Գրքեր

Խորհուրդը

«Հակոբը հարց տվեց. «Ասա՛ ինձ Քո անունը»: Նա ասաց. «Ինչո՞ւ ես հարցնում Իմ անունը»: Եվ Նա տեղնուտեղը օրհնեց նրան: Հակոբն այդ տեղն անվանեց Փանուէլ, որովհետև, - ասում է, - Աստծուն տեսա դեմ առ դեմ, և փրկվեց հոգիս» (Ծննդ. 32.29-30)։

Խորհուրդն արտասովոր հմայք ունի. դա կրոնի հրապույրն է, որը նաև պաշտամունքի էական տարրն է: Եթե խորհուրդն իր զորությամբ չպարուրեր մեր պաշտամունքը, մենք այլևս պաշտամունք չէինք ունենա, այլ միայն պիտի բավարարվեինք պարտաճանաչությամբ: Առանց խորհրդի ո՛չ ներքին սարսուռ կզգայինք և ո՛չ հոգեկան վերընթաց, ու, վերջապես, չէինք էլ իմանա, թե ինչ է կրոնը:

Շատ հաճախ նույնիսկ անկեղծ ու ազնիվ մարդկանցից լսում ենք այս խոսքերը. «Կրոնն ինձ չի հետաքրքրում, քանի որ կրոնին առնչվող ամեն բան մթի ու ստվերի մեջ է, հետևաբար ես չեմ կարող այն հիմնովին ըմբռնել: Եթե Աստված, հավիտենական կյանքը և գերբնական իրողությունները մտքիս հասկանալի լինեին, եթե կարողանայի թափանցել դրանց մեջ, եթե ըստ ամենայնի ճանաչեի դրանք, այդժամ կարելի կլիներ կրոնը հաստատուն ու դրական համարել:

Սակայն որքան ժամանակ կրոնական իրողությունները սքողված են խորհրդի ներքո, այդքան ժամանակ ես դրանք կարող եմ կարծել միայն իմ երևակայության արգասիքները: Ուրեմն ի՞նչ կարիք կա կապվելու այդպիսի ցնորքների, ինչո՞ւ գերի դառնամ այդ ստվերներին, ինչո՞ւ քայլեմ այդ անգո առարկաների հետևից, որոնք մշտապես խուսափում ու թաքնվում են ինձնից»:

Այս առարկություններն առերևույթ գուցե իրավացի համարվեին, սակայն իրականում հիմնովին սխալ ու թյուր են: Կարծում եմ կարիք կա, որ ես ձեզ բացատրեմ կրոնի բնույթը: Կրոնը շոշափելի «ծանոթություն» չէ, կրոնն ապացուցված վարդապետական տեսություն չէ և, վերջապես, կրոնը արարողություն էլ չէ, կրոնն այլ բան է: Կրոնը հոգու հավիտենական հառաչանքն է, հավիտենական թռիչքը, այն անդենական իրողությունների փափագն է:

Այդ իրողությունները դուք մասամբ արդեն իսկ զգում եք, հայտնատեսությամբ արդեն իսկ տեսնում եք դրանք: Այդ իրողությունները ճնշում, խռովում և մինչև ձեր հոգու խորքերը հուզում են ձեզ: Դուք ուժ և ազատություն չունեք դրանց մասին խորհելու կամ չխորհելու:

Ինչ էլ որ մտածելու լինեք այդ իրողությունների մասին, միևնույն է, դրանք պարտադրվելու են ձեզ, ծանրանալու են ձեզ վրա ու բռնանալու են, ստիպելու և գերելու են ձեզ: Արդ, եթե ցանկանաք էլ այդ մեծախորհուրդ իրողությունները քննել, պտտվել դրանց շուրջը և ճշտորոշել դրանք, ես ձեզ վստահեցնում եմ, որ, միևնույն է, չի ստացվի հասնել այդ իրողությունների բացահայտմանը: Թեև այդ իրողությունները առերևույթ ձեզ հնարավորություն կընձեռեն իրենց հասկանալու համար, սակայն մշտապես էլ կմնան անհասկանալի խորհրդի անթափանցելի ամպերի տակ:

Եվ այո՛, այդ ամենի հետևանքով ձեր բանականությունը կընկճվի, կվիրավորվի ու կհաղթվի: Հիրավի դա մեծ պարտություն պիտի լինի ձեր մտքի համար, բայց միևնույն ժամանակ սրտի համար հաղթություն և օրհնություն կլինի: Որքան մոտենաք այդ սուրբ իրողություններին, նույնիսկ եթե դրանք բացարձակապես անհասկանալի էլ մնան, այդքան դրանցից բխող զորություն, անհունություն, անսահման փառավորություն և վեհություն պիտի զգաք:

Հիրավի, այդ իրողությունները լիովին նվաճում են ձեզ, դուք չեք կարող կրել, ըմբռնել դրանք, սակայն և այդ խորհուրդները հուզիչ են, փրկարար ու սուրբ, քանի որ դրանք իրենց անսահմանությամբ ձեր հոգում սրբազան սարսուռ, խորունկ երկյուղ են առաջացնում և իսկույն ձեր հոգում թրթռում են պաշտամունքի նուրբ լարերը, ձեր շուրթերը սկսում են աղոթք մրմնջալ, իսկ ձեր հոգին վեր է սլանում դեպի երկինք: Անսահմանության հետ ձեր ունեցած պայքարում թեև դուք վիրավորվում եք, բայց և միևնույն ժամանակ օրհնվում էլ եք:

Հակոբ Նահապետի՝ Աստծու հետ ունեցած մարտը, այդ մեծաշուք հրաշավեպն իր վաղնջական ձևի մեջ գաղափարական աշխարհի ամենաբարձր ու վսեմ հավաստարանն է: Գիշեր էր: Հակոբն իր ինքնամփոփումի՝ աղոթքի ժամանակ, գիշերվա այդ խորհրդավոր պահին կռվի մեջ է մտնում Հավիտենականի հետ: Հակոբն ուզում էր հասկանալ Նրան, ըմբռնել Նրա անսահմանությունը: «Ասա՛ ինձ Քո անունը»: Եվ Հավիտենականը թե՛ հայտնվեց նրան, թե՛ ծածուկ մնաց նրանից: Հայտնվեց Նահապետի հոգուն, թաքնվեց մտքից, բայց հակառակ դրան, հակառակ որ նրա մարմինը ճմլվեց, Հակոբը տեսավ Աստծուն:

Հակոբն իմացավ, թե Ում հետ գործ ունի, հասկացավ, որ Հավիտենականն է բոլոր օրհնությունների պարգևատուն: «Այո՛, Դու ծածուկ ես մնում իմ սահմանափակ մտքի համար, ընկճում, վիրավորում ես ինձ, բայց ահա ես տեսնում եմ Քեզ, տեսնում եմ պաշտելու և սիրելու համար: Մնա՛ իմ կողքին, մի՛ հեռացիր ինձնից, ես Քեզ բաց չեմ թողնի, մինչև չօրհնես ինձ»:

Եվ թեպետ Նահապետն այս «անմահ կռվից» դուրս է գալիս վիրավորված, բայց շարունակում է ապրել օրհնված կյանքով: Այդպիսին են նաև մեր բարոյական ու հոգևոր բոլոր պայքարները, անհունության մեր բոլոր ձգտումները:

Անհունն ինքնին հրապուրում է մեզ, մենք ցանկանում ենք այն ըմբռնել իր ամբողջությամբ, հասկանալ այն, սակայն անկարող լինելով ըմբռնել՝ մենք մնում ենք այնտեղ, որտեղ որ էինք: Եվ թեև այդպիսով մեր բանականությունն ընկճվում, հոգնում ու վիրավորվում է, սակայն այդ պայքարից հետո մեր և հավիտենականության միջով փառքի ու զորության մի ճառագայթ է անցնում, որը, նույնիսկ կարող ենք ասել, շողարձակում է խորհրդի ամպերի միջից:

Թեև անհունի հետ այս պայքարը մահացու է, սակայն միևնույն ժամանակ նաև այն սրբացման ուղի է: Ահա այս պայքարն է, որ ցայժմ մղվում է կրոնական երեք մեծ հարցերի, երեք մեծ խորհուրդների համար, որոնք են՝ Աստված, Հիսուս Քրիստոս, մարդը:

***

Հնագույն շրջանի փիլիսոփաներից Թալեսը հատկանշական պատասխան է տալիս Կրեսոս թագավորի այն հարցումին, թե «ի՞նչ է «Աստված» կոչվածը»: Թալեսն անմիջապես չի պատասխանում այս հարցումին, այլ պատասխան տալու համար մեկ օր է խնդրում: Մեկ օր անց Կրեսոսը նորից կրկնում է իր հարցումը. «Ի՞նչ է «Աստված» կոչվածը»:

Թալեսը կրկին երկու օր ժամանակ է խնդրում, և երբ ժամանակը լրանում է, դարձյալ չորս օր է հայցում: Եվ վերջապես իրավամբ սրտնեղած թագավորը պահանջում է, որ փիլիսոփան անհապաղ պատասխանի: Այնժամ Թալեսն ասում է. «Տե՛ր արքա, մի՛ սրտնեղիր պատասխանս ուշացնելու համար: Դու ինձ մի հարցում ուղղեցիր, որի հետևանքով միտքս ընկճված, խորտակված է, քանի որ որքան ուզում եմ սահմանել, թե ի՛նչ է Աստված, այնքան Նա խույս է տալիս իմ մտքից և ինձ անկարող եմ զգում՝ իմ պատասխանով քեզ գոհացնելու հարցում»:

Եկեղեցու վարդապետներից Տերտուղիանոսը մեծապես սխալվում է, երբ արհամարհանքով է արտահայտվում այս իմաստուն պատասխանի առթիվ: Բանականությունը չի կարող ճշգրտորեն տալ անսահմանի սահմանումը: Այն թեև մի կողմից նշմարում է այդ անսահմանը, բայց և նկատում է, որ անսահմանը խուսափում է բանականությունից: Անսահման վեհափառությունը թաքնվում է անչափելի խորհրդի ներքո:

Արդ, բանականության և Ավետարանի լույսով Աստծու մասին երկու հատկորոշող բնութագիր է ի հայտ գալիս: Դրանք Աստծուն ավելի մեծասքանչ ու սիրելի են դարձնում մեր աչքին: Մի կողմից՝ Աստծու անհունությունը, մյուս կողմից՝ Նրա անձնավորականությունը: Մեր տեսակետն այն է, սակայն, որ անհունությունն անձնավորություն չի կարող լինել, ոչ էլ անձնավորությունը՝ անհունություն:

Մեր մտքում անհունությունն ու անձնավորականությունը հակասություն են ստեղծում: Մենք պնդում ենք, որ անհունությունն անձնավորություն չի կարող լինել, իսկ անձնավորությունն էլ չի կարող անհուն լինել:

Աստծու մասին մեր պատկերացումն ընդարձակվում է, երբ առավել մանրամասն ենք ուսումնասիրում տիեզերքը: Արդի գիտությունը մեր առջև բացում է Աստծու մեծ ու գրավիչ կերպարանքը՝ ցույց տալով Նրա ներկայությունը տիեզերքի անսահմանորեն մեծ և անսահմանորեն փոքր հրաշալիքների մեջ, այն դյութելու աստիճանի մանր, բայց և ահարկու զորությունների մեջ, որոնք միայն խոշորացույցով կարելի է տեսնել և որոնց գոյության մասին տակավին երեկ աշխարհը տեղեկություն չուներ:

Մի՞թե ավելի լավ չէ լռել ու պաշտել արարածների, անսահմանորեն մեծ ու փոքր այն ամեն բանի Արարչին, որոնց թիվն իսկ մեզ սարսափեցնում և մթագնում է մեր միտքը: Իմացականությունն ու երևակայությունը պարտվում են այս իրականությունների առջև: Դա որքա՜ն ծանր պարտություն է մեր խեղճ ու աղքատ մտքի համար:

Սաղմոսերգուն, Աստծու այս անսահմանությունից շփոթված ու հուզված, հազիվ ճանաչած լինելով սահմանավորները՝ գոչում էր. «Ո՞ւր գնամ ես Քո հոգուց և Քո երեսից ես ո՞ւր փախչեմ»: Արդյոք մե՞նք ինչ պիտի երգեինք, ի՞նչ պիտի բացականչեինք: Չէ՞ որ մենք էլ նույնը պիտի գոչեինք ավելի մեծ սարսափով ու շփոթությամբ:

Երբ մտքով երկինք եմ բարձրանում, ոչ միայն կապուտակ երկնակամարը, այլև երկինքների երկինքն է պատմում Քո մասին, երբ սլանում եմ ծովերի միջով, մեր երկրագունդը ծածկող ջրերից զատ մեզ համար անհայտ աշխարհները պատող օվկիանոսներն են վկայում Քո գոյության մասին, ո՜վ ամենազոր Աստված, ամենուր Քո ներկայությունն եմ զգում, ամեն կողմում Քեզ եմ տեսնում, Դու ապրում ես, Դու գոյություն ունես ամենուրեք, Քո ձեռքն ամենքի վրա է:

Ո՜վ անսահման մեծություն, որ ընկճում ես ինձ, որ ինձ մղում ես սոսկումի, որ սարսափեցնում ես ինձ: Օ՜հ, Աստվա՛ծ, ես երկյուղով ծնրադրում եմ Քո առջև ու պաշտում եմ Քեզ:

Մյուս կողմից, սակայն, մեր գիտակցությունն ու բանականությունը միևնույն համոզվածությամբ պնդում են, որ Աստված անձնավորված է: Անձնավորյալ Աստված միայն կարող է համապատասխանել մեր խղճին ու գիտակցությանը, քանի որ բարոյական կատարելությունը կարող է իրականանալ անձնավորության մեջ: Առանց անձնավորվածության չկա նաև բանականություն:

Ցածր աստիճանին գտնվող էակներն անձնավորում չունեն: Տունկերի, ծառերի մեջ միայն շա՜տ անորոշ մի ստվեր է երևում անձնավորության: Ավելի վեր՝ կենդանիների մեջ, մի փոքր ավելի լավ է ընդգծվում անձնավորումը:

Ավելի բարձր դիրք ունեցող էակների՝ մարդկանց մեջ նկատելի է արդեն ազատությունը, որ պատասխանատվություն ենք կոչում, և բարենպատակ ու վսեմ հոգու տեր մարդու, ներշնչյալ մարգարեի կամ հանճարի մեջ այդ անձնավորվածությունն ավելի հայտնի ու խոսուն է լինում:

Հետևաբար՝ Աստված բարձրագույն անձնավորությունն է, Նա էակների և իրերի ամբողջությունը կամ տիեզերական օրենքը չէ: Աստված կյանքն իսկ է, բուն անձնային կյանքը, այլապես Նա Աստված չէր լինի, քանի որ Նրան կպակասեր վեհացումի ու կատարելության նշանը:

Այս համոզումը մղում է խղճով և գիտակցությամբ գործելու, մի բան, որը մեծ ուրախությամբ է լցնում իմ ողջ էությունը: Այլևս Աստծուն ինձ մոտ եմ զգում, զգում եմ, որ Նա նայում է ինձ և հոգ է տանում իմ մասին: Այդուհետ ես սկսում եմ խոսել Նրա հետ, զգում եմ, որ Նա պատասխանում է, ուրեմն արդեն իսկ սուրբ հաղորդակցություն է հաստատված Տիրոջ և ծառայի, Հոր և որդու միջև:

Նա Հայր է, և իսկապես ամենավսեմ մի փիլիսոփայություն կա պարփակված Տիրոջ ուսուցանած աղոթքի մեջ: «Հայր մեր» խոսքով ակնարկ է արվում Աստծու անձնավորականությանը, իսկ «որ երկնքում ես» խոսքն ակնարկում է Աստծու անսահմանությունը:

Վերոնշյալ երկու իրողությունների առջև իմ բանականությունը միություն է տենչում, փնտրում է համաձայնություն: Ահա այստեղ է, որ սկսվում է ներքին պայքարը, ահա այստեղ է, որ փայլատակում է անհամաձայնությունը, և իմ տրամաբանությունն անկարող է դառնում ըմբռնելու:

Ես միջոց եմ փնտրում, ջանում եմ հասկանալ այս երկու հակընդդեմ իրողությունները, խորհում եմ, կրկին ու կրկին խորհում... և իզո՜ւր, ճարահա՜տ միայն այս աղոթքն եմ բարբառում. «Ասա՛ ինձ, ո՜վ Դու, որ ամեն ինչ ես, այդ ինչպե՞ս է, որ նաև անձնավորվածություն ունես»: Դարձյալ չեմ կարողանում ըմբռնել:

Ինչպե՞ս է հնարավոր, որ Նա, Ով ամեն ինչ է, որ անսահման է, Ումից դուրս որևէ բան չկա, կարող է ունենալ նաև սահմա՞ն, այսինքն՝ «Է»-ն կարող է «Ես» ունենա՞լ: Ինչպե՞ս կարող է անսահմանությունը համերաշխել անձնականության հետ: Անթափանցելի, անքննելի մի խորհուրդ է դա, որի առջև ես ձեռնունայն եմ մնում՝ հակառակ ողջ ուժերս կենտրոնացնելուն:

Իմ բոլոր ջանքերն ունայն են և միայն ցավ են պատճառում: Իզուր եմ հառաչում և գոչում. «Ցո՛ւյց տուր ինձ Քո բնությունը, ասա՛ ինձ Քո անունը»: Միևնույն է, պատասխան չեմ ստանում: Այլ խռովվում ու հուսահատվում եմ՝ գոչելով. «Ո՜վ խորհուրդ, ո՜վ խորություն»: Այո՛, իմ միտքը պարտված ու վիրավորված է...

Սակայն նաև օրհնված եմ, չէ՞ որ այս հայեցողությունը թեև վերիվայր է շրջում միտքս, բայց նաև բոցավառում է սիրտս: Խորհուրդը որքան էլ ահասարսուռ բնույթ ունենա, միևնույն է, գուցե և միայն այդ իրողության՝ խորհուրդ լինելու պատճառով է, որ ես կարող եմ նշմարել Աստծու անսահմանության և անձնականության կրկնակ հանգամանքները:

Թեև ես սարսափում եմ Աստծու անսահմանության առջև, սակայն Նրա անձնականության շնորհիվ էլ վայելում եմ Տիրոջ գուրգուրանքը, որ սիրտս լցնում է սիրով և հույսով: Ես այլևս միայնակ չեմ, Նրան իմ կողքին եմ տեսնում, զգում եմ, որ Նա բռնել է իմ ձեռքը:

Հոգիս անսահման ուրախությամբ է լցվում, նշմարում եմ Երկնավոր Հոր լուսափայլ դեմքը և զգում եմ, որ վայելում եմ Նրա օրհնությունը: Թեև իմ տրամախոհությամբ վիրավորված եմ, բայց սրտովս վայելում եմ մի անպատում օրհնություն:

Ես դիմում եմ Նրան՝ գոչելով. «Ուզում եմ Քեզ մշտապես տեսնել, Քեզ փնտրելը բերկրություն է ինձ համար, փույթ չէ, որ երբեք էլ չկարողանամ Քեզ հասնել: Մի՛ հեռացիր ինձնից, մնա՛ կողքիս. թույլ չեմ տա, որ գնաս, մինչև չօրհնես ինձ: Օրհնի՛ր ինձ Քո զորության, Քո լույսի ճառագայթով: Օրհնի՛ր Քո լույսի ու սրբության ճաճանչով, և հոգ չէ, որ քողերով ծածկված է Քո իսկությունը, Քո դեմքը:

Հոգ չէ, որ ես իմ ապիկարության պատճառով չհասկանամ ու չըմբռնեմ Քեզ: Ի՞նչ փույթ, որ միտքս վիրավորվի, ճմլվի ու մահանա: Սրտովս պաշտեցի Քեզ, սիրեցի, աղոթեցի, տեսա Փանուէլը, տեսա Քո դեմքը և զգացի, որ հոգիս փրկված է»:

***

Նույն հոգեվիճակում եմ հայտնվում նաև Հիսուս Քրիստոսի մասին խորհելիս: Երբ խորհրդածում եմ այդ թեմայով, միտքս ընկճվում ու վիրավորվում է, բայց սիրտս հրճվում է: Պատմության դեմ մղած մտքիս կռվից ելնում եմ ճմլված, բայց և օրհնություն ձեռք բերած:

Երբ Քրիստոս խոսում է չարի մասին, երբ Իր անմահ խոսքերով պայքարում է փարիսեցիների դեմ կամ քարոզում է Գալիլիայում, կամ էլ երբ հայտարարում է մահվան դեմ տարած Իր հաղթանակի մասին, Նրան ունկնդրելն իմ սրտի համար իսկապես երկնային քաղցրություն և փրկարար շնորհ է:

Միտքս, սակայն, խռովվում է իր իսկ բերած պատճառաբանություններով: Մտքիս համար անհրաժեշտություն է հասկանալ և բացատրել, թե Հիսուսի հեղինակությունը որտեղից է գալիս, Նա ինչպե՞ս էր կարողանում այդքան զորեղապես պահել Իր ազդեցությունը և այն օրեցօր ավելի ազդու դարձնել:

Ահա այստեղ է, որ միտքս շփոթվում ու խռովվում է և անթափանցելի մի խորհուրդ անհանգստացնում ու հուզում է ինձ: Պարզորոշ տեսնում եմ Նրա արտասովոր, վսեմ կյանքը: Հազիվ երկու-երեք տարի երևում է աշխարհի թատերաբեմի վրա և ապա աներևութանում է, սակայն Փրկչի հեղինակությունն այնպիսի խանդավառություն է առաջացնում Նրա բարեկամների մեջ, որ Նրան բարձրացնում է մինչև երկինք:

Հրեական աշխարհը, Հիսուսի հեղինակության վրա ապշած, ասում է. «Նա Մեսիան է»: Հունական աշխարհի ներկայացուցիչները Քրիստոսի մեջ մի գերբնական իմաստություն են տեսնում և ասում են. «Նա Լոգոսն է»: Այդ երկու աշխարհներն էլ միայն ու միայն հիացումի խոսքեր են բարբառում:

Քրիստոսի այս վերընթացը անդադար շարունակվում է, և ահա Նա դասվում է Աստծու գահի աջակողմում: Նա թագավորում է, և Նրա թագավորության ազդեցությունն անսահման է: Երկիրը լի է Փրկչի անունով, Նրանից բարոյական ու նյութական օրհնություններ են հոսում, Նա խռովում է աշխարհը, Նրա անունից երկիրը սարսում ու դողում է, ոմանք՝ հիացումի, ուրիշներն էլ ատելության աղաղակ են բարձրացնում, և այդ աղաղակները տակավին շարունակում են հնչել և հավիտյան էլ պիտի հնչեն:

Ուրեմն ո՞վ է Նա, որ այսքա՜ն մեծասքանչ արդյունքներ է գրանցել այն դեպքում, երբ Ինքն, ըստ երևույթին, շա՜տ աննշան սկիզբ ուներ: Ինչպե՞ս է այդ «անշուք» Նազովրեցին, ընդամենը մի քանի տարի քարոզելով, Իրենից հետո եկող բոլոր դարերը հուզումի մատնում: Ինչպե՞ս է դա լինում, որտե՞ղ է պետք փնտրել գաղտնիքը:

Միտքս չարչարվում է իրողությունները բացատրելու համար, այն ճգնում է ներթափանցել դեպքերի խորքերը՝ դրանք մանրակրկիտ ուսումնասիրելու, սակայն իրեն անկարող է համարում դա անելու և մեծ դժվարությամբ միայն որոշակի ընդնշմարումների է հանգում:

Եթե անգամ բանավարականների տեսությամբ փորձեմ բացատրել Նրա էությունը, դարձյալ պատմականորեն ու գիտականորեն անլուծելի խնդիրների առջև կկանգնեմ, որի հետևանքով վիրավորանք ու ցավ պիտի զգամ: Եթե անգամ Ուղղափառ Եկեղեցու բացատրություններն էլ ընդունեմ, այդ կերպ ևս չեմ կարող գոհացում ստանալ, քանի որ Եկեղեցու տված բացատրությունները շա՜տ խոհափիլիսոփայական ու մասնավոր են:

Վերջապես ուր էլ դիմեմ, չեմ կարող կատարյալ իմացություն ձեռք բերել ա՛յն Էակի մասին, Որն, իրավամբ, որքան մաքուր ու մարդկային է, այնքան էլ սրբափայլ և աստվածային ձևով է ներկայանում:

Դարձյալ ինքս ինձ եմ անդրադառնում, մտքովս որևէ եղանակ եմ փնտրում այս անլուծելի խնդիրը լուծելու համար, սակայն կրկին չեմ կարողանում լուծում գտնել: Միտքս հուսահատ խռովվում է, զգում եմ, որ իմ ողջ պատմական հմտության մեջ քայքայված եմ, սպառվել են իմ տրամախոհությունն ու քննադատական բոլոր ուժերս, ինձ վիրավորված ու ճմլված եմ զգում:

Այդուհանդերձ զգում եմ նաև, որ սրտով օրհնված եմ: Որքան նայում եմ Հիսուսին, այնքան Նա ինձ գրավում է, և այդ սուրբ հաղորդակցությունն ինձ մեծագույն ուրախություն է պատճառում: Այո՛, թեև խորհրդի անթափանցելի քողերը ծածկում են Նրա ծագումը, զարգացումն ու հրաշալի կյանքը, սակայն այդ քողերը որքան սքողում են, այնքան Նրա կյանքն ինձ ներկայանում է գերազանց զորությամբ ու սրբությամբ և դառնում է հավետ պաշտելի:

Նրա խոսքերը մեծաձայն արձագանքում են իմ մեջ, իսկ Նրա գործերն ինձ երևում են է՛լ առավել սրբությամբ, գթությամբ ու կենդանությամբ զեղուն: Երախտագիտական զգացումով և ուրախությամբ եմ հիանում հոգիներն առինքնող այդ մեծ ու աննման Հեղինակությամբ, սրտերին խաղաղություն պարգևող այդ Հրեշտակով, Որը փոխակերպել և պայծառացրել է մարդկային սիրտն ու հոգին: Այս ամենին վկա լինելով՝ իմ սիրտն ու հոգին ևս վերանում են դեպի երկինք:

Ի՞նչ փույթ, որ Նրա էության ու բնության վերաբերյալ հարցն անլուծելի է մնում, ի՞նչ փույթ, որ անթափանցելի խորհուրդը քողարկում է Նրա ծագումն ու կյանքը, ի՞նչ փույթ, որ իմ բանականությունն ու քննադատությունը մնում են շփոթված, ապիկար և վիրավոր:

Այո՛, ես պարտված ու վիրավորված եմ իմ գիտությամբ և տրամաբանությամբ՝ անկարող լինելով պատմական վերլուծությունների միջոցով իսկապես հասկանալու Հիսուսի կյանքը: Հոգ չէ... Բավական է միայն, որ ես Նրան տեսնեմ շա՜տ մոտից: Նա իմ ուրախությունն է, և ես այլևս փափագում եմ Նրան հետևել, քանի որ Նա իմ փրկությունն է:

Ես ուզում եմ Փրկչի հետ ապրել, Նրա հետ մեռնել և հարություն առնել: Նա իմ գերագույն օրհնությունն է: Եվ վերջապես, չնայած խորհրդի անհասանելիությանը և անգամ հենց այդ խորհրդավորությա՛ն շնորհիվ, ահավասիկ, ես տեսնում եմ Աստծու ներկայությունը Հիսուսի էության մեջ:

***

Անդրադառնալով արդեն մեր էությանը, մեր անհատական բնությանը՝ տեսնում ենք մարդկային էակի մի կողմը, մի երեսը միայն: Մի կողմ թողնենք մարդու ծագման ու նրան առնչվող այլևայլ հանգամանքների խորհուրդը, նկատի ունենանք միայն մարդու ապագան, այսինքն՝ այն հանդերձյալ կյանքը, որը մեր սրտի պահանջն է և որի վերաբերյալ Ավետարանն այդքան մեծ գրավչությամբ է խոսում:

Հակառակ ոմանց կարծիքների՝ մենք մտածում ենք, որ ներկայիս գիտական մեծ շարժումը չի կարող տկարացնել հավիտենական կյանքի գաղափարը, այլ ընդհակառակը, դեռ մի բան էլ նպաստում է այդ գաղափարին ու ամրապնդում է այն: Մասնավորապես մեր առջև են հառնում երկու շա՜տ նշանակալից իրողություններ: Նախ՝ տիեզերական այն օրենքը, որը բացահայտվել է ժամանակակից գիտության ջանքերով, մեզ առաջնորդում է այն համոզման, որ որևէ բան չի կորսվում ու որևէ բան չի մեռնում ո՛չ նյութական աշխարհում, ո՛չ սոցիալական աշխարհում ու ո՛չ էլ բարոյական աշխարհում:

Ներկա դարի բեղուն մտածումներից մեկն այն է, որ կյանքն անվերջ հավիտենություն է նորանոր ձևերի ներքո, և այս մտածումը գոհացում է տալիս հոգու՝ հավիտենական կյանքի հանդեպ ունեցած փափագին և արիացնող ու սրտապնդող լույս է պարգևում:

Իսկ այն մյուս իրողությունը, որն արձանագրվել է դարձյալ մերօրյա գիտության ջանքերով, բազմաթիվ աշխարհների գոյության տեսությունն է, և ի դեպ, այդ աշխարհները ևս ամենայն հավանականությամբ լեցուն են բնակիչներով՝ մեր այս աշխարհի նմանողությամբ: Եվ այդ աշխարհներում ևս մտքերը՝ զարգանում և հոգիները լուսավորվում են Աստծու հայրական հայացքի ներքո, իսկ բնակիչների շուրթերն օրհնում են Արարչի սերն ու զորությունը:

Այսպիսով, ուրեմն, խանդավառ միտքը տիեզերքի անջրպետից էլ անդին է գնում և տեսնում է մի անսահման ասպարեզ, որով հագենում են մարդու սրտի փափագները, և նա կարողանում է տեսնել երկնավոր Հոր բնակարաններն ու օթևանները, և ամեն բան նպաստում է հավիտենական կյանքի գաղափարին:

Դրա հետ մեկտեղ, սակայն, ունայն միտքը առաջ է բերում նաև իր առարկությունները: Բանականությունն իր օրինավոր պահանջներն ունի: Ներկա դարի մտազբաղումներից մեկը մարդկային էության միությունն է. մենք չենք կարող ըմբռնել մարմինն առանց հոգու և ոչ էլ հոգին՝ առանց մարմնի:

Արդ, երբ ասում ենք, որ մարմինը մեռնում է, իսկ հոգին՝ ապրում, պետք է տանք նաև դրա բացատրությունը. այդ ինչպե՞ս է լինում: Եվ եթե հոգին ապրում է, ուրեմն ի՞նչ նոր կերպարանք է զգենում: Որտե՞ղ, որպիսի՞ պայմաններում կամ աշխարհներում է սահմանափակվում հոգու գոյության շրջանակը:

Նա ինչպե՞ս կարող է ճանաչվել յուրայինների կողմից: Սրանք անթափանցելի խորհուրդներ են, և մեր հայացքն ընկղմվում է անհունության խորհրդի մեջ: Միտքը դողահար շփոթվում է, մտքի մեջ պայքար է սկսվում, միտքն ընկճվում ու վիրավորված՝ պարտվում է:

Այդուհանդերձ, հակառակ նրա, որ մեր միտքը վիրավորվում է, հոգին, սակայն, գերագույն օրհնության է արժանանում, քանի որ որքան մոտենում ենք հավիտենական կյանքին, որքան ուզում ենք այն ուսումնասիրել (չնայած, որ խորհուրդը սքողում է այն), այնքան մեր սրտում խաղաղություն, մխիթարություն և ուրախություն է հորդում:

Հավիտենությունը մեզ համար ավելի ստույգ ու էական է դառնում այդժամ: Մենք տենչում ենք այն նոր երկնքին ու նոր երկրին, որտեղ, ըստ մեր հավատքի թելադրած պատկերացումների, բնակվում է արդարությունը:

Մեր ողջ անհամբերությամբ մենք ձգտում ենք այդ հավիտենությանը: Մենք ծարավի ենք լույսի, մենք տենչում ենք երկնային Երուսաղեմը և ուզում ենք պայծառապես տեսնել այն: Մեր բոլոր ողբերով հանդերձ մենք ձգտում ենք նրան, այն ենք փափագում և խնդրում ենք մեր այն սիրելիների անունով, որոնք անվերադարձ հեռացել են մեզնից:

Եվ որքան մոտենում ենք հավիտենությանը, այն ոչ թե հեռանում է, այլ դադարում է երազ լինելուց, այն մեզ շա՜տ մոտ ենք զգում, նույնիսկ տեսնում ենք այն ու հպվում ենք նրան: Նա ժպտում է մեզ, իսկ մենք էլ նրան ենք ժպտում:

Անշուշտ, բանականության ուժով չենք կարող բացահայտել «ինչպես»-ը կամ «ինչու»-ն: Մեր բանականությունը խոցված է, բայց նույնիսկ այդ դեպքում մենք տեսնում ենք հավիտենական կյանքը, տեսնում ենք Փանուէլը, օ՜հ, տեսնում ենք երկնքի լուսաշող ճառագայթումը:

Չխռովվենք ու չգայթակղվենք խորհրդի պատճառով: Խորհուրդը բացարձակ անհրաժեշտություն է պաշտամունքի համար: Թող որ խորհուրդը մեզ համար մերժումի և սրտաբեկության պատրվակ չդառնա, այլ դեռ մի բան էլ թող այն լինի սուրբ և աստվածային մի գրգիռ: Մտքի այդ պայքարների մեջ վիրավորվելն իրապես օրհնություն է, քանի որ թեպետ այն մեզ ցավ ու վիշտ է պատճառում և ընկճում է, բայց նաև առավելաբար բարձրացնում է մեր պաշտամունքի առարկայի նշանակությունը:

Մարդ հոգով դեպի բարձունքներն է փափագում և պաշտում է այդ բարձունքները միայն այն ժամանակ, երբ չի կարողանում հասնել դրանց: Այն գերզգայական իրադարձությունները, որոնց հազիվ մի աննշան մասն ենք միայն նշմարում, իսկ մյուս՝ անսահման մասը խորհրդի մեջ է սքողվում, պետք է անթափանցելի ու անհասանելի մնան նույնիսկ մեր հոգեկան ազնվացման և կատարելության ու սրբության համար: Դրանք թեև պիտի ընկճեն մեր իմացականությունը, սակայն պիտի բոցավառեն մեր սրտերը և պիտի ազնվացնեն ու սրբացնեն մեր հոգիները:

Ո՜վ աստվածային վեհափառ անսահմանության սուրբ իրողություններ, ո՜վ Հիսուսով ի հայտ եկած գաղափարականի վսեմ ու գերագույն բարձրություններ, ո՜վ անմահության հավիտենական կյանք, մեզ համար մշտապես հրապույր ու հափշտակությո՛ւն եղեք:

Մեր հոգու աչքերի համար անչափելի, անթափանցելի ու մութ մնացեք, սակայն մի՛ աներևութացեք: Մենք ցանկանում ենք անդադար գալ դեպի ձեզ, քանի որ ձեր միջոցով է, որ պետք է օրհնված զգանք մեզ: Ո՜վ Փանուէլ, լինես դու մեր հոգու աղաղակը, թե վշտագին ու սուրբ վիրավորանքի արձագանքը, միևնույն է, մենք մշտապես ուզում ենք տեսնել Քո սուրբ դեմքը, ո՜վ կենդանի Աստված. ամեն:

 

Տեր Ղևոնդ եպս. Դուրյան, «Պարզ քարոզներ», Ե հատոր, Փարիզ, 1927 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

26.09.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․