Հռոմեացիներ 12:1-13:10



Գրքեր

Հռոմեացիներ 12:1-13:10

12:1 Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, ողորմութեամբ Աստծու, որ պատրաստէք ձեր մարմինները որպէս զոհ կենդանի, սուրբ, աստուածահաճոյ. ա՛յդ է ձեր բանական պաշտամունքը: 2 Եւ այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանուէք, այլ նորոգուեցէ՛ք ձեր մտքի նորոգութեամբ, որպէսզի դուք քննէք լաւը, եւ թէ ի՛նչ է Աստծու կամքը՝ բարին եւ հաճելին եւ կատարեալը: 3 Աստծու ինձ տուած շնորհով այս եմ ասում ձեզնից իւրաքանչիւրին. դուք ձեզ աւելի մի՛ գնահատէք, քան ինչ որ է ձեր արժանիքը. այլ իւրաքանչիւրդ ձեր մասին խորհեցէ՛ք զգաստութեամբ, այն հաւատի չափով, որ Աստուած բաժանեց: 4 Ինչպէս մի մարմնի մէջ բազում անդամներ ունենք, եւ բոլոր անդամները նոյն գործը չեն անում, 5 այդպէս եւ մենք, թուով շատ, մի մարմին ենք Քրիստոսով, բայց իւրաքանչիւրս միմեանց անդամ ենք: 6 Բայց մենք ունենք տեսակ-տեսակ պարգեւներ, ըստ այն շնորհների, որ տրուած են մեզ. եթէ մարգարէութեան շնորհ է՝ ըստ հաւատի չափի. 7 եթէ ծառայութեան՝ թող ծառայի. եթէ մէկն ուսուցանում է, թող ուսուցանի. 8 եթէ յորդորում է՝ թող յորդորի. ով առատաձեռն է՝ թող անի զուարթութեամբ. ով վերակացու է՝ փութաջանութեամբ. ով ողորմում է՝ խնդութեամբ: 9 Սէր՝ առանց կեղծիքի. ատելով չարը՝ ընթանալ բարու յետեւից. 10 եղբայրասիրութեան մէջ՝ միմեանց հանդէպ լինել գթասիրտ. պատիւ տալու մէջ՝ միմեանց գերազանցել. 11 ջանասիրութեան մէջ չլինել թուլասիրտ. հոգո՛վ եռացէք. Տիրո՛ջը ծառայեցէք. 12 յոյսո՛վ ուրախացէ՛ք. նեղութեան համբերեցէ՛ք, յաճախակի աղօթեցէ՛ք. 13 հաղորդակի՛ց եղէք սրբերի կարիքներին. հետամո՛ւտ եղէք հիւրասիրութեան: 14 Օրհնեցէ՛ք ձեզ հալածողներին. օրհնեցէ՛ք եւ մի՛ անիծէք. 15 ուրախացողների հետ ուրախանալ. լացողների հետ լալ. 16 համերա՛շխ եղէք միմեանց հետ. մի՛ մեծամտացէք, այլ խոնա՛րհ եղէք խոնարհների հանդէպ. դուք ձեզ իմաստունի տեղ մի՛ դրէք. 17 մէկի չարի փոխարէն չար մի՛ հատուցէք. խորհեցէ՛ք բարին՝ բոլոր մարդկանց առաջ. 18 ինչ չափով հնարաւոր է ձեզ համար, բոլոր մարդկանց հետ խաղաղութիւն պահեցէ՛ք. 19 ինքներդ վրէժխնդիր մի՛ եղէք, սիրելինե՛ր, այլ թո՛յլ տուէք, որ Աստծու բարկութիւնը կատարի այն. որովհետեւ գրուած է. «Իմն է վրէժխնդրութիւնը, եւ ես կը հատուցեմ», - ասում է Տէրը. 20 այլեւ՝ «Եթէ քաղցած է քո թշնամին, հա՛ց տուր նրան, եւ եթէ՝ ծարաւ, ջո՛ւր տուր նրան. այս անելով՝ կրակի կայծեր կը կուտակես նրա գլխին»: 21 Թոյլ մի՛ տուր, որ չարը յաղթի քեզ, այլ բարիո՛վ յաղթիր չարին:

13:1 Ամէն մարդ, որ իշխանութեան տակ է, թող հպատակի նրան. քանզի չկայ իշխանութիւն, որ Աստծուց չլինի. եւ եղած իշխանութիւնները Աստծուց են կարգուած: 2 Հետեւաբար, ով հակառակում է իշխանութեանը, Աստծու հրամանին է հակառակում. եւ նրանք, որ հակառակում են, իրենց դատաստանն են ընդունում. 3 քանի որ իշխանաւորները վախ չեն ազդում բարի գործերի համար, այլ՝ չար գործերի: Ուզո՞ւմ ես չվախենալ իշխանութիւնից. բարի՛ն գործիր եւ նրանից գովասանք կը ստանաս, 4 որովհետեւ նա Աստծու պաշտօնեայ է քեզ՝ բարի գործերի համար. իսկ եթէ չար գործես, վախեցի՛ր. քանի որ սուրը մէջքին ի զուր չէ կապուած. Աստծու սպասաւոր է նա, վրէժխնդիր՝ բարկութեան համար, նրա դէմ, որ չարն է գործում. 5 դրա համար պէտք է հնազանդուել ոչ միայն բարկութեան համար, այլ նաեւ խղճմտանքի պատճառով. 6 ահա թէ ինչու հարկեր էք վճարում. որովհետեւ նրանք Աստծու սպասաւորներ են՝ այդ բանին կանխապէս նշանակուած: 7 Արդ, հատուցեցէ՛ք իւրաքանչիւրին իրենց պարտքերը. որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին երկիւղ՝ երկիւղը, որին պատիւ՝ պատիւը: 8 Եւ ոչ ոքի պարտապան մի՛ մնացէք, բացի միմեանց սիրելուց, քանի որ, ով սիրում է ընկերոջը, կատարում է օրէնքը: 9 Մի՛ շնացիրը, մի՛ սպանիրը, մի՛ գողացիրը, սուտ մի՛ վկայիրը, մի՛ ցանկացիրը եւ ուրիշ ինչ պատուիրան էլ որ կայ, այս խօսքի մէջ է բովանդակւում, թէ՝ սիրի՛ր քո ընկերոջը ինչպէս քո անձը. 10 սէրն իր ընկերոջը չար բան չի անի. սէրն է օրէնքի լրումը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․