Գրքեր

Մեծ խնջույքը

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,

Սիրտս լի է աստվածապարգև ուրախությամբ և հույսով, և այս պահին շտապում եմ խնդությունս ձեզ հետ կիսել, քանզի դուք էլ անմասն չեք Աստծո այն անգին պարգևից, որի մասին պիտի խոսեմ այսօր: Ցնծացեք, սիրելինե՛ր, քանզի բոլոր այստեղ ներկա եղողներս հրավիրված ենք մի մեծ խնջույքի: Այո, բոլո՛րս, բոլոր մարդիկ անխտիր, և խնջույքն էլ մեր իմացած այն սովորական հավաքույթներից մեկը չէ, որը մի քանի ժամից ավարտվելու է և իրենից հետո թողնելու ծանրացած ստամոքսներ ու գլուխներ, սակայն որի համար լավ պատրաստվում ենք և այնքան ուրախանում, երբ հրավերք ենք ստանում դրան մասնակցելու: Այս խնջույքն անանց է, սիրելինե՛ր, և անանց են դրա պարգևած ուրախություններն ու երանությունները: Հուսամ հաջողվեց ոգևորել բոլորիդ և այժմ անհամբեր սպասում եք այդ հրաշալի խնջույքի հրավիրատոմսերին, սակայն սպասելու անհրաժեշտություն ամենևին էլ չկա, սիրելի՛ հավատացյալներ, քանզի բավական է միայն բաց անեք ձեր սրտի ծոցագրպանը և կգտնեք այնտեղ այն անգին հրավիրատոմսը, որի մասին միգուցե մոռացել եք արդեն: Բայց այն այնտեղ է և հույսով սպասում է, որ մի օր անպայման վերցնելու եք իրեն ձեր ձեռքն ու անսահման երախտագիտությամբ վեր բարձրանաք դեպի խնջույքի սրահը տանող աստիճաններով: Մեկիդ մոտ այն միգուցե խունացել է՝ երկար ժամանակ գրպանում անտեսված մնալով, մյուսիդ հրավիրատոմսի եզրերը մաշվել են արդեն բազմաթիվ անգամ գրպանից անվճռականորեն հանելու, հետո կրկին տեղը դնելու պատճառով, իսկ երրորդի մոտ էլ այն ջերմացել է ափի մեջ ամուր սեղմվելուց, քանի որ դրա հասցեատերը հաստատապես է որոշել մասնակցել այդ խնջույքին և իր հրավիրատոմսը կրծքին սեղմած, հաստատուն քայլերով դեպի իր նպատակակետն է գնում: Վստահ եմ հասկացաք, որ խոսքս Երկնակալ Տիրոջ կազմակերպած խնջույքի մասին է, որի մասին Տեր Հիսուս Քրիստոս պատմեց Իր «Մեծ խնջույքի» (Ղուկ. 14:16-24) կամ «Հարսանիքի հրավիրվածների» (Մտթ. 22:1-10) առակում, որն այսօր մեր ավետարանական ընթերցումն է, և այն մեծ պատվի, որ յուրաքանչյուրս ունենք դրան մասնակցելու:

Ես չգիտեմ, թե ձեզնից յուրաքանչյուրը, իր կյանքի որ հատվածում հստակ գիտակցեց, որ ինքն էլ է կանչվածների թվում՝ եղավ դա մկրտությա՞ն պահին, Սուրբ Գրքի որևէ տող ընթերցելուց հետո՞, եկեղեցու շեմից ներս մտնելու ժամանա՞կ, թե՞ մերձավորի շուրթերից հնչած Աստծո խոսքերից հետո, բայց հստակ գիտեմ, որ մեր Երկնավոր Հայրը չի անտեսել իր որդեգիր զավակներից և ոչ մեկին, և մի որոշակի պահի թակել է նրա հոգու դուռն ու Իր խնջույքի հրավերը փոխանցել նրան: Սա բառիս լավ իմաստով խենթանալիք իրողություն է, որ կատարվում է յուրաքանչյուրիս հետ և յուրաքանչյուրիս համար անհատապես: Պատկերացնելու համար, թե ինչ գերագույն պատիվ է արել մեզ Ամենակարող Աստված՝ կազմակերպելով և մեզ հրավիրելով Իր մեծ ուրախությանը, բավական է միայն գլուխներս բարձրացնենք վեր ու նայենք երկնքի անսահմանությանը, իսկ հետո մտածենք, թե ով ենք մենք՝ այդ անսահմանության համեմատ: Չնչին էակնե՞ր՝ մրջյունից էլ փոքր, թերևս այո, բայց ի սկզբանե Ամենակալի պատկերով և նմանությամբ արարված, ծնված Նրա անսահման սիրուց, գուրգուրված Նրա անեզր հոգատարությամբ և անասելի պատվված՝ որդիներ կոչվելով:

Այո, մենք անասելի մեղավոր ենք, աղտոտ, ամբարտավան ու գոռոզ, և միգուցե իրավամբ մտածենք, որ արժանի չենք, Աստծո խնջույքին մասնակցելու, սակայն մեր Բարեգութ Հայրը վեր է այդ ամենից և այդպես չի մտածում: Ինչպես առակի ծերն է ասում. «Ավազակը մի խոսքով արդարացավ (Ղուկ. 23:42-43), և Հուդան մի գիշերում կորավ (Ղուկ. 22:47-48): Ուստի ոչ ոք թող չհուսահատվի և ոչ ոք թող վստահ չլինի իր անձի  վրա», քանզի միայն Աստծո անհուն ողորմածությունն է, որ արդարացնում է մեզ: Մենք ամբարտավանորեն հրաժարվում ենք Նրանից ու հեռանում, իսկ Նա գրկաբաց սպասում է մեզ: Մեղանչում ենք ու գարշահոտ արձակում մեղքի աղտոտությունից, իսկ նա զղջման արտասուքներ է տալիս մեզ, որոնցով էլ լվանում է մեր աղտեղությունները: Խոցոտվում ենք կրքերի նետերից, իսկ Նա ապաշխարության անուշաբույր բալասանով սրբում ու կապում է մեր վերքերը: Ամեն անգամ բռնում է մեր ձեռքը, երբ ընկած տեղից դեպի Իրեն ենք պարզում և անչափ ուրախանում է մեզ հետ, երբ ուրախության ու լիության պահին Իրեն չենք մոռանում: Այո, բազմաթիվ են մեր թերություններն ու տկարությունները, սիրելի՛ եղբայրներ և քույրեր, բայց Տերը երբեք Իր հույսը չի կտրում մեզնից և շարունակում է սիրել: Նա այնքան է սիրում ու սպասում մեզ, ձեզնից յուրաքանչյուրին, որ նույնիսկ մարդացավ, անհուն, անեզր, անսահման մեծությունը զգեստավորվեց մարդկային փոքրիկ մարմնով, որպեսզի Իր Սուրբ արյան հեղմամբ բաց անի Երկնային Արքայության դարպասները, որտեղ Իր խնջույքն է և անձամբ բերի մեզ այդ անանց խնջույքի ու կատարյալ ուրախության հրավերը:

Երևի թե կարելի էր այս սքանչելի ավետիսով ավարտել այսօրվա քարոզն ու ոգևորված տուն գնալ, եթե չլիներ մի «բայց»: Տեր Հիսուս Քրիստոս զգուշացրեց, որ ոչ բոլոր կանչվածները կմասնակցեն խնջույքին, քանզի հենց իրենք չեն ցանկանա դրան մասնակցել: Ոմանք հրեա ազգի պես ուղղակի չեն հավատա, որ նման բան կա և իրենք էլ կարող են մասնակցել դրան, քանզի կույր են հոգով և հոգևորը նյութականի մեջ են փնտրում: Ոմանք կհավատան, բայց խոսքով միայն, ուստի լուրջ չեն վերաբերվի, քանի որ իրենց աշխարհիկ ժամանակավոր կյանքն ու հաճույքները գերադասում են Աստծո պատրաստած հավիտենական ուրախությունից կամ կարծում են, որ կհասցնեն ինչպես հարկ է աշխարհիկը վայելել և հետո միայն մտածել հոգևորի մասին: Իսկ ոմանք էլ այնքան անմիտ կգտնվեն, որ կմտածեն, թե կարիք չկա ջանք թափելու ու ինչպես հարկն է խնջույքին նախապատրաստվելու, այլ կարող են իրենց հոգու աղտոտ շապիկով ներկայանալ Բարձրյալի խնջույքին: Սակայն ինչպես սուրբ Հովհան Ոսկեբերանն է զգուշացնում. «Աստծուն այնքան չեն բարկացնում մեր կատարած մեղքերը, որքան մեր չուղղվելու ցանկությունը, վաղվան մի թող այն, վաղը երբեք վերջ չունի»:

Ես չգիտեմ, թե դուք ինչ եք մտածում, սիրելինե՛ր, և որքանով եք պատրաստ ներկայանալու այդ կարևորագույն իրադարձությանը, բայց գիտեմ, որ պետք է շտապել, քանի որ ամեն ինչ պատրաստ է խնջույքի համար, սակայն ոչ ոքի հրավիրատոմսում նշված չէ այն ժամը, թե տվյալ անձը երբ պիտի ներկայանա: Ուստի, պետք է շտապել օր առաջ կարգի բերել մեր մտքերը, խոսքերն ու գործերը: Մշտապես հսկել, որպեսզի դրանք ընթանան Տիրոջ մատնանշած ուղով՝ այդ ճանապարհին հետզհետե մաքրվելով հին մարդու աղտերից և զարդարվելով նորի առաքինություններով: Թող Սուրբ Աստվածամայրն ու երանելի սրբերը, որ արդեն վստահորեն մասնակիցն են երկնային խնջույքի, բարեխոսեն մեզ համար Տիրոջ առջև, որպեսզի մենք էլ նրանց օրինակին հետևելով՝ սրբակենցաղ կյանքով, անհատնում վստահությամբ, մեծագույն հավատքով, ճշմարիտ սիրով ու քրիստոնեական խոնարհությամբ մաքրվենք, սրբվենք ու պատրաստվենք մասնակցելու այն մեծ հանդիսությանը, որ մեր Ողորմած Հայրն Իր ձեռքով է պատրաստել մեզ համար: Արդ, այսօր բոլորս միասին հանենք մոռացության մատնված մեր հրավիրատոմսերը, ամուր սեղմենք մեր կրծքին, բռնենք Սիրող Հոր ձեռքն ու վստահորեն քայլենք դեպի Մեծ Խնջույք: Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

10.12.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․