Գրքեր

Մարգարիտը

Թագավորը մի աղքատ մարդու ժամանակ առ ժամանակ մեկ մարգարիտ էր նվիրում, որպեսզի սա կարողանա այն վաճառել և իր ընտանիքի հոգսերը հոգալ: Սակայն թագավորին տեղեկացնում են, որ այդ մարդը մարգարիտները հավաքում և իր համար զարդեր է պատրաստում և կանչելով նրան իր պալատը` մի պատմություն է պատմում.

- Մի մարդու խնձորենու այգի նվիրեցի, սակայն սա կտրեց այգու ծառերը և վառելափայտ դարձրեց, այնուհետև եկավ ու ինձանից խնձորենու պտուղներ խնդրեց: Հիմա ինչպե՞ս վարվեմ այդ մարդու հետ:

Աղքատ մարդը մտածում է և ասում.

- Ոչինչ էլ մի´ տուր, նախ թող այգուն հասցրած վնասը վերադարձնի, այնուհետև պտուղներ խնդրի:

Թագավորը պատասխանում է.

- Ահա ինքդ էլ քո խնդրանքի պատասխանը տվեցիր: Չէ որ մարգարիտները տալիս եմ ոչ թե այն իմաստով, որ քեզ համար զարդեր պատրաստես, թեև դրանք նաև այդ նշանակությունն ունեն, այլ ընտանիքիդ հոգսերը հոգաս: Արդ, այժմ վերադարձրու մարգարիտները, որոնք քեզ նվիրել եմ:

 

Երկնային Նախախնամության կողմից ինչ մեզ տրվում է, հաճախ տրվածի իմաստն ու նշանակությունը խառնում ենք իրար: Հոգևոր իմաստություն է անհրաժեշտ, որպեսզի տվյալ իրողության իմաստը հասկանանք, թեև դա կարող է այլ բանի համար էլ նշանակություն ունենալ, սակայն տվյալ իրավիճակում իմաստի ընկալումն է, որ օգնում է մարդուն կատարել Աստծու կամքը և շարունակաբար նոր օրհություններ և պարգևներ ստանալ:

 

 

Հովհաննես Մանուկյան

08.11.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․