Գրքեր

Սուրբ Եփրեմ Ասորու խրատն ապաշխարության և համբերության մասին

Խորհրդածե՞լ է արդյոք որևէ մեկը, որ մեր այս կյանքը նույնն է, ինչ փախստական ստրուկը, փոփոխամիտ խաբեբան կամ խարխլվող տունը: Արդյո՞ք որևէ մեկը իր հոգին այնչափ գերիմաստորեն է պատսպարել, որպեսզի սպասվող սարսափելի և մեծ օրը Աստծո դատաստանին չարժանանա: Արտասուքի ո՞ր աղբյուրներն են բավական այն բանի համար, որ հուրն ավելի վաղ հանգցնենք, քան այն ճաշակել ենք: Եվ կամ մեր փոխարեն ո՞վ կշարժի Դատավորի գութը, որպեսզի չդատի մեզ՝ մեղավորներիս: Նույնիսկ սուրբերից ո՞վ ներում կհայցի մեզ համար մարդասեր Աստծուց: Աստծո ցասումը ո՞վ կփոխարկի ողորմածության և արդարադատությունը` գթության, եթե Դատավորին չաղերսի: Նա` Միակը, Ով իր վրա վերցրեց մեղքերի բեռը, և՛ տանում է, և՛ ազատում է, և՛ թեթևացնում է, երբ կամենում է: Երբ ծանր մեղքեր ենք գործում, հավելում ենք բեռը, և երբ դառը զղջում ենք, թեթևացնում ենք դրանք. մեզանից է կախված մեր կապերը քանդելը, կամ ավելի պինդ կապելը: Իսկ Աստծո գործն իրեն հայցողներին ներելն է, քանզի, հիրավի, մենք մարդասեր Տեր ունենք, Ով ապաշխարանքով լուծում է ծառաների մեղքերը:

Այսպիսով, մինչև մեր` այն աշխարհ գնալը ջանադրաբար պաղատե՛նք Դատավորին, որ ազատի մեզ գայթակղությունից: Ե՛վ Նոյը, և՛ Հոբը, և՛ Դանիելը` Աստծո բարեկամները և մարգարեները, որքան էլ սխրագործներ էին, եթե սկսեին Աստծուն պաղատել իրենց երեխաների համար` ներում հայցելով, ապա դույզն–ինչ օգուտ չէին բերի նրանց և լսելի և ընդունելի չէին լինի: Իսկ ի՞նչ կանենք մենք, որ հոգ չենք տանում մեր մասին: Ո՞վ կփրկի մեզ Աստծո զայրույթից՝ բացի Միակ դատող և արդարացնող Աստծուց:

Տե՛ս, թե ինչպես հատուցեցին Աստծուն սուրբ նահատակները, ովքեր սխրանքներ գործեցին երկրի երեսին և Աստծուց սխրագործության ի¯նչ շնորհներ ստացան իրենց մարտիրոսությամբ: Քավելով իրենց մեղքերը՝ ոչ միայն դրանով արժանացան ներման շնորհին, այլև ի հավելումն ստացան երկնային Արքայությունն ու Դրախտը, քանզի իրենց արյունը հեղեցին այն Արյան համար, որի գինը բարձր է ամենայն գնից և անգնահատելի է, այսինքն` Տիրոջ Արյան համար: Աստծո սերը գերադասելով երեխաներից, նույնիսկ ամուսիններից, նրանք ի վերջո հաղթողներ դարձան այդ ճանապարհին, որպեսզի մտրակահարությամբ փորձվելով՝ պսակներ ստանան իրենց սխրագործության համար: Փրկիչի նկատմամբ սերը նրանց միտքը այնքան էր հափշտակում տանում դեպի Նրա այդ ճանապարհը, որ մարմնավոր լինելով՝ նրանք գնեցին անմարմինը: Իսկ մենք՝ ստրուկներս, ինչո՞վ պիտի հատուցենք փառքի Տիրակալին և Արքային: Մենք հաճախ չենք հանդուրժում մեր եղբոր անգամ մեկ խոցող խոսքը` մոռանալով մեր հասցրած վերքերը` թե՛ երևելի, թե՛ աներևույթ, որոնք Աստծուն են հայտնի, չենք կարողանում տանել նույնիսկ երկնքից թափվող ձյունը: Հանուն Աստծո նեղություն կրողները փառապսակվեցին, իսկ մենք, թեպետ և առանց կտտանքների կարող ենք մարտիրոսներ դառնալ, հակառակն ենք անում և որևէ բանի պիտանի չենք, և նույնիսկ դառնում ենք մտավոր գազանների և նենգադավ դևերի որսը:

Ի՞նչ ես անում, դու, ո՛վ մարդ՝ հոգ չտանելով առաքինության մասին: Արարիչը քեզ ստեղծել է, որպեսզի դու զտվես հենց վիրավորանքների և գայթակղությունների միջոցով, ինչպես ոսկի, և քո մեծ համբերության և մեծահոգության շնորհիվ ընտրյալ և մաքուր անոթ լինես, քանզի չփորձված մարդը անվարժ է լինում գայթակղություններին դիմանալու գործում:

Դրանցից մեկը ես եմ, այս տողերը գրողը, ես` անարգս և մեղավորս, որ նախանձախնդիր չեմ որևէ առաքինության, անարժան եմ ձեր եղբայրը կոչվելու, քանզի փախա վշտից, որն ինձ պսակ էր պատրաստում, ես`անհնարամիտս, ով, սակայն, հանդգնում է գովաբանել մարտիրոսներին: Քանզի հենց որ սկսում եմ այդպիսի գովեստներ ձոնել, սկսում եմ դառնագին տրտնջալ, ահ ու սարսափի մեջ եմ ընկնում, խիղճս տանջում է ինձ, և սարսում եմ, երբ մտածում եմ, թե ապագա Դատաստանի օրը ինչպե՞ս պիտի հատուցեմ վատ գործերիս համար, քանզի դրանցով ծանրաբեռնված և դրանց տակ կքած` արժանի չեմ բարձունքին նայելու: Եվ երբ սկսում եմ նահատակների մասին գովասանքի խոսքեր ասել, խիղճս գազանի նման հարձակվում է ինձ վրա մերկացնող Աստծո առջև, Ով տեսնում է բոլոր մարդկանց գաղտնիքները: Եվ ասում է ինձ. «Ո՞վ ես դու, որ բարբաջում ես ուրիշների գործերի մասին, երբ ինքդ աղքատ ես դրանցով: Ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուն՝ քեզ խավարից լույս աշխարհ բերողին, համարձակվելով խոսել առաքինությունների մասին, որոնց դու ինքդ չես հետևում՚:

Սակայն, քանի դեռ ես չեմ լռել, ավելի լավ է` խոսեմ ձեր բարեսիրության մասին, որովհետև այդ առաքինությունը ինքս տակավին ձեռք չեմ բերել: Քանի որ իմ մեջ կրում եմ մարդասեր Տիրոջը, չեմ դադարի մարտիրոսներին գովասանքներ հղելուց: Ինքդ դատիր` սոսկ ես եմ անարժան և աղքատացած ամենայն առաքինությունից, սակայն փողերը տալիս եմ պարտատերերին, որպեսզի երբ Աստված գա, մի բան էլ ավելի վերցնի: Կամենում եմ խույս տալ տաղանդի համար մեղադրվելուց և դատված չլինել այն նենգադավ մարդու հետ, ով տաղանդը թաղեց հողում: Այդ պատճառով փրկվել կամեցողին խորհուրդ եմ տալիս չընդօրինակել ինձ՝ մեղավորիս, այլ իմ խոսքերն ընդունել որպես իմաստունի: Ի դեպ, այդ մասին խոսելը կատարելություն չեմ համարում, քանզի Աստծո կամքն ամենքը գիտեն՝ մեծերն ու փոքրերը, մեծատոհմիկներն ու աղքատները: Ամեն ոք, եթե քննի, կտեսնի, թե ինչն է իրեն օգուտ, ինչ է կամենում իրենից Աստված և թե ինչպես պետք է ինքը փրկվի:

Կարծում եմ` լսել եք, որ մեզ համար պատրաստված է գեհենը, անմար կրակը, ատամների կրճտոցը, ականակուր խավարը, ինչպես նաև որդը և Դատավորի առջևով սրընթաց հոսող գետը, որով սպառնում է Մարդասերը, եթե չպահպանենք Աստծո պատվիրանները, եթե նախօրոք հուրը արցունքներով չմարենք, եթե գեհենը ապաշխարանքով չհանգցնենք, եթե որդը առաքինությամբ չսպանենք, եթե անոխակալ Դատավորին չթախանձենք, քանի դեռ այս կյանքում ենք, եթե այնտեղի Դատավորին չնախազգուշացնենք` ներկա աշխարհում ապաշխարելով, եթե չցուցաբերենք այնպիսի զղջում, որը կշարժի Դատավորի գութը: Աստված ո՛չ թե մեր, այլ սատանայի և նրա գործակալների համար է տանջանքներ սահմանել, մինչդեռ մենք ինքներս ենք մեր մեծ արատներով մեզ դարձնում այդ սարսափելի տանջանքների ժառանգորդները: Մենք մարդիկս ենք հոժարակամ կրելու այն, ինչը սպառնում էր չարամիտ օձին: Ասում է. «Անիծյալնե՛ր, գնացե՛ք ինձնից հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի և նրա հրեշտակների համար» (Մատթ. 25:41): Սակայն չի ասում. «Մարդկանց համար պատրաստված կրակը»: Եթե չարը գործողները տակավին այս կյանքում են ճաշակում այդպիսի խիստ տանջանքներ և զանազան անհաշիվ պատիժներ, ապա ճշմարտացի և անկաշառ դատարանը առավել ևս ապագայում անողոք կլինի մեր`մեղավորներիս հանդեպ, որ այդչափ հանցավոր ենք Դատավորի առջև:

Օ՜հ, որքան մեծ է մեր կուրությունը: Պաղատում ենք Աստծուն լսել մեզ և բանալ մեր առջև դուռը, որ ինքներս ենք փակել մեր մուտք գործելուց առաջ, այսինքն` աղոթքից առաջ: Ի՞նչ ես անում, ո՛վ մարդ` անխոհեմությամբ տառապող: Տերունական դուռը մշտապես բաց է թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար, իսկ մենք նեղություն ենք տալիս Տիրոջը՝ մեր առջև այն բացելու համար, մենք, որ ինքներս մեր առջև փակել ենք այն, քանզի իշխանություն ունեինք այն բացելու կամ փակելու: Եթե մեղք չգործենք, տերունական շռայլ բարիքների դուռը միշտ բաց կլինի մարդկանց համար, իսկ եթե մեղք գործենք, ապա անմիջապես կփակվի: Աստված դուռը չի փակում իր ծառաների առջև, եթե աղոթքով են մոտենում նրան: Ընդհակառակը, այդ դուռը միշտ բաց է Աստծուն փնտրողների առջև, քանզի նա ասում է. «Խնդրեցե՛ք Աստծուց և նա կտա ձեզ, փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք և կբացվի ձեր առաջ» (Մատթ. 7:7)` դրանով արտահայտելով խնդրողին ամեն բան տալու Իր պատրաստակամությունը: Դաժան մի՛ եղիր ինքդ քո հանդեպ, դժբա՛խտ, անմարդկայնություն մի՛ վերագրիր Աստծուն:

Մեղավորն ինքներս ենք, որ մեր մեղավորությամբ պարիսպ ենք բարձրացնում և մեր ցանկություններով պղնձե դուռ ենք կռում:

Այսպիսով՝ հաշտվելով՝ խորհրդածի՛ր ինքդ քեզ հետ և կապանքներից ազատի՛ր քո բանտված հոգին: Աստված դեռևս քեզանից սպասում է, որ դու հաշտվես Տիրակալի հետ: Նա դեռևս կամենում է քո վերադարձը, որպեսզի ընդունի քեզ, եթե անկեղծ ապրես: Քո ներքին մարդուն հաշտեցրո՛ւ արտաքինի հետ և ազա՛տ եղիր դառը ստրկությունից: Այդ դեպքում այն դուռը, որը փակել ես քո դեմ, քո աղոթքների համար միշտ բաց կգտնես, որի համար էլ փա՜ռք Աստծուն և Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

23.03.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․