20 Մարտ, Դշ, Մեծ Պահքի ԺԷ օր

Գրքեր
30 Հունիս, Շբ Քրիստոսի տասներկու առաքյալների և Սուրբ Պողոսի՝ տասներեքերորդ առաքյալի հիշատակության օր

Պետրոս առաքյալ

Կասկածից վեր է, որ նա առաքյալների մեջ գլխավորն է, թե՛ խոսքով, թե՛ գործով և թե՛ հեղինակությամբ: Առաքյալներից նրա մասին է, որ ամենաշատ տեղեկություններն ենք ստանում, թե՛ Ավետարաններից և թե՛ մանավանդ Գործք Առաքելոցից, որի առաջին մասի մեջ գլխավոր գործիչն ինքն է:

Իր թլփատության անունը Շմավոն էր, կամ հունարեն տարբերակով՝ Սիմոն, Հովնանի որդին էր: Երբ առաջին անգամ հանդիպեց Հիսուսին, Քրիստոսը անմիջապես նկատեց նրա ով լինելը և թե ինչպիսի մեկն է իր առջև կանգնած և ասաց. «Դու, Սիմոն, Հովնանի որդի, դու պիտի Կեփաս կոչվես», որ թագմանվում է վեմ և սրա հունարեն տարբերակը Պետրոսն է (Հովհ 1:4): Գալիլիայի Բեդսայիդա գյուղից էր, սակայն կարծես թե ամուսնանալուց հետո տեղափոխվել է հարևան Կափառնայում գյուղը, որտեղ Հիսուսը նրա զոքանչին ջերմից բժշկեց: Արհեստով ձկնորս էր: Նոր Կտակարանում բազմաթիվ միջադեպեր կան իր մասին նկարագրված, որոնք նրա հեղհեղուկ, խիզախ վախկոտ, քաջարի, բայց միշտ անկեղծ բարքի նկարագիրն են ի հայտ բերում, սակայն այդ բոլորին չենք կարողանա մեկ առ մեկ անդրադառնալ:

Երբ Հիսուսին առաջին անգամ իր նավակում ընդունեց, Նրա հրամանով ուռկանը կրկին անգամ ծովը նետեց և ուռկանը պատռվելու աստիճան ձկներով լցվեց, Պետրոսը անդրադարձավ Նրա գերբնական զորությանը և անկեղծորեն զգալով նրա նկատմամբ իր անարժանությունն՝ ասաց. «Իմ մոտից հեռացի՛ր, Տեր, ես մի անարժան մարդ եմ»: Հիսուսը նրան սրտապնդելով ասաց. «Մի՛ վախեցիր, սրանից հետո երկնքի արքայության համար մարդկանց որսորդ պիտի լինես»:

Պետրոսի մեծության գագաթը իր ծանոթ դավանությունն է, որ Քրիստոս «Մեսիան է և Աստծո Որդին», որի համար Հիսուս երկրորդ անգամ նրան, իբրև քրիստոնեական եկեղեցու առաջին քար, «վեմ» կոչեց: Ինչը որ հաստատում է Պետրոսի գովեստի համար հորինած շարականը՝ նրան կոչելով. «Եկեղեցու հիմք հանդիսացող սուրբ հավատի գլուխ»: Այլ կերպ ասած եկեղեցու իրական անդամներ պիտի կարողանային լինել միայն Պետրոսի նման Քրիստոսին իբրև Փրկիչ և Աստծո Որդի դավանողները: Սակայն, իր փառքի գագաթնակետին, Պետրոսն արձանագրեց իր անկումներից մեկը: Պետրոսն էլ իր ժամանակակիցների նման գրեթե նույն սխալ ըմբռնումն ուներ Մեսիայի մասին: Վերոհիշյալ դեպքից հետո, երբ Հիսուսը հաստատում է, որ հակառակ իր Մեսիա և Աստծո Որդի լինելուն, պիտի շատ չարչարվի և Իր ազգի մեծամեծների կողմից պիտի սպանվի, Պետրոսը, իր առաջին հաջողությունից քաջալերված, Հիսուսի թևից բռնելով մի կողմ է տանում և Նրան միայն բարիք ցանկացող բարեկամի անկեղծությամբ սկսում տարհամոզել, որ այդպիսի գաղափարներն Իր մտքից հանի: Քրիստոսը շրջվում է Պետրոսի կողմը և նայելով նրա աչքերի մեջ ասում. «Ետև՛ս գնա, սատանա՛, դու գայթակղություն ես ինձ համար. որովհետև քո խորհուրդը Աստծունը չէ, այլ՝ մարդկանցը» (Մատթ. 16:16-23):

Այն, որ նա արդարև սրտով կապված էր իր Վարդապետի հետ, ի հայտ է գալիս այն պարագային, երբ Հիսուսի աշակերտներից ոմանք «խիստ» և անմարսելի գտնելով Քրիստոսի խոսքերը, հեռացել էին Վարդապետից: Հիսուսը տասներկուսին հարցրեց. «Միթէ դո՞ւք էլ ուզում եք գնալ», Պետրոսը, առաջ ընկնելով, ասաց. «Տե՛ր ո՞ւմ մոտ պիտի գնանք, Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես» (Հովհ. 6:67-69):

Պետրոսն իր կյանքի նվաստագույն օրն ապրեց Քրիստոսի ձերբակալման գիշերը, երբ երեք անգամ ուրացավ նրան: Ապա խորապես զղջաց և դառնորեն լացեց: Հիսուսը ներեց նրան և վերահաստատեց իր առաքելության մեջ: Թերևս ոչ մի բան այդքան չնպաստեց իր մեջ հանձնապաստանության հոռի գիծը խորտակելուն, որքան իր ուրացումը և ներումը: Քարի պես կարծր այս մարդը, այս ելևէջներով և Քրիստոսի շնորհած հարվածների ներքո կոփվեց, որպեսզի դառնա ամենաանձնվեր և գործունյա Առաքյալը;

Հոգեգալուստից անմիջապես հետո նա է, որ հանուն իր ընկերների, բացատրում է այդ հրաշալի երևույթի իմաստը: Տալիս է քրիստոնեական առաջին քարոզը և Քրիստոսի հարության առաջին վկայությունը, այսպիսով շահելով երեք հազար նորադարձների երախայրիքը և եկեղեցին օժտելով ավելի մեծ մարմնով և նոր ծանրակշռությամբ: Հրեաստանում գրեթե ամենուրեք քարոզում է՝ Երուսաղեմի տաճարում և իր ազգի գերագույն ժողովի առջև, մինչև Սամարիա և Յաֆա, պաղեստինյան Կեսարիա և այլուր: Բազում հրաշքներ է գործում, որոնց թվում Սուրբ Հոգու դեմ ստող նորադարձ  քրիստոնյա մի ամուլի մահը և մեկ այլ մահացած բարեգործ կնոջը հարություն տալը:

Պետրոսի մեծագույն գործերից մեկը, Աստվածային թելադրանքով և հատուկ տեսիլքով, հակառակ նորակազմ եկեղեցու ջախջախիչ մեծամասնության կարծիքի, որն ամբողջությամբ հրեաներից էր բաղկացած, հեթանոսներին եկեղեցու ծոցի մեջ ընդունելը եղավ: Ի վերջո Հերովդես թագավորի կողմից, որը որոշել էր գլխատել նրան,  ձերբակալվեց և բանտարկվեց, բայց Աստվածային միջամտությամբ նույն գիշերն իսկ ազատվեց բանտից: Վերջին անգամ մենք նրան տեսնում ենք Երուսաղեմի առաքելական ժողովում, որից հետո այլևս չի հիշվում Գործք Առաքելոցում:

Պողոս առաքյալի թղթերից մեկում հիշվում է ոմն Պետրոսի մասին, որը գտնվում է Անտիոքում և ի հեճուկս հեթանոսներից դարձի եկածների, հրեամիտ քրիստոնյաների կողմը հակված լինելու համար արժանանում է Պողոսի խիստ հանդիմանությանը: (Գաղ. 2:11-15):

Այն որ Պետրոսը մարտիրոսական մահվամբ պիտի վախճանվեր՝ Քրիստոսի կողմից նախանշված էր (Հովհ 21:18), սակայն Գործք Առաքելոցում իր մահը չի պատմվում: Ավանդությունը ասում է, որ Պետրոսն Անտիոքից Հռոմ է գնացել և այնտեղ գլխիվայր խաչվելով, կնքել է իր մահկանացուն: Իր ավանդական գերեզմանի վրա կառուցվել է աշխարհի մեծագույն եկեղեցին՝ Հռոմի Ս. Պետրոսը:

Պետրոսի անունով Նոր Կտակարանում Փոքր Ասիայի քրիստոնեական համայնքին ուղղված երկու սքանչելի թղթեր ունենք:

 

Անդրեաս առաքյալ

Պետրոսի եղբայրն ու արհեստակիցն է: Մեզ հայտնի առաքյալների միջից Հիսուսին առաջինը հետևած լինելու համար անվանվում է նաև «Նախակոչ Առաքյալ»: Ինքը և, հավանաբար, Հովհաննես Ավետարանիչը, նախապես աշակերտել էին Հովհաննես Մկրտչին, որից Հիսուսի մասին լսելով. «Ահա Աստծո Գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը» վկայությունը, հետևեցին Նրան (Հովհ. 1:35-40):

Հետագայում, իր եղբոր՝ Պետրոսի հետ, պաշտոնապես առաքելության հրավիրվեց (Մատթ. 3:18-21):

Իր մասին քիչ բան է ասվում Ավետարանների մեջ և ոչինչ չի ասվում Գործք Առաքելոցի մեջ: Իր անունը հիշատակվում է հացի բազմացման հրաշքի ժամանակ, նա է, որ հայտնում է, թե մի պատանի հինգ գարեհաց և երկու ձուկ ունի, որոնք  Քրիստոս օրհնեց և բազմացնելով կերակրեց ավելի քան հինգ հազար հոգուց բաղկացած բազմությանը (Հովհ. 6:2-8, 12:22):

Ըստ ավանդության եղել է Սկյութիայի քարոզիչը, սակայն առանց որևէ մնայուն հետք կամ եկեղեցի թողնելով այնտեղ: Նաև համարվում է, որ քարոզել է հյուսիսային Հունաստանում և Բաթրաս քաղաքում: Նահատակվել է բազմապատկման նշանի նմանվող խաչի վրա, այդ իսկ պատճառով այն Ս. Անդրեասի խաչ է կոչվում: Սկյութիայի եկեղեցին և Հունաց տիեզերական պատրիարքությունը նրան որպես իրենց պաշտպան սուրբ է համարում: 

 

Հակոբոս Զեբեդյան առաքյալ

Իր անվանակիցներից տարբերելու համար նրան նաև անվանում են «Մեծ Հակոբոս»: Բայց հայերիս մեջ հայտնի է որպես «Գլխադիր Առաքյալ»: Նա Հովհաննես Ավետարանչի երեց եղբայն է և որդին է Գալիլեացի Զեբեդեոս ձկնորսապետի: Առաքյալներից այս երկուսի մայրն էլ է հայտնի Ավետարաններում և նա Սողոմեն է, որը Քրիստոսին հետևող կանանցից մեկն էր և որն իր զավակների հետ միասին համարձակություն ունեցավ Քրիստոսից խնդրել, որ իր որդիները Նրա թագավորությունում բարձր դիրքեր ունենան (Մատթ. 20:20-23):

Հակոբոսը, Պետրոսի և իր եղբայր Հովհաննեսի հետ այն սեղմ շրջանակն էին կազմում, որին Հիսուսն ավելի էր վստահում և որոնք ավելի կապված էին իրենց Վարդապետի հետ: Այս երեքը միասին ներկա էին Հայրոսի աղջկա հարությանը, Քրիստոսի այլակերպությանը և Գեթսեմանի պարտեզի տագնապին: Երբ Սամարացիները մերժում են հյուրընկալել Հիսուսին և իր աշակերտներին, Զեբեդյան եղբայրները զայրանալով Հիսուսից թույլտվություն են խնդրում, որպեսզի Եղիայի նման երկնքից կրակ իջեցնեն սրանց գլխին (Ղուկ. 9:54): Սակայն Հիսուսը նրանց հանդիմանեց իրենց հախուռն ու վրեժխնդիր ոգու համար: Այս և նմանատիպ այլ դեպքերի պատճառով, որտեղ երկու եղբայրները չափազանց եռանդ են ցուցաբերում, կոչվեցին «Բաներեգես», այսինքն «Որոտման որդիներ» և այսպես էլ ծանոթ են մեզ (Մարկ. 3:17):

Հակոբոսն այն միակ առաքյալն է, որի մահվան մասին պատմվում է Գործք Առաքելոցում: Իբրև առաքելաների խմբից եռանդուն և աչքի ընկնող անձնավորություն, 99թ-ին, Երուսաղեմում Հերովդեսը ձերբակալել է տալիս և գլխատում, այսպիսով նա  հանդիսանում է առաջին նահատակված առաքյալը: Ըստ ավանդության նրա մարմինը ծովն են նետել և ալիքներն այն հասցրել են մինչև Իսպանիայի ափերը, որտեղ էլ նա մեծ ժողովրդականություն է վայելում: Սակայն Նրա անունը ավելի սերտորեն կապված է հայերիս հետ: Ըստ ավանդության Հակոբոսի գլուխը գլխատումից հետո բերում են Հակոբոս Տեառնեղբոր մոտ, որը Երուսաղեմի մայր եկեղեցու առաջին եպիսկոպոսն էր, և որն էլ այս պատվական գլուխը թաղում է իր տան պարտեզում: Այս տան տեղում է, որ կառուցվել է մեր սրբոց Հակոբյանց մայր տաճարը, որի հյուսիսային պատի մեջ մի մատուռ է կառուցված որտեղ էլ Հակոբոսի գլխի գերեզմանն է, այսինքն Գլխադիրը, որը ժողովուրդը  Հակոբոս առաքյալի համար որպես հոմանիշ է գործածում: 

 

Հովհաննես առաքյալ

Առաքյալների դասից ամենապայծառ և խոհեմ անձնավորությունը: Սիրո աշակերտը, Աստվածաբան Ավետարանիչը, Հայտնության Մարգարեն:

