներկայացնում իրենց աղոթքների միջոցով ու հայցում էին այն, ինչը որ աշխարհի ունայն փառքին էր վերաբերում, զորօրինակ՝ թագավորություն, իշխանություն, ճոխություն, հարստություն, բարեբախտություն։ Մի խոսքով ասած՝ այս աշխարհին վայել մարմնական և զանազան այլ ունայնասեր վայելչություններ, որոնց փափագում էր հեթանոսական մարմնապաշտությունը։

«Հա՛յր մեր, որ երկնքում ես․․․․»։ Երբ Ավետարանի սուրբ իմաստությունն այս աշխարհի խավարի մեջ եղող որդիներին լուսավորում է, բացում է նրանց առաջ հանդերձյալ աշխարհի դուռը՝ սովորեցնելով, թե «դուք, մարդկա՛նց որդիներ, այսուհետև երկնավոր Հոր ընտանիքի զավակներն եք, և ձեր մեծախնամ, գորովալից Հայրը գիտե, թե ձեզ ինչ է պետք։ Նա այս աշխարհի մահկանացու հայրերի նման տխմար և ապիկար չէ․․․․»։ Ահա՛ և ձեր աղոթքի նոր, համառոտ ուսուցումը․ ամենայն ուշադրությա՛մբ ուսանեք այն․ «Հա՛յր մեր, որ երկնքում ես․․․․»։

Դրախտի հարազատ տնից տարագրված որդիները, բազմաստված հեթանոսության քառուղիներում մոլորվելով, մոռացան ճշմարիտ Հայր Աստծու ամենակալ անունը, Նրա՛, Ով երկնքի բարձրության մեջ է բնակվում։ Հիսուս՝ Աստծու Միածին Որդին, մեզ հայտնեց Հոր անունը և պատվիրեց, որ այսուհետև Նրա սուրբ անվամբ աղոթենք, որպեսզի այդ անունը դրոշմվի Աստծու հավատացյալ զավակների վրա։

 Թո՛ղ եղծվեն ու կորսվեն այս աշխարհի խավարային իշխանի անվանադրած Արամազդի, Անահիտի և Բահաղի պիղծ անունները։ Թո՛ղ որ երկնքի մշտնջենավոր, ազատ թագավորությունը գա ու տիրապետի մեզ վրա։ Աստծու ոտքերի պատվանդանի տակ թո՛ղ որ փշրվեն Նաբուգոդոնոսորի բարձրաբերձ արձանն ու հին աշխարհի բռնակալությունների գահերը։

Բարձրյալի իշխանության վեմը «լցրեց» ողջ տիեզերքն ու Իր տակ ճմլեց վեր բարձրացած ամեն մի հպարտություն։ Երբ Աստված արդարությամբ տիրեց աշխարհին, այլևս աշխարհում տիրապետող որևէ այլ կամք չմնաց․․․

Ավետարանի որդիներն իսկույն մոռացան աշխարհը և այդ աշխարհի բազմանուն հայրերին։ Նրանք իսկույն, շատ վարժ արտասանեցին Հիսուսի այս դասը․ «Թող Քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է»։ Ասել է թե՝ «Ո՜վ մեր Տեր և Հայր, ինչ որ Երկնքի աստվածապետական ատյանումդ կամենում և տնօրինում ես հավատացյալ զավակներիդ համար, դա բարի է․ մենք գիտենք Քո կամքը, որ մարդու հավիտենական կյա՛նքն իսկ է, ուստի ամոթապարտ հայացքով խոստովանում ենք, որ այս աշխարհի բռնավոր հայրերն իսկապես զուր տեղը մեզ չարչարեցին ու խաբեցին․ նրանցից ոչ ոք մեզ հավիտենական կյանք չխոստացավ, և նրանք իրենց սնոտի հույսերով գերեզմանի մեջ կորսվեցին․․․․»։

«Մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ այսօր…»։ Հիսուս մեր հոգու համար Կյանքի հաց է մատակարարում, բայց մեր մարմնի աճի համար անհրաժեշտ առօրյա պարենի մասին ևս չի մոռանում, այլ ուսուցանում է նույնիսկ կորստյան ենթակա հացի՛ համար թախանձել Հորը՝ ասելով․ «Մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ այսօր․․․․»։

Այո՛, բոլոր քաղցածներն էլ հացի են կարոտ․ լինի մարդ, կենդանի, թե թռչուն, Հայր Աստծու ձե՛ռքն է, որ բացվում և կերակրում է ամենքին։ Աստված տեսնում ու խնամում է անգամ չքավոր ճիճվին, անգամ նրա՛ն չի մոռանում։ Եթե Տերը խռովի մեզնից ու երես դարձնի, եթե Իր արևն ու անձրևը չտեղա մեզ վրա, ապա մեր մարմնի կենսունակությունն ու ուժը կնվազեն, և մենք իսկույն հողի կվերածվենք։

Սուրբ հայրապետ Շնորհալին լավագույնս բացատրում է այս հանգամանքը՝ ասելով․ «Հացը մարմինն է սնում, խոսքը հոգին է ապրեցնում»։ Այս երկու տեսակի կարևոր պարենն է ապահովում մեր իրական կենդանությունը, ուստի մենք կարիք ունենք մեր երկնավոր Հորից հանապազ խնդրելու այդ երկու տեսակի կերակուրը․․․

«Ների՛ր մեզ մեր հանցանքները․․․․»։ Հիսուս, որ որպես պարտապան երաշխավոր է եղել մարդկության անվճարելի պարտքերը փոխհատուցելու համար, մեզ այս խոսքով ուսուցանում է, որ մշտապես աղերս բարձրացնենք Իր գթառատ Հոր առջև՝ ասելով․ «Ների՛ր մեզ մեր հանցանքները, ինչպես որ մենք ենք ներում նրանց, որ հանցանք են գործում մեր դեմ»։

Որո՞նք են մեր պարտքերը․ դրանք այն հանցանքներն են, որոնցով մենք կամավորաբար մեղանչում ենք Աստծու սուրբ օրենքների դեմ՝ պարտազանց գտնվելով Նրա առջև։ Մեր այս խնդրանքների իրականացման համար մի անհրաժեշտ պայման կա. մենք թողություն ենք խնդրում Հայր Աստծուց, և Նա պատռում է մեր պարտամուրհակները, սակայն մեր այդ խնդրանքն իզուր կլինի․ Նա ո՛չ կների, ո՛չ թողություն կշնորհի ու ո՛չ էլ կպատռի մեր պարտամուրհակները, եթե նախ և առաջ մե՛նք չներենք մեր ընկերոջ պարտքերը։

Այստեղ պետք է հաշվարկ անել. որքա՞ն է Աստծու հանդեպ մեր պարտքերի չափը, և որքա՞ն է մեր ընկերոջ՝ մեր հանդեպ ունեցած պարտքը։ Մեր խղճի գիտակցությունը դա գիտի և վկայում է, որ մեր պարտքերն առավել բազմապատիկ են, քան մեր ընկերոջ պարտքերն են։

Վա՜յ մեզ, եթե մենք, մոռանալով ամեն մի իրավունք ու դատաստան, ժխտենք Աստծու հանդեպ ունեցած մեր պարտքերն ու չվճարենք դրանք, և մեր ընկերոջ հանդեպ խստությամբ վարվելով՝ նրան բանտի շղթաներին մատնենք ու չարաչար խեղդենք, մինչև որ չվճարի մեզնից պարտքով վերցրած այն չնչի՜ն գումարը և մինչև որ չհատուցի, նրան ազատ չթողնենք...

Երբ մենք այսպիսի դատաստանով ենք դատում մեր ընկերոջը, մեր հույսն ու ակնկալիքներն ի դերև են ելնում: Այդուհետ ուրեմն այլևս ի՞նչ համարձակությամբ կարող ենք մեր երկնավոր Հոր կողմից թողություն գտնել, երբ ինքներս, հանցավոր որդիներ լինելով, նախ մեր հանցավոր եղբայրներին ներում չշնորհեցինք, չէ՞ որ Աստված միայն ա՛յն ժամանակ է ներում, երբ նախ մարդն է մարդուն ներում։

«Եվ մի տար մեզ փորձության․․․․»: Հիսուս Աստված, աշխարհ գալով ու մարդկանց մեջ բնակվելով, սեփական փորձով տեսավ, որ անզոր և ապիկար մարդիկ ի վիճակի չեն դիմակայելու այս աշխարհի բազմապիսի փորձությունների ալիքներին, ուստի Նա մեզ ուսուցանում է ամեն ժամ երկնավոր Հորից կազդուրիչ օժանդակություն խնդրել՝ մեզ զորավիգ լինելու համար, և աղերսել, որ Նա մեզ չհանձնի այն փորձությունների ձեռքը, որոնք չենք կարող հանդուրժել կամ անսասան մնալ, ինչպես կարողացավ անել մեծն Հոբ նահապետը։

Տե՛ր, մեր Հա՛յր, Դու գիտես Քո թշվառ զավակների անհաստատ տկարությունը, որ որպես խռիվ և փոշի տարուբերվում են անգամ աննշան հողմերից, ուստի երկնքից մեկնի՛ր Քո ձեռքը և ամեն մի վերահաս չարիքից պատսպարի՛ր անօգնական զավակներիդ։

