Սրբացնենք պահեցողության օրերը | Srbacnenq Pahecoghutyan Orery



Գրքեր

Սրբացնենք պահեցողության օրերը

Այս տարի օգոստոսի 14-ին Հայ Առաքելական Սբ. եկեղեցին նշում է Վերափոխումն Սբ. Մարիամ Աստվածածնի տոնը, որին նախորդում է շաբաթապահք: Քրիստոնյան տոնին նախապատրաստվում է պահք պահելով: Ինչո՞ւ է Հայ եկեղեցին տարվա կեսը սահմանել որպես պահքի օրեր, որոնք բաժանված են օրապահքերի, շաբաթապահքերի և քառասնօրյա պահքի:

Պահքի նշանակության մասին Սբ. Հովհան Ոսկեբերանն ասել է. «Պահք պահիր, քանի որ մեղք ես գործել, պահք պահիր, որպեսզի չմեղանչես: Պահք պահիր, որպեսզի պարգևներ ստանաս, պահք պահիր, որպեսզի ձեռք բերածդ չկորցնես»:

Ճիշտ պահեցողությամբ մարդն իր մեջ սանձահարում է կրքերն ու մեղքերը: Այս մասին Սբ. Պողոս առաքյալն ասել է. «Բայց ես ինքս ինձ ճնշումների եմ ենթարկում ու զսպում, որպեսզի չլինի թե ինքս զրկվեմ մրցանակից, ես, որ ուրիշներին եմ քարոզում» (Ա Կորնթացիներ 9:27): Զսպվածությունը դա պահքին հատուկ կարևորագույն մի սխրանք է: Սաղմոսերգուն պահքը դիտում է մութ ուժերի դեմ հզոր մի զենք. «Նրանց հալածանքի ժամանակ ես քուրձ էի հագնում, ծոմով խղճալի էի դարձնում ինձ և իմ աղոթքներն ինձ վերադարձան» (Սաղմոս 108:24):

Ընդհանրական եկեղեցու նշանավոր վարդապետներից Սբ. Եպիփան Կիպրացին հորդորում է. «Սրբացրե՛ք պահքը, բայց մի՞թե պահքն ինքն իրենով սուրբ չէ: Նայե՛ք պահք պահողներին, մեկն ատում է մյուսներին՝ պահք չպահելու համար: Մյուսը խանդավառված, բայց ոչ գիտակցաբար է պահք պահում՝ դառնալով անկարողունակ բարեգործության: Երրորդը պահք է պահում միայն մարմնով՝ ընդհանրապես չանդրադառնալով հոգևորին»: Պահքը սուրբն ընդունում է որպես միջոց թուլացնելու համար մարմնական կրքերը: Ապա նշում է՝ մի՞թե հիվանդը հպարտանում է՝ բազմաթիվ դեղորայք օգտագործելով: Եվ ինչպե՞ս է օգտագործում դեղորայքը՝ աստիճանաբար: Օրինակ է բերում սրբերին՝ ասելով, որ նրանք երկար ժամանակ էին պահք պահում՝ աստիճանաբար իրենք իրենց սովորեցնելով պահեցողության:

Պահքը լիարժեք է, եթե սննդի և հոգևոր պահքերը միասնաբար են պահվում, ինչը հաստատում է Սբ. Հովհան Ոսկեբերանը. «Նա, ով պահքի ընթացքում սահմանափակվում է միայն որոշ ուտելիքներից հրաժարվելով, այդպիսին ամբողջովին արժեքազրկում է այն: Միայն բերանը չէ, որ պետք է պահք պահի, ո՛չ, պետք է պահք պահեն և՛ մեր աչքերը, և՛ լսողությունը, և՛ ձեռքերը, և՛ ոտքերը, և՛ մեր ամբողջ մարմինը»:

Քրիստոս, երբ ուսուցանում էր պահեցողության մասին, պատվիրեց կեղծավորների նման չբարձրաձայնել պահք պահելը (Մատթեոս 6:18): Այս մասին Հարանց վարքում անապատի ճգնավորների մասին կարդում ենք, որ երբ մեկը տեսնում էր իրենց գործերը, նրանք դա այլևս առաքինության գործ չէին համարում, այլ՝ մեղք: Պատմվում է, որ երբ մի անգամ տոն օրը եղբայրները նստած էին ճաշի, նրանց մեջ կար մեկը, որ չէր ուտում եփած կերակուր: Վերակացուին ասացին, որ այս եղբայրը կերակուր չի ճաշակում, այլ միայն աղ ու բանջարեղեն: Իսկ սա էլ իր հերթին, բոլորի ներկայությամբ ձայնեց մատուցողին, ասելով, որ այս եղբայրը եփած բան չի ուտում, նրան աղ ու բանջար բեր: Այնժամ ծերերից մեկը, վեր կենալով, ասաց այդ եղբորը. «Ավելի լավ էր քեզ համար նստեիր քո խցում և միս ուտեիր, քան թե, բոլոր եղբայրների մոտ ի հայտ գար քո կենցաղավարությունը» (Հարանց վարք):

Հոգևոր պահեցողությամբ մարդն իրեն հեռու է պահում մեղքերից, ինչին Աստված կոչում է Իր ժողովրդին Եսայի մարգարեի միջոցով. «Այդպիսի ծոմապահություն չէ, որ ես ընտրեցի, և ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդ իր անձն է տանջում: Եթե պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ, սակայն, չեմ համարի ծոմ և ընդունելի օր. այդպիսի ծոմապահությունը չէ, որ ես ընտրեցի,- ասում է Տերը,- Քանդի՛ր անիրավության հանգույցը, խորտակի՛ր քո վաճառականական խարդախությունն ու բռնությունը, ների՛ր ու արձակի՛ր նեղյալներին և պատռի՛ր բոլոր անիրավ մուրհակները: Քաղցածներին բաժանիր քո հացը և անօթևան աղքատներին տար քո տունը. եթե մերկ մարդ տեսնես՝ հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր» (Եսայի 58:5-7):

Այսպիսի հոգևոր պահքն է, որ կոչում է մեզ հեռու մնալ կեղծիքից և չար գործերից կյանքի բոլոր օրերում: Փորձենք յուրաքանչյուրս աստվածահաճո պահեցողության մեջ լինել՝ այդպիսով իսկ դարմանելով մեղքերից խոցոտված մեր հոգին:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

09.08.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․