Գրքեր

Սաղմոս ԻԴ

Ի կատարած. սաղմոս Դավթի: Այս սաղմոսն աղոթքի և խնդրանքի ձև ունի, թեև ոմանք կարծում են, թե սա գերության ժամանակ է ասվել՝ վկայակոչելով այն, որ Աստված փրկեց Իսրայելին բոլոր նեղություններից: Սակայն Դավիթը սա իր անձի համար է ասել, ինչպես նաև հեթանոսների համար, որովհետև այստեղ հիշատակվում են հին ու նոր մեղքերը:

1. Առ քեզ Տէր համբարձի զանձն իմ. Աստուած իմ ի քեզ յուսացայ, մի՛ ամաչեցից. եւ մի ծիծաղեսցին զինև թշնամիք իմ:

Դեպի քեզ, Տեր, բարձրացրի հոգիս: Աստվա՛ծ իմ, քեզ վրա դրի հույսն իմ. թող ամոթով չմնամ, և թշնամիներս չծիծաղեն ինձ վրա:

Հոգիս բարձրացրիր, ասում է, նեղության ժամանակ և Աստծուն աղոթելու պահին: Նաև հեթանոսները կռապաշտությունից դառնալով, այսպես են ասում Աստծուն, որպեսզի չամաչեն իրենց սկզբնական վարքի համար և որպեսզի չծիծաղեն դևերը, որոնք թշնամիներ էին, իսկ մենք չէինք գիտակցում:

2. Ամենեքեան որ համբերեն քեզ՝ մի ամաչեսցեն, այլ ամաչեսցեն անօրէնք յունայնութեան իւրեանց:

Բոլոր նրանք, ովքեր հույսով սպասում են քեզ, ամոթով պիտի չմնան, այլ ամոթով պիտի մնան անօրեններն իրենց ունայնության մեջ:

Մեղքերը միանման չեն լինում, այլ կան որ ակամա են, կան որ խաբեությունից են, և կան որ գիտակցաբար են՝ ունայն խորհուրդներից ծնված և առանց վախի զգացողության, նրանք են, որ պիտի ամաչեն, այլ ոչ թե նրանք, ովքեր խաբվեցին: Եվ ուրեմն, համբերենք ապաշխարությամբ և պահքով: Դարձյալ՝ նրանք, ովքեր մնացին իրենց անօրինությունների մեջ, ապա իրենք էլ պիտի ամաչեն:

3. Զճանապարհս քո Տէր ցոյց ինձ, և զշաւիղս քո ուսո՛ ինձ:

Տե՛ր, ցո՛ւյց տուր ինձ քո ճանապարհները և քո շավիղները սովորեցրո՛ւ ինձ:

«Քանզի նոր ենք ուսուցանում»,- ասում են հեթանոսները: Ճանապարհը ընդհանուրի վարքն է, իսկ շավիղներով քչերն են գնում:

4.Առաջնորդեա՛ ինձ ի ճշմարտութեան քում և ուսո՛ զիս, զի դու ես Աստուած փրկիչ իմ. և ես քեզ համբերի զօրհանապազ:

Ինձ առաջնորդի՛ր քո ճշմարտության մեջ և ուսուցանի՛ր ինձ, քանզի դու ես փրկիչ Աստվածն իմ, ու ես հանապազ քեզ եմ սպասում:

Ճշմարիտ ճանապարհն են փնտրում, ինչպես որ ասաց. «Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը» (Հովհ. 14:6): Ես հանապազ քեզ եմ սպասում, նրանք են համբերում, ովքեր գիտեն նեղության օգտակարությունը:

5. Յիշեա՛ Տէր՝ զգթութիւնս քո, և զողորմութիւնս քո՝ որ են յաւիտենից:

Հիշի՛ր, Տեր, քո գթություններն ու ողորմությունները, որոնք հավիտենական են:

Գթությունները, որ հայրական են և Որդուն են անցնում, իսկ ողորմությունը ստեղծողինն է և արարածներին է վերաբերվում, որոնք հավիտենական են, այսինքն՝ չեն սկսվել նրանից, այլ՝ ի բնե են:

6. Զմեղս մանկութեան իմոյ՝ և զանգիտութեան իմոյ՝ մի՛ յիշեր. այլ յիշեա՛ զիս Տէր ըստ ողորմութեան քում՝ վասն քաղցրութեան քոյ. զի քաղցր եւ ուղիղ ես:

Իմ մանկության և տհասության մեղքերը մի՛ հիշիր, այլ հիշի՛ր ինձ, Տե՛ր, քո ողորմությամբ՝ ըստ քո բարության: Քանզի դու քաղցր ես և ուղիղ ես, Տե՛ր:

Ըստ քո հավիտենական գթության երբ չափում ես մեր ժամանակը, ապա ստացվում է, որ մեր մեղանչումները մանկության և տհասության ընթացքում են եղել: Քանզի շատ են անգիտության վնասները, ինչպես նաև մանկության, որ ուրիշներն են պատճառ հանդիսանում, ըստ Սողոմոնի. «Թե՛ երիտասարդությունը և թե՛ հիմարությունը ունայնություն են» (Ժող. 11:10): Նաև, որ հեթանոսները մեղանչեցին, քանզի քաղցր ես նրանց հանդեպ, ովքեր ետ են դառնում իրենց մեղքերից և արդարորեն ես հատուցում սրբերին:

7. Վասն այսորիկ օրէնսգէտ առնես զմեղաւորս ի ճանապարհի. առաջնորդես հեզոց ի դատաստանի. ուսուցանես հեզոց զճանապարհս քո:

Դրա համար էլ մեղավորներին դնում ես օրենքի գիտության ճանապարհի վրա: Հեզերին առաջնորդում ես դատաստանի մեջ, հեզերին սովորեցնում քո ճանապարհները:

Օրենքի գիտության ճանապարհի վրա՝ ասելով. «Մեղանչածի մահը չեմ տենչում» (Եզեկ. 18:32), ինչպես որ Դավիթը սովորեց: Հեզերին առաջնորդում ես դատաստանի մեջ, նրանք, ովքեր անգիտության պատճառով մեղանչեցին, թողնում ես առաջ գնալ: Եվ հեզերին սովորեցնում ես, ինչպես Մովսեսին և Դավթին, որոնք չմեղանչեցին, երբ ելան դատաստան տեսնելու իրենց անձերի և այլոց հանդեպ:

8. Ամենայն ճանապարհք Տեառն ողորմութեամբ և ճշմարտութեամբ են այնոցիկ, որ խնդրեն զուխտ՝ և զվկայութիւն նորա:

Տիրոջ բոլոր ուղիները ողորմություն ու ճշմարտություն են նրանց համար, ովքեր պահում են նրա ուխտն ու վկայությունը:

Մեղանչածների ճանապարհները երկուսն են. ձգտել ողորմության և ճշմարտությունը ճանաչել ու պսակի արժանանալ: Եվ ճշմարտությունը ողորմությամբ է լինում, երբ մեղանչածը զղջմամբ է խնդրում: Ովքեր պահում են նրա ուխտը, որ Տիրոջ հետ կնքեցին, և այն վկայությունը,  թե երկինքն ու երկիրը ես եմ լցնում:

9. Վասն անուան քոյ, Տէր, քաւեա՛ զմեղս իմ, զի բազում եղեն. ո՞վ է մարդ որ երկնչի ի Տեառնէ. օրէնսգէտ առնէ զնա ի ճանապարհի՝ յոր և հաճեցաւ:

Հանուն քո անվան, Տե՛ր, քավություն տուր իմ մեղքերին, քանզի շատացան դրանք: Ո՞վ է այն մարդը, որ վախենում է Տիրոջից, Տերը նրան սովորեցնելու է իր ընտրած ուղին:

Յուրաքանչյուր մարդ պետք է ասի այս խոսքերը, որովհետև ողորմած է նա և քավություն տվող: Հանուն քո անվանՈ՞վ է այն մարդը, որ վախենում է Տիրոջից, քանզի նրանց վարքերն ու ճանապարհները մեկ չեն, այլ՝ քաղաքական, թագավորական, զինվորական, վանական, ճանապարհորդական, մշակող, ով ինչ գործ ցանկանում է անել, կարող է դրանով հաճելի լինել Աստծուն և իր մեջ կրել նրա հոգին, որ ուղղում է իրեն:

10. Անձն նորա ի բարութեան հանգիցէ. և զաւակ նորա ժառանգեսցէ զերկիր:

Նա բարության մեջ պիտի հանգչի, և նրա սերունդը երկիրը պիտի ժառանգի:

Հոգին բարին է ժառանգում, եթե չի դատում ըստ այստեղի խղճի և այնտեղ էլ լիակատար հանգիստ է գտնում: Եվ նրա սերունդը, այսինքն՝ նրա գործերը: Եվ կամ այն զավակը, ում ըստ Աստծո կամքի ծնեց և դաստիարակեց, պիտի ժառանգի ողջերի երկիրը:

11. Զօրութիւն է Տէր երկիւղածաց իւրոց. և զկտակարանս իւր ուսուցանէ նոցա:

Տերը զորացուցիչն է իր երկյուղածների և իր ուխտը նրանց է սովորեցնում:

Սիմաքոսն ասում է, թե իր խորհուրդները հայտնում է իրենից երկյուղածներին, այլ ոչ թե բոլորին: Կտակարանը, այսինքն՝ այն ուխտը, որ կապեցիր հին և նոր գրքերով:

12. Աչք իմ յամենայն ժամ առ Տէր. և նա հանէ յորոգայթէ զոտս իմ:

Աչքերն իմ մշտապես Տիրոջն են ուղղված, և նա՛ պիտի հանի ոտքերս թակարդից:

Նկատի ունի միտքը՝ մշտապես աչքի առաջ ունենալով Տիրոջը: Եվ նա է ազատում առաջին՝ եվայական, ինչպես նաև սեփական մեղքերից:

13. Նայեա՛ առ իս՝ և ողորմեա՛ ինձ. զի միամօր և աղքատ եմ ես:

Նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ. քանզի միամորիկ եմ ես և աղքատ:

Որ զուրկ է ամեն տեսակի օգնությունից և ունեցվածքից, հողն է միայն իր մայրը, որի վրա իր գլուխն է դնում: Եվ աղքատ. քանզի մերկ է գալիս և մերկ էլ գնում է:

14. Նեղութիւնք սրտի իմոյ բազում եղեն յոյժ. և ի վշտաց իմոց հան զիս:

Սրտիս նեղությունները խիստ շատացան, ազատի՛ր ինձ իմ վշտերից:

Սիրտ ասելով նկատի ունի խղճմտանքը, որ մեղքի պատճառով է առաջանում, ինչից էլ հատկապես ազատվել է աղերսում՝ ասելով. ազատիր ինձ իմ վշտերից:

15. Տե՛ս զխոնարհութիւն իմ և զվաստակ իմ. և թող ինձ զամենայն զմեղս իմ:

Տե՛ս իմ նվաստացումն ու տառապանքը և թողությո՛ւն արա իմ բոլոր մեղքերին:

Երբ տառապում էր ամեն գիշեր արտասուք թափելով՝ մոռանալով իր թագավորական վիճակը:

16. Տե՛ս զթշնամիս իմ, զի բազում եղեն, ատելութիւն՝ զոր ի նանիր ատեցին զիս:

Տե՛ս՝ թշնամիներս որքա՜ն բազմացան և անիրավ ատելությամբ ինձ ատեցին:

Այն օտարներն ու ծանոթները, որոնց ոչնչով պարտք չէր:

17. Պահեա՛ զանձն իմ՝ և փրկեա՛ զիս. և մի՛ յամօթ եղէց՝ զի յուսացայ ի քեզ:

Պահպանի՛ր ինձ ու փրկի՛ր ինձ, և թող ամոթով չմնամ, որ հույսս դրի քեզ վրա:

Հուսահատությունից պահպանի՛ր ինձ. հույսս քեզ վրա դրի, որովհետև դու ես իմ հույսը:

18. Անբիծք և ուղիղք կցորդ եղեն ինձ. և ես քեզ համբերի. փրկեա՛ Աստուած զԻսրայէլ յամենայն նեղութեանց նորա:

Անբիծներն ու արդարներն ինձ կցորդ եղան, և ես սպասեցի քեզ: Փրկի՛ր, Աստվա՛ծ, Իսրայելն իր բոլոր նեղություններից:

Մեծ պարծանք է, որ ոչ միայն բարի մարդ է և Աստծո կամքով է ընթանում, այլ նաև անբիծներն ու արդարներն իրեն կցորդ են լինում: Փրկի՛ր, Աստվա՛ծ, քանզի թագավորն աշխարհի հայրն է և պարտավոր է աղոթել նրա համար, այդ պատճառով էլ խնդրում է ծառայել նոր Իսրայելին հավիտյանս, ինչպես որ մի ժամանակ իրենց:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

30.08.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․