Հովհաննեսը, հակառակ մարդկանց մտքերում պատկերված հանդարտաբարո անձի պատկերի, ավետարաններում հանդես է գալիս իբրև անհանդուրժող, վրեժխնդիր, կորովի և փառասեր մի երիտասարդ, սակայն, Քրիստոսի հանդեպ միշտ նվիրումով լցված: Քրիստոսին աշակերտելու երեք տարիները լիովին բավական եղան, որ նա դառնար ավետարանի շքեղ անձնավորություններից մեկը: Նրա մեջ ներդաշնակվել են մարդկային նկարագրի հակադիր կարծված գծերը՝ եռանդը և հանդարտությունը, քաջությունը և բարությունը, մեծությունը և խոնարհությունը, սերը և խստությունը:

Թվում է, թե առաքյալներից ամենակրտսերն էր, բայց միևնույն ժամանակ ամենաերկարակյացը: Իր բարեհամբույր բնավորության, նվիրումի և այլ ազնիվ հատկանիշների համար արժանացել է Հիսուսի մասնավոր սիրուն այն աստիճան, որ ստացել է «Սիրելի աշակերտ» տիտղոսը: Որքանով որ Հովհանեսն այս սիրուն արժանացավ Քրիստոսին պաշտպանելու համար արված ինչ-ինչ միամիտ արտահայտություններով, նույնքանով և առավել ևս Հիսուսի ձերբակալման գիշերը, երբ մյուս աշակերտները թողեցին և փախան, ինքն իր սիրելի Վարդապետին հետևեց չարչարանքների ամբողջ գիշերը, խաչի ճանապարհին, մինչև Գողգոթա, որտեղ, արդարև, արժանացավ գերագույն շնորհին՝ Հիսուսն Իր մորը հանձնեց Հովհաննեսին և նրան էլ իր մոր որդին հայտարարեց: Եվ Հովհաննեսը, հանձինս Աստվածամոր, իր բարեպաշտ մոր կողքին երկրորդ և նույնքան հարազատ և անգերազանցելի մայր ունեցավ:

Կիրակի առավոտյան, երբ իմացավ Հիսուսի գերեզմանի պարապ լինելու մասին, Պետրոսի հետ շտապեց դեպի գերեզման, տեսավ ամեն բան և առանց հարուցյալին տեսնելու՝ «հավատաց» Հիսուսի հարությանը:

Հովհաննեսն, իր եղբայր Հակոբոսի և Պետրոսի հետ միասին, որոնցից անբաժան է իր անունը Գործք Առաքելոցի սկզբնամասերում, առաջին Եկեղեցու սյուներից մեկն է: Օրինակ՝ ի ծնե կաղի բժշկությունը, որ հրեաների մեջ մեծ աղմուկ հանեց և երկուսի ձերբակալության և բանտարկվելու պատճառ դարձավ, հավասարապես վերագրվում է երկուսին: Հաջորդ օրն իրենց ազգային գերագույն ժողովի մոտ տարվեցին, որտեղ համարձակորեն պատասխան տվեցին և մեծամեծները «Պետրոսի և Հովհաննեսի համարձակությունը տեսնելով և վերահասու լինելով, որ տգետ և անուսում մարդիկ  էին, զարմացել էին»: Նրանց պատժելու համար օրինավոր որևէ պատճառ չգտնելով,  նրանց պարզապես արգելեցին «Հիսուսի անունով ամենևին չխոսել և չուսուցանել։ Իսկ Պետրոսն ու Հովհաննեսը պատասխանեցին և ասացին նրանց. «Եթե Աստծու առաջ արդար է առավել ձե՛զ լսել, քան Աստծուն, ինքնե՛րդ որոշեցեք։ Իսկ մենք չենք կարող չասել, ինչ որ տեսել ենք և լսել»։ Նրանք, սպառնալով, արձակեցին նրանց» հաշվի առնելով ժողովրդին, որը պատահած հրաշքի համար փառք էր տալիս Աստծուն (Գործք 4:1-22):

Երուսաղեմի ժողովից հետո առաքյալներից գրեթե բոլորը մեկ առ մեկ ցրվեցին զանազան երկրներում: Ավանդաբար պատմվում է, որ Հովհաննեսը գնացել է Եփեսոս, որտեղ երկար տարիներ ապրելով ընդաևձակել է Պողոս Առաքյալի այնտեղ սկսած գործը, մինչև որ աքսորվեց Էգեյական Պատմոս կղզին, որտեղ էլ տեսել է այն խորհրդավոր տեսիլքը, որը մեզ ներկայանում է «Հովհաննեսի Հայտնություն» գրքի մեջ:

Հովհաննեսի մեծագույն փառքն իր Ավետարանն է, որը գրված է նախորդ երեք Ավետարանների համեմատ տարբեր ոճով և տարբեր ոգով, որի նպատակը Քրիստոսի Աստծո որդի ներկայացնելն է: Այս գիրքը Նոր Կտակարանի 27 գրքերից ամենախորն ու ամենահոգևորն է: Այս Ավետարանի մեջ Քրիստոսը ավելի խոր և ավելի ամբողջական հայտնություն է տալիս Իր և Աստծո մասին: Հովհաննեսի Ավետարանը առաջին երեք Ավետարանների լրացումն է: Ավետարանիչը գրքի գրեթե կեսը հատկացրել է Հիսուսի կյանքի վերջին օրերի խոսքերին և գործերին: Հրաշալի է մանավանդ գրքի առաջաբանը, որտեղ Քրիստոս ներկայացվում է որպես Աստծո «Բան»-ը, այսինքն անձնավորյալ իմաստությունը, որն «Ի սկզբանե է. առ Աստված է. և Աստված է»: Հատկանշական է նաև, որ այս ավետարանում անվամբ չեն նշվում ո՛չ ինքը, ո՛չ եղբայրը և ո՛չ էլ իր մայրը: Սա նախ կարևոր ապացույց է, որ այս ավետարանը Հովհաննեսի կողմից է գրված և երկրորդ՝ շեշտում է նրա համեստությունը և խոնարհությունը:

Հովհաննեսի անունով Նոր Կտակարանում երեք կան թղթեր: Առաջինը հինգ գլուխներից բաղկացած մի հոյակապ գրություն է, որի նպատակը առ Քրիստոս հավատացյալներին հավատքը զորացնելով և նրանց հավիտենական կյանքի հավատք ներշնչելով, մեղք գործելուց և սուտ քարոզիչներից հեռու մնալու զգուշացումն է: Բանալի բառերն են «սեր» (գործածվում է ավելի քան քսան անգամ), «գիտություն» կամ դրան համարժեք բառեր (երեսուն անգամ) և «հաղորդություն»: Երկրորդ և երրորդ նամակները, կազմված լինելով մեկական գլուխներից, հանդիսանում են Նոր Կտակարանի ամենակարճ գրությունները, այս թղթերը նախորդից տարբերվում է նրանով, որ ուղղված են անհատների՝ «Ընտրեալ Կյուրաին (Տիրուհի) և նրա որդիներին»: Այս գրությունը Նոր Կտակարանի միակ գրությունն է, որ կնոջ է հասցեագրված, այս թղթի բանալի բառերը նույպես «սեր» և «ճշմարտություն» բառերն են: Հաջորդ գրվածքն ուղղված է «Գայոս սիրելի»-ին»: Թե՛ Ավետարանը և թե՛ թղթերը գրվել են Առաքյալի կյանքի վերջին տարիներին: Համարվում է, որ նա մահացել է 100 թ.-ին, շուրջ 95 տարեկան հասակում: Չնայած, որ կյանքի ընթացքում շատ չարչարանքներ տեսավ, բայց մահացավ խաղաղ պայմաններում, Եփեսոսում: Պատմվում է, թե ծեր տարիքում, երբ արդեն չէր կարող երկար խոսել, գալիս էր եկեղեցի, որպեսզի ասեր. «Մանուկներ սիրեք միմյանց»: Նրա գերեզմանի վրա մի փառավոր եկեղեցի է եղել կառուցված, որի ավերակներն են այժմ մնում:

