Գրքեր

Թող սրբադասված մեր նախնիները փառակից դառնան սրբոց դասին

Սիրելի՛ բարեպաշտ հայեր համայն աշխարհի,

Յուրաքանչյուր տարի այս օրը համախմբվում է աշխարհասփյուռ հայ ժողովուրդը՝ միասնաբար հիշելու 1915թ.-ին տեղի ունեցած մարդկության մեծագույն չարագործություններից մեկը՝ հայ ժողովրդի դեմ կատարված ցեղասպանությունը: Համընդհանուր ցավի հիշողությունը միախմբում է աշխարհի տարբեր անկյուններում բնակվող, տարբեր տարիքի ու դիրքի մարդկանց: Եղեռնագործության պատճառով ողջ աշխարհով ցրված ժողովուրդը մի սիրտ է դառնում այդ նույն եղեռնի հիշատակության օրը, որի կսկիծով լի բաբախյունը լսվում է մոլորակի բոլոր անկյուններում: Պանդխտացած զավակներն այսօր կանգնում են իրենց մայր հայրենիքի կողքին՝ մխիթարելու զավակի կորստից սևացված մայրական սիրտը և ողջ աշխարհին ցույց տալու, որ չնայած կորստի ահռելի չափին ու ցավի մեծությանը, հայ ժողովուրդը չի կոտրվել,  ողջ է, շարունակում է ապրել ու արարել, և հզոր է այնքան, որպեսզի կոտրի յուրաքանչյուր յաթաղան, որ կհամարձակվի կրկին բարձրանալ իր դեմ:

Այո, պատմությունն այս օրը գլխիկոր է մնում մի ողջ ազգի առջև՝ իր էջերը սևացրած և արյամբ ներկած սարսափելի ոճրագործության պատճառով: Եվ ցեղասպանությունը մյուս ոճիրներից առավել ծանր ու դաժան է, քանի որ ուղղված է մի ամբողջ ժողովրդի դեմ: Սա ոտնձգություն է ուրիշի կյանքի, սեփականության և արժեքների դեմ, որ ցավոք սրտի հաճախ անպատիժ է մնում, ինչպես դեռևս Հայոց ցեղասպանության պարագայում է:

Վերջին տարիներին հաճախ են դժգոհ կարծիքներ լսվում այն մասին, որ բավ է այլևս սգացող ազգ լինել և սգալ մեր վիշտը, որն արդեն հարյուրամյա պատմություն ունի, սակայն ես կարծում եմ, որ սա այն ուժասպառ անող սուգը չէ, որ կարող է թուլացնել մեր ժողովրդին և խոցելի դարձնել նոր հարվածների դեմ: Այն ուղղակի հիշատակն է մեր մեկ ու կես միլիոն անմեղ նախնիների, որ ընկան իրենց ազգային պատկանելիության և հավատքի պատճառով: Հիշատակն է այն հսկայական տարածքների, նյութական, կրոնական և մշակութային այն անգին արժեքների, որ կորցրեցինք, հիշատակն է ստիպողաբար մահմեդականության ընդունած հայերի, որ մինչ օրս վախենում են խոստովանել, որ հայ են, հիշատակն է պանդխտացած և օտար ափերում ծվարած մեր եղբայրակիցների, հիշատակն է տարբեր երկրների մանկատներում ապաստան գտած, կոտորածից մազապուրծ մեր որբուկների, և մեր հետագա սերունդների համար շատ կարևոր է հիշել այդ ամենի մասին, որպեսզի երբևէ չթուլանա նրանց զգոնությունը, քանի դեռ ապրում ենք թշնամական պետություններով շրջապատված:

Պետություն դարձած քոչվոր ցեղախմբի արյունարբու առաջնորդները անցյալ դարասկզբին աչք տնկեցին բազմադարյա պատմություն ու մշակույթ ունեցող ազգի սուրբ հողի վրա, քանի որ քրիստոնյա հայի ազատատենչ ոգին սկսել էր գլուխ բարձրացնել ժողովրդի հոգում և մարդիկ ցանկանում էին ազատվել թուրքական լծից: Նրանք հղացան արյունալի մի ծրագիր, որ վստահաբար դիվական ներշնչման հետևանքն էր նրանց անհավատ հոգիներին: Անաստվածները ցանկացան հայաթափ անել այն հողը, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ու Մեսրոպ Մաշտոց էր ծնել, Աբգար թագավոր ու Վարդան Մամիկոնյան, Սուրբ Սանդուխտ կույս ու Գրիգոր Նարեկացի՝ Տեր Հիսուս Քրիստոսի հավատարիմ ծառաներ, որոնք ճշմարիտ Աստծո փրկչական լույսի կանթեղը վառ են պահել հայ հողում: Թշնամին ցանկացավ առանց հայի տեսնել այն հողը, որի վրա դրոշմվել էին Քրիստոսավկա առաքյալներ Սուրբ Թադեոսի և Բարդուղիմեոսի ոտնահետքերը, որը բուրում էր սուրբ Հռիփսիմյանց նահատակների նշխարների անուշահոտությամբ, որը հիշում էր Տիգրան Մեծ արքայի նվաճումներն ու Արշակ Բ թագավորին, ով ուժ էր ստանում մայր հողից: Եվ գործի գցվեց մարդասպան մեխանիզմն ու 1915 թվականի գարնանը ծիրանենիներն արյան կարմիրով ծաղկեցին Արևմտյան Հայաստանում: Անգութ դահճի ճանկը խրվեց հայի Քրիստոսակիր սրտի մեջ, գլխատվեց հայ ժողովուրդը՝ մեկ օրում զրկվելով իր մտավորական առաջնորդներից: Զոհրապ, Սիամանթո, Վարուժան… Անակնկալ հարվածից ուշքի չեկած ժողովուրդը սրի քաշվեց: Սեփական օրորոցում խեղդվեց մանկան ճիչը, հայ շինականի հորովելը «Դլե յաման»-ի փոխվեց, «Տեր ողորմեա»-ն սառեց իր հոտին չլքած հոգևորականի շուրթին: Մարդկային քարավանները քշվեցին դեպի սիրիական անապատները՝ հայի արյունով ներկելու անապատի շիկացած ավազն ու փուշը: Ավերվեցին ու կողոպտվեցին հայկական շեն քաղաքներն ու գյուղերը, քարուքանդ արվեցին դպրոցներն ու եկեղեցիները: Արյունռուշտ գազանի անկուշտ երախը հոշոտեց ահելին ու ջահելին, ռամիկին ու մտավորականին, հարուստին ու աղքատին՝ վերջնական նպատակ ունենալով բնաջնջել հայ ժողովրդին, վերացնել նրա ինքնությունը, ջնջել նրա բազմադարյա հետքը երկրի երեսից: Սակայն, փա՜ռք Բարեխնամ Աստծուն, անջնջելի է հայի գենը, այդ բոլոր սարսափներից հետո կենդանի է հայը հարուցյալ Քրիստոսի զորությամբ, փյունիկ թռչնի նման վերածնվել է մոխրից և այսօր պահանջատիրոջ իրավունքով է ներկայանում աշխարհին:

1915 թվականի ցեղասպանությունը ոչ միայն բազմաթիվ հայ հոգևորականների կյանքեր խլեց, այլև կողոպտվեցին ու ավերվեցին Օսմանյան կայսրության տարածքում գտնվող մոտ հազար հինգ հարյուր հայկական եկեղեցիներից ու վանքերից շատերը: Կորսվեցին անգին ձեռագրեր ու սուրբ մասունքներ: Կոտորվեց իր հավատքին, իր եկեղեցուն ու իր ազգին հավատարիմ մնացած հավատացյալ հոտը: Անասելի մեծ էր Մայր եկեղեցու ցավը, սակայն կանգուն էր Միածնաէջ Մայր Աթոռը և թևատարած մոր պես գիրկը բաց արած սպասում էր գաղթական իր զավակներին: Այն տարիներին Մայր եկեղեցին հոգ տարավ գաղթական ոչ միայն հայ, այլ նաև այլազգի այլ քրիստոնյա ընտանիքների մասին: Հայ եկեղեցու բոլոր թեմերում բացված որբատների ապահով հարկի տակ ապաստան գտան կոտորածից փրկված հազարավոր որբուկներ: Իսկ Հայ եկեղեցու բազմաթիվ սպասավորներ անմիջական մասնակցություն ունեցան կամավորական ջոկատների մղած ինքնապաշտպանական մարտերին: Անշուշտ, անգնահատելի է Եկեղեցու օգնությունը, որ այն սարսափելի օրերին մատուցվեց ժողովրդին, սակայն այսօր էլ՝ եղեռնագործությունից ավելի քան հարյուր տարի անց, Մայր եկեղեցին շարունակում է հոգ տանել ցեղասպանության բյուրավոր զոհերի հոգիների և հիշատակի մասին՝ նրանց սրբադասումով աղաչելով Ամենողորմ Աստծուն ընդունել հանուն հայրենիքի և հավատքի կրած նրանց չարչարանքները, որոնցով չարչարակից եղան Աստծո Միածին Որդուն: Այսօր Հայ Առաքելական բոլոր եկեղեցիների զանգերը ղողանջում են ի հիշատակ այդ անմեղ զոհերի: Այսօր վառված բոլոր մոմերը հիշեցնում են Քրիստոսի լույսով բոցավառ նրանց անմահ հոգիների մասին:

Թող Բարեխնամ Տիրոջ անհատնում ողորմածությամբ մեր սրբադասված նախնիները փառակից դառնան սրբոց դասին, իրնց արժանի տեղը ունենալով Երկնքի Արքայությունում, քանզի հալածվեցին՝  չհրաժարվելով ճշմարիտ Աստծուց և Ամենակալի գահի առջև բարեխոս լինեն իրենց սերունդների ու հայրենիքի համար: Մենք էլ, որպես նրանց արժանի ժառանգորդներ, պարզ ճակատով ու բարձր գլխով պաշտպանենք մեր իրավունքներն ու հաստատուն քայլերով ընթանանք դեպի արդարություն՝ վստահ լինելով, որ մեր հավատի զորագլուխ Հիսուս Քրիստոսի առաջնորդությամբ պիտի հասնենք արդարության հաղթանակին և հավիտյանս դատապարտված տեսնենք ցեղասպանությունը: Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

24.04.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․