Գրքեր

Ծածուկ կատարել առաքինության գործերը

Պատմեցին ոմանք Կոստանդնուպոլսի պատրիարք սուրբ Հովհան Ոսկեբերանի երեց աշակերտ հայր Եվլոգիոսի մասին, թե խիստ ճգնում էր` երկուական օրով պահեցողություն անելով. երբեմն էլ շաբաթը մեկ անգամ էր ուտում: Ո՛չ գինի էր ճաշակում, ո՛չ ձեթ, այլ միայն աղ ու հաց, և մարդկանց մեջ մեծ փառք ուներ: Սա, լսելով սկյութացիների մասին, թե մեծ վարք ունեն, եկավ նրանց մոտ` ակնկալելով, թե ինքը նրանցից շատ ավելի բան գիտե: Եվ գնալով Պիլուզ` հարցուփորձ արեց, թե ինչ վիճակում է Սկյութիան: Եվ պատմեցին, թե ավերվեց մազքիթների կողմից, և այս լսելով` սաստիկ տրտմեց: Ոմանք էլ ասացին. «Այստեղ` Պանեփոսում, մի ծեր սկյութացի կա` հայր Հովսեփը, գնա՛ նրա մոտ»: Եվ գնալով հայր Հովսեփի մոտ` ակնկալում էր առավելագույն խստակրոնություն տեսնել նրանից: Ընդունեց նրան ծերը խնդությամբ և ասաց իր սպասավորին. «Մխիթարական ի՞նչ ունես, պատրաստի՛ր այսօր մեզ համար` հանուն  մեր օտարականների»: Եվ երբ նստեցին ճաշակելու, նրա հետ եկողներն ասացին. «Հայր Եվլոգիոսի համար մի քիչ աղ բերեք, որովհետև նա այստեղ չի ճաշակի»: Իսկ հայր Հովսեփը լուռ կերավ և ըմպեց: Երեք օր մնացին նրա մոտ և ո՛չ սաղմոսելիս լսեցին Հովսեփի աշակերտներին, ո՛չ էլ աղոթելիս տեսան, որովհետև ինչ անում էին, ծածուկ  էին անում: Եվ նրանց մոտից գնացին` առանց դույզն­ինչ օգուտ քաղելու: Աստծո նախախնամությամբ այդ օրը նրանք մոլորվեցին և երեկոյան կողմ դարձյալ եկան այնտեղ` ծերի խուղի մոտ: Եվ նախքան կբախեին դուռը՝ լսեցին, որ նրանք սաղմոսում են, և կանգնած մնալով շատ ժամեր` նրանք ի վերջո բախեցին, իսկ ներսինները դադարեցին սաղմոսել: Երբ ներս մտան, ծերը խնդությամբ ընդունեց նրանց, և քանի որ նրանք խիստ խորշակահարվել էին, բերեցին կուժը և ջուր տվեցին նրանց, իսկ ջուրը ծովի և գետի ջրերի խառնուրդ էր: Եվ առանձին միտք անելով` Եվլոգիոսը մտավ ծերի մոտ, ընկավ նրա առաջ և աղաչում էր նրան` կամենալով հասկանալ նրանց վարքը. «Ինչպե՞ս եղավ, որ առաջին անգամ չէիք սաղմոսում, իսկ երբ գնացինք, բազում ժամեր սաղմոսում էիք, իսկ երբ կամեցա ջուր ըմպել` պարզեցի, որ ջուրն աղի է»: Ասաց նրան ծերը. «Եղբայրդ անմիտ է, և չիմանալով՝ խառնեց ծովի ջրի հետ»: Իսկ նա աղաչում էր` կամենալով ճշմարիտն իմանալ: Ասաց նրան հայր Հովսեփը. «Այն գինու փոքրիկ բաժակը, որ մենք ըմպեցինք, Քրիստոսի սիրո համար էր, իսկ այս ջուրը եղբայրներն ըմպում են ամեն օր, և աղոթում են անդադար և մշտապես»: Սովորեցրեց նրան նաև իմաստությամբ քննել խորհուրդները և ծածուկ կատարել առաքինության գործերը, այլ ոչ թե՝ մարդկանց առաջ, և հեռացրեց նրանից մարդկային հպարտությունը: Ընտիր կրոնավոր դարձավ նա և հավասար՝ բոլորին, ճաշակում էր այն ամենը` ինչ դնում էին նրան առաջ, և սովորեց ծածուկ կատարել առաքինության գործերը: Եվ ասաց ծերին. «Ճշմարիտ են ձեր գործերը»: Եվ խնդությամբ հեռացավ` գոհանալով Աստծուց:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

26.05.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․