1 Հունիս, Բշ, Բ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ

 

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս,

Ամանորի տոնական այս երեկո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրական սիրով Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում ամենքիդ:

Ամանորը ժամանակի յուրօրինակ սահմանագիծ է հնի և նորի, անցյալի և ապագայի միջև և առիթ՝ գնահատելու անցած ուղին, արարված լավն ու բարին, թույլ տրված սխալները, որովհետև դրանց անկեղծ ու շիտակ գնահատականն է պայմանավորում այն տեսլականն ու ակնկալությունները, որոնցով մուտք ենք գործում 2020 թվական:

Անցնող 2019 թվականը պետական կյանքի վերակազմակերպման, նոր ծրագրերի, իրագործումների ժամանակ եղավ: Հայրենական, ազգային և հոգևոր մեր անդաստանում ունեցանք հաջողություններ: Դրական իրագործումների կողքին տակավին առկա են հրատապ լուծման կարոտ խնդիրներ և նոր մարտահրավերներ, որոնք պահանջում են մեր ողջ ժողովրդի համատեղ ջանքն ու աշխատանքը: Յուրաքանչյուրիս ծառայանվիրումի ոգին, պատասխանատվությունն ու դավանած արժեքներն են, որ պիտի իրական դարձնեն հզոր հայրենիքի, պայծառ ապագայի մեր տեսիլքները:

Նոր տարին նոր սկիզբ է մեր կյանքը նորոգելու և առաջընթացի ուղիներում հաստատուն պահելու: Մենք բոլորս պատասխանատու ենք մեր ապրած յուրաքանչյուր օրվա համար: Պատասխանատու ենք Աստծո, մեր պատմության, մեր նախնյաց և սերունդների առջև: Հայրապետիս հորդորն ու պատգամն է, սիրելիներ, որ այս գիտակցությամբ անենք առավելագույնը Հայաստանն ու Արցախը հզորացնելու, մեր կյանքը խռովող երևույթները փարատելու, ամրապնդելու համերաշխության ոգին մեր հասարակության մեջ և միասնականությունը ազգային մեր կյանքում: 2020 թվականը հայրենաշինության և ազգային կյանքի պայծառացման տարի դարձնենք միմյանց հանդեպ սիրով, բարու մեջ մեր նախանձախնդրությամբ և միշտ ապավինելով Աստծուն, քանզի ինչպես սաղմոսերգուն է ասում,- «Տերը մոտ է բոլոր նրանց, ովքեր կանչում են Իրեն, բոլոր նրանց, ովքեր կանչում են Իրեն ճշմարտապես» (144:18):

Ամանորի այս հուսառատ պահին Մեր ջերմ բարեմաղթանքներն ենք բերում ամենքիդ՝ պաշտոնյա, գործարար, մտավորական, արվեստագետ, հողի մշակ ու աշխատավոր, բոլոր բոլորիդ, ում ջանքերի, հավատքի, նվիրումի շնորհիվ զորանում են կամքն ու վճռականությունը կերտելու մեր հայրենիքի ու ժողովրդի անկասելի առաջընթացը: Հայրապետիս սերն ու բարձր գնահատանքը՝ Հայոց բանակի յուրաքանչյուր քաջարի զինվորին: Մեր աղոթքն ու օրհնությունը՝ նոր տարին ծառայության մեջ դիմավորողներին և այս պահին ընտանեկան օջախից հեռու գտնվողներին: Աղոթենք միասնաբար Մերձավոր Արևելքում դժվարություններ դիմագրավող մեր ժողովրդի զավակների, նաև նեղության մեջ գտնվողների, հոգով և մարմնով տկարների համար:

Մեր աղոթքը բարձրացնենք աշխարհի խաղաղության համար՝ հայցելով, որ Բարին Աստված Իր Սուրբ Աջի ներքո պահպանի մեր հայրենիքը, մեր ժողովրդին ի սփյուռս աշխարհի և արդյունավորի Հայաստանի և Արցախի մեր իշխանությունների ջանքերը դարերով փայփայած անկախ պետականության զորացման ճանապարհին:

Թող Փրկիչ մեր Տիրոջ սերն ու առատ շնորհները միշտ ձեզ հետ լինեն, հովանի՝ ձեր կյանքին և ձեր ընտանիքներին:

Շնորհավոր նոր տարի

01.01.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․