Այս աշխարհում չկա մարդկային այնպիսի մի ձեռք, որը կկարողանա նրանց փրկել. Տե՜ր, Դո՛ւ միայն մեկնիր Քո ձեռքը, ինչպես Պետրոսին մեկնեցիր, քանի որ մարդկանցից հույս չկա.... քանի որ Քո՛նն է արքայությունը, Քո՛նն է զորությունը, Քո՛նն է երկինքը, Քո՛նն է երկիրը, Քո՛նն է մարդը, որ օրհնաբանում ու փառավորում է Քեզ հավիտյանս հավիտենից։

«Եթե մենք ներենք մարդկանց հանցանքները․․․․»: Հիսուս որքա՜ն կարևոր է համարում ներելու սույն դասը, որ «Հայր մեր»-ից հետո դարձյալ կրկնում և իբրև անհրաժեշտ պայման է սահմանում այս մեծ պատվերը։ Ո՞րն է այդ անդրժելի պայմանը, որն Աստված վճռեց ու կնքեց: Ահավասի՛կ այն․ «Եթե դուք մարդկանց ներեք նրանց հանցանքները, երկնավոր Հայրն էլ ձեզ կների ձեր հանցանքները»։ Այսինքն՝ «եթե դուք ի սրտե ներեք ձեր եղբորը, Ես էլ ձե՛զ կներեմ, իսկ եթե աններողամիտ խստասրտությամբ չներեք ձեր կարիքավոր եղբայրներին, այժմվանից իսկ ստուգապես և ճշմարտաբար եմ ասում ձեզ, բնավ չակնկալե՛ք, հույս չունենա՛ք, թե ձեր երկնավոր Հորից թողություն պիտի ստանաք։ Առանց ներելու թողություն չկա»։

Պետրոսը Հիսուսին հարցրեց․ «Տե՛ր,- ասաց,- քանի՞ անգամ պետք է ներեմ իմ մեղանչած եղբորը, մինչև յո՞թն անգամ»։ Հիսուս պատասխանեց․ «Ես չասացի քեզ, թե յոթն անգամ, այլ յոթանասուն անգամ յո՛թն անգամ»։

Այս խոսքերը չպիտի հասկանանք այնպես, թե Հիսուս այս թվով որոշակի չափ ու սահման է դնում ներելու համար։ Ո՛չ, այլ բացարձակ հրաման է արձակում Նա, որ մենք մեր եղբորն անսահմանաբար ներենք, եթե անգամ մեկ օրվա մեջ յոթանասունյոթ անգամ մեղանչի մեր դեմ։

Քանի որ մարդիկ այս աշխարհում ընկերական կյանքի միջոցով կապված են իրար, անհնարին է, որ նրանք այդ ընկերական հարաբերությունների ընթացքում իրար դեմ չմեղանչեն, ուստի Հիսուս՝ խաղաղության հրեշտակը, անսահման ներողամտության օրենքն է հաստատում, որպեսզի մշտնջենավոր խաղաղություն պահպանի Իր հավատացյալ եղբայրների միջև։

«Երբ ծոմ պահեք․․․․»: Հիսուս աղոթքի դասից հետո նույն զգուշությամբ ավանդում է նաև պահեցողության դասը։ Հիսուս պատվիրում է բացարձակապես չնմանվել դպիրների ու փարիսեցիների մարդահաճո կերպարանքին, որոնք միայն արտաքին կեղծավորությամբ էին իբրև խիստ պահեցող, սրբակյաց, ժուժկալասեր և պարկեշտ երևում այլ մարդկանց առջև։

Աստված, որ արտաքին պահեցողության հետ հոգու և սրտի սրբությունն էլ է պահանջում, մի ժամանակ Եսայի մարգարեի շուրթերով կշտամբել էր Հակոբի ցեղի կեղծավոր անօրինությունը, մինչդեռ Իսրայելի ազգը շարունակ տրտմում էր, թե ինչու Աստված իր պահքը չի տեսնում․ «Այդ ինչպե՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, և դու չտեսար» (Ես. 58։3)։ Այո՛, Աստված բնավ չի ցանկանում տեսնել այնպիսի մի ծոմապահություն, որը նաև մարդի՛կ են տեսնում։

