19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր
Հարց 67 – Հրեշտակները կարո՞ղ են ապագայում կատարվելիքներն իմանալ:

Պատասխան – Ապագա ասածդ երկու կերպ է հասկացվում. մեկը պարտադրված ապագա է կոչվում, քանի որ իր պատճառների մեջ է ամփոփված: Ինչպես, օրինակ, ասում ենք, թե եկող տարի այսինչ մոլորակը այսինչ շրջանի մեջ պիտի պատահի, որի պատճառով անպայման կա՛մ անձրև պիտի գա, կա՛մ երաշտ պիտի լինի: Այսպիսի ապագաները հրեշտակները գիտեն: Մյուսն ազատ ապագա է կոչվում: Այսպիսի ապագան հրեշտակները ոչ թե հաստատապես, այլ ենթադրաբար են իմանում, քանզի ազատ ապագաները ստիպողական հաղորդություն չունեն երկրորդ պատճառների հետ, այլ կապված են Աստծո ազատ վճռին և մարդկային կամքի ընտրությանը: Ուստի այսպիսի ապագաների նախագիտությունը հատուկ է Աստծուն: Այս պատճառով Աստված, Եսայի մարգարեի բերանով ասում է կուռքերին. «Ասացե՛ք, պատմեցե՛ք մեզ, թե վերջում ի՛նչ է լինելու, որ իմանանք. եթե աստվածներ եք» (Եսայի 41):

Արդ՝ ազատ ապագա ասածս մի օրինակով ևս բացատրեմ: Ասենք, թե եկող տարի հանկարծ մի աղքատ պիտի հարստանա՝ ճամփորդության ժամանակ շատ ունեցվածք գտնելով: Այդ հարստությունը, հիրավի, այն աղքատը պիտի գտնի, ում Աստված կամենա: Սակայն նա էլ այդ ճամփորդությունը պիտի կատարի, այլապես ո՛չ կգտնի և ո՛չ էլ կհարստանա: Հետևաբար՝ ո՞վ գիտի՝ Աստված պիտի կամենա, թե չպիտի կամենա: Աղքատն այն ճամփորդությունը կկատարի՞, թե չի կատարի, քանզի միայն Աստծո կամքով չի լինի, այլ աղքատը ևս պիտի կամք դրսևորի: Եթե խոսքս ծանր թվաց քեզ, ահա ևս հայրերից մի վկայություն. «Աստծո կամքը… եթե մարդու կամքի հետ հաղորդ չլինի, ոչնչով չի կարող ներգործել արժանավորների վրա»:

Ահա այսպիսին են ազատ ապագաները, որոնք անծանոթ են հրեշտակներին, և նրանք այդ մասին չգիտեն: Ուստի հարկավոր չէ հետևել նենգ կախարդների ո՛չ գրքերին, ո՛չ բերաններից դուրս եկած խոսքին: Եթե նրանց ասածներն ի կատար են ածվում, ապա դրանք պատահականություններ են, քանզի լուսեղեն հրեշտակի չիմացածը սատանան ընդհանրապես չի կարող իմանալ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․