1 Ապրիլ, ԴՇ, Մեծ Պահքի ԼԸ օր

Գրքեր
11 Հուլիս, Եշ Տոն Սուրբ թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի

Սուրբ Սահակ Հայրապետ

Երկար են Ս. Սահակի կյանքը և գործերը, լցված իրադարձություններով և հետաքրքիր դրվագներով, պիտի աշխատենք հնարավորինս հակիրճ լինել, ավելի կենտրոնանալով նրա սրբազան անձի և արդյունաշատ գործերի վրա:

Նա որդին է Ներսես Հայրապետի և Սանդուխտ Մամիկոնյանի. 5-րդ և վերջին արու շառավիղը Ս. Գրիգոր Լուսավորչի: Նա ծնվեց Կեսարիայում 348 թ.-ին՝ իր ծնողների ուսումնառության ընթացքում: 2-3 տարեկան հասակում մորից որբանալով, իր մանկությունը անց է կացնում Տարոնում՝ Մամիկոնյանց տանը, տատի մոտ: Այդ ընթացքում նրա հայրը՝ Ներսես Պարթևը, Կեսարիայում և Բյուզանդիայում բարձրագույն կրթություն էր ստանում: Ինքը, նույնպես, հետևեց հորը՝ իր կրթությունը նույն քաղաքներում ստանալով: Տիրապես հմտացավ հունական լեզվի և դպրության մեջ:

Իր նախապատմիչը՝ Փարպեցին, գրում է. «Շատ հույն գիտնականների մոտ երկար դասաժամեր էր անցկացում՝ կատարելապես հմտանալով երգեցողության տառերին (երաժտական արվեստին), հռետորական հորդ ատենաբանության և մանավանդ փիլիսոփայության արվեստին»:

Սահակը տիրապետում էր նաև ասորերենին, որը երկրորդ լեզուն էր ծեսերի և կրոնական գիտելիքների առումով, ինչպես նաև տիրապետում էր պարսկերենին, որը Հայաստանի մեծագույն մասի և հատկապես արևելյան մասի պաշտոնական լեզուն էր:

Սահակն էլ ամուսնացած էր և մեկ դուստր ուներ՝ Սահականուշը, որն ամուսնացել էր Համազասպ Մամիկոնյանի հետ և Սահակին պարգևել երեք արու թոռներ, որոնցից նշանավորագույնն էր Վարդան Մամիկոնյանը՝ ապագա մեծ նահատակը և հերոսը:

Թվում է, որ Սահակի կինը վաղ է մահացել, կամ փոխհամաձայնությամբ բաժանվել են, որովհետև Խորենացին հաստատում է, որ Սահակը խստակրոն, ճգնողական կյանք էր վարում և իր շուրջը հավաքել էր շուրջ վաթսուն աշակերտներ, «որոնք խարազանազգեստ, երկաթակիր (բնագրում՝ երկաթապատ), բոկոտն այրեր» էին: Շրջում և ապրում էին նրա հետ «մշտնջենավոր պաշտամունքներով» (Խորենացի Գ. Գլուխ ԽԹ):

Խոսրով Գ թագավորի նախաձեռնությամբ, 387 թվականին, ընտրվում է Հայոց Կաթողիկոս: Երբ Պարսից թագավորը վերջինիս գահընկեց արեց նրա հաստատած Կաթողիկոսն էլ պաշտոնանկ համարվեց: Սահակը ստիպված եղավ անձամբ գնալ Տիզբոն, որտեղ էլ բացառիկ ընդունելության արժանացավ և մեծ ձեռքբերումներով, այդ թվում իր պաշտոնի պետական ճանաչումով և գահընկեց արված արքայի փոխարեն նրա եղբոր՝ Վռամշապուհի, որպես թագավոր հաստատումով, վերադարձավ հայրենիք:

Հաջորդեց տասնհինգ տարիների խաղաղ շրջան, երբ երկու մեծ հոգիների՝ Սահակ Հայրապետի և Մեսրոպ Վարդապետի լծակցությամբ, տեղի ունեցավ մեր պատմության կարևորագույն դեպքերից մեկը՝ Հայոց գրերի գյուտը և Հայոց դպրության սկզբնավորումը: Որքանով որ կարևոր էր Մեսրոպ Մաշտոցի Հայ Այբբենարան ունենալու և այն գործնականապես գտնելու սկզբնագաղափարը, նույնքանով էլ կարևոր էր Ս. Սահակի դերն այն հորինելու և կազմակերպելու մեջ: Խորենացին վկայում է, որ «Մեսրոպը հայ նշանագրերի խնդրով Սահակի մոտ եկավ և նրան շատ ավելի պատրաստակամ գտավ», օր առաջ Հայոց գրերը գտնելու մեջ: Իսկ Փարպեցին հաստատում է, որ Մեսրոպը «հունական ճշգրիտ աթութաների (գրերի, տառերի) գաղափարի մասին հաճախակի հարցեր տալով շատ բաներ  էր սովորում Սուրբ Սահակ Կաթողիկոսից:  

Իսկ Օրմանյանը եզրակացնելով ասում է. «Մեսրոպը իր շրջագայության ժամանակ ինչ որ կարողացավ գտնել… բոլորն էլ հավաքեց, բերեց և Սահակի գերագույն դատին հանձնեց, և Սահակի մատնացույց արած ուղղություններով և նշած կատարելագործություններով է, որ հայկական այբուբենը իր վերջնական թվային արժեքն ու կարգը, ձևն ու հանգը (ձայնական արժեքը) ստացավ և գերագույն հեղինակությամբ հաստատվեց» (Ազգ. Էջ 276)