Աստված չի նկատում արտաքին խոնարհության կեղծավոր ձևերը, երբ սիրտը ներքուստ ամբարտավանությամբ է լցված, երբ սրտի ծածուկ անկյուններում անիրավությունն է թաքնված, երբ վաճառաշահության մեջ մարդ խարդախություն է գործում ի վնաս իր ընկերոջ, երբ հալածում ու հարստահարում է կրտսերին, երբ չի լսում աղքատի ողորմադեմ աղերսների ձայնը, երբ սովի մատնված ճարահատյալ չքավորին չի ազատում մեղավոր մարդու ձեռքից, երբ այրի կնոջն ու որբին դատաստանի ատյանում չի աջակցում և զրկում է նրանց իրենց իրավունքներից, երբ փարիսեցու նման Աստծու տաճարում պարծենալով՝ մեծամտանում է իր պահեցողությամբ, երբ աղոթելու ժամանակ իր մաքսավոր ընկերոջը դատում է որպես մեղավորի։

 Ահա այդպիսին էր փարիսեցիների կրոնապաշտության ցուցահանդեսը, որը մերժելով՝ կշտամբում է Հիսուս՝ «կեղծավոր», «կույր» և «անմիտ» կոչելով նրանց, ովքեր սպիտակեցված գերեզմանի նման միայն արտաքո՛ւստ էին սուրբ երևում մարդկանց առջև, սակայն նրանց ներսում սիրտն ու հոգին ապականված էին մեռելոտի ոսկորներով, ասել է թե՝ նեխած չարությամբ։

Ուրեմն ո՞րն է Աստծուն հաճելի և ընդունելի պահեցողությունը․ դարձյալ նույն մարգարեն է ուսուցանում դա՝ ասելով․ «Ների՛ր ու արձակի՛ր նեղյալներին և պատռի՛ր բոլոր անիրավ մուրհակները, քաղցածներին բաժանի՛ր քո հացը և անօթևան աղքատներին տա՛ր քո տունը, մերկանդամ ընկերոջդ հանդերձանքով ծածկի՛ր» (հմմտ. Ես. 58։6-7)։

Հիսուս ճշմարիտ պահեցողության կերպը սահմանելով՝ պատվիրում է, որ Իսրայելի որդիների նման քուրձ և մոխիր չլցնենք մեր գլխին, այլ հարկ է օծել գլուխը, լվանալ երեսը, մարդկանց առջև չսևացնել դեմքն ատելությամբ, այլ պայծառ ու զվարթամիտ երևալ՝ սիրո ժպիտներ պարգևելով։

Իսկ ահա սրտիդ սուգն ու տրտմությունը թող միայն Տիրո՛ջը տեսանելի լինեն ծածկաբար, և Նա քեզ հայտնապես կհատուցի ա՛յն, ինչը որ քո զգուշավոր առաքինության վարձատրությունն է։

Այս պարզ ու անկեղծ ճանապարհից խիստ հեռու է փարիսեցիների՛ ճանապարհը, որոնք խոժոռ դեմքով, տխուր ու ծանր կերպարանքով «մոլի» պահեցողներ ձևանալով էին հանդես գալիս միամիտ ժողովրդի առջև։ Նրանց այդ շինծու կերպարանքի մեջ բնավ չէր նշմարվում սրտի կատարյալ զղջումը, ո՛չ էլ Ավետարանի ուսուցանած հոգու հեզությունը և մանավանդ եղբայրասիրության քաղցր ներողամտությունը, քանի որ փարիսեցիներն ավելի շատ դատող, քան թե ներող էին։

«Գանձեր մի՛ դիզեք ձեզ համար երկրի վրա ․․․»: Հիսուս, որ երկնքի մեծության Տերը և միաժամանակ Գանձապետն էր, Իր Ավետարանի աշակերտներին մի նորահայտ դաս է ավանդում, որը բացեիբաց հակընդդեմ է այս աշխարհի ունևորներին։ «Ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա», այսինքն՝ անապահով և մշտապես կասկածելի այս երկրի վրա պետք չէ գանձ պահել. եթե ոսկի է, բռնակալները կհափշտակեն այն, եթե գեղեցիկ կալվածք է, Աքաբի և Հեզաբելի պես ամբարիշտ անիրավնների ձեռքը կանցնեն դրանք, եթե հանդերձանք է, ցեցերը կուտեն ու կմաշեն այն, եթե թագ է, կգլորվի, եթե գահ է, կկործանվի, եթե վայելչություն է, կանցնի, եթե զավակներ են, կմեռնեն։

Եթե այս աշխարհը հավատարիմ ավանդապահ չէ մեր դիզած գանձերի համար, ապա ուրեմն որտե՞ղ է այն վստահելի ապահովությունը, ուր մեր գանձերն ակնորնչելի կմնան։

Այս անցավոր երկրի վրա տեղ մի՛ որոնիր, երկի՛նքն է միայն քո փնտրած այդ ապահով վայրը. Հիսուս այն իբրև գանձարան պատրաստել է Իր սիրելիների համար, նրա՛նց համար, որոնց հույսն Աստված է և Երկինքը։ Ա՛յն Երկինքը, որտեղ ո՛չ այս աշխարհի բռնակալների ձեռքն է հասնում, և ո՛չ էլ պատեր ծակող գողի հնարանքներն են ի զորու հասնել։

