Գրքեր

«Ով իր խաչը չի վերցնում ու Ինձ չի հետևում, արժանի չէ Ինձ»

Աշխարհում ապրող յուրաքանչյուր մարդ անցնում է իր առաքելության ուղին, որով Տերը ցանկանում է, որ յուրաքանչյուր ոք հասնի իր գոյության վերջնական նպատակին՝ հոգու փրկությանն ու հավիտենական կյանքին: Տիրոջ կամքն է, որպեսզի մարդը հարստանա մնայուն և ոչ անցողիկ բարիքներով, որ կարող է ձեռք բերել այս կյանքի ընթացքում: Յուրաքանչյուր անձ իր ազատ կամքով կարող է ընդունել Աստծու կամքը և ապրել դրա համաձայն, կարող է նաև մերժել այն՝ հետևելով իր կամքին: Քրիստոս ասում է. «Ով իր խաչը չի վերցնում ու Ինձ չի հետևում, արժանի չէ Ինձ» (Մատթ. 10:38): Քրիստոնյայի համար խաչը կրելը ձգտում է՝ Աստծու կամքի մեջ մնալու և Նրա նախախնամությանն ապավինելու: Հաճախ մարդուն թվում է, թե կրում է աստվածատուր իր խաչը, բայց իրականում հետևում է իր կամքին և հակառակվում Աստծուն: Իսկ նա, ով, Աստծու կամքը կատարելով, կրում է իր խաչը, այդ ճանապարհին Տերը, Իր խոսքի համաձայն, չի թողնում նրան առանց հոգևոր մխիթարության՝  «Իմ լուծը տանելի է, և Իմ բեռը՝ թեթև» (Մատթ. 11:30):     

Խաչը կրելը չի վերաբերում կյանքի առանձին հանգամանքներին: Իրականում մարդն իր խաչը կրում է ողջ կյանքի ընթացքում, քանի որ ամեն օր նրան վիճակված է ընտրություն կատարել բարու և չարի, երկնայինի և երկրայինի, ճշմարտության և ստի, Աստծու կամքի և իր կամքի միջև: Կյանքն ընտրությունների մի շարք է, ինչպես վայրկյաններից և րոպեներից է կազմվում տարին, այնպես էլ փոքր կամ փրկության համար կարևոր ընտրություններից է կազմվում քրիստոնյայի կյանքը: Բարին ընտրելով, այսինքն՝ խաչը կրելով՝ մարդը, իսկապես, ապրում է և դեպի հավիտենական կյանք ընթանում: Մարդու ուղին դեպի հավիտենական կյանք կամ մահ ընթանում է առանց դադարի: Այդ պատճառով առօրյա կյանքի հոգսերի մեջ մարդ չպետք է դադարի դեպի Աստված ընթանալուց: Նման ընթացք ունեին աստվածահաճո կյանքով ապրող սրբերը:

Յուրաքանչյուրն իր խաչը կրում է նախ իր սրտում: Քրիստոս հաճախակի նախատում էր փարիսեցիներին՝ իրենց արտաքին և ցուցադրական բարեպաշտության համար: «Աստծու թագավորությունը ձեր մեջ է գտնվում»,- ասում է Քրիստոս (Ղուկ. 17:21): Խաչը կրելով և Տիրոջը հետևելով՝ մարդը համոզվում է, որ թագավորական այդ զենքը պահպանում է իրեն չարի հարձակումներից, օգնում է հաղթահարել կրքերը և պարսպում մի շարք վտանգներից:     

Մարդը կարող է իր խաչը կրել նաև մտքում, քանի որ քրիստոնյան մշտապես պայքարի մեջ է վատ մտքերի դեմ: Չարի կամքն է, որ մարդը հրաժարվի իր փրկարար խաչը կրելուց: Չարի ներշնչմամբ Քրիստոսի խաչելության ժամանակ խաչի առջևից անցնողներն ասում էին. «Եթե Աստծու Որդի ես, ապա փրկի՛ր ինքդ քեզ և ցա՛ծ իջիր խաչից» (Մատթ. 27:40):  Մեղքի պատճառով խաչը կորցրած անձը կարող է վերադարձնել այն միայն զղջումով և ապաշխարությամբ: Խաչը կրելը քրիստոնյայի համար կյանք է և այն հնարավոր է կրել միայն Աստծու օգնությամբ: Տիրոջ խոսքի համաձայն՝ ով մինչև վերջ դիմանա, նա կփրկվի (Մատթ. 10:22): «Ով հավատարիմ է փոքր ծառայության մեջ, մեծի մեջ էլ հավատարիմ է» (Ղուկ. 16:10): Խաչը ուղի է դեպի երկինք: Երբեմն դժվար է խաչին հավատարիմ լինել՝ մի փոքր տառապանք կրել, օրինակ՝ չարին չարով չպատասխանել: Մարդը, մեղանչական լինելով, անընդհատ սայթաքում է և միայն Աստծուն են հայտնի յուրաքանչյուրի գործած մեղքերը, բայց ամենագութ Տերը շարունակում է սիրել, համբերել ու սպասել մեղավորի զղջմանը՝ ցավ ապրելով, որ մարդիկ սեր չունեն Իր ու իրար նկատմամբ: Տերն ամեն օր մարդուն օրհնություններ և ուրախություններ է պարգևում, որոնք շատ հաճախ մարդիկ չտեսնելով՝ մի փոքր խնդրի դեպքում հուսահատության մեջ են ընկնում: Հարկավոր է օրինակ վերցնել Հոբ Երանելիից, որ երբեք չտրտնջաց Աստծու դեմ, այլ շնորհակալ եղավ ամեն ինչի համար և խոնարհաբար ընդունեց բոլոր փորձությունները:

Քրիստոնյայի համար խաչը վերցնելը և այն երախտագիտությամբ, խոնարհությամբ ու համբերությամբ կրելը միակ փրկարար ուղին է: Այդ մասին է պատմում հետևյալ առակը. «Մի անգամ ճանապարհով մարդիկ էին անցնում: Նրանցից յուրաքանչյուրն ուսին խաչ էր կրում: Նրանցից մեկին թվում էր, թե իր խաչը չափազանց ծանր է: Եվ քանի որ նա շատ խորամանկ էր, հետ ընկավ բոլորից, մտավ թփերի հետևն ու իր խաչի մի մասը սղոցով կտրեց: Իր խորամանկությունից շատ գոհ՝ նա հասավ ու առաջ անցավ բոլորից: Հանկարծ ճանապարհին մի անդունդի հանդիպեց: Բոլորը, կամրջելով իրենց խաչերը, հաղթահարեցին անդունդը, և միայն խորամանկ մարդն էր, որ անհաջողության մատնվեց, քանի որ նրա խաչը շատ կարճ գտնվեց»:

Քրիստոնյայի ուղին խաչակրության  և ոչ թե հարմարավետության ուղի է: Աստվածահաճո կյանքը ենթադրում է մեղքերի դեմ պայքար, ինչը նույնպես խաչ է: Տերը ոչ ոքի հեշտ ճանապարհ չխոստացավ: Մինչև Գողգոթա Տերը ինքը կրեց Իր խաչը: Շատ հաճախ մարդիկ տրտնջում են խաչի ծանրությունից՝ մոռանալով, որ Երկնավոր Հայրը գիտի յուրաքանչյուրին իր ուժերին համապատասխան և հօգուտ հոգու խաչ տալ: Կյանքի կարևորագույն դասեր պարունակող առակներից մեկում կարդում ենք, որ մի մարդ կարծում է, որ իր կյանքը չափազանց ծանր է և դիմում է Աստծուն հետևյալ խնդրանքով. «Տեր Աստվա՛ծ, իմ խաչը չափազանց ծանր է և չեմ կարողանում այն կրել: Այն մարդկանց, որոնց ես ճանաչում եմ, նրանց խաչերը շատ թեթև են: Կարո՞ղ ես իմ խաչը փոխել՝ առավել թեթևը տալով»: Եվ Աստված ասում է. «Շատ լավ, հրավիրում եմ քեզ խաչերի պահեստարան, ընտրի՛ր քեզ համար խաչ»: Մարդն ընկնում է պահեստարան, սկսում խաչերը փորձել և բոլորը նրան թվում են ծանր ու անհարմար: Փորձելով բոլոր խաչերը՝ նա դռան մոտ նկատում է մի խաչ, որ նրան փոքր է թվում և Աստծուն ասում է. «Թո՛ւյլ տուր վերցնել այս խաչը, նա ինձ ամենահարմարն է թվում»: Այն ժամանակ Աստված նրան պատասխանում է. «Դա հենց քո խաչն է, որ թողեցիր դռան մոտ՝ նախքան մյուս խաչերը փորձելը»:

Ուրախություններն ու հաճույքները, որ այսօր բարձրացվել են որպես կյանքի բարձրագույն արժեքներ, ոչինչ արժեն, քանի որ չեն արարում, այլ միայն պահանջում են: Իսկ խաչը կրելով՝ մարդը կառուցում է իր կյանքը, արարում, չարի տարածման դեմ խոչընդոտ հանդիսանում: Աստվածային ճշմարտությունից հեռու մարդը կարծում է, թե որքան շատ է ձեռք բերում, այնքան առավել է հարստանում՝ չմտածելով, որ իր ունեցածն ուղղակի իր շուրջն է և ոչ թե իր հոգում՝ չանդրադառնալով, որ հոգին այլ կերպ է հարստանում: Առաքինի կյանքով դեպի Աստված ընթանալն է, որ ամրացնում, լուսավորում և հարստացնում է հոգին: Մարդն, իր խաչը կրելով, նմանվում է Փրկչին՝ իր խաչը միանալով Քրիստոսի անհաղթահարելի խաչին, մեծ ուժ է ձեռք բերում:

Ուստի հետևելով Ս. Մակար Մեծի հորդորին՝ ուրախությա՛մբ կրենք մեր խաչը. «Մարդը, որ հետևում է Աստծուն, պետք է ուրախությամբ կրի իր խաչը, պատրաստ լինելով հանուն Աստծու կրելու գալիք հայտնի և ծածուկ փորձությունները, Աստծու հանդեպ այն հույսը և հավատն ունենալով, որ Նրա իշխանությամբ ու թույլտվությամբ է ինքը փորձություններ կրում և միայն Նրա միջոցով կարող է հաղթահարել  դրանք: Քրիստոս էլ, հանուն մարդկության փրկության, խաչվեց՝ մեզ թողնելով կյանքի օրինակը (Ա Պետրոս 2:21), որպեսզի այն դժվարության և փորձության ուղով, որով Նա ընթացավ, անցնեն Նրան ճշմարտապես հավատացողները և Նրան ժառանգակից դառնալ ցանկացողները (Հռոմ. 8:17)»:

 

Կարինե Սուգիկյան

 

25.01.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․