Փոխիր սրտիդ ուղին, և կփոխվի կյանքիդ ամբողջ ընթացքը

Երբ հոգումդ հպարտությունն է բարձրանում, աստվածային սիրո և հնազանդության միջոցով խոնարհվիր` հաշտվելով ու ընդունելով Աստծո կամքը, որովհետև Սբ. Հոգու հետ հաղորդակցության մեջ է կյանքն ու երջանկությունը: Իսկ հպարտությունը մարդուն բարձրացնում է դեպի վեր ու այդ ահռելի բարձունքից ցած նետում, քանի որ այլևս անկարող լինելով մարդուն դեպի երկնային, լուսազարդ օթևաններ բարձրացնել, այդ պահին նրան բաց է թողնում, լքում և հեռանում: Հպարտությունը մարդու կյանքի մասին չի մտածում, այլ ինքն իր փառքի համար է գործում: Այդպիսով, ցած ընկած մարդու հոգուն մեծ տառապանք և ցավ է պատճառում: Այնուհետև նորից համակում այդ մարդու հոգին ու կրկին պատրանքների մոլորությամբ լցված, այդ անձին տանում դեպի անդնդախոր խորխորատները՝ նրա հետ նետվելով հավիտենական խավարի մեջ: Քանի դեռ մարդն այդ խավարի մեջ, հպարտությանը պինդ-պինդ գրկած, սարսափահար սուրում է դեպի անհատակ անդունդը, չի կարող հոգու խաղաղություն և խնդություն ունենալ, որովհետև ճշմարտությունը փոխարինել է մոլորությամբ և եսասիրությամբ: Մարդն ամուր գրկում և կառչում է հպարտությունից, քանի որ նա Աստծուն չի վստահում, չի հավատում և այլ ելք չգտնելով ու տեսնելով իր անկումը` հպարտության մեջ է իր հույսն ու կյանքը տեսնում, որպեսզի փրկի ինքն իրեն և ապրի, մյուս կողմից էլ հոգու տագնապ ու սարսափ ապրում` նկատելով, թե ինչպիսի ահռելի արագությամբ է սլանում դեպի անդունդը, ինչպես ցած ընկնող մի հսկայական քարե բեկորից կառչած մեկը, որ դեպի տիեզերքի անհատակ խավարն է գահավիժում: Դրա համար Եվագր Պոնտացին նշում է` ով հույս է դնում իր ամրության վրա` նա կընկնի, իսկ ով խոնարհեցնում է իրեն՝ նա կբարձրանա: Երբ հեռվից տեսնում ես մահացու պտուղը, հաճախ այն թվում է հմայիչ և ախորժելի, կարծում ես, թե զուր ասված խոսքեր են, թե դա արգելված պտուղ է: Երբ այն ճաշակում ես և դառնությամբ լցվում, հասկանում ես, որ իրականում ինքդ քեզ ես վնասել և ինչը կարծում էիր, թե վայելք ու կյանք է և հաճելի իրականություն, իրականում խաբկանք և մոլորություն է, քանի որ ճշմարտությունը, կյանքը, խնդությունը և երջանկությունը հարատևում են, իսկ մոլորությունը, գայթակղությունը և խաբկանքը փոշիանում ու հոգու անպատմելի դառնություն պատճառում: Գիտակցում ես, որ դրանք քեզ խաբել են ու այն, ինչ ընդունում և հավատում էիր, որպես ճշմարտություն և կյանք, խեղաթյուրված և աններդաշնակ իրականություն է եղել: Եվ կարծում էիր, թե ապրում ես կյանքը, բայց այդժամ հասկանում ես, որ իրականում խաբված ես եղել` մոլորության և մեղքի կողմից խաբված: Շատերը ներկա պահին կարող են չընդունել այս ամենը, չհավատալ, թերահավատորեն և քմծիծաղով ընդունել, որովհետև այն ժամանակավոր հարմարավետությունն ու դրանց նկատմամբ անվերջ ձգտումը թույլ չեն տալիս նայել կյանքին հոգևոր սթափությամբ և իմաստությամբ: Սակայն ուզենք, թե չուզենք, գալու է այդ պահը, երբ զրկվելու ենք այս ներկայից, որին ձգտում ենք ու փորձում դրանով ապրել: Հետևաբար, Սբ. Եփրեմ Ասորին ընդգծում է, որ յուրաքանչյուր քայլ, որ անում ենք այս կյանքի ճանապարհին, մի քայլ է, որ մեզ մոտեցնում է մեր վերջին քայլին: Եվ նոր ներկան, որը հավիտենական է լինելու, վերոհիշյալ մարդուն մշտապես թողնելու է իր անցյալի հիշողությունների հետ: Իսկ անցյալը նրան խայթելու և այրելու է ու նրա հոգին հանգիստ չի գտնելու հավիտենականության մեջ, որովհետև նա նոր ներկայում` հավիտենական ներկայում, ապրելու է անցյալով, այլ ոչ թե ներկայով և շարունակաբար դառնանալու և խամրելու է, իսկ իր հոգում բույն դրած մեղավոր կրքերը