 

Մատթեոս առաքյալ

Մատթեոսը Կափառնայումում մի մաքսավոր էր, այսինքն պետական պաշտոնյա: Մաքսավորները հրեաների համար ատելի մարդիկ էին երկու պատճառով: Նախ՝ մի օտար պետության համար ծառայող հրեա պաշտոնյաներ էին, որոնք ատելի իշխանության համար տուրքեր գանձելով՝ ժողովրդի խավերի հետ ուղղակի շփման մեջ էին: Երկրորդ՝ սահմանված չափից ավելի էին վերցնում, որպեսզի իրենք էլ հարստանան: Նրանք նույնացվել էին «մեղավորների» հետ և առհասարակ միասին էին հիշատակվում: Սրան հակառակ, մաքսավորները նպաստավոր լուսի տակ են ներկայացված Ավետարաններում: Օրինակ՝ Հովհաննես Մկրտչի մոտ մկրտության եկողների մեջ կային նաև մաքսավորներ, որոնք հարցնում էին մարգարեին, թե ինչ է արժանի անել: Հովհաննեսը հրամայում է. «Ձեզ հանձնարարվածից ավելին մի՛ վերցրեք» (Ղուկաս 4:12-13): Հայտնի է նաև մաքսավորի և փարիսեցու մասին առակը, որոնք աղոթելու համար տաճար են գնում և մաքսավորը, իր մեղավոր լինելը ընդունելով, Աստծուց քավություն է հայցում իր մեղքերի համար և Հիսուսը հաստատում է՝ «Սա ավելի արդարացած գնաց իր տուն, քան փարիսեցին», որը եբրայական չափանիշներով բարեպաշտության տիպար էր: Հայտնի է նաև Զաքեոս մաքսավորի դարձը, ինչը նրա ողջ ինչքը աղքատներին տալով և իրենից տուժածներին քառապատիկ հատուցելով եղավ: Սրանցից մեկն էր նաև Լևի (Ղևի) Ալփյանը, որը Մատթեոսի նախկին, կամ հրեական անունն էր: Երբ Քրիստոսն անցնում էր, նա Կափառնայումում իր մաքսատան մեջ նստած էր: Աստծո սրտագետ Որդին, նրա մեջ առաքելական ատաղձ տեսնելով, պարզապես ասաց. «Արի՛ իմ ետևից»: Ամենայն հավանականությամբ, Մատթեոսը Կափառնայումի ժողովարանում  լսել էր Քրիստոսին քարոզելիս և ականատես, կամ ականջալուր էր եղել Նրա հրաշքներին և հետևաբար բարի տրամադրվածություն ուներ Քրիստոսի հանդեպ, այնպես, որ երբ Նրա կողմից կանչվեց՝ սիրով և պատրաստակամությամբ «թողեց ամեն ինչ» և հետևեց Հիսուսին:

Սակայն նախքան իր գործից և ընկերական միջավայրից հրաժարվելը, Մատթեոսը իր տան մեջ մեծ ընդունելություն կազմակերպեց, որին հրավիրեց իր պաշտոնակից ընկերներին և Քրիստոսին՝ աշակերտներով հանդերձ: Այս հանգամանքը դպիրների և փարիսեցիների համար տրտնջալու մեծ պատճառ եղավ, ասելով թե «Հիսուսը մեղավորների և մաքսավորների հետ սեղան է նստում», որին Հիսուսը իր նշանավոր պատասխաններից մեկը տվեց՝ ասելով, «Առողջները բժշկի կարիք չունեն , այլ՝ հիվանդները, գնացեք և սովորեք, թե ինչ է նշանակում ողորմություն եմ ցանկանում, ոչ թե զոհ» (մարգարեական խոսքը): Բացի այս, Քրիստոսը ավելացրեց «Ես չեկա արդարներին կանչելու, այլ՝ մեղավորներին» (Մատթ. 9:9-13):

Ավետարաններից այսքանն է մեզ հայտնի Մատթեոսի մասին, մնացածը փորձում է լրացնել ավանդությունը, որն ասում է, որ նա քարոզչությամբ գնացել է մինչև Հաբեշստան, կամ Պարսկաստան և Պարթևստան, որն էլ համարվում է նրա նահատակության վայրը:

Մատթեոսի փառքը նրա Ավետարանն է՝ Նոր Կտակարանի առաջին գիրքը և հարմարագույն օղակը Հին Կտակարանի և Նոր Կտակարանի միջև: Արդարև այս գրքի առաջին էջը, իբրև Հիսուս Քրիստոսի օրինական նախահայրերի՝ «Դավթի Որդի, Աբրահամի Որդի», հինկտակարանյան «հիմնադիր հայրերի» և արքայական զարմերի մասին հիշատակությամբ է սկսվում: Իր գրքում նվազագույնը վաթսուն մեջբերումներ կան Հին Ուխտի մարգարեություններից, որոնցից քառասունը՝ իբրև Քրիստոսով կատարված մարգարեություններ: Հետևաբար այս գրքի համար մի բանալի բառ է «կատարվեց ասվածը» այսինչ մարգարեի կողմից, նաև «երկնքի թագավորության» բացատրությունը, որը երեսունից-քառասուն անգամ հիշատակվում է այստեղ: Նրա նպատակն է հաստատել, որ Հիսուս Նազովրեցին ակնկալված մեսիան էր: Նշանավոր է Մատթեոսի ավետարանի «Լեռան քարոզը» (5-7-րդ գլուխներ), որը Նոր Ուխտի օրինագիրքը, կամ սահմանադրությունը կարելի է համարել և որը միաժամանակ կարելի է համարել համամարդկային կրոնական գրականության գագաթը:

 

Բարդուղիմեոս առաքյալ

Թեև մեր օրացույցներում ընդգրկվել է Բարդողիմեոս, կամ Բարդուղիմեոս ձևով, բայց իր անվան ճիշտ ձևն Է ԲԱՐԹՈՂՈՄԵՈՍը, որը նշանակում է Թոլոմեի որդի: Հայոց «Առաջին Լուսավորիչներ» անվանված երկու առաքյալներից մեկն է: Հովհանեսի Ավետարանում իր առաքելական կոչումը կատարվում է ՆԱԹԱՆԱՅԵԼ անվան տակ:

Փիլիպոս առաքյալը Հիսուսի կողմից «գտնվելուց» հետո, իր հերթին «գտնում է Նաթանայելին» և նրան ասում. «Նա ում մասին Մովսեսը գրել է Օրենքի գրքում, և մարգարեներն էլ իրենց գրքերում, մենք գտել ենք արդեն, նույն Ինքը Հիսուսն է, Հովսեփի որդին, Նազարեթից»:

Նաթանայելը, որ Նազարեթին մոտ եղող Կանա գյուղից էր և լավ էր ճանաչում այդ քաղաքը, անկեղծորեն ասաց.

- Իսկ մի՞թե Նազարեթից կարող է որևէ բարի բան դուրս գալ:

Փիլիպոսը չփորձեց համոզել, այլ ուղակի ասաց.