Սահակի հավաքած 60 աշակերտները և Մեսրոպի 40 աշակերտները, երբ արդեն իսկ չափահաս էին և հմուտ հույն և ասորի դպրությունների մեջ, հայ այբուբենով դաստիրակված առաջին խմբերը եղան: Սրանք առաջին ուսուցիչները եղան, որոնք Սահակի և Մեսրոպի առաջնորդությամբ, ուսուցումներով և ուսուցչապետությամբ հայ գրչության առաջին ուսուցիչները եղան, սկիզբը դնելով Վաղարշապատից, որն էլ հայերեն լեզվով և գրով ուսուցման առաջին օրրանը լինելու պատվին արժանացավ:

Ս. Գիրքը հայերեն լեզվով կարդալու ցանկությունը և գաղափարը հայ գրերի գյուտի առաջին շարժիչ ուժն է եղել և հետևաբար թարգմանությունն էլ Ս. Գրքով սկսվեց: Ստույգ հայտնի է, որ թագմանչական առաջին փորձը Մեսրոպ Մաշտոցին է պատկանում՝ ասորական բնագրից, բայց Ղազար Փարպեցին Ս. Գրքի ամբողջական թարգմանությունը Ս. Սահակին է վերագրում: Փարպեցու հավաստմամբ, Մեսրոպ Մաշտոցի գլխավորությամբ մի պատվիրակություն է ներկայանում Սահակին խնդրելու, որ. «ինքն իրեն հոգևոր աշխատանքի նվիրի և Աստվածաշունչ Կտակարանները հունարենից թարգմանի հայերեն» (էջ 48): Սահակը հավանություն տվեց առաջարկին «և գիշեր ու ցերեկ անվեհեր ջանադրությամբ թարգմանեց բոլոր կտակարանները»: Եվ սրանից Օրմանյանը եզրակացնում է. «Ս. Գրքի առաջին կտորները, կամ փորձերը Մեսրոպը կատարեց ասորերենից, սակայն արդյունքը գոհացուցիչ չհամարվեց, և հունական թարգմանության գերազանցությունը հայտնի լինելով, Սահակը պարտավորվեց կամ առաջին թարգմանության մեջ հունականի հետ համապատասխան ուղղումներ անել, կամ իր ձեռքի տակ ունենալով ասորերեն բնագիրը հուներենի հետ համեմատական նոր թարգմանություն ստեղծել: Եվ այսպես ստեղծվեց Սուրբ Գրքի հայերեն ամբողջական թարգմանությունը Սահակի կողմից թարգմանված և նրա թե՛ կաթողիկոսական և թե՛ գիտական հեղինակությամբ հաստատված: (Ազգ. էջ 280):

Ապա ձեռնամուխ եղան ծիսական և կրոնական այլ գրքերի թարգմանությունների «Հունական և ասորական հայրերի բոլոր գրքերը հայերենի թարգմանվեցին Սահակի կյանքի, կամ նրա ապրած կյանքի մերձավոր տարիներին» (Ազգ. էջ 282):

Մեր կանոնագրքի մեջ Սահակին վերագրված կանոնների մի խումբ կա, որը վերաբերվում է եկեղեցականների պարտավորություններին և եկեղեցու հասույթի տնօրինությանը: Սրանից կարելի է ենթադրել, որ «կարգ ու կանոնի հանդեպ նախանձախնդիր հոգի ուներ Սահակը և ցանկանում էր, որ ամեն ինչ օրենքի ուժով կարգավորվի» (Ազգ. էջ 284):

Բոլոր պարագաներում՝ Սահակի ջանքերով և տնօրինությամբ ոչ միայն Արևելյան (Պարսկական) Հայաստանում, այլ նաև Արևմտյան (Բյուզանդական) Հայաստանում էլ տարածվեց հայոց լեզվի ուսուցումը և դպրությունը, արարողությունները հայոց լեզվով կատարելը ընդհանուր դարձավ, «երկիրը նոր հոգի և նոր պայծառություն ստացավ»: Այնպես որ սկզբնագիր պատմիչը Եսայի մարգարեի պատգամը ամբողջությամբ կիրառում է որպես Հայոց Աշխարհի համար ասված. «Սուրբ Սահակ Հայրապետի վտակներից, ինչպես ջրառատ գետից, որը ծովն է լցնում, Ամբողջ Հայոց երկիրը լցվեց տիրոջ գիտությամբ (Փրպ. 53):

