- Հա՛յր, այդքան մարդկանց հետ շփվելուց հետո, երեկոյան շատ հոգնած եք երևում, իսկ առավոտյան Ձեր դեմքին հոգնածության հետք անգամ չի լինում: Այդ ինչպե՞ս եք անում:
- Հը՜մ, պարանը չեմ կտրում*:
- Երբեմն, երբ հնազանդությունը կատարելու պատճառով երեկոյան ժամերգությանը չեմ մասնակցում և սարսափելի հոգնածություն եմ զգում, ասում եմ. «Պառկեմ և պառկած աղոթեմ»,- բայց, վերջ ի վերջո, քունս տանում է և կարգը չեմ կարողանում կատարել:
- Ո՛չ, թանկագի՛նս, նույնիսկ, եթե շատ հոգնած ես, առանց աղոթքի մի՛ պառկիր՝ քնելու: «Սուրբ Աստված»-ը, 50-րդ սաղմոսը կարդա, ակնածանքով համբուրիր Քրիստոսի, Աստվածածնի պատկերները, բարձդ խաչակնքիր, այնուհետև պառկիր: Զարթուցիչն արարողության սկզբից մեկ ժամ առաջ դիր, որպեսզի վեր կենաս և կանոնը կարդաս: Ինքնահարկադրում է անհրաժեշտ՝ արա՛, որովհետև այդպես է պետք, սակայն սրտա՛նց արա: «Աստված սիրում է զվարթառատ տուրքը» (Բ Կորնթ. 9:7):
- Իսկ երբ ամենևին ուժ ու ցանկություն չկա՞:
- Հարկադրի՛ր քեզ՝ հոգևոր որևէ բանով զբաղվելու: Ջանա՛՝ ամեն օր գոնե մի քիչ ժամանակ տրամադրելու հոգևոր ընթերցանությանն ու աղոթքին: Ընթերցանությունը, աղոթքը, սաղմոսերգությունը վիտամիններ են, որ հոգուն ամեն օր պետք են: Չի կարելի թույլ տալ, որպեսզի օրը բոլորովին առանց աղոթքի անցնի: Հիշում եմ, պատերազմի ժամանակ, եթե մի քանի օր հարձակում չէր լինում, միևնույն է, թեկուզ մի քանի կրակոց անում էինք, որպեսզի թշնամին չկարծեր, թե քնած ենք և չփորձեր հանկարծակի հարձակում գործել: Նույնն է նաև հոգևոր պատերազմում: Երբ երբեմն տկարություն ենք զգում և չենք կարող ողջ կարգն ամբողջությամբ կատարել, գոնե մի քիչ ծնրադրություն անենք, տերողորմյայով աղոթենք, որպեսզի «պարանները չկտրենք», Աստծու հետ հաղորդակցությունը չընդհատենք: Թեկուզ մի քանի կրակոց անենք, որպեսզի գերի չընկնենք բանսարկուին: Իսկ երբ ուշքի գանք, կրկին սկսենք մեր սովորական պատերազմը:
Եթե վանականը դադարում է հոգևոր վարժանքներ կատարելուց, ծնրադրություն չի անում, մի կողմ է դնում տերողորմյան, ապա շուտով օտարանում է: Աշխատել կարող է, իսկ աղոթել ոչ: Վանականների եմ տեսնում, որ մշտապես աշխատում են՝ ընթերցանությունն ու աղոթքը բոլորովին մի կողմ թողնելով: «Սա էլ անեմ, մյուսն էլ»,- ասում են, աղոթքը մի կողմ են դնում և ի վերջո՝ օտարանում են, դառնում աշխարհիկների պես: Բանվորների եմ տեսել, որ կարող են կիզիչ արևի տակ քար տաշել կամ ողջ օրը փայտ կոտրել, բայց թեկուզ եռակի վճարիր նրանց՝ կես ժամ չեն կարող անցկացնել եկեղեցում, փողոց են դուրս գալիս ու ծխում: Նման բան նկատել եմ: Երբ մարդը դադարում է աղոթելուց՝ հեռանում է Աստծուց ու դառնում եզան պես՝ աշխատում է, ուտում, քնում: Եվ որքան ավելի է Աստծուց հեռանում, այնքան ավելի վատ է լինում: Սիրտը պաղում է, և նա արդեն ընդհանրապես չի կարողանում աղոթել: Ուշքի գալու համար սիրտը պիտի կակղի, ապաշխարության դառնա ու գթաշարժ լինի:
* Ծերը նկատի ունի, որ Աստծու հետ հաղորդակցությունը՝ աղոթքը չի ընդհատում:
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը