21 Դեկտեմբեր, Շբ
Եկեղեցու հիմնադիրն ու գլուխը Քրիստոսն է: Նա հիմնել է եկեղեցին և կոչում է մարդկանց մուտք գործել այնտեղ և երկրորդ ծննդյամբ՝ մկրտությամբ, դառնալ Աստծու որդեգիրը: Եկեղեցին Քրիստոսի Մարմինն է (Եփես. 1:22-23; Կող. 1:24), իսկ հավատավորները՝ այդ մարմնի անդամները: Սուրբ Գրքում կարդում ենք, որ «Տերն օրեցօր ավելացնում էր եկեղեցում փրկվածների թիվը» (Գործք Առ. 2:47): Տերը ցանկանում է բոլոր մարդկանց փրկությունը, և եկեղեցին հիմնել է այդ նպատակով: Եկեղեցին, Ս. Հաղորդությամբ միավորելով Աստծու որդեգիրներին Քրիստոսի հետ, փրկության է առաջնորդում:
Եկեղեցու հայրերից սբ. Կիպրիանոս Կարթագենացին շատ հակիրճ ու հստակ ասել է. «Նա չի կարող Աստծուն որպես Հայր ունենալ, ով չունի եկեղեցին որպես մայր»: Ինչպես մայրն է սնում իր զավակին կաթով, այնպես էլ եկեղեցին է սնում իր զավակներին սուրբ ընծաներով՝ Ս. Հաղորդությամբ: Ինչպես մայրն է երեխաներին դաստիարակում, այնպես էլ եկեղեցին է իր զավակներին ուսուցանում ճշմարտություն և աստվածահաճո կյանք: Ինչպես մայրն է խնամում իր երեխաներին, այնպես էլ եկեղեցին է պաշտպանում ու զորացնում իր զավակներին աստվածային շնորհների օգնությամբ: Ինչպես մայրն է աղոթում իր զավակների համար, այնպես էլ եկեղեցին չի դադարում աղոթել թե՛ այս և թե՛ հանդերձյալ աշխարհում ապրող իր զավակների համար: Ինչպես մայրն է ձգտում երջանկացնել իր զավակներին, այնպես էլ եկեղեցին կոչված է իր զավակներին առաջնորդել դեպի հավիտենական երանություն:
Քրիստոսահիմն եկեղեցու անդամները զորանում են՝ Տիրոջ խոսքը կյանքի կոչելով: Համբարձումից առաջ Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գնացե՛ք, ուրեմն, և բոլոր ժողովուրդներին Իմ աշակերտները դարձրեք: Մկրտեցե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Սովորեցրե՛ք նրանց այն բոլոր պատվիրանները, որ տվեցի ձեզ: Եվ ահա Ես ձեզ հետ կլինեմ միշտ՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28:19-20): Մկրտելու իրավունքը միայն հոգևորականներին է վերապահված, բայց Քրիստոսի բոլոր հետևորդներն իրենց խոսքով ու կյանքով կարող են Տիրոջ խոսքն ուսուցանել:
Որևէ հոգևոր խնդիր ծագելիս որոշները սկսում են հետևյալ արտահայտությունն անել, թե՝ ինչո՞ւ եկեղեցին և հոգևորականները չեն զբաղվում այդ հարցով: Այնինչ եկեղեցին, ինչպես վերը նշեցինք, միայն հոգևորականները չեն և ծագած խնդիրը բոլորի խնդիրն է: Քրիստոնեական հավատքը պաշտպանելու խնդիրը բոլոր քրիստոնյաների պարտավորությունն է, իսկ նման պարագաներում քրիստոնյաները նեցուկ են դառնում հոգևոր սպասավորներին: Ինչպես հրամանատարը չի կարող առանց բանակի իր ծառայությունն իրականացնել, այնպես էլ հոգևորականն՝ առանց Քրիստոսի հետևորդների: Յուրաքանչյուր քրիստոնյայի կոչումն է, իր շնորհների