Սահակի հաջողությունը նաև նրանում էր կայանում, որ իր օրոք Հայկական արքայական գահին էր նստած առաքինի և խաղաղարար, կրթասեր և իմաստուն Վռամշապուհ թագավորը, որն ավելի քան քառորդ դար զորավիգ եղավ իրեն և Ս. Մեսրոպին իրենց կրոնական և կրթական նախաձեռնությունների հարցում: Որը սակայն դժբախտ եղավ քանզի իր որդին՝ Արտաշեսը, անառակ և անպատասխանատու մեկը լինելով՝ պատճառ եղավ, որ հայ նախարարները Պարսից Թագավորից նրա (Արտաշեսի) գահընկեցությունը խնդրեն: Նախարարները ստիպեցին, և մինչև իսկ ճնշումներ գործեցին Սահակի վրա, որպեսզի իրենց միանա: Սահակը, արիասիրտ և հեռատես ծերունի Հայրապետը, ընդիմացավ նրանց առաջարկին ասելով. «Չեմ կարող փոխել իմ հիվանդ ոչխարին ուրիշի առողջ գազանի հետ (մանավանդ, որ նրա առողջությունը մեզ վնաս է)»: Այս խոսքի վրա նախարարները, իբրև հունասեր քաղաքականության հետևողներ, ամբաստանեցին կաթողիկոսին: Թե՛ կաթողիկոսը և թե՛ թագավորը Տիզբոն կանչվեցին և թագավորը գահընկեց եղավ ու բանտարկվեց: Այս կերպով, 428 թ.-ին, վերջանում է հայոց Արշակունյաց թագավորությունը: Իսկ Սուրբ Սահակը պաշտոնանկ է արվում և իբրև աքսորական, շուրջ 4 տարի մնում է Տիզբոնում: Իր տեղը  Բրքիշո կոչված մի ասորի եպիսկոպոս ընտրվեց, որը շատ շուտով իր շահամոլ և անժուժկալ ընթացքով բոլորի համար զզվելի դարձավ, նույնիսկ իր կողմնակիցների: Հայ նախարարների մի մասը ուրիշ հայրապետ խնդրեցին Տիզբոնից, մի մասը Ս. Սահակին: Պարսից թագավորը երկու կողմերի խնդրանք էլ բավարարեց՝ Շմուել Ասորիին նշանակեց իբրև պաշտոնական կաթողիկոս՝ քաղաքական և նյութական գործերի համար, իսկ Սահակին արտոնություն տվեց Հայաստան վերադառնալ և լոկ կրոնական գործերով զբաղվել: Այսպիսով օտար և այլակրոն թագավորի տնօրինությամբ և անմիաբան նախարարների խնդրանքով Հայ Կաթողիկոսությունը երկփեղկվեց: Իր ժամանակի ժողովուրդը և պատմությունը, ինչպես աքսորի ժամանակ, երբ Մեսրոպը իր անպաշտոն բայց իրական տեղակալն էր, այդպես էլ այդ ժամանակ Սահակին որպես օրինական կաթողիկոս էին ընդունում: Իսկ մյուսները որպես հակաթոռ ճանաչվեցին, որոնք եկեղեցին նսեմացնելուց և կողոպտելուց զատ ոչինչ չարեցին:

Պարսից թագավորը Տիզբոնից մեկնելուց առաջ Ս. Սահակին կրկին զգուշացրեց հավատարիմ մնալ պարսիկներին և չհակվել հունական կողմին: 84-ամյա արի ծերունին մի ատենաբանությամբ բացատրեց մինչ այդ Պարսկաստանի հանդեպ ունեցած անկեղծ հավատարմությունը և ծառայությունը, ինչը խորը և դրական ազդեցություն թողեց ներկաների և թագավորի վրա, որը հրամայեց «նրան իբրև ճարտասան, քաջասիրտ և համարձակախոս այրի՝ բազում արծաթ նվիրեն»: Սահակը մերժեց հարստությունը և փոխարենը շնորհներ խնդրեց հայոց նախարարների և իր հայրենիքի համար. ինչն էլ տրվեց նրան:

Վերադարձին՝ 432թ.-ն, հաստատվեց Բագրևանդում, որտեղ Ս. Լուսավորչի կողմից կառուցված նշանավոր տաճարը կար, և որտեղ «երկնքից լույս էր իջել, երբ Ս.Գրիգորը մկրտել էր Տրդատին»: Ս. Մեսրոպն էլ հաստատվում է Վաղարշապատում՝ Շմուելի մոտ, իբրև հոգևոր գործերում Ս. Սահակի պաշտոնական տեղակալը (Ազ 310 էջ):

Ինչքանով էլ Շմուելը եկեղեցին ու թեմերը թալանելով բոլորի համար զզվելի էր դարձել, սակայն ավելի վատից վախենալով ոչ մեկը չեր համարձակվում նոր դիմումով դիմել Տիզբոնին: Ընդհակառակը՝ եպիսկոպոսները, նախարարները և հայ ժողովուրդը իրենց մխիթարությունը Սահակի անձի մեջ էին գտնում «որը ոչ միայն Բագրևանդից հսկում էր և իր աշակերտներով անհրաժեշտ հոգածությունն էր անում, այլև ծերացած տարիքի ներելու չափ շրջում էր տարբեր կողմերում և մխիթարում էր ժողովրդին» (Ազգ. 310):

431 թ.-ին, ընդդեմ «մարդադավան» Նեստորի Եփեսոսում գումարվեց երրորդ տիեզերական ժողովը, որտեղ նզովվեց Նեստորի տեսությունները և ինքը Նեստորը և ժողովականների կողմից որդեգրվեց Ալեքսանդրիայի Կյուրեղ Հայրապետի «Մի Բնություն Բանին Մարմնացելո» (Աստծո Բանի Մարմնացյալ մեկ Բնություն) բանաձևը և որոշ կանոններ էլ սահմանվեցին: Ժողովի որոշումները Բյուզանդիայում բարձրագույն ուսում ստացող հայ աշակերտները Հայաստան բերեցին և հանձնեցին Սահակ Հայրապետին, որը հանուն Հայ եկեղեցու նույնությամբ ընդունեց: Մինչ այժմ Հայ եկեղեցին մնում է ամուր կանգնած այս ժողովում որդեգրած «Մի Բնություն» բանաձևի վրա: Հայ աշակերտները իրենց հետ նաև բերեցին Ս. Գրքի հունարեն ընտիր մի օրինակ, որի համեմատությամբ կատարեցին վերջին սրբագրությունները Հայ Աստվածաշնչի թարգմանության վրա:

Նրա կյանքի վերջին տարիներն այսպես են նկարագրված Ղազար Փարպեցի պատմիչի կողմից. «Առաքինի Հայրապետը, հրաժարվելով աշխարհածուփ զբաղմունքներից, իրեն բոլորովին նվիրել էր աղոթքներին և ուսուչությանը: Քանի որ շատ եպիսկոպոսներ և պատվական քահանաներ չէին ցանկանում հեռանալ սուրբ հայրապետի ուսուցումների մշտաբուխ աղբյուրներից, թե քաղաքում և թե նրա հանգստի վայրերում մշտապես հետևում էին նրան: Եվ շատ տարիներ ապրելուց և խորին ծերության հասնելուց հետո, Պարսից թագավոր Վռամի որդի Հազկերտի թագավորության երկրորդ տարվա սկզբին, Նավասարդի 30-ին, ճիշտ իր ծննդյան օրը խաղաղ և հանգիստ պայմաններում վախճանվեց Բագրևանդ գավառի Բլուր գյուղում» (Ղ. Փարպեցի էջ 113):

Նախքան հոգին ավանդելը «Ձեռքերը բարձրացրեց, օրհնեց ներկաներին և պատվիրեց նրանց պահել Ս. Գրիգորի ամբողջ Հայոց Աշխարհին ավանդած և ուսուցանած պատվիրանները՝ ծառայել և պաշտել միակ և ճշմարիտ Աստծուն՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին»:

Իսկ Օրմանյանը իր «Ազգապատում» մեծածավալ երկի մեջ Ս. Սահակին նվիրված ընդարձակ գլխի մեջ հետևյալ բառերով է խտացնում Սուրբի կյանքը և նկարագիրը.

«Սահակի համար ինչքան էլ, որ ներբողներ գրվեն, միշտ իր արժանիքից քիչ կլինեն, մենք էլ միայն եղելություններին հետամուտ լինել և խորհրդածություններ ու գնահատականներ տալ չենք ցանկանում: Մի քանի խոսք ասեցինք նրա գրական արդյունքի մասին, բայց Սահակը գրական կյանքին հավասար ունեցել է սրբության, հայրապետության, քաղաքագիտության և ժողովրդասիրության առավելությամբ ապրած կյանք, որն  իր արդյունաբերությամբ անհաղթահարելի է: Իր ազգասիրական զգացումները, երկրին չվնասելու համար ինքն իրեն վնասելը, թագավորության շարունակության համար անխոնջ և արի ջանքերը ինչքան էլ որ իրենց պտուղները չունեցան, բայց Սահակի համար խոստովանական (չարչարանքի) մի պսակ կազմեցին: Ազգի դժբախտությունները և իր ազգի զավակների ձեռքով պատրաստված տագնապները տեսնելով՝ էլ ավելի վշտացավ ու ծանր հոգևոր ցավեր կրեց նա: Իր համար մեծ ցավ էր նաև այն, որ իրենից հետո իր ազգատոհմի համար արու զավակ չկարողացավ թողնել: Իր մահվան ժամանակ արդեն մահացել էր իր փեսան՝ Համազասպ Մամիկոնյան սպարապետը, թվում է, թե Սահականուշն էլ էր մահացած, որից էլ իր անմիջական ժառանգներն էլ համարվում էին իր թոռները՝ Վարդան, Հմայակ և Համազասպ Մամիկոնյան եղբայրները, որոնց թողել է «իր գյուղերի և ագարակների ստացվածքները և այն ամենը, ինչ որ ուներ, հորից որդի ժառանգելու իրավունքով» (Փարպեցի էջ 114): Սրա համաձայն ամբողջությամբ դադարում է Ս. Գրիգոր Լուսավորչի ուղղիղ շառավիղը և իգական կողմից խառնվում է Մամիկոնյաններին»:

438 թ-ին, 90 տարեկան հասակում, Բլուր կոչված գյուղում, ուր տեղափոխվել էր արշավող պարսիկների ոտնձգություններից զերծ մնալու համար, վախճանվեց Ս. Սահակը: Մարմինը տարան և ամփոփեցին Աշտիշատ գյուղում, որն իր կալվածքը և սիրելի վայրն էր: Նրա գերեզմանի վրա հետագայում մեծապայծառ եկեղեցի կառուցվեց, որը ապա ավերակ դառնալուց հետո, Գրիգոր Լուսավորչից հետո մեր Եկեղեցու հաջորդ մեծագույն անձի գերեզմանը, մի անշուք և աննշմար մատուռի վերածվեց: Այսօր թե՛ մատուռի, թե՛ գերեզմանի և թե՛ գյուղի տեղը հայտնի չէ:

Ս. Սահակը ներառված է Կաթոլիկ հանրագիտարանի մեջ, ինչպես նաև Օքսֆորդի և Սրբերի բառարանների մեջ Իսահակ Մեծ անվան տակ, իսկ տոնը թե՛ մեր աղբյուրներում և թե՛ վերոնշյալ ձեռնարկներում նշված է սեպտեմբերի 9-ին առանձին, իսկ սեպտեմբերի 17-ին Ս. Մեսրոպ Մաշտոցի հետ:

Ներկայումս Ս. Սահակի տոնը մեզանում տոնվում է երկու անգամ: Առաջինը և առանձինը տոնում ենք Մեծ Բարեկենդանին նախորդող կիրակիի նախընթաց շաբաթ օրը, իսկ երկրորդը՝ Ս. Մաշտոցի հետ Հոգեգալստյան 4-րդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:

Շարակնոցում Ս. Սահակի համար հատուկ, ամբողջական կանոն ունենք՝ կարճ Մանկունք շարականով, որը զետեղում ենք այստեղ: Իսկ Ս. Մեսրոպի հետ տոնվելու ժամանակ երգվում է «Որք զարդարեցան» ծանոթ թարգմանչաց շարականն իր ամբողջական կանոնով:

Որ սուրբ հայրերի արմատից մեզ համար մի գավազան (հովիվ) հանեցիր՝

Իսահակ Սուրբ Հայրապտը, հովվելու Քո հոտը, Քրիստոս:

Որ նրանով փարատեցիր հայերիս գիտության խավարը՝

Իմաստության լույսը ծագեցնելով Թորգոմի որդիներիս վրա:

Որ Քո գալիք խորհուրդը, Տեր, տեսիլքով Սուրբին հայտնեցիր.

Նրա հիշատակի տոնը կատարողներիս աղաչանքները ընդոընիր:

 

 

Մեսրոպ Մաշտոց Վարդապետ

Շատ է խոսվել Մեսրոպ Մաշտոցի մասին և մենք չենք ցանկանում նույնը կրկնել, կամ մեր ոճով վերաշարադրել: Տարբեր լինելու համար այստեղ թարգմանաբար ներկայացնում ենք Կաթոլիկ հանրագիտարանից, առանց ջատագովության և կարծես ավելի առարկայական նկարագրությունը: Ս. Մեսրոպ Մաշտոցի մասին նկարագրությունը զետեղված է նաև Սրբոց և Օքսվորդի բառարաներում, բայց ավելի համառոտակի, իսկ Կաթոլիկական հանրագիտարանում նրան ամբողջական երկու սյունյակ է հատկացված:

Իր ծննդյան թվականի մասին հստակ և ճշգրիտ տվյալներ չկան, Օրմանյանը 353թ.-ն է նշում, Կաթոլիկ հանրագիտարանը՝ 361, իսկ վերոհիշյալ բառարանները՝ 345թ.-ը:

Կաթոլիկ հանրագիտարանի նկարագրությունը հետևյալն է.

«Հայոց պատմության մեջ մեծագույն դեմքերից մեկն է եղել նաև Մաշտոցը, ծնված 361թ.-ին Տարոնի Հացիկ գյուղում և վախճանված 441թ.-ին Վաղարշապատում: Մամիկոնյան նախարարությունից ոմն Վարդանի որդին էր: Կորյունը՝ իր աշակերտն ու կենսագիրը, մեզ պատմում է, որ Մեսրոպը ստացել է բարձրագույն և ընդհանուր կրթություն և հմուտ էր հունարեն, ասորերեն և պարսկերեն լեզուներում: Իր ունեցած բարձր կրթության և լեզուների իմացության համար Մեսրոպը Խոսրով Գ թագավորի դիվանատանը դպիրի պաշտոնի է նշանակվում: Այնտեղ իր պարտականությունն արքայական հրամանագրերն ու հրովարտակները հունարեն, ասորերեն և պարսկերեն տառերով գրելն էր, քանի որ այդ ժամանակները հայերեն այբուբեն գոյություն չուներ:

Սակայն Մեսրոպն ավելի կատարյալ կյանքի կոչում զգաց իր մեջ: Թողեց արքունիքը, Աստծուն ծառայելու համար եկեղեցական աստիճան ստացավ և մի քանի ընկերների հետ վանք մտավ: Այնտեղ, պատմում է Կորյունը, ինքն իրեն քաղցի և ծարավի, ցրտի և սովի մատնելով, ճգնողական մեծամեծ խստությունների ձեռնամուխ եղավ: Մազեղեն շապիկ հագնելով, գոհանում էր միայն խոտաճարակությամբ, մերկ գետնին էր քնում և շատ հաճախ գիշերներն անցկացնում էր աղոթելով և Ս. Գրքը ուսումնասիրելով: Որոշ ժամանակ այսպիսի կյանք վարեց, ինքն իրեն պատրաստելով այն մեծ գործին, որին, շուտով, նախախնամությունը պիտի կանչեր նրան: Արդարև, թե՛ եկեղեցին և թե՛ պետությունն իր ծառայության կարիքն ունեին:

Հայաստանը, որ երկար տարիներ որպես պատերազմի դաշտ էր ծառայել հռոմեացների և պարսիկների համար, 387թ.-ին բաժանվեց Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև և շուրջ չորս հինգերորդն անցավ վերջինիս: Արևմտյան մասի վրա իշխում էին հույն զորավարները, իսկ Պարսկական Հայաստանի վրա իշխում էր հայ թագավորը և հարկատու էր Պարսկաստանին: Բնականաբար Եկեղեցին էլ որոշ ազդեցություններ էր կրել քաղաքական այս բռնի փոփոխություններից, սակայն քաղաքական անկախության կորուստը և երկրի բաժանումը չէր կարող խորտակել նրա կառույցը, կամ նվաճել նրա ոգին: Հալածանքներն ավելի են կենդանացնում Եկեղեցին և մղում են ավելի գործունյա լինլ, նաև սերտորեն իրար են միացնում Եկեղեցին, ազնվականությունն ու ժողովուրդը:

Այս շրջանի գլխավոր դեպքերից են՝ այբուբենի գյուտը, ծիսական բարեկարգությունները, եկեղեցական և ազգային գրականության ստեղծումը և նվիրապետական փոխհարաբերությունների վերաճշտումը: Երեք անձնավորություններ կարկառուն կերպով կապված են այս հրաշալի դեպքերի հետ՝ Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Հայրապետը և Վռամշապուհ արքան, որը 394թ.-ին հաջորդել էր հորեղբորը՝ Խոսրով Գ-ին: Մեսրոպը, ինչպես ասացինք, քրիստոնեական քարոզչական կյանքին պատրաստվելու համար, որոշ շրջան վանական կյանք վարեց: Շամբիթ իշխանի աջակցությամբ Գողթն գավառում, Արաքսի մերձակայքում քարոզեց Ավետարանը և շատ հերետիկոսների և հեթանոսների դարձի բերեց: Քանի որ հայերը սեփական այբուբենը չունեին և գործածում էին հունական կամ պարսկական գրերը, որոնք էլ իրենց հերթին չէին բավականացնում հայերենի որոշ բարդ հնչյուններ ներկայացնելու համար, այդ իսկ պատճառով ժողովրդի ուսուցման և դաստիարակության գործում շատ մեծ դժվարությունների հանդիպեց նա: Սրանից բացի Ս. Գիրքը և պաշտամունքային գրականությունը մեծամասամբ ասորերեն լինելու պատճառով դժվար հասկանալի էին հավատացյալների համար:  Սրանից բխում էր ժողովրդի համար Աստծո Խոսքի թարգմանիչների և մեկնիչների շարունակական պահանջը: Մեսրոպը, ցանկանալով այս խնդրին լուծում գտնել, որոշեց հորինել մի ազգային այբուբեն, իսկ Վռամշապուհ թագավորը և Սահակ Հայրապետը խոստացան ամեն ինչով օգնել նրան: Դժվար է ճշտել, թե այս նոր այբուբենի ստեղծման մեջ իրականում Մեսրոպը ինչ դեր ունեցավ: Ըստ իր հայազգի կենսագիրների նա այս հարցի շուրջ խորհրդակցեց Միջագետքից Դանիել անունով մի եպիսկոպոսի և Ռուֆինոս (Հռուփանոս) անվամբ մի Սամոսատեցի վանականի հետ: Նրանց և Սահակ Հայրապետի ու թագավորի օգնությամբ, հավանաբար, կարողացավ որոշ ձև տալ այբուբենին, այսինքն հարմարեցնել հունարեն այբուբենի կառուցվածքին: Ուրիշները, օրինակ՝ Լենորմանը, կարծում են թե հայոց այբուբենը զենդերենկ հիման վրա է հորինվել: Մեսրոպյան այբուբենը բաղկացած է 36 գրերից, իսկ երկու հնչյուններ («Օ» և «Ֆ») հետագայում՝ 12-րդ դարի հավելումներ են:

Այբուբենի գյուտով, 406թ.-ին հայկական գրականության սկիզբը դրվեց և այն հզոր ազդակ դարձավ ազգային ոգու կերտման համար: Սեն Մարտինը, իր մի պատմական երկի մեջ գրում է. «Սահակի և Մեսրոպի գործունեության արդյունքում հայերը մեկ անգամ և ընդմիշտ բաժանվեցին Արևելքի մյուս ժողովուրդներից, որպեսզի բոլորովին տարբեր ժողովուրդ դառնան, և քրիստոնեության մեջ զորանալով, զրադաշտների հետևորդների, կամ հեթանոսների գրերը գործածելը արգելվեց, կամ պիղծ համարվեց: Հայոց գրականության և լեզվի պահպանման համար Մեսրոպին ենք պարտական: Առանց նրա գործի, հայերը պիտի ձուլվեին կա՛մ պարսիկներին, կա՛մ ասորիներին և արևելքի մի շարք ազգերի նման պիտի անհետանային»:

Խիստ ցանկանալով, որ բոլորը օգտվեն իր գյուտից, և քաջալերված Հայրապետի և թագավորի աջակցությունից, Մեսրոպը երկրի բոլոր անկյուններում դպրոցներ հիմնեց, որտեղ երիտասարդները սկսեցին սովորել նոր այբուբենը: Նրա գործունեությունը չսահմանափակվեց միայն Արևելյան Հայաստանով: Նա Սահակ Հայրապետի նամակներով Կոստանդնուպոլիս է գնում, Թեոդորոս Փոքր կայսեր արտոնությունն է ձեռք բերում իր բաժին Հայաստանի մեջ քարոզելու և ուսուցանելու համար:

Մեսրոպն իր այբուբենը հարմարեցնելով Վրաստանի և Աղվանքի հնչյունաբանությանը, հաջողությամբ քարոզեց այդ տարածքներում: Որտեղ քարոզում էր ավետարանը, այնտեղ դպրոցներ էր հիմնում և ուսուցիչներ նշանակում, որպեսզի շարունակեին իր գործը: Ապա վերադառնում է Արևելյան Հայաստան՝ Հայրապետին իր գործունեության մասին հաշվետվություն տալու համար: Այսպիսով, Մեսրոպի առաջնային խնդիրն էր իր ժողորդին կրոնական գրականություն տալը: Նա, իր շուրջը բազում աշակերտներ ունենալով, նրանցից շատերին ուղղարկեց այդ թվականների ուսումնական կենտրոնները՝ Եդեսիա, Կոստանդնուպոլիս, Աթենք, Անտիոք, Ալեքսանդրիա և այլն, հունարեն սովորելու և իրենց հետ հույն գրականության գլուխգործոցները բերելու համար: Նրա աշակերտներից նշանավորներն են Հովհան Եկեղեցացին, Հովսեփ Պաղնացին, Եզնիկը, Կորյունը, Մովսես Խորենացին և Հովհան Մանդակունին:

Հայ գրականության առաջին հուշարձանը Ս. Գրքի ասորերեն բնագրից թագմանությունն էր, որը 411թ.-ին ձեռնարկեց Սահակ Հայրապետը: Սակայն այս գործն անկատար էր, քանզի դրանից ոչ շատ ուշ Հովհան Եկեղեցացին և Հովհան Պաղնացին Ս. Գրքի թարգմանության համար ուղարկվեցին Եդեսիա: Նրանք Կոստանդնուպոլիս գնալով, իրենց հետ բերեցին հույն բնագրին հարազատ բնագրեր: Ալեքսանդրիայից բերված այլ բնօրինակների օժանդակությամբ և ըստ հունարեն Յոթանասնիցի և Որոգինեսի Վեցիջյանի՝ Ս. Գիրքը կրկին թարգմանվեց: Այս թարգմանությունը, որ այժմ օգտագործվում է Հայ Առաքելական Եկեղեցում, իր վերջնական տեսքը ստացավ 434թ.-ին: Առաջին երեք Ժողովների որոշումները՝ Նիկիայի, Կ. Պոլսի, Եփեսոսի, և մինչ այդ Ասորերեն կատարվող Պատարագը թարգմանվեց հայերեն, վերջինս Ս. Բարսեղի հորինած Պատարագի համեմատությամբ վերանայվեց, բայց այնուամենայնիվ պահեց իր սեփական առանձնահատկությունները: Հույն հայրերից շատերը թարգմանվեցին հայերեն և նրանցից որոշների բնագրերի կորած լինելն այս թարգմանություններն անգնահատելի են դարձնում: Այդ երկերից են օրինակ՝ Եվսեբիոսի «Ժամանակագրություն» երկը, որից միայն պատառիկներ են պահպանվել հունարենով, այնինչ ամբողջովին պահպանվել է հայերեն տարբերակով: Մովսեսն, իր գրական գործունեության ընթացքում, չանտեսեց իր ժողովրդի հոգևոր կարիքները: Մշտապես վերստին այցելում էր այն գավառները, որտեղ երիտասարդ տարիներին Ավետարանն էր քարոզել, իսկ Սահակ Հայրապետի մահից հետո՝ 440 թ.-ին, ստանձնել էր Հայոց Հայրապետության հոգևոր բաժնի վերահսկողությունը: Նա իր բարեկամի և վարդապետի (Ս. Սահակ) մահից հետո ընդամենը վեց ամիս ապրեց, հայերը նրա անունը հիշատակում են Ս. Պատարագի ժամանակ և նրա հիշատակը տոնում են փետրվարի 19-ին» (Կաթոլիկ Հանրագիտարան հատոր 10, էջ 24):

Մի քանի փոքրիկ հատված ենք մեջ բերում իր կենսագիր Կորյունի գրքից.

«Մաշտոցն աշխարհիկ օրենքներին քաջատեղյակ և հմուտ էր: Իր զորավարների կողմից սիրված էր զինվորական գործի մեջ: Միևնույն ժամանակ Աստվածաշնչի փութաջան և ուշադիր սերտող էր, այս իսկ պատճառով կարճ ժամանակում լուսավորվելով և Աստծո պատվիրաններին հնազանդվելով, սիրով և պատրաստակամությամբ ծառայում էր իր իշխաններին:

Սակայն որոշ ժամանակ անց, հետևելով ամեն ինչ թողնելու և Քրիստոսին հետևելու պատվիրանին, ամբողջովին նվիրվում է մարդասեր Աստծո ծառայությանը: Հետևաբար հրաժարվում է աշխարհին հատուկ իշխանական նշաններից և միայն պանծալի խաչի նշանով զարդարվելով, հետևում է բոլորին կյանք տվող Խաչյալին: Եվ անսալով ավետարանական հրամաններին, իսկույն խառնվում է Քրիստոսի խաչակիր գնդին և միայնակյացների հատուկ կարգ է ընդունում…: Եվ այսպես վերահաս բոլոր փորձություններին կամավորաբար քաջությամբ տոկալով պայծառանում էր, աստվածահաճ և աստվածածանոթ էր դառնում Նրան»:

Մաշտոցի գործունեության երկու փոքրիկ օրինակ:

Սյունյաց նահանգում «վայրենաբարո և գազանացած վայրերից վարդապետության ատաղձ լինելու համար մանուկներ ժողովեց և շատ ջանք թափեց նրանց կրթելու համար, դայակի նման սնունդ և խրատ էր տալիս նրանց, մինչև որ նրանցից մեկին՝ Անանիային, Սյունյաց եկեղեցու եպիսկոպոս ձեռնադրեց, որը սրբակյաց և երևելի մի մարդ էր և նա էլ իր հերթին հոգ էր տանում եկեղեցու ժառանգ հոգևորականներ պատրաստելու համար: Նա Սյունյաց երկիրը լցրեց վանականներով»:

«Եվ այսպես թե՛ Հայոց, թե՛ Վրաց և թե՛ Աղվանք աշխարհներում, իր ամբողջ կյանքում, ամառ թե ձմեռ, գիշեր թե ցերեկ, իր իսկ ավետարանական ողջամիտ, անվեհեր և քրտնաջան ընթացքով թագավորների, իշխանների և բոլոր հեթանոսների առջև (առանց հակառակության հանդիպելու) Ամենափրկչի՝ Հիսուսի անունն անվեհեր կրեց իր անձի մեջ: Եվ բոլորին Քրիստոսով հագուստավորեց և հոգևոր շնորհներով զարդարեց, և բռնակալների կողմից շատ բանտարկյալների, կալանավորների և նեղության մեջ գտնվողների Քրիստոսի ահավոր զորությամբ ազատագրեց: Բազում անիրավացիորեն կնքված մուրհակներ պատռեց և շատ սգավորների և անգետների, մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի և Աստծո փառքի հայտնության հավատարիմ, մխիթարական խոսքերով հույսի ակնկալություն ներշնչեց: Եվ բոլորին, ամբողջապես, աստվածապաշտության պահանջած կանոնի համաձայն փոխակերպեց»:

Կորյունը Ս. Մեսրոպին է վերագրում ներքոհիշյալ գրական գործունեությունը.

«Երանելի Մաշտոցը, շնորհով լցվելով, ներշնչվելով մարգարեական գրքերից, ավետարանական հավատքի ճշմարիտ սնունդով լցված, դյուրին և հասկանալի ոճով սկսեց բազմաթիվ ճառեր գրել և գրի առնել, որոնցում շատ օրինակներ և ճշմարտություններ վերցված էին հենց այս աշխարհի օրինակներից և մանավանդ գալիքի հույսի հետ էին առնչվում, որպեսզի մինչև իսկ տխմարների համար էլ հեշտությամբ հասկանալի և ընդունելի լինեն, և կոչված էր մարմնական գործերով զբաղվողներին սթափեցնելու, արթնացնելու և քաջալերելու, ավանդված ավետիսի խոստումը հաստատուն հիմքերի վրա դնելու համար»:

Ապաշխարության շարականները, որոնք մեր շարակնոցում ամենապարզերը և ամենագրավիչներն են իրենց գրությամբ և եղանակով, Ս. Մաշտոցին են վերագրվում:

Արժե որ Ս. Մեսրոպի Վարքը եզրափակենք Մ. Խորենացու հետևյալ սեղմ տողերով.

«Նա գերազանցեց իր ժամանակների բոլոր առաքինի մարդկանց, քանի որ ամբարտավանությունը և մարդահաճությունը երբեք չկարողացան նրա վարքի մեջ տեղ գտնել, այլ սրանց հակառակ, նա միշտ բարեխորհուդ, հեզ, բարի կամեցող մարդ եղավ, Երկնայինների սովորություններով էր զարդարել ինքն իրեն և այդպես էլ վարվում էր բոլորի հետ: Նա տեսքով հրեշտականման էր, մտքով՝ պարզ, խոսքով՝ պայծառ, գործով՝ ժուժկալ, մարմնով՝ արտաքնափայլ (արտաքինից փայլ, վեհություն ունեցող), խորհուրդներով՝ մեծ, հավատքով՝ ուղիղ, հույսով՝ համբերող, սիրով՝ անկեղծ, ուսուցանելու մեջ՝ անձանձրույթ»: 

Աստված, հատկապես իր աշակերտներին, Հայաստանյայց Եկեղեցու բոլոր վարդապետներին, արժանացնի այսպիսի հոյակապ և գեղեցիկ նկարագրի գծեր ունենալուն: Լիակատար Վարք սրբոցը հետևյալ կերպ է ներկայացնում Սրբի կյանքի վերջին վայրկյանները.

«Երբ Աստծո մարդը՝ Սուրբ Մեսրոպը, զգաց, որ հասել է իր կանչվելու ժամը և բաժանվելու է յուրայիններից և խառնվելու է Քրիստոսի գնդին, իր ցավերից թեթևանալով և ազատվելով, ելավ, նստեց իր շուրջը հավաքվածների մեջ, պարզեց իր հանապազատարած ձեռքերը դեպի երկինք, Տիրոջից նրանց համար օգնություն խնդրելով՝ Աստծո հոգատարությանը հանձնեց բոլոր մնացողներին: Մինչ նրա ձեռքերը երկինք էին պարզված, մի սքանչելի լուսավոր և խաչանման տեսիլք երևաց նրա խցի վրա: Եվ այս այնքան պարզ և հայտնապես էր, որ ամեն մարդ ճշմարտապես տեսավ և կարիք չուներ ընկերոջից լսելով տեղեկանալ սրա մասին, և խուռներամ բազմությամբ բոլորը գնում էին նրանց մոտ: Նույն տեղում, սուրբն իր վերջին ողջույնը հավատացյալներին տալով, և՛ սերը, և միաբանությունը որպես անփոփոխ կտակ ավանդեց նրանց, իր խոսքի վերջավորությունը օրհնությամբ զարդարեց և օրհնելով իր մոտ եղողներին և հեռավորներին, այդպես հաճելի աղոթք մատուցելով Քրիստոսին, նույն պահին իր հոգին հանձնեց Փրկչի ձեռքը»:

Ս. Մեսրոպը վախճանվեց շուրջ 80-85 տարեկան հասակում, ըստ Օրմանյանի 439թ.-ին, ըստ բառարանների 440թ.-ին, ըստ Լիակատար վարք սրբոցի 441թ.-ին: Նրան թաղեցին Օշական գյուղում, որտեղ մինչ այսօր կա և մնում է նրա սուրբ գերեզմանը և գերեզմանի վրա կառուցված փառավոր եկեղեցին: Մեսրոպն այն երանելիներից է, որի գերեզմանը միշտ անշարժ է մնացել և բոլոր ժամանակներում հարգանքի է արժանացել: Իսկ Ս. Լուսավորչի և նրա սերնդի, ինչպես նաև բոլոր թարգմանիչների գերեզմանները ժամանակի ընթացքում ավերվել են և գտնվելու վայրը մոռացվել է:

Մեր եկեղեցին Ս. Մեսրոպի տոնը երկու անգամ է տոնում՝ առաջինը Ս. Սահակի հետ Հոգեգալստյան չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը, մյուսը Սուրբ Թարգմանիչների հետ՝ հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:

Մեր շարականներում թարգմանիչներին նվիրված ամբողջական կանոն ունենք և այս կանոնի օրհնության երեք պատկերները հոգնակի թվով են և կարող են վերաբերել բոլոր թարգմանիչներին և միայն երկրորդ պատկերի երկրորդ տունը հատուկ նրան է նվիրված և իր անունն էլ հիշատակվում է, իսկ վերջին տան «Որ երկու սուրբ լուսավորիչներով» տունը մեզ հուշում է, որ ամբողջ օրհնությունը հորինվել է ի պատիվ Ս. Սահակի և Ս. Մաշտոցի: Իսկ «Հարցը» իր սարոքով եզակի է և անընդհատ շեշտելով «երանելի Վարդապետ» և «Սուրբ վարդապետ» մտքերը, իր ենթատեքստում նորից Ս. Մեսրոպին է պատկերացնում: Հայտնապես նրան նվիրված կարող ենք համարել «մանկունք» շարականը, որի առաջին և վերջին տները ձեզ ենք ներկայացնում.

 

«Օրենքի Գիրը, որով լուսավորվեցին Թորգոմի որդիները,

 Հայաստան աշխարհ բերելով,

Նմանվեցիր Մովսես մարգարեին, տեր Վարդապետ,

Այժմ քո հեզությունից աղաչում եմ, տեր Վարդապետ

Մեր երկնավոր Հորը բարեխոսիր քո տոնը կատարողների համար,

Քանզի քեզնով լուսավորվեցին Ս. Եկեղեցու որդիները:

 

«Հայազգի Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․