Գրքեր

Սուրբ, սուրբ, սուրբ ես Տէր զօրութեանց

Որքան մարդ արարածն սկսում է ճանաչել Ամենաբարձրյալ Աստուծո գործերն ու ճանապարհները, զորությունն ու սրբությունը, այնքան ավելի մեծ համոզվածությամբ սկսում է կրկնել. «Սուրբ, սուրբ, սուրբ ես Տէր զօրութեանց, լի են երկինք եւ երկիր փառօք Քո» (Եսայի Զ 3):

Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր, Աստվածորդու և հայ ժողովրդի հանդիպման սրբազան այս վայրում՝ բովանդակ հայության միության նշանակ Մայր Տաճարի կամարների ներքո, քիչ առաջ հանկարծական սարսուռ ազդող զանգակների ղողանջյունների ձայնակցությամբ, ծավալվեց ամեն մի հայի հոգուն այնքան հարազատ «Սուրբ, սուրբ» ախորժալուր օրհնաբանությունը:

Ակամայից հարցնում ես ինքդ քեզ. «Որտեղի՞ց են գալիս սրբասացության այս խոսքերը, ո՞վ է հորինողը մինչև երկնքի դարպասները ուղեկցող այս օրհներգության, որն ընդամենը մի քանի բառից է բաղկացած, սակայն հոգիդ լցնում է այնպիսի ուժգին ոգևորությամբ և հոգեկան բերկրանքով, որ թվում է, թե արդեն իսկ բացված են մեզ համար սերովբեափակ դռները դրախտի»: Եվ այս ամենի պատճառը միայն այն չէ, որ ճշմարտություն է հետևյալ խոսքը. «Չկա այնպիսի մի բան, որ մեր կամքը հեղաշրջի ուրախության կամ այլ տրամադրության այնպես, ինչպես երգեցողության ձայնը»:

Աստվածային տեսիլքով ներշնչված այս օրհնաբանությունն ամենից առաջ յուրահատուկ է նրանով, որ այն երգվում է Քրիստոսին պաշտող բոլոր եկեղեցիների պատարագների ընթացքում: Այս նույն բառերով են աղոթում աշխարհի բոլոր քրիստոնյաները՝ տարբեր լեզուներով, զանազան երաժշտականությամբ, բայց և այնպես միևնույն ոգով և աստվածայինին հաղորդակցվելու նույն տենչանքով: Եվ որովհետև մենք ապրում ենք մեր երգերի մեջ և մանավանդ հոգևոր երգերի մեջ՝ մեր երգած «Սուրբ, սուրբ»-ը նաև մեր կյանքն է ու մեր հոգու երկնային ձգտումների արտահայտիչն ու արտացոլումը:

Սիրելի՛ հավատացյալներ,

Հողեղեն արարածներից «Սուրբ, սուրբ» օրհներգի առաջին ունկնդիրը եղավ Հին Կտակարանի երեք մեծ մարգարեներից առաջինը՝ աստվածատես Եսային, ով, ի դեպ, Սուրբ Գրքի միակ մարգարեն էր, որ մարգարեուհի կին ուներ:

Մեզանից ճիշտ և ճիշտ 2700 և 50 տարիներ առաջ, երբ նա կանգնած էր Երուսաղեմի տաճարում, Զորությունների Տերը նրան մարգարեության կոչեց: Եվ ահա թե ինչ է գրում մարգարեն իր գրքի 6-րդ գլխում. «Այն տարին, երբ մեռավ Ոզիա արքան, տեսա Տիրոջը, որ նստած էր բարձր ու վերացած աթոռին, իսկ տաճարը լի էր Նրա փառքով: Նրա շուրջը սերովբեներ կային, որոնցից յուրաքանչյուրը վեց թև ուներ, երկուսով իրենց երեսներն էին ծածկում, երկուսով իրենց ոտքերը և երկուսով էլ թռչում էին: Ձայնակցում էին իրար և ասում «Սուրբ, սուրբ, սուրբ է Զորությունների Տերը և ամբողջ երկիրը լի է Նրա փառքով»:

Վերոհիշյալ սերովբեները հրեշտակների բարձրագույն դասն են ներկայացնում և որպես բոցակեզ հուր՝ շրջապատում են Աստծուն և Նրա գահը և հենց եբրայերեն սերաֆիմ-սերովբե անունը նշանակում է կրակ, հուր, բոցավառ: Նրանց մշտաբարբառ երեքսրբյան օրհներգը երկնքում անդադար տևող երկնային պատարագն է, որի մասին ավելի հանգամանորեն հայտնված է մեզ Հովհաննու Հայտնության մեջ: Այսպիսով, թևասքողյալ սերովբեների այս օրհներգության երգեցողությունը մեր պատարագների ընթացքում երաշխիքն էր երկնային պատարագի հետ անխզելի մեր կապի:

Այս օրհնության մեջ երկնային և երկրային պատարագները միաձուլվում են մեկ երգչախմբի օրհնաբանությամբ: Այս երգի միջոցով Քրիստոսի Եկեղեցին վեր է խոյանում դեպ երկինք, դեպ Աստծո գահը, դեպ Նրա անպատմելի փառքը:

Հովհաննես Ավետարանիչը լավագույնս բացահայտում է Երուսաղեմի տաճարը, երկինքն ու երկիրը լցնող Աստծո փառքը՝ ասելով. «Եվ բանը մարմին եղավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք Նրա փառքը, նման այն փառքի, որ Հայրն է տալիս Միածնին լի շնորհով և ճշմարտությամբ» (Հովհ. Ա 14): Ուրեմն, մենք, որպես հավատացյալները Քրիստոսի Եկեղեցու, նախ և առաջ պիտի փնտրենք Աստուծո փառքը, որովհետև Հիսուս ասում է. «Դուք ինչպե՞ս կարող եք հավատալ, քանի որ իրարից ենք փառք առնում և չենք որոնում այն փառքը, որ միակ Աստծուց է գալիս»:

Երեքսրբյան օրհներգի մեջ Աստծուն երեք անգամ սուրբ անվանելը, Աստվածաշնչի լեզվի յուրահատկությունների պատճառով է և նշանակում է, որ Աստծո սրբությունը գերագույն աստիճանի է: Սրբություն նշանակում է այլ, տարբեր և ցուցանշում է Աստծո անհամեմատելի կարողությունը ամեն ինչի նկատմամբ, ինչ գոյություն ունի Նրանից դուրս: Սակայն պետք չէ երբեք մոռանալ, որ սրբությունը անմերձենալի չէ մեզ համար, որովհետև Աստված ինքն է սրբության կոչ անում մեզ Ղևտացվոց գրքում՝ ասելով. «Սուրբ եղեք, քանզի Ես՝ ձեր Տեր Աստվածը, սուրբ եմ»: Ուրեմն Աստուծո սրբությունը մեզ համար չի մնում անհնարին մի բան, այլ այս աստվածային հրավերը արդիական է մեզ համար ամեն օր, ամեն պահ:

Սիրելի՛ հավատացյալներ, եթե Եսայու ահեղակերպ տեսիլքում բոցանշույլ սերովբեներ էին հայտնվում Երուսաղեմի տաճարի մեջ, ապա բավական է միայն վեր նայեք և մեր Մայր Տաճարի գմբեթարդ հարկի տակ կտեսնեք գեղեցկահարմար հորինվածքով վեցթևյանների զգաստացնող պատկերները և եթե հնում միայն նրանք էին փառաբանում, ապա մեզ արտոնված է բարձրաբարբառ ձայնակից լինել նրանց՝ օրհնել և օրհնաբանել Զորությունների Տիրոջը:

Թող մեր տաճարներում հնչեցված «Սուրբ, սուրբ»-ը, թաթախված մեր աղոթքներով, վեր համբառնա առ Ամենաբարձրյալն Աստված և դառնա կատարյալ շարունակությունը սերովբեական անդադար փառաբանության:

Թող ամեն անգամ, երբ հնչի այս օրհներգությունը, Միածնի փառքը ծավալվի ոչ միայն տաճարում, երկնքում ու երկրի վրա, այլև, որ ամենակարևորն է, մեր հոգիներից ներս, որպեսզի կարողանանք գոհությամբ բացականչել.

«Հրեշտակային երգակցութեամբ զՔեզ օրհնել, զՔեզ գովել և զՔեզ գոհութիւն և փառք մատուցանել ամենազօր տերութեանդ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. Ամէն»:

 

 

Տ. Դանիել վրդ. Թումանյան

(Քարոզը խոսվել է Ս. Էջմիածնի Մայր տաճարում մատուցված Ս. Պատարագին, 3 օգոստոսի 2008 թ.)

 

19.08.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․