համաձայն, իր լուման ու ներդրումն ունենալ ի նպաստ իր մեծ ընտանիքի՝ եկեղեցու համայնքի: Հավատը կենդանի են պահում գործով և որևէ զոհողությամբ: Ողջ սրտով Աստծուն սիրող անձը Աստծուն ծառայելու բազմաթիվ միջոցներ է գտնում, քանի որ առանց ջանքերի հնարավոր չէ հաճելի լինել Աստծուն: Հանուն Աստծու փառքի գործողը մեծ օրհնությունների և պարգևների է արժանանում: Իսկ Տիրոջ կողմից տրված ամենամեծ պարգևը հոգու փրկությունն է: Ծառայասեր և զոհողության պատրաստ անձը կյանքի է կոչում Տիրոջ հետևյալ պատգամը՝ ավելի երջանկաբեր է տալը, քան առնելը (Գործք Առ. 20:35): Ճշմարիտ հավատը սեր ու ջանքեր է պահանջում: Ավետարանում՝ քրիստոնեական ճշմարիտ կյանքի համապարփակ ուղեցույցում, հստակ գրված է. «Հովհաննես Մկրտչի քարոզչության օրերից մինչև այսօր մարդիկ Երկնքի Արքայությունը ձեռք բերելու համար ուժ են գործադրում, և ուժեղները ձեռք են բերում այն» (Մատթ. 11:12), ուժով, այսինքն՝ ջանքեր գործադրելով: Տերը երբեք չի տալիս մարդուն խաչ, որը նա չի կարող կրել: Բայց եթե անձը բաց է թողնում Տիրոջը ծառայելու հնարավորությունները, ապա բաց է թողնում Երկնային Արքայությանը մոտենալու և Տիրոջը հանդիպելու հնարավորությունները: Մարդ ամեն օր կանգնած է կարևոր ընտրության առաջ՝ ծառայել Աստծուն, թե՞ մարդկության հակառակորդին: Մարդն առավել ժամանակ է տրամադրում իր մարմնին, քան հոգուն, այնինչ կյանքը տրվել է մարդուն, որպեսզի առաջնահերթորեն իր շարժման վեկտորն ուղղի դեպի Աստված: Տիրոջ ակնկալիքն է, որ կյանքի բոլոր ոլորտները ներծծված լինեն հավատքով: Դա հաստատվում է Պողոս առաքյալի հետևյալ խոսքով. «Հետևաբար, թե՛ կերած-խմած ժամանակ և թե՛ ուրիշ որևէ դեպքում, ինչ էլ որ անեք, ամեն ինչ արեք Աստծու փառքի համար» (Ա Կորնթ. 10:31): Եկեղեցու կյանքը քրիստոնյայի կյանքն է, նրա ամենօրյա ջանքերը:
Եկեղեցին ենթադրում է ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական հաղորդակցություն, և առաջինը չի կարող գոյություն ունենալ առանց երկրորդի, այսինքն՝ Աստծուն հանդիպելու համար մարդիկ պետք է նախ միմյանց հանդիպեն: Եկեղեցու անդամները՝ որպես մեկ ամբողջություն, ջանում են կյանքի կոչել Տիրոջ պատվիրանները: Այդ ամբողջության մեջ մեկն ուսուցանում է իր խոսքով, մեկը՝ եկեղեցում ծառայելով, մեկը՝ մերձավորին ծառայելով, մեկը՝ իր պարզ քրիստոնեական կյանքով, մեկը՝ հիվանդություններին և վշտերին համբերելով, մեկը՝ անդադար աղոթքով: Այս դեպքում անհավատ անձը, տեսնելով այս կյանքով ապրող քրիստոնյաների փոխադարձ սերն ու աջակցությունը, տեսնում է իրական քրիստոնյայի կերպարը, որի սրտում բնակվում է Տերը. «Ով սիրում է Ինձ, կգործադրի Իմ խոսքերը. Իմ Հայրն էլ կսիրի նրան, և Ես ու Իմ Հայրը կգանք նրա մոտ և կբնակվենք նրա հետ» (Հովհ. 14:23):
Կազմեց Կարինե Սուգիկյանը