Գրքեր

Քարոզ՝ Սուրբ Հաղորդության խորհրդի մասին

«Եվ մինչ նրանք դեռ ուտում էին, Հիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց և տվեց աշակերտներին ու ասաց. «Առե՛ք, կերե՛ք, ա՛յս է իմ մարմինը»: Եվ բաժակ վերցնելով՝ գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետև այդ է Նոր Ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար: Բայց ասում եմ ձեզ, այսուհետև ես այլևս որթատունկի բերքից չեմ խմի մինչև այն օրը, երբ ձեզ հետ կխմեմ նորը իմ Հոր արքայության մեջ» (Մտթ. 26:26-30):

Սիրելինե՛ր,

Աստծո առատ ողորմածության և գորովալից հայացքի ներքո Մեծի պահոց շրջանի զղջման և ապաշխարության շավիղները հասցրեցին մեզ մինչ Ավագ շաբաթ, երբ արդեն բոլորովին մոտ ենք Մեծ պահքի հրաշալի հանգուցալուծմանը՝ Սուրբ Հարության փառապանծ տոնին: Եվ այսօր՝ Ավագ հինգշաբթի օրը, երբ Եկեղեցին հիշատակում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքը, միասին պետք է խոսենք Սրբության Սրբոցի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի մասին:

Ինչպես ավետարանական ընթերցվածքում արդեն լսեցիք, սիրելի՛ հավատացյալներ, Քրիստոսի մատնության գիշերը, հենց Իր՝ Տիրոջ կողմից հաստատվեց Սուրբ Պատարագի և Սուրբ Հաղորդության խորհուրդը, որ Հայ Առաքելական Եկեղեցին սրբորեն կատարում է արդեն երկու հազարամյակ: Տերն այդ գիշեր Իր սուրբ մարմինն ու արյունը խորհրդանշող բաղարջ հացն ու կարմիր գինին օրհնելով, տվեց Իր աշակերտներին՝ ի նշան այն ինքնակամ զոհաբերության, որ հաջորդ օրն արդեն իսկ պիտի կատարվեր: Մարդացյալ Աստված պիտի չարչարվեր և խաչը բարձրանալով, Իր սուրբ արյունը հեղեր և անմեղ մարմինը տար՝ ի փրկություն մահվան դատապարտված մեղավոր մարդկանց: Ահա հենց այդ պահին, այդ որոշիչ կետում, երբ տկար միտքդ ու հոգիդ սարսռում են կատարվածի անհունության գիտակցումից, երբ հրեշտակները ծածկում են իրենց երեսներն այդ սահմռկեցուցիչ տեսարանից, երբ երկիրն է դողում և արևը խավարում, որպեսզի չտեսնի իր Արարչի կրած անարգ մահը, խաչի վրա ծնվում է փրկությունը՝ ողջ լիարժեքությամբ բացահայտելով Աստծո անսահման սերն Իր մեղավոր արարածի նկատմամբ: Երկնավոր Հայրը զոհաբերում է ամենաթանկագինը՝ Իր Միածին Որդուն՝ մեզ փրկագնելու համար: Բայց ինչո՞ւ: Ինչի՞ համար էր պետք այդ անգին Զոհը: Ինչո՞ւ հենց Տեր Աստվածն Ինքը պետք է ինքնակամ խաչը բարձրանար, որպեսզի մենք կարողանայինք փրկվել: Մենք ակնթարթ անգամ չենք կարող մեր զավակին պատկերացնել զոհի դերում… Ուրեմն, վստահաբար, չափազանց ծանրակշիռ պատճառ պիտի լիներ նման զոհողության համար:

Զոհաբերության գաղափարն ու սովորությունն առաջացան մարդկության ակունքներում և մինչ օրս էլ տարածված են տարբեր ազգերի ու մշակույթների մեջ: Սուրբ Գրքում զոհաբերության առաջին հիշատակումը Ադամի որդիների՝ Աբելի և Կայենի հետ է կապված (Ծննդ. 4:3, 4), այնուհետև Նոյի (Ծննդ. 8:20), Աբրահամի (Ծննդ. 22:1-14) և այլն: Մարդիկ զոհ էին մատուցում Աստծուն՝ ի նշան երախտագիտության, որ ստացել են այն, ինչ խնդրել են կամ փրկվել են որևէ աղետից կամ էլի որևէ կարևոր պատճառով: Սակայն պարզ զոհի միջոցով վերագտնել այն անգինն, ինչ կորցրել էին նախամարդիկ՝ անհնար էր: Քանզի Ադամը կորցրել էր Աստծո պարգևած անգին գանձը՝ անմեղությունն ու անմահությունը: Տիրոջն անհնազանդ գտնվելու պատճառով արգելված պտղից ուտելով՝ խմել էր թույնի բաժակը, մահվան դատապարտվել և իր հետ դատապարտել նաև մարդկային հաջորդ սերունդները: Ուստի, կատարյալ մարդու կողմից կատարված ծանրագույն հանցանքի դիմաց անհրաժեշտ էր հավասարազոր, կատարյալ զոհ, որն ի զորու կլիներ փրկագնելու և մաքրելու նրա գործած մեղքը: Եվ Աստծո կատարյալ Որդին էր, որ եկավ և որպես Անմեղ Գառն Աստծո խաչի վրա պատարագվեց՝ ինձ և քեզ ադամական մեղքից սրբելու, Աստծո հետ հաշտեցնելու և կորսված հավիտենական կյանքի դռները մեր առջև կրկին բաց անելու համար: «Հետևյալ օրը Հովհաննեսը տեսավ Հիսուսին, որ գալիս էր դեպի իրեն, ու ասաց. «Ահա՛ Գառն Աստուծո, որ վերացնում է աշխարհի մեղքը» (Հովհ. 1:29):

Մինչ Հիսուս Քրիստոսի մարդեղացումը՝ մարդկությունը նման էր այն անհույս հիվանդին, ով գիտեր իր մահացու հիվանդության մասին և առանց որևէ հույսի՝ սպասում էր մահվան ժամին, քանզի գիտեր նաև, որ դեռևս չի գտնվել իր հիվանդությունը բուժող դեղամիջոցը: Եվ Քրիստոս ահա՛ դարձավ այն միակ սպեղանին, այն հզոր հակաթույնը, որն ընդունելով մեր մեջ՝ մեր երակներում նոր կյանքն ենք ընդունում, որն էլ տարածվելով ողջ օրգանիզմում՝ մաքրում և բժշկում է մեզ մեղքի մահացու ախտից և հավիտենական կյանքի կենարար լույսով է ողողում՝ դարձնելով մեզ նոր արարածներ: Մի ճգնավոր հոր մասին պատմում են, որ մի օր նա տեսիլքով մի հրե ծով է տեսնում, որի ալիքները եռ էին գալիս ու վեր խոյանում՝ սարսափազդու տեսարան ներկայացնելով: Հակառակ ափին մի սքանչելի պարտեզ կար, որտեղից թռչունների դայլայլ էր լսվում, և ծաղիկների անուշաբույր տարածվում: Եվ ճգնավորը մի ձայն է լսում, որն ասում էր. «Անցի՛ր այդ ծովի վրայով»: Սակայն անհնար էր: Ճգնավորը երկար կանգնած է մնում ափին՝ մտածելով, թե ինչպես անցնի մյուս կողմը, երբ կրկին լսում է ձայնը. «Վերցրու այն երկու թևերը, որ Սուրբ Հաղորդությունը տվեց՝ մեկը Քրիստոսի աստվածային Մարմինը, երկրորդը՝ Նրա կենարար Արյունը: Որքան էլ որ մեծ լինի սխրանքը՝ առանց նրանց անհնար է Երկնային Արքայությանը հասնել»:

Ահա այդ կյանք պարգևող, սրբազան, անարյուն զոհն է, որ յուրաքանչյուր կիրակի մատուցվում է եկեղեցիների սուրբ խորաններում, Սուրբ Պատարագի խորհրդի ժամանակ և յուրաքանչյուր բարեպաշտ հավատացյալ անգին հնարավորություն ունի մաքրությամբ և մեծագույն երկյուղածությամբ հաղորդակից լինելու Տիրոջ սուրբ Մարմնին և Արյանը: Քանզի մենք հավատում ենք, որ հացն ու գինին Ամենակարող Աստծո կողմից փոխակերպվում են Քրիստոսի իսկական Մարմնի և Արյան:

Պատկերացրեք միայն Բարեգութ Հոր կողմից մեզ պարգևված շնորհի մեծությունը, սիրելինե՛ր. յուրաքանչյուր Պատարագի ժամանակ մահկանացու մեղավոր մարդը հնարավորություն ունի ուղղակիորեն միանալու Իր Արարչին: «Նա, ով իմ Մարմինն է ուտում և իմ Արյունն է խմում, իմ մեջ է բնակվում, և ես՝ նրա մեջ» (Հովհ. 6:57),- ասում է Տերը: Աստվածապարգև այս անգին զոհն է, որ սրբում է մեզ ամեն մեղքից (Ա Հովհ. 1:7), արժանացնում հավիտենական կյանքին (Հովհ. 6:58) և մեռելներից հարությանը (Հովհ. 6:54): Այն զորություն է պարգևում մեր մարմնին և հոգուն՝ դիմակայելու չարի փորձություններին ու գայթակղություններին, լցնում է աստվածային սիրով ու կենդանարար շնորհներով, միավորում է մեզ Աստծո և միմյանց հետ: Մարդացյալ Քրիստոս շարունակում է զոհաբերվել յուրաքանչյուր կիրակի և Իր մարմինը բաշխել Իր հավատարիմ հետևորդներին: Այս զարմանահրաշ խորհրդի գիտակցումը զգոնացնում և արթնության ու խորը երկյուղածության է մղում մեզ: Զգուշացնում է հանդգնությամբ և անտարբերությամբ, առանց աղոթքի, զղջման, մեղքերի խոստովանության և ապաշխարության այդ սրբությանը մոտենալուց, քանի որ իրավամբ կարելի է հաստատել, որ Սուրբ Հաղորդությունն աշխարհի վրա գոյություն ունեցող գերագույն սրբությունն է, քանի որ կենդանի Աստծո Մարմինն է ու քավչարար Արյունը: Հենց այս մասին է խոսում Պողոս առաքյալը, երբ ասում է. «Որովհետև, ով ուտում է և խմում անարժանորեն, իր իսկ դատապարտությունն է ուտում և խմում, քանի որ չի զատորոշում Տիրոջ մարմինը» (Ա. Կորնթ. 11:29):

Եկեղեցու հայրերն էլ սովորեցնում են, որ քրիստոնյան միշտ պետք է պատրաստ լինի և՛ Հաղորդությանը, և՛ մահվանը: Իսկ դա հնարավոր է մշտական, անտրտունջ հոգևոր աշխատանքի միջոցով, երբ կարողանում ես սիրտդ Աստծո հետ ապրեցնել՝ թե՛ մտքերով, թե՛ խոսքերով և թե՛ գործերով: Դու մեղքի ապականությունից սրբվում և Տիրոջ ողորմածության շնորհիվ արժանանում ես Սուրբ Հաղորդությանն այն ժամանակ, երբ սրտիդ խոնարհության շնորհիվ տեսնում ես բոլոր մեղքերդ և գիտակցում մեղավորությանդ աստիճանը: Երբ հոգիդ ցավում ու լալիս է գործածդ մեղքերի համար և ձգտում փոխվել: Երբ մերժում ես այլևս մեղքերի միգուցե հաճելի, բայց կործանարար ճահիճը, որում խեղդվում ես և օգնության աղերսով ձեռքդ դեպի Փրկիչն ես երկարում:

Արդ, այսօր հորդորում եմ ամենքիդ, սիրելի՛ հավատացյալ զավակներ, որ հոգու լալագին հառաչով և մեծագույն երկյուղածությամբ կերակրվեք Սուրբ Հաղորդությամբ, որ դեպի փրկություն տանող երկնային դարպասների բանալին է: Աղաչում եմ նաև սրտերի գիտակ ամենազոր Տիրոջը, որպեսզի տեսնելով ձեր անկեղծ զղջումն ու հաստատուն ապաշխարությունը՝ Իր անսահման ողորմածությամբ ների ձեզ և արժանացնի Սուրբ խորհրդին: Եվ ի լրումն այս խոսքերի՝ մեջբերեմ սուրբ Բարսեղ Մեծի խրատից մի հատված՝ Սուրբ Հաղորդությանը մոտեցող հավատացյալների համար. «Արդ, նրանք, ովքեր արժանաբար են հաղորդվում` զարդարված բարի գործերով, Պետրոսի և մյուս սուրբ առաքյալների հետ պսակվում են մեր Աստծուց` Քրիստոսից. և ովքեր ըմբոստությամբ են հաղորդվում, կրկին խաչ են հանում Աստծո Որդուն. և ովքեր լիրբ երեսով ու անարժանությամբ են հաղորդվում, մատնիչ Հուդայի և խաչողների մասն ու բաժինն են ստանում: Ձեր օգուտը դուք գիտեք:
Այլ Սուրբ Հոգին, որ սրբերի բնակարան է և ամենայն բարիքների աղբյուր, թող մաքրի ձեր հոգիներն ու մարմինները և փրկական խորհրդի հաղորդությունը թող ձեզ համար մեղքերի թողության վերածի:
Որին Հոր և մեր Տիրոջ` Միածին Որդի Հիսուս Քրիստոսի հետ փառք հավիտյանս. Ամեն»:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

13.04.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․