Գրքեր

Ծաղկազարդի տոնի պատգամ

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, սիրելի՛ ծնողներ ու անգին զավակներ,

Այսօր մեր Մայր եկեղեցին տոնում է անչափ սիրելի ու գեղեցիկ մի տոն՝ Ծաղկազարդը կամ Քրիստոսի փառավոր մուտքը Երուսաղեմ։ Այս սքանչելի տոնը Հայ եկեղեցին նշանավորել է նաև մանուկների օրհնության կարգով, որն այնքա՜ն համահունչ է տոնի խորհրդին ու ոգուն։ Եվ ես մեծ ուրախությամբ շնորհավորում եմ բոլորիս, հատկապես՝ մեծ ու փոքր մանուկներին այս գեղեցիկ տոնի առթիվ։

Մարդացյալ Աստծու երկրային կյանքին առնչվող Ավետարանի էջերում բազմիցս ենք հանդիպում մանուկների, ավելի ճիշտ՝ Քրիստոսի ջերմ ու սիրով լի վերաբերմունքին նրանց։ Ավետարանական այս դրվագում, սակայն, խոսուն է երեխաների վերաբերմունքը Փրկչին, նրանց ոգևորությունն ու մանկական անկեղծ ցնծությունը։ Մեծերի օրինակին հետևելով՝ գրկի մանուկներն անգամ արքայավայել ընդունելություն են ցուցաբերում միշտ հեզ ու խոնարհ Քրիստոսին և մանկանց կաթնաբույր շուրթերն անգամ «Օվսաննա՜» են գոչում Աստծու Օծյալին։

Տեր Հիսուս Քրիստոս ասում է․ «Երբ կինը ծննդաբերում է, նրա համար տրտմություն է, որովհետև նրա ժամը հասած է. բայց երբ մանկանը ծնի, այլևս չի հիշում նեղությունը՝ ուրախության պատճառով, որ աշխարհում մի մարդ ծնվեց» (Հովհ․ 16։21)։ Այո՛, մեր երեխաները՝ առանձնահատուկ, ինքնատիպ և միևնույն ժամանակ այնքա՜ն իրար նման, ամենալավ ու ամենաթանկ բանն են, որ ունենք այս աշխարհում։ Նրանք մեր հարստությունն են, ուրախությունը, արարելու և առաջընթացի խթանը։ Եվ բնական է, որ մենք անհանգստանում ենք՝ մեծ պատասխանատվություն զգալով նրանց ոչ միայն ծնելու, սնելու ու ֆիզիկական խնամքի, այլև կրթության ու դաստիարակության համար։ Իսկ հաշվի առնելով, որ մարդը՝ չափահաս թե մանուկ, ոչ միայն մարմին է, այլև առաջին հերթին՝ հոգի, ապա հոգևոր դաստիարակության հարցը առաջնահերթություն ու մեծ կարևորություն է ստանում։

Իսկ որտեղի՞ց սկսել այդքան պատասխանատու ու կարևոր գործը։ Հին հույն փիլիսոփաներից Դեմոկրիտեսն ասել է․ «Երեխաները խայտառակում են մեզ, երբ մարդկանց մոտ իրենց պահում են այնպես, ինչպես մենք՝ մեզ տանը»։ Այո, մենք ենք այն առաջին, կարևորագույն ու կենդանի օրինակը, որին հետևում են մեր զավակները։ Նրանք մեր արտացոլանքն են, մեր ընտանիքի դիմագիծը, մեր արժեքների կրողն ու բացահայտողը։ Ուստի նրանց դաստիարակությունը հարկավոր է սկսել նախ և առաջ մեզնից։ Իսկ մեզ համար կատարյալ օրինակ է Նա, Ում պատկերով արարվեցինք՝ մեր Երկնավոր Հայրը ու Նրա անաչառ, անշահախնդիր ու ինքնազոհ սիրո վրա հիմնված վերաբերմունքը մեր հանդեպ։

Ուրեմն Սուրբ Գիրքն ու աստվածազգյաց հայրերի գրվածքները սերտելով՝ ճանաչենք մեր Երկնավոր Հորը, սիրելինե՛ր։ Նրան հետևելով՝ սովորենք սիրով, համբերատարությամբ, ներողամտությամբ, անաչառ խրատով ուղեկցել մեր զավակներին իրենց կյանքի ճանապարհով՝ չմոռանալով փոխադարձ վստահության վրա կառուցել մեր հարաբերությունները․ ինչպես որ մենք ենք վստահ, որ մեր յուրաքանչյուր անկումից հետո Հայրը կլսի մեզ ու հետ կընդունի, այնպես էլ մենք պիտի լինենք մեր զավակների նկատմամբ։ Թող «Անառակ որդու», «Կորած ոչխարի», «Պարտատեր ծառայի» առակները լինեն մեր ուղեցույցները ծնողական մեր կարևորագույն առաքելության ճանապարհին։ Մշտապես հայցենք մեր Երկանավոր Մոր՝ սուրբ Մարիամ Աստվածածնի բարեխոսությունը մեր զավակների համար, նրան հանձնենք բարդ ու անլուծելի թվացող խնդիրները և միշտ հիշենք, որ լավ ծնող լինելու համար, նախ և առաջ, պետք է լավ զավակ լինենք մեր Երկնավոր Ծնողի համար։

Թող Տիրոջ անբավ մարդասիրությունն ու անսպառ օրհնությունները միշտ լինեն ձեր ընտանիքների հետ և թող ձեր ու ձեր զավակների շուրթերից երբեք չպակասի «Օվսաննա՜ն»։ Փա՜ռք Բարձրյալին։

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ

02.04.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․