- Արի՛ և ինքդ տես:

Երբ Հիսուսը իր մոտ եկող Նաթանայելին տեսավ, ասաց.

- Ահա, արդարև, մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա:

- Որտեղի՞ց ես ինձ ճանաչում,- հարցրեց Նաթանայելը նույն համարձակությամբ:

- Նախքան Փիլիպոսի քեզ կանչելը, Ես քեզ տեսա թզենու տակ,- պատասխանեց Հիսուսը:

Թե ի՞նչ էր այդ ակնարկը, մեզ համար այդպես էլ գաղտնիք է, բայց Նաթանայելի կողմից հստակորեն հասկանալի եղավ, որը իր կարծիքը առնվազն Նազարեթցի Հիսուսի մասին փոխեց և բացականչեց.

- Ռաբբի, Դու Աստծո Որդին ես, Դու Իսրայելի Թագավորն Ես:

«Իսրայելի Թագավոր» պարզապես նշանակում է «Մեսիա»՝ ակնկալված Փրկիչ: Այս դավանությամբ Նաթանայելը ժառանգում է «Նախադավան Առաքյալ» պատվավոր կոչումը: Աստվածային նախախնամությամբ և նախատեսությամբ արժանի էր, որ «նախադավան» ազգի Առաքյալը նույնպես լինի Հիսուսին «Աստծո Որդի» դավանողներից առաջինը:

Նաթանայելի անունը հանդիպում ենք նաև Առաքյալների այն յոթնյակի մեջ, որոնք Հարությունից հետո Հիսուսին հանդիպելու հույսով Գալիլիա էին գնացել, սակայն սպասելուց հոգնած, միասնաբար ձկնորսության էին դուրս եկել և արդարև, խորհրդավոր պայմաններում արժանանում են Փրկչի տեսությանը:

Ըստ ավանդության, Բարթողոմեոսը, Իրանի բարձրավանդակի զանազան երկրներում քարոզելուց հետո, մտնում է Հայաստան և շարունակում է իրենից առաջ այստեղ եկած Թադեոս Առաքյալի գործը: Թադեոս Առաքյալի պես, ինքն էլ է մտնում արքունիք և դարձի է բերում թագավորի քրոջը, որի համար Հայոց Սանատրուկ թագավորի կողմից ձերբակալվում է և սաստիկ չարչարանքների է ենթարկվում, ընդհուպ մինչը մորթազերծ լինելով՝ նահատակվում է Հայաստանի հարավ – արևելյան մասում: Իր գերեզմանի վրա՝ Հաղբակում, փառավոր մի տաճար էր կառուցվել և վանք հաստատվել, որը ավերակների կույտ է այսօր:

 

Փիլիպպոս առաքյալ

Առաջինը կանչված առաքյալներից մեկն է: Երբ Հիսուսը մկրտությունից և փորձությունից հետո որոշեց Գալիլիա վերադառնալ «… գտավ Փիլիպպոսին ու նրան ասաց. «Արի՛ իմ ետևից»: Փիլիպպոսը Բեթսայիդացի էր՝ Պետրոսի քաղաքից (Հովհ. 1:43-44): Հավանաբար ինքն էլ, նախապես աշակերտել է Հովհաննես Մկրտչին և հետո հետևել Հիսուսին:

Փիլիպպոսն, ինչ-ինչ հարցերի կապակցությամբ, հիշվում է Հովհաննու Ավետարանում, առհասարակ՝ Անդրեասի հետ միասին:

Օրինակ՝ հացի բազմացման հրաշքի ժամանակ Հիսուսը նախ Փիլիպպոսին է հարցնում, թե որտեղից պիտի հաց հայթայթի այս հսկա բազմությանը համար: «Այս հարցը Հիսուսը տվեց նրան փորձելու համար, սակայն Ինքն արդեն որոշել էր իր անելիքը»,- ասում է ավետարանիչը փակագծերում: Փիլիպպոսը պատասխանում է. «Երկու հարյուր դահեկանի հաց դրանց չի բավարարի, թեկուզ և յուրաքանչյուրը մեկ կտոր ուտի» (Հովհ. 6:5-7): Ապա նա հիշվում է Հիսուսին տեսնելու մի խումբ հեթանոսների դրվագի առնչությամբ, որոնք, հավանաբար քաջալերվելով նրա զուտ հունական անվամբ, որը թարգմանվում է «ձիասեր», կամ նրա հունարեն իմացությամբ, նրան էին մոտեցել: Փիլիպպոսը և Անդրեասը (հետաքրքիր է, որ այս անունն էլ է հունական) նրանց ներկայացնում են Հիսուսին: Վերջին ընթրիքի ընթացքում, երբ Հիսուսը վերջին խոսքերն էր ասում աշակերտներին, անընդհատ հարցադրումներով ընդհատում էին Նրան: Ընդհատողներից էր նաև Փիլիպպոսը, երբ Հիսուս ասում է. «Եթե Ինձ ճանաչեցիք, ուրեմն Հորն էլ Ճանաչեցիք, ուրեմն այլևս Ճանաչում եք Նրան, քանի որ տեսաք Նրան»: Փիլիպպոսը ընդհատում է. «Տեր ցույց տուր մեզ Հորը և ավելին չենք ուզում»: Հիսուսը պատասխանում է. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ և չճանաչեցի՞ք Ինձ, Փիլիպպո՛ս, ով Ինձ տեսավ՝ Հորը տեսնող եղավ և դու ինչպե՞ս ես կարող ես ասել՝ ցույց տուր մեզ Հորը…» (Հովհ. 12:7-10):

Ավանդությունն ասում է, որ նա քարոզել է Փոքր Ասիայում և խաչելությամբ նահատակվել է Հիերոպոլիս քաղաքում:

 

Թովմաս առաքյալ

Իր և իրենից հետո նշված մյուս հինգ առաքյալների, բացի վերջինի՝ Պողոսի, առաքելության կանչվելու մանրամասները անհայտ են:

Նա ծանոթ է իր թերահավատությամբ: Երբ իր մյուս առաքյալ ընկերներն ասացին, որ տեսել են հարություն առած Տիրոջը, Թովմասը պնդեց, որ մինչև իր աչքերով չտեսնի Նրան և իր ձեռքը չմտցնի Նրա խոցված կողի մեջ, չի հավատա: Արդարև հաջորդ շաբաթ, երբ առաքյալները կրկին հավաքվել էին վերնատան մեջ, Հիսուսը երևաց բոլորին և խոսքը ուղղելով Թովմասին՝ ասաց. «Բեր մատներդ և դիր այստեղ: Ձեռքդ բեր և մտցրու կողիս մեջ, և անհավատ մի եղիր, այլ հավատացյալ»: Այդ պահին Թովմասը ծունկի գալով գոչեց. «Թագավոր իմ և Աստված իմ»: Հիսուսը եզրափակեց ասելով. «Դու տեսար և հավատացիր, երանի նրանց, որոնք չտեսած պիտի հավատան» (Հովհ 20:24-29): Սակայն, հակառակ իր այս թվացյալ թերահավատության, որը ավելի իրապաշտություն է, քան թերահավատություն, մի  առաքինի և քաջ առաքյալ է Թովմասը:

Երբ Հիսուսի բարեկամ Ղազարոսը մահացավ, Հիսուսը Անդրհորդանանում էր: Երբ իմացավ նրա մահվան լուրը, Հիսուսը որոշեց գնալ և հարություն տալ նրան: Սակայն առաքյալները վարանեցին, քանի որ մի քանի օր առաջ հրեաները քիչ էր մնացել Երուսաղեմում քարկոծեն նրան:

Այդ ժամանակ Թովմասն, առաջ գալով, ասաց. «Եկեք մենք էլ Վարդապետի հետ գնանք և եթե պետք լինի մահանալ, Նրա հետ մահանանք» (Հովհ. 11:16):

Հատկապես Հովհաննու Ավետարանից Թովմասը հայտնի է որպես «երկվորյակ»: Եվ ավանդությունը իրեն որպես եկվորյակ եղբայր համարում է Թադեոս Առաքյալին, կամ մեկ այլ աշակերտի:

Վերջին ընթրիքի ժամանակ Հիսուսին հարցերով ընդհատողներից մեկն էլ նա էր: Երբ Հիսուսը ասում է. «Թե ուր եմ գնում գիտեք և ճանապարհն էլ գիտեք», այս չի բավարարում Թովմասին, որը ասում է.

- Տե՛ր, չգիտենք, թե ուր Ես գնում, ինչպե՞ս պիտի իմանանք ճանապարհը:

Հիսուսը, որպես այս հարցի պատասխան, Իր նշանավոր խոսքերից մեկն ասաց.

- Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և Կյանքը… (Հովհ. 14:4-6):

Ավանդությունը Թովմասին ուղարկում է այն ժամանակ հայտնի աշխարհի ամենահեռավոր անկյունները՝ Պարթևստան և մինչև Հնդկաստան, որտեղ առաքելական շրջանից ի վեր, քրիստոնեական փոքր եկեղեցի է կազմվել և որոնք հավատացած են, որ իրենց նախահայրերը Թովմաս առաքյալի քարոզչությամբ են դարձի եկել, որի համար էլ իրենք իրենց կոչում են «Ս. Թովմասի քրիստոնյաները»: Առաքյալի գերեզմանն էլ մինչև օրս պահպանվում է այնտեղ, Մադրաս քաղաքի մոտ: Նահատակվել է նետահարությամբ: 

 

Թադեոս առաքյալ

Հայոց առաջին Լուսավորիչը և ամենահայտնի Առաքյալը:

Ղուկասի Ավետարանում (6:16) և Գործք Առաքելոցում (1:13) հայտնի է որպես Հուդա Հակոբյան: Հովհաննեսի մոտ էլ հիշվում է որպես. «Հուդա, ոչ Իսկարիովտացի» (14:22), որը վերջին Կտակի խոսակցության ընթացքում ընդհատողներից էր հետևյալ հարցով. «Տե՛ր, ի՞նչ է նշանակում, խոսքդ, որ Քեզ պիտի մեզ հայտնես, ոչ թե աշխարհին»: Հիսուսը անուղղակի պատասխանում է, որ Ինքը պիտի հայտնվի Իրեն սիրողների մեջ և ընդհակառակը՝ երբեք չպիտի երևա սեր չունեցողների մեջ: Իսկ Մատթեոս առաքյալը նրան կոչում է «Ղեբեոս, որը Թադեոս անվանվեց» (Մատթ 10:3), իսկ Մարկոսը նրան պարզապես Թադեոս է կոչում (Մարկ. 3:18): Կաթոլիկ եկեղեցին նրան նույնացնում է Հուդա Տեառնեղբոր հետ, որի անունով մի կարճ թուղթ էլ կա ընդհանրական թղթերի մեջ, որը վերջինն է հանդիսանում: Բայց արևելյան եկեղեցիները այս նույնացումը չեն ընդունում:

Ըստ մեր ազգային ավանդության, Թադեոս առաքյալը նախ Եդեսիա է գալիս, որտեղ, ըստ Քրիստոսի խոստումի, բժշկում և քրիստոնյա է դարձնում Աբգար թագավորին: Եդեսիան, արդարև, քրիստոնեական հնագույն կենտրոններից մեկն է համարվում:

Թադեոսն իր քարոզչությունը առաջ է տանում դեպի հյուսիս, մտնում է հայոց Սանատրուկ թագավորի սահմանները, քարոզում և դարձի է բերում շատ հայերի, որոնք երախայրիքը և հիմքն են կազմում Հայ Առաքելական Եկեղեցու: Նաև արքունիք է մտնում և դարձի է բերում թագավորի դստերը՝ Սանդուխտին, որը հետագայում նահատակվում է իր հոր ձեռքով: Ի վերջո, Թադեոս Առաքյալն էլ, շատ հրաշքներ գործելուց և հազարավոր հոգիներ դարձի բերելուց հետո, Արտազ գավառում սրով նահատակվեց, ներկայիս Պարսկական Ատրպատական գավառի արևմտյան կողմում, որտեղ մինչև այսօր պահպանվել է նրա գերեզմանը, որի վրա կառուցվել է մի փառավոր եկեղեցի: 

 

Հակոբոս, Շմավոն և Մատաթիա առաքյալներ

Այս երեք առաքյալների միայն անուններն են հիշատակվում Ավետարաններում և նրանց հետ կապված որևէ դեպք չի պատմվում:

Հակոբոսը ծանոթ է, որպես Հակոբոս Ալփյան, որով էլ տարբերվում է Հակոբոս Զեբեդյանից: Այս Հակոբոսից տարբերվելու համար երբեմն Ալփյանը նաև կոչվում է «Կրտսեր Հակոբոս»: Լատին եկեղեցին նրան նույնացնում է Հակոբոս Տեառնեղբայր առաքյալի հետ, ինչին համաձայն չեն արևելյան եկեղեցիները և նրանց թվում նաև մենք: Համարվում է, որ Հակոբոսը ավետարանել է Պաղեստինի հարավային ծովեզերքներում և Եգիպտոսում, որտեղ էլ նահատակված է համարվում:

Շմավոնը, կամ հունարեն ձևով Սիմոնը, Ավետարաններում հայտնի է «Կանանացի» ածականով, որը «նախանձահույզ» է նշանակում: Այս անունով աղանդ, կամ կուսակցություն կար հրեաների մեջ, որոնք միջոցների մեջ առանց խտրականություն դնելու, աշխատում էին իրենց վրայից դեն նետել օտար լուծը և ուրացողներին, կամ օտարամոլ հրեաներին իրենց միջից վերացնել: Նահատակված է համարվում Պարսկաստանում: Տոնվում է Թովմաս առաքյալի հետ միասին:

Մատաթիան, մատնիչ Հուդայի փոխարեն, նրա մահից հետո, իբրև մեկը, որը հետևել էր Քրիստոսին Նրա մկրտությունից մինչև համբարձումը, ընտրվեց առաքյալների կողմից: Համարվում է, որ քարոզել է Եթովպիայում: 

 

Պողոս առաքյալ

Վերոհիշյալ առաքյալների թվումով ավարտվում է Հիսուսի կողմից ընտրված «Երկոտասան Առտաքյալեր»-ի ցանկը: Սակայն նրանցից բացի Նոր Կտակարանում հիշատակվում են ևս այլ գործիչներ, որոնց նույնպես տրվում է «առաքյալ» ածականը: Նրանցից մեծագույնը Պողոս առաքյալն է, որը ծանոթ է նաև «Երեքտասաներորդ Առաքյալ» անվամբ: «Առաքյալ» ածականն այնքան հաճախակի է օգտագործվել Պողոսի համար, որ եթե պարզապես «Առաքյալ» բառը հիշատակում ենք առանց որևէ անձ, կամ հատուկ անուն կցելու դրան, այն հասկանում ենք որպես Պողոս առաքյալին արված ակնարկ: Սա հաստատում է, որ Պողոսը մեծագույն Առաքյալ է և բոլոր ժամանակների մեծագույն քրիստոնեական քարոզիչը և գործիչը:

Ծնվել է Հրեաստանից դուրս՝ Կիլիկիայի Տարսոն քաղաքում (Գործք 22:3), Փրկչական թվականի առաջին տարիներին: Իր բարձրագույն կրթությունը ստացել է Տարսոնի հունական համալսարանում, իսկ կրոնական լրացուցիչ դաստիարակությունը՝ Երուսաղեմում և ինչպես ինքն է ասում. «Գամաղիելի մոտ» (Գործք 22:3):

Գամաղիելը Գործք Առաքելոցում հանդես է գալիս որպես մի լուրջ և ազատամիտ ռաբբի, որը, երբ առաքյալները դատվելու համար հրեական Բարձրագույն Ատյանի առջև էին տարվել, իր իրատեսական և ողջամիտ գաղափարներով նրանց ազատ արձակման պատճառ է դառնում (Գործք 5:34-42):

Թեև Պողոսը Հիսուսին տարեկից, կամ նրանից մի քանի տարի փոքր է, սակայն ոչ մի նշում չկա Ավետարաններում, որ նա Հիսուսին Նրա կենդանության օրերին տեսած լինի: Պողոսի հրեական անունը Սավուղ է, հունական տարբերակով Սողոս: Նա իր «Պողոս» հռոմեական անունը ստացավ կիպրոսի հռոմեացի կառավարիչ Սերգիոս-Պողոսին դարձի բերելուց հետո (Գործք 13:7-9):

Պողոսը, ըստ հրեական սովորության, որը ծնողների վրա իրենց զավակներին որևէ օգտակար արհեստ սովորեցնելու պարտականություն էր դնում, վրանագործ էր: Այս արհեստն առաքելական գործունեության ժամանակ իր ապրուստը հոգալու, ուրշների վրա բեռ չլինելու տեսակետից, Առաքյալին շատ օգտակար եղավ: (Գործք 18:3, 20:34, Բ Թեսաղ. 3:8):

Պողոսը իր ժամանակների երեք գլխավոր մշակույթների համադրությունն էր: Ծնունդով և կրոնով հրեա էր, ուսումով և լեզվով՝ հույն, քաղաքացիությամբ՝ հռոմեացի: Այդ ժամանակներում օտարների համար Հռոմի քաղաքացի լինելը մի մեծագույն պատիվ և առանձնաշնորհ էր, այն (Հռոմի քաղաքացիությունը) ամեն մի հպատակ ազգի շնորհված առավելություն չէր, այլ դրան արժանանում էին ի նպաստ Հռոմին որևէ մեծ ծառայություն մատուցելու ժամանակ, կամ դրամով ձեռք բերելու և կամ կայսեր կողմից հատուկ շնորհի դեպքում: Երևում է, որ Պողոսի հայրը, կամ նախնիները Հռոմի քաղաքացի էին և ինքն էլ ծնվել էր որպես քաղաքացի (22:25-28):

Իր այս գրեթե համամարդկային նկարագրով Ս. Պողոսը, արդարացիորեն, քրիստոնեությունը հրեական, հունական և հռոմեական այս երեք շրջաններում հավասարապես ջանասիրաբար քարոզելու համար մի կատարելագույն անձ էր: (Գործք 9:15): Պողոսը իրապես «ընտիր անոթ» էր քրիստոնեությունը հատկապես հեթանոսներին տանելու համար, և այդ իսկ պատճառով նաև կոչվեց «Հեթանոսների Առաքյալ» (Գործք 22:21, 26:3, Բ Տիմ. 1:11):

Նա քրիստոնեության հետ իր առաջին հաղորդակցությունը Երուսաղեմում ունեցավ, երբ առաքելական քարոզչությունն իր ամենաեռուն շրջանին էր հասել. և իբրև այս իրականության արդյունք, ընդդեմ նոր շարժումի ստեղծվել էր ոչ միայն պաշտոնական հակառակություն, այլև ժողովրդական կողմ և դեմ մի հետաքրքրություն: Սողոսը, իբրև «Հայրենական Օրենքի» կորովի պաշտպան, և իբրև փարիսեցի, ժամանակ առ ժամանակ հակառակվողներից ամենա աչքի ընկնողն էր: Ամենայն հավանականությամբ, իր առաջին բախումը և բանավեճը Ստեփանոսի հետ ունեցավ:

Արտասահմանից Երուսաղեմ եկած որոշ հրեաներ, օրինակ՝ «Լիբիայից՝ Կյուրենացիներ, Եգիպտոսից՝ Ալեքսանդրացիներ, և Կիլիկիացիներ ու Փոքր Ասիացիներ սկսեցին վիճել Ստեփանոսի հետ, բայց չէին կարողանում ընդիմանալ այն իմսատությանը և հոգուն, որով նա խոսում էր» (Գործք 6:9-10): Հավանաբար այս Կիլիկիացիների մեջ էր նաև Սողոսը, քանի որ բացահայտ նշվում է, որ «Սողոսը կամակից էր Ստեփանոսի մահվան համար» (Գործ 7:59): Նաև պիտի ունկնդրած լիներ Ստեփանոսի Ազգային Գերագույն Ժողովում ասված երկար և հոյակապ ճառը, որն իր դեմ հակառակության բաժակը լցրեց և իր քարկոծության պատճառը դարձավ:

Ստեփանոսի մահից հետո, Սողոսի գլխավորությամբ, քրիստոնյաների դեմ մի խիստ հալածանք շղթայազերծ եղավ, «Իսկ Սողոսը եկեղեցուն շատ վնաս էր հասցնում. տնից տուն էր մտնում, դուրս էր քաշում (քրիստոնյա) տղամարդկանց և կանանց ու մատնում բանտարկության» (Գործք 8:3): Քրիստոնյաների ձայնը Երուսաղեմում բավականին ճնշելուց հետո, ներկայացավ քահանայապետին և նրանից արտոնության նամակ խնդրեց, որպեսզի արտասահմանում էլ, սկսելով Դամասկոսից, աշխատի կանխել քրիստոնեության ծավալումը: Այդ ճակատագրական ճամփորդության ընթացքում էր, որ Սողոսը Քրիստոսի կողմից տեսիլքով շնորհի հարվածն է ստանում, որը բերում է նրա դարձին և Դամասկոսում մկրտությանը. հավանաբար 36թ.-ին: Դրանից հետո իր կյանքի մնացած տարիները իր հալածած կրոնի տարածման համար ամբողջական նվիրումի մի ընթացք էր:

Երեքից-չորս առաքելական արշավանքներ է կազմակերպում, որոնցից առաջինի ընթացքում, Կիպրոսում, նախ կուրացնելով Եղիմաս մոգին, որը շատերին էր մոլորեցնում, ապա հավատքի բերելով Կիպրոսի հռոմեացի փոխկառավարիչ Սերգիոս-Պողոսին, նա իր առաջին նշանակալից հաջողությունն է ունենում, որից հետո Սողոսը կոչվում է նաև Պողոս: Հավատքի տարածման համար իր ճամփորդությունները հասնում են մինչև Փոքր Ասիայի հարավային և հյուսիսային ընդարձակ նահանգները, մինչև Հունաստանի բոլոր անկյունները: Այս տարածքներում հիմնադրում է բազմաթիվ տեղական եկեղեցիներ:

Քարոզչական երրորդ առաքելությունից հետո, Երուսաղեմ վերադարձին, Տաճարում հակառակորդների ամբոխը շրջապատում է նրան և եթե մոտիկ զորամասից հռոմեացի զինվորները չհասնեին և չփրկեին նրան, քարկոծելով վերջ պիտի տային Պողոսի կյանքին: Ապա տարվեց հռոմեական կառավարիչների կենտրոն հանդիսացող Պաղեստինյան Կեսարի մոտ, որտեղ երկու տարի ապրեց որպես ազատ բանտարկյալ: Հռոմեացի դատավորը պատժելի որևէ հանցանք չգտնելով՝ ցանկանում էր ազատ արձակել նրան, բայց հրեաները պահանջեցին, որ նրան Երուսաղեմ տանեն և այնտեղ կրոնավոր իշխանավորների կողմից դատեն: Սակայն իր գլխի գալիքը իմանալով՝ Պողոսն ասում է. «Կայսրին եմ բողոքում»: Այսպիսով նրան ուղարկեցին Հռոմ՝ այնտեղ դատվելու համար: Գործք Առաքելոցը Պողոսի Հռոմ հասնելու վերջաբանն այսպես է ներկայացնում. «Եվ ամբողջ երկու տարի Պողոսն ապրեց իր ծախսով։ Եվ ընդունում էր բոլոր նրանց, որ գալիս էին իր մոտ։ Քարոզում էր Աստծու արքայությունը եվ ամենայն համարձակութեամբ անարգել ուսուցանում էր Տեր Հիսուս Քրիստոսի մասին» (Գործք 28:30-32):

Սա նշանակում է, որ Պողոսը, որպես ազատ բանտարկյալ, երկու տարի մնաց Հռոմում: Արդյոք դատը կայացավ, թե ոչ, հայտնի չէ: Ավանդությունը պատմում է, որ այս դատի ժամանակ Պողոսին ազատ արձակեցին և նա շարունակեց իր քարոզչությունը ընդհուպ մինչև Իսպանիա և այլ տեղեր, ապա նորից վերադարձավ Հռոմ և 67թ.-ին Ներոնի հալածանքների ժամանակ ձերբակալվեց և սրով նահատակվեց:

Պողոս Առաքյալի անունը և քարոզչությունը անմահացնողները ոչ միայն իր ընդարձակ առաքելական քարոզչությունն էր, այլ նաև առավելաբար իր թղթերն էին, այսինքն տասնչորս նամակները, որոնք իր հիմնած եկեղեցիների և որոշ անձերի էին ուղղված: Այս նամակները, որքանով որ մեծ Առաքյալի ներքին ապրումների ու բնութագրական գծերի հետաքրքիր աղբյուրներ են, նույնքանով էլ քրիստոնեական աստվածաբանության և բարոյական ուսուցումների անսպառ շտեմարաններ են:

Պողոսն ամբողջական նվիրման և անդուլ գործունեության անգերազանցելի մի տիպար է: Իր ամբողջ հնարավորությունները և կարողությունները ի սպաս դրեց Աստծո արքայության քարոզչությանը: Արդարացիորեն և իրավացիորեն եղավ «Ծառա Հիսուս Քրիստոսի», ինչպես որ սիրում էր կոչել ինքն իրեն՝ նամակներում: Հստակորեն ըմբռնելով քրիստոնեության մաքուր և վսեմ ոգին, նրա տիեզերական և հոգևոր բնույթը, և Քրիստոսի բերած փրկության բարիքներն անձամբ և բոլորից ավելի ճաշակած լինելով, այն՝ Քրիստոսի փրկութունը համարեց որպես համամարդկային շնորհի լույս՝ անխտիր բոլորի, հրեայի և հեթանոսի, արուի և էգի, ծառայի և տիրոջ համար, ուստի ձևավորեց այն համոզմունքը, ըստ որի այլևս վերջացել է հրեական ծիսական կրոնի դերը, և դրա տեղը գրավել է Քրիստոսի բերած հոգեղեն կրոնը, որին կարելի է հաղորդակցվել միայն հավատքով: Այս բառը՝ Հավատքը, իր ուսուցման մեջ հիմնական տեղ է գրավում:

Քանի որ պայքարում էր հրեական ծիսամոլության դեմ, բազմիցս ենթարկվել է շարունակական հալածանքների և չարչարանքների, որոնք թվում է իր նամակներում: Շուրջ հինգ տարի բանտարկության մեջ է անցկացրել Երուսաղեմում, Կեսարիայում և Հռոմում, հինգ անգամ գանակոծության է ենթարկվել (յուրաքանչյուր գանակոծությունը բաղկացած էր 39 մտրակումից), երեք անգամ ծեծվել է, մեկ անգամ քարկոծվել և երեք անգամ նավաբեկության է ենթարկվել, շարունակ տաժանակիր և հոգնեցուցիչ ճամփորդության մեջ էր: Եվ Առաքյալն այս չարչարանքների որոշ մասը թվելով՝ եզրակացնում է. «Վշտեր գետերից, վշտեր ավազակներից, վշտեր ցեղակիցներից, վշտեր հեթանոսներից, վշտեր քաղաքներում, վշտեր ամայի վայրերում, վշտեր ծովի վրա, վշտեր սուտ եղբայրներից, հաճախ հոգնատանջ եմ եղել, շատ անգամ անքուն, անոթի, ծարավ և մերկ եմ մնացել: Թողնենք այն նեղությունները, որոնք ամբոխի կողմից եմ կրել, որոնք մշտականապես իմ վրա էին կուտակվում, իմ հիմնած եկեղեցիների համար մշտապես մտահոգության մեջ եմ, երբ նրանք տագնապի մեջ են՝ ես էլ եմ տագնապում, երբ նրանք ուղիղ ճանապարհից շեղվում են՝ ես էլ զայրանում և տառապում եմ…» (Բ Կորն. 11:24-29):

Պողոսի կյանքը ոչ միայն մշտական մի մարտիրոսություն էր, այլ նաև, առավելապես, մի իրական դյուցազնություն, ավելի գերազանց, քան Հերակլեսինը, մանավանդ, երբ նկատի ենք ունենում, որ այս դյուցազունն ընդամենը առասպելական առյուծների, վիշապների, կամ հսկաների դեմ էր պայքարում: Պողոսը մաքառում է մարդկայն տգիտության, չարության, նախանձի և նախապաշարումների դեմ և մանավանդ անտեսանելի և սատանայական «Իշխանությունների և պետությունների դեմ, խավարի աշխարհակալների դեմ, չարության գերմարդկային ուժերի դեմ»: (Եփես. 6:12): Պողոսի նամակները, նույնիսկ Ավետարաններից առաջ գրված լինելով, համարվում են քրիստոնեական գրականության առաջին գործերը:

Պողոս Առաքյալին հիշատակում ենք Ս. Ծնունդը կանխող ավագ տոների ժամանակ:

 

«Աստվածաշնչական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․