22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Հայր Պորֆիրիոսը միշտ խոսում էր ոչ թե մեր մեկանգամյա բարի մտադրության մասին, այլ հին, մեղավոր կյանքից վճռական ու մեկընդմիշտ անցման դեպի նոր, սուրբ կյանք, երբ արդեն ապրում ենք Քրիստոսի մեջ և Նա՝ մեր մեջ։ Եվ մեր բոլոր ջանքերը պետք է ներդնենք այդ անցման մեջ։
Մի անգամ հայր Պորֆիրիոսը հարցրեց ինձ․
- Ասա՛, քանի՞ տարի է անհրաժեշտ սովորել իրավաբան դառնալու համար։
Ես պատասխանեցի։ Նա կրկին հարցրեց․
- Իսկ քանի՞ տարի է հարկավոր մեխանիկ, քիմիկոս, բժիշկ դառնալու համար։
Ես պատասխանեցի թվարկված մասնագիտություններին համապատասխան՝ տարակուսելով, թե ինչու է հարցնում։
Իսկ հայր սուրբը կրկին հարցրեց․
- Իսկ որքա՞ն ժամանակ է հարկավոր մեզ, որպեսզի սովորենք ճանաչել Աստծու կամքն ու կատարել այն։
Ես հասկացա, թե ուր էին տանում այդ հարցերն ու ամաչեցի պատասխանել։ Ի՞նչ կարող էի ասել։ Որ հիմնականում մենք՝ հավատացյալներս, ծույլ ենք ու գո՞լ, որ մենք «սիրողական մակարդակի քրիստոնյաներ» ե՞նք։
Նա էլ դա գիտեր ու ասաց ինձ․
- Ծույլը երբեք չի դառնա քրիստոնյա։ Դրա համար անհրաժեշտ է աշխատել, շա՛տ աշխատել։
Եվ այդ առումով հայր սուրբն իսկապես օրինակ էր, թեև իրեն որպես օրինակ չէր ներկայացնում։ Նա իր երկար կյանքի բոլոր տարիները նախանձախնդրորեն նվիրել էր սովորելուն և Քրիստոսով ապրելուն։ Նա սիրում էր և՛ ֆիզիկական, և՛ հոգևոր աշխատանքը, ու ցանկանում էր այդ սերը փոխանցել այլոց։
Հայր Պորֆիրիոսը վստահ էր, որ պարապությունը տանում է հուսահատության, որն իր հետ բազմաթիվ հիվանդություններ է բերում՝ ինչպես հոգու, այնպես էլ մարմնի։ Նա բոլորի համար դուրս էր գրում աշխատանքի թերապիա, բայց հատկապես նրանց համար, ովքեր չէին կարողանում գտնել իրենց և վհատվում էին։
Հայր սուրբի համար երբեք ուշ չէր ամեն բան նորից սկսելու։ Նա համարում էր, որ աշխարհիկ հույսերի փլուզումն ու եսասիրության արմատախիլ անելը այդ նոր սկզբի լավագույն նախադրյալներն էին։
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը