31 Մարտ, ԳՇ, Մեծ Պահքի ԼԷ օր

Գրքեր
Ո՞վ է հաջորդում Ասային:

Նրա Հովսափաթ որդին: Ինչպես  հայրը նախապես հնազանդ էր Աստծուն, այդպես էլ Հովսափաթը կատարելապես հնազանդվում է աստվածային օրենքներին և պատվիրաններին, որի պատճառով էլ միշտ հաղթում է Իսրայելի թագավորին, այնպես որ հոր` Եփրեմի երկրում գրաված քաղաքներում վերակացու իշխանավորներ է կարգում: Նույն ձևով իր իշխանության սահմաններում օրենքին հակառակ ոչ մի վայր չի թողնում և Հուդայի քաղաքներում քահանաներ և ղևտացիներ է նշանակում, որոնց պաշտոնը ժողովրդին Աստծու օրենքներն ուսուցանելն էր, և այս ամենը այնքան հաճելի էր բոլորին, որ սկսում են առատ ընծաներ նվիրել թագավորին:

Դու Աստծու ողորմությունը տե՛ս. որովհետև Հովսափաթը Աստծուն հնազանդ էր,  Աստված շրջակա թագավորների սրտերը երկյուղ է գցում, և սրանք ոչ միայն չեն պատերազմում Հուդայի թագավորի դեմ (Բ Մնաց. 17:10), այլև ոսկի արծաթ և այլ ընծաներ են նրան ուղարկում: Օրինակ` արաբները Հովսափաթին տարեկան յոթ հազար յոթ հարյուր խոյ և նոխազ են նվիրում: Ուստի օրըստօրե նրա զորությունը և փառքը այնքան են աճում, որ շատ քաղաքներ է շենացնում և շինություններ կառուցում: Մանավանդ մեկ միլիոնից ավելի քաջ և ընտիր զորք է պատրաստում, որոնց զգուշության համար միշտ իր հրամանատարության ներքո է պահում: Օրինա´կ վերցրու. Հովսափաթը, ժողովրդի ճշմարիտ բարիքին սիրահար, մեծ հետևողականությամբ նախանձախնդիր է լինում օրենքի պահպանությանը, որի համար էլ և՛ ինքն է փառավորվում, և՛ ժողովուրդն էլ վտանգից զերծ է մնում:

Սրան հակառակ` իսրայելացիների թագավորները, օրենքին հակառակ վարվելով, ոչ միայն իրենք անձնապես թշվառ և դատապարտելի են լինում, այլև իրենց պատճառով Իսրայելի ժողովուրդը շատ հաճախ վնասների և պատիժների է ենթարկվում: Քանի որ վերոհիշյալ Բաաս թագավորը քսանչորս տարի թագավորելուց հետո մահանում է, նրան հաջորդում է Էլա որդին: Սակայն հոր չար վարքին հետևելու պատճառով հազիվհազ երկու տարի է թագավորում: Քանի որ մի օր իր մայրաքաղաք Թերսայում` մի պաշտոնյայի տանը, կերուխումի և զվարճությունների անձնատուր եղած ժամանակ Զամբրի անունով իր պալատականներից մեկը սպանում է. վերջինս, նրա փոխարեն թագավորելով, և՛ Բաասի, և՛ Էլայի ցեղը ու նրանց ազգականներին և բարեկամներին անխնա բնաջնջում է, ոչ մեկին չի խնայում:

Այսպիսով, Բաասի ցեղի կորստյան մասին Հեու մարգարեի վճիռը (տե´ս Ծ հարցը) իրագործվում է Զամբրիի միջոցով: Սակայն քանի որ սա էլ իր նախորդի՝ Բաասի վարքն է որդեգրում, յոթ օր հետո կրակի մեջ այրվելով` մահանում է: Այն ժամանակ իսրայելացիների բանակը Գաբաթոն կոչվող վայրում պատերազմում էր թշնամու դեմ, և զորքը, լսելով Զամբրիի  թագավոր լինելը, մերժում է նրան և Ամրի սպարապետին թագավոր հռչակում: Ամրի սպարապետը, անմիջապես զորքը հավաքելով, Զամբրիի դեմ է շարժվում և պաշարում մայրաքաղաքը: Թշվառ Զամբրին, բոլոր կողմերից հուսահատ, հրդեհում է իր պալատը և ինքն էլ,  յուրայինների հետ այրվելով,  արժանի պատիժ գտնում:

Թեպետ Ամրին թագավոր է դառնում, սակայն դա ժողովրդի մեծամեծների գիտությամբ չի լինում, և նրանք Թամնի անունով մեկին են թագավոր կարգում: Այսպիսով, երկու թագավորներով սկսելով իշխանություն վարել` ակամա ժողովուրդն էլ երկու կողմի է բաժանվում, որոնք սկսում են միմյանց հակառակ վարվել, սակայն Ամրիի կողմը հաղթող է դուրս գալիս, քանի որ չորս տարվա հակամարտությունից հետո Թամնին մահանում է, և ամբողջ Իսրայելի ժողովուրդը, որպեսզի էլ ավելի չվնասվի, պարտավորվում է ընդունելու  Ամրիի թագավորությունը:

Ամրին, Թերսա մայրաքաղաքում վեց տարի թագավորելուց հետո ոմն Սամերից Սոմորեն լեռը գնելով և այնտեղ քաղաք կառուցելով, անունը Սամիրոն է դնում, որտեղ էլ տեղափոխում է իր թագավորական գահը, և այնուհետև Իսրայելի բոլոր թագավորները միշտ այնտեղ են բնակվում: Ամրին, տասներկու տարի թագավորելով, մահանում է և առաջին թագավորն է լինում, որ թաղվում է Սամիրոնում, որը հռչակավոր Սամարիան է:


 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․