Գրքեր

«Զորավոր» երիտասարդաց և արանց միությունների ոտքով ուխտագնացությունը

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունն ավանդույթ է դարձրել ամեն տարի Ավագ շաբաթ օրը՝ Ս. Զատկի ճրագալույցին, ոտքով ուխտի մեկնել Ս. Էջմիածին: Հերթական ու սպասելի ուխտի ճանապարհն այս տարի «Զորավոր արանց» միությունն անցավ «Զորավոր» երիտասարդաց միության հետ միասին մարտի 30-ին: Մինչ ուխտի ճանապարհ անցնելը ուխտավորները վաղ առավոտյան Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, միասնական աղոթքի կանգնեցին, ապա Տեր Հոր օրհնությունն ստանալուց հետո շարժվեցին դեպի Հայոց հոգևոր կենտրոն: Մի քանի ժամ տևող ոտքի ճանապարհը նրանք հաղթահարեցին և իմաստավորեցին աղոթքներով: Ուխտավորների աղոթքի ուղին, որ ուղղված էր Հայոց աշխարհի խաղաղությանն ու անսասանությանը, կանգ առավ նախ առաջնորդանիստ Ս. Սարգիս և Փարաքարի Ս. Հարություն եկեղեցիներում, ապա իր շարունակությունն ունեցավ Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե և Ս. Շողակաթ եկեղեցիներում: Նրանց աղոթքի ուղին եզրափակվեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Ս. Զատկի ճրագալույցի Պատարագին մասնակցությամբ, որ առանձնանում էր իր հանդիսավորությամբ և հարության ուրախությամբ:

Հարության ավետիսն առավել զորացրեց աղոթքի ճանապարհ անցած ուխտավորներին, քանի որ Քրիստոսի հարությունը քրիստոնյայի հավատքի հիմքն է. Քրիստոս Իր քավչարար մահվամբ ու հարությամբ մեղքերի մեջ մոլորված մարդկության համար փրկության ուղի հարթեց և հավիտենական կյանք շնորհեց: Ուստի քրիստոնյաների համար Քրիստոսի հարությունը անսպառ​​ ուրախության աղբյուր է:

«Վերհիշենք այն օրը, երբ Հիսուսի աշակերտներն իրենց Վարդապետի մահից հետո լիովին վհատված էին. Խաչյալի հետ նրանց լքել էին նաև հավատը, հույսը: Հիսուսի անշարժ, սառը Մարմինը, որ դրել էին Հովսեփ Արիամաթացուն պատկանող գերեզմանի մեջ, նրանց սրտի ճշգրիտ պատկերն էր: Թեպետ նրանք չարչարանքի վայրից հուսախափ փախչում էին, բայց հարության ցնցող և արթմնեցուցիչ լուրը՝ «Քրիստոս հարյավ»-ը, նրանց գոտեպնդում ու կենդանացնում է, ուրախացնում, ոգևորում ու այնպիսի ոգևորված գործունեության մղում, որին աշխարհի ամենաահեղ ուժերն անգամ անկարող են արգել լինել»,- ասել է եկեղեցու հայրերից Ղևոնդ վարդապետ Դուրյանը:

 

Կարինե Սուգիկյան

 

30.03.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․