Մինչև Քրիստոս այս աշխարհի մոլորյալ որդիները կարծում էին, թե իրենց դիզած գանձը, հարստությունն ու կյանքն ապահով են այս երկրի վրա, մինչդեռ այս երկիրն իրականում մի գողադարան է։ Մարդիկ այս անկայուն ու տաժանելի ծովում շա՜տ չարաչարվեցին՝ իրենց ողջ վաստակն ու ունեցվածքը նավերի վրա բեռնած՝ ապահով նավահանգիստ հասցնելու փափագով, սակայն մշտապես ընդունայն էր նրանց ջանքն ու տառապանքը։

Եվ ահա այդ մարդիկ էլ սկսեցին Պետրոսի նման գանգատվել ու ասել․«Տե՛ր, ամբողջ գիշեր չարչարվեցինք, սակայն ոչինչ չբռնեցինք։ Տե՛ր, Քո ձեռքը տո՛ւր ու փրկի՛ր մեզ ամեհի ալիքներից, քանի որ մեր գանձերի հետ, ահավասիկ, մեր անձե՛րն էլ են կորչում»։

Իսկապես, հեթանոսության խավար ծովում Ադամի ողորմելի զավակները ոչինչ չկարողացան որսալ՝ չարավաստակ տառապելով կյանքի նավարկության ընթացքում, մինչև որ եկավ Հայր Աստծու իմաստուն Որսորդը և մեզ սովորեցրեց մեր ջանասիրության ուռկանն աջակողմո՛ւմ ձգել։ Այսինքն՝ թողնել աշխարհը և նրա երազահյուս բոլոր անկայուն բարիքները և խորհել Երկնքի՛ մասին, ինչպես հորդորում է երկնաքաղաքացի Պողոսը։

Մենք զուր ենք չարչարվում. այս աշխարհի ձախակողմն ունայն է, ոչինչ չենք կարող որսալ այնտեղ: Ուրեմն զուր ենք տառապում, քանի որ մեր կյանքը մաշվում է, իսկ մեր մարմնի ուռկանների հյուսվածքն օրըստօրե քայքայվում է ծերության պատճառով, ուստի բավակա՛ն է, դադարենք այս մանրավաստակ աշխատանքից։

Հիսուսի հրամանին անսալով՝ այսուհետև մեր ուռկանը մշտապես աջակողմո՛ւմ նետենք, և ինչ էլ որ կարողանանք որսալ, այն իսկույն փոխադրենք Երկնքի՛ գանձարան։ Բնավ չվհատվե՛նք այն հանգամանքի պատճառով, որ Երկինքը մեր ստորակա վիճակից անհուն հեռավորությամբ ավելի բարձր է, և չկարծենք, թե անկարող ենք մեր գանձը դյուրությամբ այնտեղ փոխադրելու։

Մի՛ վարանեք, ո՜վ դուք, որ ձեր գանձը Երկինք բարձրացնել եք փափագում, ահա՛ բեռնավոր աղքատները պատրաստ են, ահա՛ պատրաստ սպասում են այս աշխարհի հարուստների դռների առջև: Բոլոր հրապարակները լեցուն են անհամար վշտակիր Ղազարոսներով։

Կասկած մի՛ ունեցեք նրանց հանդեպ, նրանք Աստծու հավատարիմ մշակներն են: Տվե՛ք ձեր գանձերի բեռները և թո՛ղ որ նրանք ձեր գանձերը բարձրացնեն Երկինք, ուր անկորչնելի պահպանությամբ պիտի հանձնեն ձեզ ա՛յն օրը, երբ Տերը, ձեր ողորմության ընծան հիշատակելով, մեծապես պիտի գոհանա ձեզնից՝ ասելով․ «Քանի որ Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ՝ Ի՛նձ համար արեցիք» (Մատթ. 25։40)»։

«Մարմնի ճրագը աչքն է․․․․»: Ավետարանի վերոթվարկյալ պատվիրանների ուղղընթաց ճանապարհով անխոտոր քայլելու համար աչք և լույս է անհրաժեշտ։ Այդ լույսն արևի լույսը չէ, այլ՝ Ավետարանի, որը լուսավորում է այն բոլոր մարդկանց, որոնք որ աշխարհ պիտի գան, ուստի Հիսուս ասում է․«Եթե քո աչքը պարզ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի», և այլն։

Այս օրինակն այնքան ճշմարտացի է, որ մարդ չի կարող այն ժխտել։ Հիսուս այս օրինակը դրսից կամ հեռավոր աշխարհներից չի վերցնում, այլ անմիջապես իսկ մարդու անձի միջոցով է ցույց տալիս․ և՛ ռամիկը, և՛ իմաստունը իրենց փորձառությամբ գիտեն, որ աչքը մարմնի ճրագն է, և երբ լույսը պայծառ է, ողջ մարմինն էլ լուսավոր է լինում, իսկ երբ վատատես է աչքը, մարդը թշվառ է իր ամբողջ կյանքում և խարխափելով է շրջում ու կուրորեն՝ առանց ընտրության հնարավորության է գործում։ Իսկ այդ դեպքում էլ մարդ զրկվում է կատարյալ կյանքով ապրելու հնարավորությունից, որն ունեն աչքն առողջ մարդիկ։

Եթե այս աշխարհի մահկանացու կյանքի համար մարմնի աչքն այսքան պիտանի է, ապա հոգու հավիտենական կյանքի համար որչա՜փ առավել կարևոր է Աստծու խոսքի մտավո՛ր աչքը, որը կրոնական մոլեռանդության խավարի մեջ իսպառ կուրացել ու անկարող էր դարձել տեսնելու Երկինքը և մոլորված շրջում էր երկրի վրա։

Հիսուս տեսավ և հարցրեց․«Ի՞նչ ես փնտրում, թշվա՛ռ կույր»։ Եվ հնչեց պատասխանը. «Տե՜ր, ուրիշ ոչինչ չեմ խնդրում, այլ միայն լո՛ւյս եմ հայցում։ Հրամա՛ն տուր, թող աչքերս բացվե՛ն, և տեսնեմ երկինքն ու աշխարհը և պաշտեմ դրանք Արարչագործողին»։

Հիսուս ինչպես մարմնի աչքը, այնպես էլ մեր հոգու կուրությունը նորովի լուսավորեց Իր Ավետարանի լույսով։ Քրիստոսի խոսքը ճրագ է․ Դավիթն այդ ճրագի լույսով էր քայլում ու ասում․«Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար, և լուսավորում է իմ շավիղները» (Սաղմ. 118։105)։

Ով որ չունի այս Լույսը, մահվան խավարի մեջ է ննջում։ Այս Լույսը սքանչելի է, և այս աշխարհի արևի նման միայն տիեզերքը չէ, որ լուսավորում է, այլ թափանցելով մեր ներքին մարդու՝ հոգու, սրտի և խղճի մեջ, լուսավորում է ամենը։

Աստված այս արևը նորովի արարչագործեց հոգեղեն աշխարհի համար և այն հաստատեց Եկեղեցու կամարի վրա, ու այդ արևի լույսով է, որ քայլում են ճշմարտության որդիները։

«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել․․․․»: Հիսուս Իր Ավետարանին հետևող ազատագիր աշակերտներին ուսուցանում է երկու տերերի չծառայել, այսինքն՝ չծառայել Աստծուն և մամոնային։ Տերն այս աշխարհի ամբողջ պերճանքն ու կեղծ կրոնի պաշտամունքը մեկ բառով «մամոնա» է կոչում, որին իրենց մոլորամտությամբ ծառայեցին մարդիկ մինչև այն պահը, երբ երկնքից՝ Քորեբ լեռից, այս աշխարհ իջավ նոր Մովսեսն ու նոր Փրկիչը, որը միայն մի փոքր ժողովրդի չազատեց փարավոնի գերության տանջալից աղյուսագործությունից, ինչպես հին Մովսեսը, այլ բովանդակ աշխա՛րհը փրկեց հեթանոսության սուտ կրոնի ծառայությունից։

Այդ նոր Մովսեսն Ի՛նքը մարդկանց առաջնորդեց ու տարավ դեպի Երկինք։ Հիսուսի այս փրկությունն առավել էր Մովսեսի բերած փրկությունից, ուստի Հիսուս Իր ազատագրած նոր ժողովրդին զգուշությամբ պատվիրում է, որ նրանք այլևս չծառայեն հեթանոսական սուտ կրոնին կամ այս աշխարհի փարթամության մամոնային։

Երկնքի Հա՛յրն է միայն ձեր Աստվածն ու Տերը, ուրեմն դե՛ն նետեք ձեռագործ կուռքերը, որոնք մարդկային մոլորամտության չարարվեստ գյուտն են, և ճանաչե՛ք ու պաշտե՛ք միայն երկնային Աստծուն, Որը ձեր բարերար և ճշմարիտ Հայրն իսկ է։ Ձեր սիրտն Աստծո՛ւն տվեք և այլևս դադարե՛ք այն նվիրել անիրավ մամոնային․ բավակա՛ն է։

Մինչև այժմ անմտությամբ ծառայեցիք ընդունայնությանը, աշխարհի հարստությանն ու փառքին՝ աշխարհի ոսկուն, սակայն այսուհետև հրաժարվե՛ք այդ նյութապաշտության կրոնից։ Դուք մարդ եք, դուք Աստծու պատկերն եք, ձեր տիրական հոգին վսեմ է, մի՛ նվաստացրեք այն՝ ոչնչություն պաշտելով։

Այդպիսի կյանքը մարմնի ցանկության ունայնասեր հաճույքներ է ենթադրում, սակայն դուք հոգի եք. ուրեմն հոգո՛ւ կյանք վարեցեք, հրաժարվե՛ք այսուհետև մարմնական կյանքից, որը միայն հեթանոսների համար է, ուստի թող որ միայն նրանք պաշտեն ու ծառայեն մամոնային ու մարմնի ցանկությանը։

«Հոգ մի՛ արեք ձեր կյանքի համար․․․․»: Հիսուս տեսնում է, որ Հայր Աստծու խեղճ զավակներն այս աշխարհում հացի և հանդերձանքի համար չարաչար տանջվում և սրտամաշ հոգածության մեջ տիվ ու գիշեր տառապում են, ուստի ուսուցանում է, որ այսուհետև անհույս թերահավատությամբ չջանան ո՛չ հացի համար, ո՛չ էլ հանդերձանքի, ո՛չ տան, ո՛չ էլ շտեմարանի համար, քանի որ այդ ամենը երկնավոր Հոր սիրո «պարտքն» է, որով Նա պիտի պարգևատրի մեզ։

Երկնավոր Հայրը լսում է առյուծի կորյունի մռնչյունը՝ խոր անտառի միջից, Նա ծովի խորքերում բնակվող ձկներին է կերակրում, թռչուններին է խնամում՝ իրենց բների մեջ։

Մի՛ կարծեք, թե որսորդը, որը  ճնճղուկ է որսում և վերջինիս ձագերին վար է գցում, դա թաքուն է անում․ ո՛չ, առանց Հայր Աստծու գիտության մի թռչուն անգամ գետին չի ընկնում։ Ո՜վ տխմար մարդիկ, զարմացե՛ք ձեր Հոր նախախնամությամբ․ եթե ճնճղուկի հինգ ձագերի արժեքը երկու դանգ է, և Աստված նրանց չի մոռանում, մի՞թե ձեզ պիտի մոռանա, ո՛վ պակասամիտ թերահավատներ, դո՛ւք, որ թռչունների և կենդանիների վրա տիրապետող իշխան եք կարգվել։

Դուք Գողգոթայի նորընծա խորանի առջև անարատ Զոհի արյամբ թաթախված և դեպի ազատություն սավառնող նվիրական թռչունն եք: Նայե՛ք դաշտի ինքնաբույս ծաղիկներին, ո՞վ է, որ խնամում է նրանց, ո՞ւմ ձեռքն է, որ կարմիր, կապույտ, կարմիր, ծիրանագույն ու դեղին երանգներով է զարդարում նրանց, և ո՞վ է, որ հորինում է թռչունների թևերի վայելչագեղ փետուրները...

«Նայեցե՛ք վայրի շուշանին․․․․»: Առավել զարմացեք շուշան ծաղկով, որի դյուրաթառամ փառքն անհամեմատելի է որևէ բանի, անգամ աշխարհի այս կամ այն  թագավորի ունեցած շքեղությա՛ն հետ, չէ՞ որ նույնիսկ Սողոմոնն իր արքայական հարստության մեջ նախանձելի շուշան ծաղկի չափ փառք չկարողացավ վայելել։

Ի՞նչ է շուշանը, դաշտի մեջ բուսնած մի վայրի խոտ միայն, որն այսօր զվարթ է, իսկ վաղը պիտի թառամի, և մարդիկ այն պիտի հավաքեն ու հնոցի մեջ նետեն՝ վառելու համար։ Եթե այս չնչին խոտաբույսին Հայր Աստված մեծ խնամքով դարմանում է, մի՞թե ձեզ կմոռանա, ո՛վ թերահավատ զավակներ, դո՛ւք, որ Աստծու նմանության պատկերն եք կրում:

Դուք անեղծ և անմահ հոգի ունեք, դուք Եկեղեցու նոր գերդաստանի ընտիր և հարազատ զավակներն եք, դուք հոգի եք, ուստի մարմնի համար մի՛ հոգացեք. «Ես իսկ եմ ձեր նորաճաշակ կերակուրը՝ երկնքից իջած կենդանի Հացը։ Աստծո՛վ հագեցե՛ք, հոգով Աստծո՛ւն զգեցեք. կերակուրը սպառվում է, հանդերձանքը՝ մաշվում, սակայն Ես մնում եմ հավիտյան։

