13 Հուլիս, Բշ, Վարդավառի պահքի Ա օր

Գրքեր
Հարց 43 - Ո՞րն է ամուսնության բուն էությունը:

Պատասխան – Ամուսնության էությունը ոչ թե մարմինների խառնակությունն է, այլ հոգիների միավորումը, որը մշտնջենավոր կապակցություն է՝ տղամարդու և կնոջ միջև ծագած փոխադարձ համաձայնությունից: Ամուսնության իսկությունը չի կապվում մարմինների զուգավորության հետ: Այսպես ուսուցանում են աստվածաբանները: Եթե կամենում ես՝ ընդարձակ մեկնեմ ամուսնության էությունը և բանական կամ քաղաքական դաշնակցություն լինելով՝ բացատրեմ, թե ինչի վրա է հիմնվում:

Ամուսնությունը երկու կերպ է լինում. մեկը կոչվում է Լինելիք (Յեղանիլն), իսկ մյուսը՝ Եղող (Յեղեալ գոլ): Լինելիք կոչվածն ամուսնությունը սկսելն է, Եղողը՝ կատարելը: Ամուսնության էությունը, ըստ որում՝ «Յեղանելը», կայանում է երկու

ամուսնացողների, այսինքն՝ տղամարդու և կնոջ օրինավոր և բացահայտ համաձայնությամբ՝ միմյանց հետ փոխանակած խոստումներով: Բայց ամուսնության էությունը, ըստ որում՝ «Յեղեալ գոլ»-ը կապված չէ ամուսնության նպատակը գործադրելով, մարմինները խառնակելու ցանկության հետ, այլ այն կատարվում է փոխադարձ սուրբ սիրով՝ հոգիների միավորմամբ՝ որպես մի մշտնջենավոր կապակցություն, որ ծնվում է տղամարդու և կնոջ փոխհամաձայնությամբ: Ահա անհերքելի և ճշմարտագույն վկայություն՝ կանոն և օրինակ քեզ ամենաօրհնյալ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածինը, որ համարվում է Սուրբ Հովսեփ Աստվածահոր կինը, բայց, ինչպես վկայում են Սուրբ Եկեղեցին և ուղղափառ քրիստոնյա բոլոր ազգերը, միշտ կույս ու անարատ մնաց: Եվ որ համարվում է Սուրբ Հովսեփի կինը, ասում է հրեշտակը. «Հովսե՛փ, Դավթի որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ առնելու Մարիամին՝ քո կնոջը» (Մատթ. 1:20):

Այս առիթով Օգոստինոսն այսպես է ասում. «Ո՛չ կորած էր և ո՛չ էլ սուտ էր ամուսին անվանելը. այնտեղ չկար և չէր լինելու մարմինների խառնակություն (մերձեցում)»: Երբ որևէ հարցի շուրջ դաշինք է կնքվում, նրա գործածությունը դաշնության էությունից կախում չունի, այլ երկրորդական և հետևողական երևույթ է կիրառումը: Ինչպես, օրինակ, Պետրոսը Պողոսից մի արտ գնեց: Պետրոսի՝ այն արտի տերը լինելը կախում չուներ նրա՝ արտը վարել-ցանելու հետ, այլ օրենքով գնելով՝ եղել էր արտի իսկական տերը և իշխանություն ունի այն արտն օգտագործելու՝ առանց անիրավության:

Այդպես և ամուսնության դաշինքը կատարվում է տղամարդու և կնոջ՝ փոխադարձաբար մեկմեկու իրենց մարմինների վրա իշխանություն տալով: Թեև ամուսնական պարտականություններն այնուհետև նույնիսկ չգործածեն, դարձյալ մնում են որպես օրինական ամուսին ու կին:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․