շարունակաբար հիշեցնելու են անցյալի անցողիկ հարմավետությունն ու մոլորությունները, որոնք հավերժության իրականության մեջ բացահայտվելու են որպես խաբկանք և այլևս գոյություն չունեցող իրողություն: Այդպիսով, մեղավոր կրքերն այրելու և խայթելու են մարդու հոգին: Արդ, մարդն այս աշխարհում վճռականություն պիտի ցուցաբերի մեղքի ծառայությունից ազատագրվելու համար: Բայց, ավաղ, ինչպե՞ս ազատագրվել այդ գերությունից, որովհետև շատերը հայտնվում են մեղքի մահացու գերության մեջ, ինչպես մեղուները, հրապուրված և ոգևորված մոտենում են գիշատիչ ծաղկին` հմայվելով դրա գեղեցկությամբ, որպեսզի վայելեն նեկտարը, բայց հայտնվում են գերության, մահվան ճիրաններում ու դառնում զոհ` մատուցված անկուշտ մահվան համար: Այդուհանդերձ, Քրիստոսի շնորհով մեր առջև բաց է հոգու խաղաղության և կյանքի ուղին: Եթե մարդը նայի իր հոգուց ներս, տեսնի իրեն այնպիսին, ինչպիսին իրականում է և գեթ իր սիրտը վերափոխի, այդժամ փոխվում է և նրա կյանքի ուղին: Մենք հաճախ ենք խոսում մեր կյանքի անկայունության մասին, բայց հազվադեպ ենք ուսումնասիրում դրա անկայունության պատճառը: Եթե ուշադրություն դարձնենք, կտեսնենք, որ պատճառը մեր սիրտն է: Մեր սիրտն անկայուն և փոփոխական է, դրա համար Արարիչը փոխում է Իր մեթոդները, ինչպես բժիշկը փոխում է բուժման եղանակները՝ հիվանդի հիվանդության վիճակին համապատասխան: Փոխում է Իր մեթոդները, որպեսզի բժշկի մարդու հոգին: Իսկ առողջ հոգին սովորաբար առողջացնում է նաև մարդու մարմինը, թեև հոգևոր բժշկության եղանակները կարող են խիստ ու ցավոտ լինել, ինչպես երբեմն բժշիկները դիմում են նման մեթոդների, որպեսզի մարդուն փրկեն հիվանդությունից և մահվանից: Միտրոպոլիտ Անտոն Սուրոժսկին նշում է, որ Քրիստոսի աշակերտ լինելը չի նշանակում ամբողջ ժամանակ ինչ-որ հերոսական գործ անել: Այլ նշանակում է` օրեցօր հերոսական գործողություններ կատարել, այսինքն` ունենալ մաքուր մտքեր, որոնք արժանի են այն սիրուն, որ Աստված քո նկատմամբ ունի: Կյանքի ճշմարտությունն ունենալ նույնիսկ վտանգի ժամանակ: Դա նշանակում է չամաչել քրիստոնեական կոչումից, պատրաստ լինել մարդկանց առջև վկայել, որ քրիստոնյա ես, գնալ Քրիստոսի, այլ ոչ թե մարդկանց հետևից: Երբ մեկն իր ցանկություններով է առաջնորդվում, այլ ոչ թե հոգևոր դատողությամբ, պետք չէ հետևել նրան, ներքաշվել այդ իրավիճակի մեջ` կարծելով, թե դա լավ է և օգտակար, և բարին ես գործում կամ օգնում ես նրան, որովհետև այդ մարդու անխելքության պատճառով ոչ միայն տվյալ անձն է տուժում, այլև ինքդ ես տուժում: Երբ ժամանակդ վատնում ես երկրորդական ու պակաս արդյունավետ օգտակարություններ ունենալու համար, չես կարողանում էական հաջողություններ ունենալ: Այդպես մարդիկ հավիտենականը թողած, ընկած են երկրորդական ու ժամանակավոր իրողությունների հետևից, որոնք մնայուն ու հիմնական գանձեր չեն կարող լինել իրենց կյանքում: Եվ դրանց պատճառով նյարդայնանում են, որ դժվարությամբ են ժամանակավորը ձեռք բերում կամ էլ չեն ունենում ու հոգեմաշ, հոգսաշատ կյանքով ապրում` ժամանակը տրամադրելով ժամանակավորին, այլ ոչ թե հավիտենականին: Հետևաբար, երբ անձը նյարդային վիճակում է հայտնվում, պիտի հիշի, որ ամեն ինչ անցողիկ է և ունայն, ու միայն Աստծո հաղորդակցության մեջ կարող է խաղաղության և ուրախության մեջ լինել: Այդպիսով, պահպանում է ներքին խաղաղությունն ու խնդությունը: Եվ երբ չարության ամպերն են գալիս, բարության մեղմ զեփյուռով պետք է դրանք վանել և պայծառ արեգակի ջերմությամբ և բարությամբ լցվել:

 

Պատրաստեց Հովհաննես սրկ. Մանուկյանը

06.04.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․