«Ուր խոնարհություն չկա, այնտեղ նաև Աստված չկա»

Հավատքի մեջ խորամուխ անձի համար պարզ է այն անհամեմատելի տարբերությունը, որ ունի Երկնային Արքայությունն աշխարհի հետ համեմատ: Մարդն այսօր ապրում է մի աշխարհում, ուր իշխանության համար պայքար կա և ուր իշխանություն ունեցողն ամեն կերպ փորձում է պահպանել ձեռք բերածը՝ չնկատելով, որ սպառում է թե՛ իրեն և թե՛ իրեն շրջապատող մարդկանց: Երբ Հիսուսին տարան Պոնտացի Պիղատոսի մոտ, վերջինս հարցրեց Նրան՝ Դո՞ւ ես հրեաների թագավորը: Հիսուս պատասխանեց՝ Իմ թագավորությունն այս աշխարհից չէ (Հովհ. 18:32; 36):

Քրիստոսի առաքյալները ևս մի միջավայրում էին ապրում, ուր մեծ էր համարվում նա, ով իշխանություն ուներ: Երբ Քրիստոս նրանց ընտրեց որպես առաքյալներ, նրանք հավատացին, որ Քրիստոսն է Մեսիան: Այդ ժամանակ նրանք կարծում էին, որ Երկնային Արքայությունը գալու է ուժով և իշխանությամբ: Այն հրաշքները, որ գործում էր Քրիստոս՝ բժշկում էր, հարություն տալիս, աստվածային մեծագույն ուժի միջոցով էր կատարում, ինչն առաքյալներին գայթակղեցնում էր: Շուտով Տերը սասանեց նրանց թյուր պատկերացումը. մի անգամ Քրիստոսին մոտեցան Հովհաննես և Հակոբոս առաքյալները հետևյալ խնդրանքով. «Երբ Քո թագավորության փառքի գահին նստես, շնո՛րհ արա մեզ, որ մենք նստենք Քո աջ և ձախ կողմը» (Մարկ. 10:37): Նրանք ծարավ էին իշխանության, իսկ Հիսուս պատասխանեց նրանց և ասաց. «Չեք իմանում, թե ինչ եք ուզում» (Մարկ. 10:38): Այդ ժամանակ Հիսուս նրանց ասաց, որ Ինքը մերժվելու է, անարգվելու և չարչարվելու, ինչը դեռևս չէին ընկալում առաքյալները: Մի անգամ էլ, երբ Հիսուս առաքյալներին ասաց, որ Ինքը պետք է Երուսաղեմ գնա, այնտեղ շատ չարչարվի ավագ քահանաներից, Օրենքի ուսուցիչներից և երեցներից, սպանվի և երրորդ օրը հարություն առնի, Պետրոսը նրան մի կողմ տարավ և սկսեց հակառակվելով վիճել նրա հետ ու ասել. «Քա՛վ լիցի, Տե՛ր, այդպիսի բան թող չպատահի քեզ»: Հիսուս, դառնալով Պետրոսին, ասաց. «Հետև՛ս գնա, սատանա՛, դու արգելք ես ինձ համար, որովհետև դու Աստծո ծրագրի մասին չես խոսում, այլ մարդկանց մտահոգություններն ես արտահայտում» (Մատթ. 16:21-23):

Ավելի վաղ առաքյալները հասկացան, որ Երկնային Արքայությունը պահանջում է ներքին փոփոխություն: Երբ առաքյալները մոտեցան Հիսուսին և հարցրին, թե իրենցից ով է մեծը Երկնքի Արքայության մեջ (Մատթ. 18:1), ի՞նչ արեց Հիսուս. Նա կանչեց մի երեխայի, կանգնեցրեց նրանց մեջ և ասաց. «Հաստա՛տ իմացեք, որ եթե չփոխվեք ու չլինեք մանուկների նման, Երկնքի Արքայությունը չեք մտնի: Արդ, ով իր անձը խոնարհեցնի այս մանկան նման, նա՛ է մեծը Երկնքի Արքայության մեջ» (Մատթ. 18:3-4): Երկնքի Արքայություն մտնելու կարևոր պայմանը Տերը համարում է մանկան նման խոնարհ և հնազանդ լինելը: Երեխան չունի իշխանություն, նա ամբողջովին կախված է ուրիշներից, անպաշտպան է, ինչ որ իմաստով նաև խոցելի: Նա պարտավոր է ապավինել ծնողական սիրուն, պարտավոր է վստահել, որ ծնողները կպահպանեն, կխնամեն, կկերակրեն և կկրթեն իրեն, և երեխաների ողջ կյանքը լի է այդպիսի վստահությամբ: Այդ մասին է Քրիստոս շեշտում, որպեսզի մարդիկ Երկնավոր Հոր հանդեպ նման վստահություն ունենան: Երեխան նաև հնազանդ է, առաքինություն, որ օգնում է մարդուն հնազանդվել ու վստահել աստվածային կամքին և նախախնամությանը: Խոնարհություն է, երբ մարդ իր կամքն ու ցանկությունները խոնարհեցնում է Աստծո կամքի և ցանկությունների առջև, ինչը նրան մեծ է դարձնում Երկնային Արքայության մեջ: Այդպիսի խոնարհության օրինակ հանդիսացավ Աստվածամայրը: Ո՞վ էր նա՝ ըստ աշխարհի չափանիշների: Պարզ հրեա մի աղջիկ, ում նշանել էին այրի Հովսեփի հետ: Երբ նրան հայտնվեց Գաբրիել հրեշտակապետը և ասաց, որ նա աշխարհի Փրկչի մայրն է դառնալու: Մարիամն ասաց. «Ես Աստծո աղախինն եմ, թող քո ասածը լինի» (Ղուկ. 1:38): Նա իր սրտում չգովաբանեց իր մեծությունը, այլ հակառակը՝ խոնարհվեց իր սրտում, ինչ էլ նրան Երկնային Արքայության մեջ մեծության արժանացրեց:  

Ավետարանական առակներից «Աղքատ Ղազարոսի» առակը պատմելիս Քրիստոս հանդիմանեց փարիսեցիներին և ասաց. «Դուք ձեզ արդար եք ցույց տալիս ուրիշների առջև, սակայն Աստված գիտի ձեր սրտերը, որովհետև մարդկանց աչքին փառավոր երևացողը Աստծո աչքին անարգ է» (Ղուկ. 16:14):

Որպեսզի ընկալելի լինի խոնարհության խորությունը, մարդ պետք է թափանցի Քրիստոսի կերպարի մեջ և նմանվի Նրան, Ով հանուն մարդկության փրկության մարդացավ՝ ծնվելով ոչ թե արքայական, այլ հյուսնի ընտանիքում: Նա Իր ուժով կարող էր իշխել աշխարհը, բայց ընտրեց մաքսավորների, մեղավորների, անառակների, հիվանդների և հաշմանդամ մարդկանց հետ հաղորդակցությունը: Քրիստոսին սիրելով և Նրա ուղենշած ուղին ընտրելով՝ մարդը ձեռք է բերում Աստծուն ցանկալի խոնարհությունը:

Մեծն աբբա Մակարիոսն ասել է. «Որքան մարդ սիրի մարդկանց տված փառքը, այնքան նա հեռու է Աստծո փառքից, քանզի խոնարհություն չունի, այլապես նա գովեստ չէր փնտրի, որ եղծանելի է: Իսկ ուր խոնարհություն չկա, այնտեղ նաև Աստված չկա»:

 

Կարինե Սուգիկյան

05.02.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․