Ուրեմն հավատացե՛ք Ինձ, բնավ մի՛ տառապեք մարմնի պետքերի համար՝ չարաչար տանջվելով։ Այդ հոգսերի ծանրաբեռնված զբաղումը մի կո՛ղմ թողեք, քանի որ այն վայել է միայն մարմնապաշտ հեթանոսներին, որոնց հույսն այս աշխարհն է, որոնց կյանքը մարմինն է, որոնց որովայնն Աստված է։ Նրանք Երկնքում Հայր չունեն, իսկ այս երկրում էլ միայն մարմնին, աշխարհին, փառքին ու մամոնային են պաշտում»։

«Հոգ մի՛ արեք վաղվա մասին․․․․»: «Երանի՜ է ձեզ, քանի որ դուք երկնավոր Հայր ունեք, Որի անունը Ես ճանաչեցրի ձեզ: Նա գիտի, թե այս սակավօրյա կյանքի համար ձեզ ինչ է պետք։ Ամեն բանից ավելի ու ամեն բանից առաջ խնդրեցե՛ք, որ Աստծու արքայությունն ու Նրա արդարությունը տիրի ձեզ վրա։

Մարմնի կյանքի համար անհրաժեշտ բոլոր պիտույքները դեռ չափից էլ ավելի տրվում են ձեզ. հագենալու չափ կերե՛ք և վայելե՛ք դրանք։ Իսկ վաղվա պարենի մասին հոգալն ավելորդ է, այլ մշտապես և առավելաբար «հոգացեք» այն անսպասելի չարիքների համար, որոնք յուրաքանչյուր օր արևի ծագելուց սկսած պատուհասում են ձեզ»։

Ո՞վ կարող է թվարկել վշտաբեր օրերի պատահարները, որոնց տակ հարաժամ հեծում են այս աշխարհի թշվառ որդիները։ Ահա սույնպիսի դժվարակիր փորձանքներից ազատ մնալու համար անդադար պետք է հոգալ և աղոթել։

Այս աշխարհի անհագ ցանկություններից գինովցած խելացնոր ագահները մշտապես ապագա օրերի բարեբախտության վրա են իրենց հույսը դնում, միշտ երջանկություն են երազում այն անմիտ մեծահարուստի պես, որը հին շտեմարանները քանդելով՝ նոր ու ավելի մեծ շտեմարաններ կառուցելու պատրաստություն էր տեսնում։

Այդ մարդիկ բնավ չեն հիշում, որ Աստված է իրենց հոգիների ու անձերի Տերը, և հանկարծ գիշերվա մեջ Տերն Իր ավանդը պահանջում է և Իր ձեռքի սարսռազդու մանգաղով հատում է նրանց հոգիները։ Այդ անմիտների դիզած հարստություններն ո՞ւմ են մնում։

Այս մարդկանցից առավել անմիտ են նրանց ժառանգները, եթե կարծում են, որ իրենց հայրերի ագահության մնացորդներն իրենց է մնալու։ Ո՛չ, բացարձակապես այդպես չէ, աշխարհին և միայն աշխարհի՛ն է դա մնալու, մարդ չի կարող աշխարհի զորեղ ձեռքից որևէ բան խլել և իր հետ տանել։

Ով որ այդպես է խորհում, նա անիրավ է․ փառքն ու մամոնան աշխարհի բաժինն են, իսկ մեր բաժինն Աստված ու Երկինքն են։ «Իմ բաժինը Դու ես, Տե՛ր», - վկայում է Դավիթը (հմմտ. 18։57)։ Առավել ևս որ Հիսո՛ւս էլ է ասում․ «Դուք այս աշխարհից չեք» (Հովհ. 15։19)։

Ուրեմն եթե այս աշխարհից չենք, հետևաբար այն ամենը, ինչ աշխարհինն է, մերը չէ․ աշխարհին աշխարհն է մնալու, Աստծունը դեպի Աստված է գնալու։ Ավետարանի պատվիրանն ու հրամանը այս է․ «Կայսրինը՝ կայսերը տալ, իսկ Աստծունը՝ Աստծուն» (Ղուկ. 20։25)։

Ապա ուրեմն մեր մարմնի կյանքի համար ամեն մի հոգածություն զուր ջանք և ընդունայն տառապանք է միայն։ Առավելաբար պետք է հոգո՛ւ համար հոգանք․ «Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել» (Հովհ. 6։64)։ Այն, ինչ որ Հիսուս է խոսում, դա է միայն մեր հոգու կյանքն ու անմահությունը։

 

Խրիմյան Հայրիկ, «Երկնքի արքայության մարգարիտը», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1894թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

21.02.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․